Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ… Կարկուտը ծեծած տեղն է ծեծում – …մի կտոր չոր հաց, էն էլ հրե՛ն հա, երկնքից կախված…

– Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ…

– Լոռեցիաբար ու մշտապես օրախնդիր …մի կտոր չոր հաց, էն էլ հրե՛ն հա, երկնքից կախված…

…Սակայն պարզվեց, որ ծրագիրը փաստացի փուչիկ է, որը պայթեց՝ ցուցադրելով իր անօգուտ լինելը (կարկուտը ծեծած տեղն է ծեծում)…

 Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ

Մի շա՛տ հետաքրքիր գործելաոճ են որդեգրել մեր որոշ պաշտոնյաներ ու գործարարներ: Ձմռանը, երբ հաստատ պիտի ձյուն գա ու գալիս է, ասում են՝ պատրաստ չէին, արագ կպատրաստվեն ու ճանապարհները կբացեն, տաքսիներն ու տրանսպորտի այլ միջոցներն էլ նորից կհայտնվեն անիվները փոխած… Գարնանը կարկուտ է տեղում, բայց էլի պատրաստ չեն… Ամռանը շոգ է… Չէին սպասում… Աշնանն անձրեւ է գալիս… Երկիրը երկիր չի, էլի՛… Մինչեւ ե՞րբ: Ծիծաղու՞մ են, բայց իրենք են ախր ծաղրածուները:

Վերջերս Երեւանում մի քանի ժամ տեղացած անձրեւի հետեւանքով փողոցների մի մասը ջրածածկվել էին ու դարձել գրեթե անանցանելի: Սա եւս խնդիր ու քննարկումների թեմա էր դարձել ու բոլորին հուզում էր, թե ինչո՞ւ չի գործել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգը:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ խնդիրը քննարկվել է քաղաքապետարանում՝ արագ նախաձեռնած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որտեղ «Հայպետհիդրոմետ»-ի ներկայացուցիչը հստակ նշել է, որ մայրաքաղաքում տեղումների քանակը եղել է այնքան, ինչքան գրեթե ամսական նորմայի սահմաններում է լինում: Քաղաքապետարանի պատասխանատուի խոսքով, տեղումների այդչափ քանակության դեպքում, որեւէ երկրում որեւէ ջրահեռացման համակարգ հնարավորություն չունի այդքանը միանգամից տանելու համար:

Բայց պետք է նշել, որ համեմատաբար քիչ անձրեւի դեպքում էլ անանցանելի է դառնում Շենգավիթ վարչական շրջանից դեպի Մալաթիա տանող ճանապարհի՝ Իսակովի կամրջի ներքում գտնվող հատվածը: Ի պատասխան հնչել է, թե «Երեւան Ջու­ր» ընկերության հետ քաղաքապետարանը այդ խնդրի լուծումը կտա:

 Գոհար Վանեսյան

Լոռեցիաբար ու մշտապես օրախնդիր

…մի կտոր չոր հաց, էն էլ հրե՛ն հա, երկնքից կախված

Մայիսյան կարկտաբեր եղանակը գրեթե հիմնովին փչացրեց գյուղատնտեսական բերքը՝ որոշ մարզերի գյուղերում ստեղծելով աղետալի վիճակ: Կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որում քննարկվեց  կարկտահարության հետեւանքով ստեղծված վիճակն ու խնդիրները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկուցմամբ՝ կարկտահարությունից տուժել է 43 համայնք, ընդհանուր 17 հազ. հա ցանքատարածություն: Բայց վստահ ենք, հաստատ ավելի մեծ է պատճառած վնասի չափը:

Ըստ նախարարի՝ հատկապես մեծ վնաս են կրել խաղողի այգիները, որոշ չափով էլ՝ պտղատու այգիները, որը հնարավոր չէ վերականգնել: Իսկ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքների վնասը հնարավոր է վերականգնել՝ իրականացնելով կրկնակի ցանքս: Այդ նպատակով գույքագրվել են հանրապետությունում եղած սերմնատեսակները, սածիլները, որոնք կտրամադրվեն գյուղացիներին: Կարկուտից տուժած համայնքների գյուղացիներին սերմացու կհատկացվի, իսկ սերմնացուի մի մասը հնարավոր է ներկրվի արտերկրից: Գյուղացիներն ամբողջությամբ կապահովվեն նաեւ պարարտանյութով ու դիզվառելիքով:

Վարչապետը նշել է, թե օգնությունը պետք է լինի առարկայական եւ տեղին, պետք է օգնել միայն սոցիալապես անապահովներին: Իսկ հարգելի վարչապետը չգիտի՞, որ կարկուտը ապահով եւ անապահով չի ճանաչում, իսկ իրապես անապահովին գտնելը մի նոր, լրացուցիչ ժամանակատար գործ է:

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկել է հակակարկտային կայանների հարցը եւ կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկ՝ դրանց արդյունավետ գործարկման համար:

Բայց գյուղացիները այնքան էլ չեն հավատում համարժեք օգնություն ստանալուն, հատկապես որ հերթական տարերային աղետը հսկայական վնաս է պատճառել առանց այն էլ չափազանց վատ պայմաններում ապրող հազարավոր գյուղացիական տնտեսությունների: Կարկուտը րոպեների ընթացքում ոչնչացրեց Արմավիրի ու Արագածոտնի մարզերի 40 գյուղերի ցանքատարածությունների ու այգիների բերքը: Հազարավոր գյուղացիական տնտեսություններ հայտնվել են անելանելի վիճակում ու գրեթե անլուծելի խնդրի առաջ են կանգնել՝ զրկվելով իրենց եկամուտի միակ միջոցից:

Գյուղացիները նաեւ չեն հավատում Արմեն Գեւորգյանի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանը, քանզի հակակարկտային կայանների տեղադրումը մի քանի տարի առաջ լայնորեն լուսաբանվեց ու քարոզվեց՝ որպես գյուղացիական տնտեսությունների ապահով գոյության հաստատուն ու վստահելի միջոց հենց նրա կողմից: Այդ նպատակի համար մեր երկիրը տարբեր ֆինանսական կառույցներից ստացել է մոտ 60 մլն. դոլար վարկ, որը ծանր բեռի նման ընկած է պետության հարկատուների ուսերին: Սակայն պարզվեց, որ ծրագիրը փաստացի փուչիկ է, որը պայթեց՝ ցուցադրելով իր անօգուտ լինելը:

Գյուղացիների կարծիքով՝ մեղավոր են եւ՜ փոխվարչապետը եւ՜ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ովքեր պատասխանատու են այդ կայանների գործունեության համար: Դեռ սպասում են, թե ովքեր պետք է պատասխան տան հակակարկտային կայանների տեխնիկական վիճակի ու անարդյունավետ օգտագործման համար:

«Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությու­ն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանն ասել  է, որ ՀՀ տարածքը կարկտահարությունից ավելի արդյունավետ պաշտպանելու համար մեզ ավելի շատ  կայաններ են հարկավոր: «Այսօր տարածաշրջանում եւ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում միայն ՀՀ-ում կա հակակարկտային ծառայություն: Ունենք 2 ռադիոլոկացիոն կայան՝ Լոռու եւ Արագածոտնի մարզերում, եւ 154 հակակարկտային կայա­ն»,- ասել է նա՝ հավելելով, որ 4 մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազ. հեկտար տարածքից 13 հազ.-ը, 1 կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք:

Ըստ ՊՈԱԿ տնօրենի, «կայանները ավտոմատացված են եւ դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազ. կրակոց է արձակվել՝ վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետեւանքներից: Հակակարկտային կայաններն աշխատում են պրոպան գազով, որն ավելի մատչելի է ու անվտանգ, քան ացետիլենը, սակայն ունի նույն արդյունավետություն­ը»: ԱԻՆ համակարգի հսկողության տակ գտնվող հակակարկտային կայանների առավելությունն այն է, որ դրանց կրակոցները դեպի կարկտաբեր ամպեր ուղղորդվում են ռադիոլոկացիոն կայաններից ստացված տվյալներով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ ներգործություն իրականացնել տվյալ մթնոլորտային երեւույթի վրա:

Մասնագետները պնդում են, որ կարկտաբեր ամպերի շարժումը եւ զարգացումը, ինչպեսեւ՝ կայանների իրականացրած բոլոր կրակոցներն ինքնաշխատ ամրագրվում են համակարգիչներում՝ վայրկյան առ վայրկյան: Մինչդեռ մարզերում կան մասնավոր ընկերությունների կողմից տեղադրված կամ համայնքի կողմից շահագործվող բազմաթիվ կայաններ, որոնք չունեն այդ հնարավորությունը եւ իրականացնում են կամային կրակոցներ, ինչը կարող է հանգեցնել միանգամայն հակառակ արդյունքի, այսինքն՝ առաջացնել կարկտի տեսքով տեղումներ ու վնասել բերքը:

Գյուղատնտեսության նախարարը շարունակում է հանդիպել մարդկանց, ովքեր հասկանալի պատճառներով շտապում են օժանդակություն ստանալ: Նա նշել է. «Առանձին համայքներում արձանագրված բերքի կորուստն ու ստեղծված դժվարին պայմանները չպետք է անդրադառնան տարվա ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա: Առաջնահերթ խնդիր է հետեւողական աշխատանքի եւ առկա ներուժի նպատակային օգտագործմամբ հասնել նախատեսված ցուցանիշների ապահովմանը: Մանավանդ, որ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ արդեն ստեղծել են­ք»: Կարեւորվել են ընթացիկ տարում 21,5 հազ. հա-ով ցանքատարածությունները եւ 13%-ով անասնագլխաքանակն ավելացնելու փաստերը:

Միայն այժմ է խոսվում, թե մասնագետները պետք է լինեն գյուղացու կողքին, խորհրդատվությամբ օգնեն նրանց՝ ժամանակին եւ հնարավորինս արդյունավետորեն լուծելու ծառացած խնդիրները: Իսկ գյուղացին տրտնջում է, որ գյուղատնտեսության ոլորտում բացակայում է ապահովագրման ծառայությունը, ինչը կարող էր էապես օգտակար լինել անսպասելի աղետների դեպքում: Ինչեւէ, արդեն նախատեսված է, որ օգնությունը կհատկացվի «Սերմերի գործակալությու­ն» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցով: Արդեն հատկացվում է պարարտանյութ, կարիքի դեպքում նաեւ դիզվառելիք: Նախատեսվել է ձեռք բերել եւ հատկացնել 24 տոննա սերմացու:

Բայց գյուղացիների դժգոհությունը չի մարում, եւ օրերս Երեւան-Արմավիր ճանապարհը փակել էին արմավիրցիները: Նրանց այցելեցին փոխվարչապետը եւ գյուղատնտեսության նախարարը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ընկերակցությամբ: Հավաքվածները բարձրացան բեռնատար մեքենաներին, սուլեցին ու բացականչեցին բարկացած, շատերը բողոքեցին, որ արդեն քանի օր է վարկի վճարման ժամկետից անցել է, բանկից զանգում են, փողն են ուզում եւ նման բաներ: Անգամ կարկուտի մասին մի պահ մոռացողներ եղան, ու սկսեցին բողոքել ոռոգման ջրի թանկությունից: Կարկուտը մեծ վնաս է հասցրել այս մարզի 46 համայնքների, եւ բնակիչները կառավարությունից պահանջում են ոչ միայն փոխհատուցում, այլեւ՝ վարկերի սառեցում:

 Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.