Հետահայաց ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրություններին.-
– Ավելի լավ Երեւանի սպասումով…
– Եվրոպայի ՙեւ՜ նալին եւ՜ մեխին՚-ը…
– Մրցակցային, բայց գաղափարազուրկ…
Ավելի լավ Երեւանի սպասումով
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն՝ կուսակցությունների դեպքում՝ 6%, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 8% կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Ձայների հաշվարկի ավարտը ազդարարեց, որ մայրաքաղաքի ավագանիում 3 քաղաքական ուժ կլինի: ԿԸՀ-ի հաղորդման համաձայն, բոլոր ընտրատեղամասերի արդյունքներով հաղթանակ է տարել ՀՀԿ-ն, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետը: Իշխող ուժն ստացավ 235.512 ձայն կամ 55,89%-ը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է՝ 97.189 ձայն (23,07%) եւ 3-րդ՝ ընդդիմադիր ուժը՝ «Բարեւ, Երեւան» դաշինքը, որի հիմնական կազմը «Ժառանգություն»-ն է, ստացել է 35.732 քվե (8,48%): Երեւանի ավագանիում չհայտնվեցին մասնակցած 7 քաղաքական ուժերից 4-ը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելություն»-ը: Չհաղթահարեցին 6%-ի սահմանը. ՀԱԿ-ը հավաքեց 18.499 ձայն (4,39%), որին հաջորդում են ՀՅԴ-ն՝ 15.999 (3,8%), ՕԵԿ-ը՝ 15.733 (3,73%) եւ շատ քչերին հայտնի ՙԱռաքելություն՚-ը՝ 2.692 (0,64%) ձայներով:
Մայիսի 5-ին Երեւանում կայացան արդեն 2-րդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816.457 էր: Ընտրություններին մասնակցեցին 437.021 մարդ կամ ընտրողների 53,53%-ը: Ավագանու 65 անդամները բաշխվեցին այսպես՝ ՀՀԿ խմբակցությունում կընդգրկվեն 42 մարդ, ԲՀԿ-ում՝ 17, իսկ «Բարեւ Երեւան»-ում՝ 6: ՀՀԿ-ն կստանա մանդատների կեսից ավելին եւ, ըստ օրենքի, կուսակցության ցուցակի 1-ին համարը զբաղեցրած անձը կարող է դառնալ քաղաքապետ, եւ Երեւանի նորընտիր քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, ով վերընտրվեց իր պաշտոնում: Նույն օրը նրան շնորհավորել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ այցելած ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը եւ ՀՀԿ-ական բարձրաստիճան այլ անձինք:
Նախընտրական քարոզչությանը մասնակից քաղաքական ուժերն իրավունք են ունեցել ծախսեր կատարել միայն նախընտրական հիմնադրամից, որը բացել էին նախընտրական ընթացքում, կամավոր մուծումներից: Ըստ ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության, քաղաքական ուժերը առավելագույնը 75 մլն դրամ կարող են ծախսել: Հիմնադրամներից կատարված ծախսերի մեծ մասը հեռուսաընկերություններով քարոզչության համար են ծախսվել: Առաջատարը ԲՀԿ-ն է, իր հիմնադրամից ծախսված 44.576 հազ դրամից 35.696 հազ դրամը ուղղել է հեռուսաընկերություններով նախընտրական քարոզչությանը, 2-րդը ՀՀԿ-ն է՝ 65.120 հազ դրամից 33.268 հազ-ը, ՕԵԿ-ը 22 մլն-ից 14 մլն-ն: Համեմատաբար քիչ գումար է ծախսվել դահլիճների վարձակալության վրա, քանի որ քաղաքական ուժերին տրամադրվել են անվճար հիմունքներով դահլիճներ: ԲՀԿ-ն ծախսել է ավելի քան 1 մլն, ՀՅԴ-ն՝ 120 հազ, ՕԵԿ-ը՝ 696 հազ դրամ: Բոլոր քաղաքական ուժերն էլ վարձակալել են արտաքին գովազդային վահանակներ: «Առաքելություն»-ը վարձակալե է 4, ԲՀԿ-ն՝ 25, «Բարեւ Երեւանը»՝ 18, ՀԱԿ-ը՝ 56, ՀՅԴ-ն՝ 11, ՀՀԿ-ն՝ 72, ՕԵԿ-ը՝ 9 գովազդային վահանակներ: Քարոզչական տպագիր եւ այլ անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական տարբեր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր) պատրաստման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀԿ-ն՝ ավելի քան 16 մլն դրամ, այնուհետեւ՝ ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն:
Վերահաշվարկվել են քվեարկության արդյունքները՝ բոլոր 13 ընտրատարածքներն ընդգրկող 97 տեղամասերում եւ 47-ում որեւէ փոփոխություն չի արձանագրվել: Ընդհանուր առմամբ, «Առաքելության» ձայները նվազել են 2-ով, ԲՀԿ-ինը՝ 23-ով, «Բարեւ Երեւան»-ինը՝ 11-ով, ՀԱԿԿ-ինը՝ 6-ով, ՀՅԴ-ինը՝ 2-ով, ՕԵԿ-ինը՝ 1-ով: ՀՀԿ-ինն ավելացել է 3-ով, անվավեր է ճանաչվել 47 քվեաթերթիկ: «Բարեւ Երեւան»-ը ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի դիմում է ներկայացրել, ինչը մերժվել է, քանի որ այն ներկայացրել է լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը, ով դրա իրավունքը չուներ եւ անգամ նիստին չէր ներկայացել:
Եվրոպայի «եւ՜ նալին եւ՜ մեխին»-ը
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը հրապարակել է ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը, որում մասնավորապես նշվել է. «Չնայած, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ հարգում էին ազատության հիմնարար սկզբունքները, ավելին կարող է արվել՝ հանրության հավատը ընտրական գործընթացի ազնվության նկատմամբ բարձրացնելու համար»: Ըստ զեկույցի, մասնակիցները կարողացել են ազատ քարոզարշավ անցկացնել, եւ լրատվամիջոցները կատարել են հավասար լուսաբանում՝ ապահովելու իրենց իրավական պարտավորությունները, սակայն պետական կառավարման կողմից անաչառության բացակայությունը եւ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը մտահոգություն են առաջացնում:
«Պետական պաշտոնյաները պետք է զերծ մնան վարչական ռեսուրսները չարաշահելուց, արդյունավետ ջանքեր պետք է գործադրել պետական վարչակազմի, այդ թվում՝ պետական ու տեղական մարմինների պաշտոնյաների անկողմնակալությունը ապահովելու համար, նրանք պետք է զերծ մնան ընտրողների վրա ճնշում գործադրելուց թե՜ ընտրարշավի ժամանակ, եւ թե՜ քվեարկության օրը»,- հորդորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: 30 էջանոց զեկույցում նշվում է նաեւ, որ ԿԸՀ-ն աշխատել է բաց եւ թափանցիկ: Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն կատարել են իրենց իրավական պարտավորությունը ապահովելու թեկնածուների անվճար ու վճարովի եթերը: Բոլոր թեկնածուները օգտագործել են իրենց անվճար եթերը: Ըստ դիտորդների, հեռուստատեսությունները եւ ռադիոն զերծ են մնացել վերլուծական հոդվածներից ու մեկնաբանություններից, ինչպես նաեւ թեկնածուների միջեւ բանավեճեր չեն կազմակերպվել:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ընտրական գործընթացներում պաշտոնեական դիրքը եւ վարչական ռեսուրսները չարաշահելու համար:
Մրցակցային, բայց գաղափարազուրկ
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ն ներկայացրել է եզրակացություն Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ, ընտրություններն անցել են լարված եւ մրցակցային մթնոլորտում: Տեղամասերում ու տեղամասերից դուրս մարդկանց խմբեր եւ առանձին անհատներ ճնշումներ են գործադրել ընտրական գործընթացի մասնակիցների վրա: Ճնշողների մի մասը ներկայացել է որպես ՀՀԿ վստահված անձ, տարբեր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ: Խոչընդոտներ են եղել լրագրողների եւ դիտորդների կողմից լուսանկարահանում ու տեսանկարահանում կատարելու համար՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի՝ վախի մթնոլորտի պատճառով: Ձայների հաշվարկը սկսվել է նյարդային եւ լարված մթնոլորտում, իրավիճակը հարթվել է միայն այն պահից հետո, երբ տվյալները ցույց են տվել, որ ՀՀԿ-ն հաղթում է:
«Երեւանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում ՔՀԻ-ն իրականացրել է դիտորդություն թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ եւ 10 շրջիկ մեքենաներով՝ մայրաքաղաքի ամբողջ տարածքով:
«ՀՀ իշխանությունները պետք է օգտվեն Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջիկա նախագահության փաստից՝ բարելավելու համար ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,- նշել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Սթյուարթ Դիքսոնը: Միայն այս միջազգային կազմակերպությունն է հետեւել ավագանու ընտրություններին: «ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նոր ՀՀ ԸՕ-ն ունի ժողովրդավար ընտրություններ անցկացնելու ներուժ, սակայն միայն օրենքը չի կարող ապահովել դա: Փոփոխությունը կարող է ի հայտ գալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ այսինքն եւ՜ իշխանությունների եւ՜ ընդդիմության կողմից ցուցաբերված քաղաքական կամքի շնորհիվ: Պետք է լինի արդար խաղ առանց ընտրությունների օրվան նախորդող սպառնալիքների եւ այլ խախտումների, ինչպես նաեւ պետք է լինի արդյունավետ բողոքարկման ընթացակարգ, որի նկատմամբ քաղաքացիները կունենան վստահություն: Միայն այդպիսի միջավայրը կարող է ապահովել իրապես ժողովրդավարական ընտրություն եւ այդպիսով բարձրացնել ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Լիահույս եմ, ՀՀ նախագահությունը մեկ քայլ առաջ կնշանավորի այս առումով»,- ասել է նա:
Դիտարկման համաձայն, նախքան ընտրությունների օրը, պատվիրակությունը հասկացավ, որ կուսակցությունների ու դաշինքների միջեւ առկա է բարձր քաղաքական մրցակցություն, սակայն որոշ հանդիպումների ընթացքում նաեւ լսել են, որ «պետական սեկտորի աշխատակիցների նկատմամբ եղել են ճնշումներ՝ քվեարկելու որոշակի ձեւով եւ նույնի մեջ համոզելու նաեւ այլ ընտրողների, ինչպեսեւ եղել է ձայների վաճառքի կրկնվող խնդիրը»: Առկա էր նաեւ այն քաղաքացիների հարցը, ովքեր այլեւս չեն բնակվում Երեւանում, սակայն մնացել են գրանցված բնակչության ռեգիստրում եւ այդպիսով՝ ընտրացուցակներում: «Տեղային խնդիրները պետք է լուծվեն որոշակի համայնքում իրապես բնակվող քաղաքացիների կողմից, եւ առանց սպառնալիքների կամ դրամական խրախուսանքի ընտրական մթնոլորտը խիստ էական է քվեարկողների վստահության համար»,- եզրափակել է պատվիրակության ղեկավար Դիքսոնը:
Վերջնական զեկույցը հոկտեմբերին կհրապարակվի Ստրասբուրգում: Կներկայացնեն, որ դիտարկում են անցկացրել ընդհանուր առմամբ Երեւանի 13 ընտրատարածքների ավելի քան 100 ընտրատեղամասերում՝ դրանց բացման պահից մինչեւ փակումը՝ ներառյալ քվեների հաշվման գործընթացը: Նախնական տվյալներով, «ընտրությունները մի շարք հանգամաքներով պայմանավորված՝ եղել են թափանցիկ, չնայած դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն»:
Միջազգային դիտորդներին զարմացրել են որոշ տեղական դիտորդներ, ովքեր «գործում էին քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների օգտին: Ինչու էին նրանք այնտեղ եւ ինչ էին անում, դեռ կպարզվի»:
Անի Մարության եւ Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



