Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները… Ու՞ր կորավ իրանական գազը… էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի, ոչ՝ ավելանա… Լավ չեք բանակցում…

– Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները…

– Ու՞ր կորավ իրանական գազը…

– էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի, ոչ՝ ավելանա…

– Լավ չեք բանակցում – …քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են Ռուսաստանում, որի նպատակն է այնպիսի լուծումներ գտնել…

 Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները

Գիտնականները պնդում են, որ հետագա բարդություններից խուսափելու համար հիմա ճիշտ ժամանակն է անցնելու էներգիայի այլընտրանքային տարբերակին՝ արեւային էներգիային:

Ժամանակին հայտնի գիտնական Պարիս Հերունին «արեւային» իր տարբերակը՝ «Արեւ» ծրագիրն առաջարկեց այս էներգետիկ բնագավառը զարգացնելու համար, սակայն նրա մահն ընդհատեց առանց այն էլ դժվարությամբ սկսած նախաձեռնությունը: Պետությունը այդ ծրագիրն առայժմ թանկ համարեց, իսկ մեր գործարարներն էլ առեւտրից ու կազինոներից այն կողմ ոչ մի շահ չեն տեսնում:

Այժմ Հելիոֆիկացման ծրագրի ղեկավար, գիտնական Վահան Համազասպյանը վստահ է, որ արեւային էներգիայի օգտագործման հաշվին յուրաքանչյուր ընտանիք կխնայի 11 հազ. խ/մ գազ, ինչպես նաեւ կբացվեն 400-800 հազ. աշխատատեղեր:

Եթե ՀՀ-ում կիրառվի Հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա դա շատ ավելի էժան կարժենա ատոմային 1 նոր էներգաբլոկից, բայց կտա համարժեք եւ ավելի արտադրանք (իմ գնահատականը չէ,- հեղ.):

Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավարը նշել է, որ այս ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրումներ են հարկավոր, իսկ իշխանություններից խնդրում է միայն չխանգարել իրենց օտարերկրյա ներդրողներին Հայաստան բերելու հարցում. «2 տարի առաջ Միխայիլ Գորբաչովը խոստացավ իր «Կանաչ խա­չ» միության գումարներով Սպիտակում կառուցել հելիոտեխնիկական սարքերի գործարան, բայց ինձ զգուշացրեցին, որ այստեղ մինչեւ նախագահականից թույլատվություն չլինի, նրա փողերը Հայաստան չեն կարող մտնե­լ»,- նշել է գիտնականը, ով վստահ է, որ եթե իրականություն դառնա իր կողմից մշակված ծրագիրը, ապա դա կվնասի գազ եւ այլ էներգակիրներ Հայաստան մատակարարողների շահերը:

Գիտնականի խոսքերով՝ հենց այդ պատճառով իրենց ծրագիրը չի արժանանում պետության արձագանին, քանզի իշխանությունների եւ օլիգարխների հետ գիտնականների բիզնես կոնտակտը չի ստացվում մի պատճառով. «Իրենք մեզ նկատում եւ գնահատում են մեր գրպանի պարունակությամբ, որը դատարկ է, իսկ մենք նրանց՝ իրենց գլխի պարունակությամբ, իրենք չեն կարող հասկանալ արեւային տեխնիկայի զարգացման եւ՜ գաղափարը, եւ՜ հեռանկար­ը»:

 Կարեն Բալյան

 Ու՞ր կորավ իրանական գազը

Հրապարակախոս Սոնա Արշունեցին Բրյուսելից մեզ մտահոգ ու զայրացած գրել է. «Բոլոր գլխավոր լծակները տվել ենք ռուսի ձեռքը ու առանց ամաչելու ասում ենք՝ անկախ պետությու՞ն ենք… Երբ կառուցվում էր Իրան-Հայաստան գազատարը, ես ներքուստ ուրախանում էի, որ վերջապես կազատվենք ռուսականից, բայց այնպես ստացվեց, որ ռուսները մեր իշխանություններին երեխու նման համոզեցին ու նորից վերցրեցին իրենց ձեռքը: Չգիտեմ, էդ ո՞նց է լինում, որ ամեն անգամ մեր բերանի հացը հանում, դնում ենք ռուսի բերանը, մի՞թե մեր երկրում չկար մեկը, մի հայրենասեր գործարար, որ գիտակցաբար տեր կանգներ ու թույլ չտար այդ գործարքը: Չէ՞ որ դա ռազմավարական նշանակություն ուներ… Բա ազգային ժողով կոչվածը, ինչպե՞ս վավերացրեց այս հանցավոր գործարքը. մի՞թե 100 միլիոնի դիմաց քիչ էինք տվել ռուսին. 5 ռազմավարական նշանակության ձեռնարկություններ. ապացույցները գալիս են փաստելու, որ ոչ միայն նախագահն ու վարչապետը, այլ նաեւ ազգային ժողովում աթոռների տիրացածները բնավ էլ ազգային մտածողություն չունեն»…

Այս խելքով ու այս գործելաոճով ու՞ր ենք հասել եւ դեպի ու՞ր ենք գնում, իսկ ինչքա՞ն կդիմանանք, այս ու նմանատիպ ուրիշ հարցեր են տալիս ոչ միայն հայաստանցիները, այլեւ սփյուռքահայերը: Ըստ նրանց, ժողովուրդը միշտ անհանգիստ վիճակում է, վախեցած, թե ուր որ է մեր իշխանություններին կստիպեն այս կամ այն ոչ ցանկալի քայլերն անել, ասենք՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները կամ Մադրիդյան սկզբունքները կյանքի կոչել կամ մեր Սյունիքի արոտավայրերն էլ վարձակալությամբ տալ Իրանում բնակվող ադրբեջանցիներին… Վախենում են նաեւ արտագագթի տեմպերից, շուտով Հայաստանում միայն օլիգալխները կմնան՝ եթե այսպես շարունակվի, եւ հետաքրքիր է, ու՞մ են շահագործելու այդ դեպքում, իրենք իրե՞նց… Թե այդ ժամանակ էլ երկիրն իրենց պետք չի գալու եւ այն եւս հանելու են աճուրդի կամ վարձակալությամբ են տալու:

«Լուսանցք»-ն աշխատում է ազգի եւ հայրենիքի մասին արտահայտություններում զգացմունքային խիստ դրսեւորումներ թույլ չտալ, բայց երբ նամակները հայության տարբեր հատվածներից են, խնդիրն այլ տեսանկյունից է նաեւ ընկալվում:

 Անի Մարության

 էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի, ոչ՝ ավելանա

ԱԺ-ում կարծիք հնչեց, որ ՀՀԿ-ական կառավարությունն ապաշնորհ է եւ դրա պատճառով է, որ մեզ վաճառվող ռուսական գազի գինն այդքան բարձր է: Ի պատասխան Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց. «Ի՞նչ է դա նշանակում, որ Ռուսաստանից բացի, բոլոր մյուս պետությունների կառավարությունները ապաշնորհ են, հա՞: Ասածը դա՞ է նշանակում: Չեմ կարծում, որ այդ գնահատականի հետ կարելի է համաձայնել, որովհետեւ ամենաէժան գազը տարածաշրջանում վաճառվում է Հայաստանին: Կառավարությունն ապաշնորհ լիներ, ամենաէժանը չէր լինի, ավելի թանկ կլիներ»:

Իսկ լրագրողների դիտարկմանը, թե մեր ենթակառուցվածքները անընդհատ տվել ենք ռուսական կողմին, բայց ինչպե՞ս հասկանանք, որ դրա արդյունքում իրենք տալիս են գազ այն գնով, ինչ գնով հենց պետք է լիներ, նախարարը պատասխանեց կարճ. «Հենց ընենց նվե՞ր ենք տվել, իհարկե՝ ո­չ», եւ ամեն բան փոխպայմանավորված է արվում: Երբ նախարարին հիշեցրել են, որ  նախագահն ասել էր, թե գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանքներ են, նախարարը հակադարձել է. «Դեռ չի բարձրացել, հերյուրանք է, բամբասանք, ինչ-որ խոսում են այդ մասին: Այ, երբ գները կբարձրանան՝ ավելի պարզ կլին­ի»:

Մտահոգիչ եւս մեկ առաջարկ է հնչել: Մասնագետները անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտին, նշում են, որ հանձնաժողովի ներկայացված փաստարկներն էլեկտրաէներգիայի թանկացման համար հիմնավորված չեն: Մեր երկրում էլեկտրաէներգիայի մեծ մասը ստացվում է հիդրոէլեկտրակայաններից, ՋԷԿ-երից եւ ատոմակայանից, ուստի «ՀայՌուսգազարդ»-ի գազի գների թանկացումը չի կարող պատճառ դառնալ էլեկտրաէներգիայի թանկացման համար:

«ՀայՌուսգազարդ»-ի կողմից մատակարարվող գազով աշխատում է միայն նույն ընկերությանը պատկանող «Հրազդան-5» ՋԷԿ-ը, որն արտադրում է թանկ էլեկտրաէներգիա: Այդ արտադրվող թանկ էլեկտրաէներգիան պետք է յուրացվեր արտաքին շուկայում, սակայն հնարավոր է, որ արտաքին շուկայում այդ էլեկտրաէներգիայի յուրացումը չի հաջողվում, եւ այն ստիպված ներմուծում են ներքին շուկա, ինչի հետեւանքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է էլեկտրաէներգիայի սակագների թանկացում:

Արձագանքել են նաեւ լրատվամիջոցները, նշելով, որ Հայաստանում ստեղծված են «էլեկտրաէներգիայի արտադրման դիվերսիֆիկացված աղբյուրներ, որոնք աշխատում են տեղական ռեսուրսներով», ուստի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է իմանա, որ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում ոչ թե պետք է բարձրացվի, այլ իջեցվի, հատկապես, որ դրա հնարավորությունը մեր երկիրն օբյեկտիվորեն ունի:

 Վահագն Նանյան

 Լավ չեք բանակցում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան այն հարցերի, թե ո՞վ է բռնել կառավարության ձեռքը, որ իրանական գազը չի բերում Հայաստան, ինչն էլ գազային մենաշնորհի պատճառով այսպիսի իրավիճակ է ստեղծել, հայտնել է. «Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվել ու գազ մատակարարել Հայաստան: Ասեմ, որ աշխարհում որեւէ երկրի համար հեշտ չէ, բազմաթիվ լուծումներ է պարունակում: Այսօր Հայաստանը օգտագործում է իր բոլոր լծակները, որ Հայաստան մատակակարվող գազի գինը լինի ցածր՝ սկսած Իրանի եւ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններո­վ»:

Նշվել է, որ քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են Ռուսաստանում, որի նպատակն է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կթույլատրեն նվազեցնել կամ սուբսիդավորել գինը: Նվազեցման մեխանիզմները կներկայացվեն դեռ, երբ պայմանագիր ստորագրվի Ռուսաստանի հետ: Ըստ վարչապետի, իրենք «ձեռքները ծալա­ծ» չեն նստել եւ դրա արդյունքում գազի գները մատակարարներին չեն փոխվել:

 Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.