– «Եվրատեսիլ»-ը՝ այլեւս ադրբեջանական մրցույթ-ճաշկերույթ…
…Եթե «Եվրատեսիլ»-ը կեղծելը դարձել է թյուրք-ադրբեջանական փորձատեղի, ապա Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ այլեւս չի մասնակցելու եվրակաշառակերական այս մրցույթ-ճաշկերույթին: Հատկապես, երբ համացանցում արդեն տեսալրատվություն է դրված, թե ինչպես են ադրբեջանցիները գնում մերձբալթյան երկրների բնակիչներին եւ պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին, ինչը նույնաբար տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ, ինչի համար տասնյակ միլիոնավոր նավթադոլարներ են մսխվել…
– Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացավ «Տաշիր-2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Ավանդույթի համաձայն՝ մրցանակներ հանձնվեցին «Լավագույն երգիչ», «Լավագույն երգչուհի», «Հայաստանի բարեկամ», «Տարվա հայտնություն» եւ մի շարք այլ անվանակարգերում…
«Եվրատեսիլ»-ը՝ այլեւս ադրբեջանական մրցույթ-ճաշկերույթ
Շվեդիայի Մալմյո քաղաքում «Եվրատեսիլ 2013»-ը մեզ համար նշանավորվեց ոչ միայն Հայաստանը ներկայացնող «Dorians» ռոք խմբի պատշաճ մասնակցությամբ, այլեւ հերթական բացահայտված ադրբեջանական սադրանքով: Ինչն ավելի շատ բնույթով մի ծաղր է, որ շպրտվեց Եվրոպայի երեսին: Դրա մասին դեռ ստորեւ կխոսենք: Իսկ «Dorians»-ը, չնայած լավ ելույթին, այդ եվրածաղրի հետեւանքով հանգրվանեց 18-րդ տեղում՝ 41 միավորով: Մեր երկրին մշտապես 12-ական միավորներ գնահատող պետությունները կարծես վերացել էին երկրի երեսից, քանզի վստահաբար, եւ՜ սփյուռքահայերը, եւ՜ հայության այլազգի բարեկամները քվեարկել են ինչպես միշտ, բայց արդյունքում անիրական մի թիվ գրանցվեց:
Իհարկե հայտնի է, որ «Եվրատեսիլ»-ը որքան մշակութային, այնքան էլ, եթե ոչ ավելի՝ քաղաքական գնահատումների է արժանանում, ուստի զարմանալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներին 10-12-ական միավորներ բերող Ռուսաստանն ու Ֆրանսիան, Բելգիան ու Հոլանդիան, Հունաստանն ու Կիպրոսը եւ էլի երկրներ հանկարծ «փոխել էին» քաղաքական հայացքները եւ մոռացել Հայաստանին: Ամենաշատ միավորները մեզ տվեցին Վրաստանն ու Բուլղարիան՝ 10 եւ 8: Ռուսաստանը, Հունաստանն ու Ֆրանսիան տվեցին շատ ցածր միավորներ՝ համապատասխանաբար 2, 0 եւ 7: Ի դեպ, Ադրբեջանը Ռուսաստանից եւ Ֆրանսիայից ստացավ առավելագույն 12 միավոր, ինչը ավելի տարօրինակ է, քան՝ Հայաստանին ցածր գնահատելը: Զարմանալի է, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի մասնակցին բավականին ցածր գնահատեցին՝ 7 միավոր, իսկ առավելագույնը 12 միավոր ստացավ Ուկրաինան, որ միշտ բարձր է գնահատել Ադրբեջանին:
Լրագրողներով նստած հետեւում էինք մրցույթին ու ակնհայտ էր, որ այսքան տարօրինակությունները չէին կարող մտորելու եւ կասկածների տեղիք չտալ՝ հատկապես, երբ հաստատվեց առաջին եռյակը՝ 1. Դանիա, 2. Ադրբեջան, 3. Ուկրաինա: Իսկ հնգյակը կազմեցին Նորվեգիան եւ Ռուսաստանը:
Շտապում էր նաեւ այս մրցույթի հաղորդավարը, քանի որ 39 երկրներից դեռ 4-ը չէին հրապարակել իրենց արդյունքները, բայց նա հայտնեց հաղթողի անունը՝ պատճառաբանելով, որ մյուս գնատականներն այլեւս չեն կարող ազդել մրցույթի արդյունքների վրա:
Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլ անցել էր 26 երկրի ներկայացուցիչ: Հայաստանին 1-ական միավոր տվեցին Սան Մարինոն, Մոլդովան, Մալթան, 2-ական՝ Բելառուսը, Ռուսաստանը, 3՝ Հունգարիան, 6՝ Ուկրաինան, 7՝ Ֆրանսիան, 8՝ Բուլղարիան, 10՝ Վրաստանը: Մեր ներկայացուցիչը առավելագույն 12-ը չստացավ, ինչը թերեւա նույնպես ծրագրված էր ադրբեջանական նավթադոլարների եվրասփռմամբ: Հայաստանը 8, 10 եւ 12 միավորներ տվեց համապատասխանաբար Հունաստանին, Վրաստանին եւ Ուկրաինային:
Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ: «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 1956թ., Հայաստանը մրցույթին մասնակցում է 2006թ.-ից: Առաջին անգամ մեր երկիրը ներկայացրել է Անդրեն՝ «Without your love» երգով զբաղեցնելով 8-րդ տեղը: 2007թ. հանդես է եկել Հայկոն՝ «Anytime you need» երգով՝ կրկին զբաղեցնելով 8-րդ տեղը: 2008թ. Սիրուշոն «Քելե-քելե» երգով զբաղեցրել է մինչ այժմ հայ մասնակիցների մեջ ձեռբերած ամենաբարձր 4-րդ տեղը, 2009թ. Ինգա եւ Անուշ Արշակյանները «Ջան-ջան» երգով գրավել են 10-րդ հորիզոնականը: «Apricot stone» երգով 2010թ. հանդես է եկել Եվա Ռիվասը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, 2011թ. Էմմին իր «Boom-boom» երգով մասնակցել է կիսաեզրափակիչ փուլին՝ չանցնելով եզրափակիչ: 2012-ին Հայաստանը հրաժարավել է մասնակցել երգի միջազգային մրցույթին. այն անցկացվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Բազմահազար հայեր եւ արվեստի այլազգի սիրահարներ, այնուամենայնիվ, ողջունել են Հայաստանի ներկայացուցիչների հրաշալի կատարումը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Sistem of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն էլ է շնորհավորել «Dorians» խմբին ու Գոռ Սուջյանին, նաեւ «Lonely Planet» երգի հեղինակ՝ «Black Sabbath» հայտնի խմբի կիթառահար Թոնի Այոմիին՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ անցնելու կապակցությամբ:
Իսկ հիմա այն կասկածների մասին, ինչը եկավ հաստատելու, որ ներկայիս համաշխարհային քաղաքականության մեջ գնվում է ամեն բան, անգամ կաշառակերության դեմ անխնա պայքար ծավալած Եվրոպայում ադրբեջանական նավթադոլարները արցախյան խնդրին զուգահեռ սկսել են ներազդել եվրոպացիների ճաշակի վրա… Զարմանալու ոչինչ չկա, «քաղաքակիրթ» եվրոպացիները ծախու այն մարդատեսակն են, որ սեփական քթից այն կողմ՝ նույնիսկ հաստ ակնոցներով, չեն տեսնում: Տարբեր երկրների զլմ-ներ արդեն արձագանքել են, որ 3-4 տարի է, ինչ ադրբեջանական իշխանությունները միլիոններ են ծախսում «Եվրատեսիլ»-ում իրենց պատվիրակության հաղթանակը կամ բարձր տեղերը ապահովելու համար: Ոչ մեկի համար հասկանալի չէ, թե ինչպես է Ադրբեջանը ստանում 10 միավոր Ռուսաստանից, իսկ 12-ական՝ Ուկրաինայից, Իսրայելից եւ ինչպես որոշ լրատվամիջոցներ էին նշել՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակող Հունգարիայից, բայց ստանում է 0՝ Էստոնիայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Իտալիայից… Մի՞թե լավ երգչին այդպես կգնահատեն, ով Եվրոպայում համարվեց 2-րդը: Իսկ պրոֆեսիոնալ ժյուրին ակնհայտորեն դարձավ պրոֆեսիոնալ կաշառակերների հավաքածու:
Բացարձակ անհասկանալի է նաեւ Ռուսաստանից հայերին տրված 2 միավորը կամ 0-ական թվերը՝ Հունաստանից ու Կիպրոսից, Շվեդիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից… որտեղ շատ հայեր են բնակվում, իսկ Ֆրանսիայից տրված ցածր միավորի մասին էլ չասենք: Լավ է բոլորն ամեն ինչ հասկացան եւ ծիծաղելի վիճակում չհայտնվեցինք, քանի որ կարող էին հայտնվել այնպիսի մարդիկ, որ այս ամենը համարեին երկրի դիվանագիտական պարտությունը:
Անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի քաղաքացիների կողմից Ռուսաստանի մասնակցի օգտին տրված ձայների անհետացման փաստը «զայրացնող» է անվանել: Զգուշացրել է, որ դա անպատասխան չի մնա: «Մեր մասնակցից 10 բալ գողանալու փաստը չի ուրախացնում նախ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպված այդ միջոցառումը: Պայմանավորվել ենք Էլմար Մամեդյարովի հետ, որ ադրբեջանական կողմը պարզի օրինական ճանապարհները, եւ մենք համաձայնեցնենք մեր համատեղ գործողությունները, որպեսզի այդ վիրավորական գործողությունն անպատասխան չմնա»,- ասել է ռուս նախարարը, ով Ադրբեջանի ԱԳ նախարարին հստակ հասկացնել է տվել, որ իրենք կրակի հետ են խաղում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Եվրատեսիլ»-ում իրենց ներկայացուցչին Ռուսաստանի կողմից զրո միավոր տալը բացատարում է մրցույթի ներկա քաղաքականացմամբ եւ կազմակերպիչների կողմից կեղծարարություններով: Մեր ռոք խմբի բելգիացի եւ հոլանդացի երկրապագուները եւս քվեարկել են, սակայն նրանց ձայները չեն հաշվել, նրանք նամակներ են ուղարկել «Dorians»-ին՝ տեղեկացնելով, որ քվեարկել են. Հոլանդիայի բնակիչ Ալվինա Ղուլյանը գրում է, որ անձամբ քվեարկել է 16 անգամ եւ իր բազմաթիվ ծանոթները նույնպես քվեարկել են Հայաստանի օգտին: Հայկուհի Խաչատրյանն էլ Բելգիայից է գրել, որ միայն հարազատներով մոտ 200 ձայն են ուղարկել: Եվ այսպես շարունակ:
Եթե «Եվրատեսիլ»-ը կեղծելը դարձել է թյուրք-ադրբեջանական փորձատեղի, ապա Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ այլեւս չի մասնակցելու եվրակաշառակերական այս մրցույթ-ճաշկերույթին: Հատկապես, երբ համացանցում արդեն տեսալրատվություն է դրված, թե ինչպես են ադրբեջանցիները գնում մերձբալթյան երկրների բնակիչներին եւ պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին, ինչը նույնաբար տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ, ինչի համար տասնյակ միլիոնավոր նավթադոլարներ են մսխվել:
Լիտվայի գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է թաքնված տեսախցիկի տեսագրությունը, որն արվել էր «15min.lt»-ի լրագրողների կողմից, եւ որտեղ 2 անձինք լիտվացիներին փող են առաջարկում՝ «Եվրատեսիլ-2013»-ին քվեարկել Ադրբեջանի օգտին: Լիտվայի գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքերով՝ տեսագրությունները մանրամասն ուսումնասիրվել են Լիտվայի իրավապահ մարմինների կողմից, սակայն օրենքի պահապանները հետաքննություն սկսելու պատճառ առայժմ չեն տեսնում: Իսկ մրցույթում Ադրբեջանի համար ձայներ են գնվել բոլոր երկրներում՝ (օր.՝ Լիտվայում ձայնին միջինը՝ 20 եվրո առաջարկելով: Գնված մարդկանց խմբերը քաղաքների տարբեր անկյուններում են հավաքվել, որպեսզի օպերատորների մոտ կասկած չառաջանա, որ գնում է զանգվածային քվեարկություն միեւնույն մասնակցի օգտին՝ նույն վայրից: 10 հոգուց բաղկացած խմբեր են աշխատել, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է 5 հեռախոս: Ձայնի գնորդները ինքնավստահ կապոցներով եվրո են ցուցադրել: Նրանցից մեկը պատմել է, որ այդպես Ադրբեջանի համար աշխատել են 15 երկրներում, այլ կերպ հնարավոր չի լինի հաղթել մրցույթում:
Այն հարցին, թե, ընդհանուր առմամբ, ինչքան գումար է հարկավոր մրցույթը հաղթելու համար, նա հակիրճ է պատասխանել. միլիոններ (հրապարակվել է նաեւ գնորդների հետ հանդիպման տեսանյութը՝ http://www.youtube.com/watch?feature=playerembedded&v=JvHwxzXkeo8):
Գոհար Վանեսյան
* * *
Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացավ «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Ավանդույթի համաձայն՝ մրցանակներ հանձնվեցին «Լավագույն երգիչ», «Լավագույն երգչուհի», «Հայաստանի բարեկամ», «Տարվա հայտնություն» եւ մի շարք այլ անվանակարգերում: «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց Սիրուշոն, իսկ «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը: «Հայաստանի ընկեր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչը:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասը, «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի մենակատարներ Պատրիկ Ֆիորին եւ Էլեն Սեգարան, ինչպես նաեւ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Նիկոլայ Բասկովը, Քրիստինա Օրբակայտեն, Սոֆիա Ռոտարուն, Ավրաամ Ռուսոն, Լյուբով Ուսպենսկայան: Հայաստանից մրցանակաբաշխությանը մասնակցում էին Ջիվան Գասպարյանը, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Արման Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արտո Թունջբոյաջյանի ղեկավարած «Armenian Navy Band» խումբը եւ այլք:
Այս ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն անցկացվում է 2006թ.-ից եւ տարիների ընթացքում մեծ հաջողություն է ձեռք բերել հանդիսատեսի շրջանում: Ի դեպ, երաժշտական մրցանակաբաշխության մասնակիցներն այս անգամ արժանացան համեստ ու խորհրդանշական նվերների:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



