Ուղտը չոքեց դռանը – Արամ Մկրտչյան (Գերմանիա) – «Ուղտը դռանը չոքել» ասելով պետք է հասկանալ՝ անախորժություն, դավադրություն…

Ուղտը չոքեց դռանը – Արամ Մկրտչյան (Գերմանիա)

…Հենվելով վերո շարադրվածի, նաեւ այլ նյութերի վրա, ես գրել էի հետեւյալ միտքը՝ մի քիչ իմաստասիրություն, ուղտի մեկ այլ անունն է դավա: Դավա կամ դավ, այսինքն՝ անձի դեմ իրականացվող գաղտնի որեւէ արարք: Ուղտը մեր մշակույթի հետ կապված է հիմնականում դավա ձեւով, որը եւ հուշում է՝ «Ուղտը դռանը չոքել»: Դարձվածքի իմաստաբանությունը կապված է քոչվորների խնդրո հետ, հետեւաբար, երբ ասում էին. «Ուղտը դռանը չոքել», պետք է հասկանալ՝ անախորժություն, դավադրություն…

 Մի առիթով շատ հպանցիկ անդրադարձա «ուղտը դռանը չոքել» դարձվածքի իմաստաբանությանը, սակայն քննարկումներից պարզվեց, որ դարձվածքի մեկնաբանումը ավելի խորը պարզաբանման կարիք ունի, որի պատճառով քննարկողները հղում էին անում Հրաչյա Աճառյանի աշխատությունները՝ փորձելով հասկանալ իմ մեկնաբանման ճշմարտացիության աստիճանը, եւ վերջնականապես խճճվեցին:

Վիճակը հաղթահարելու համար նորից հնարավորինս հակիրճ ներկայացնեմ խնդիրը:

Այսպիսով, «Ժամանակակից Հայոց լեզվի բացատրական բառարան»-ի մեջ հատոր 4, էջ 595-ում ներկայացնում է Ուղտ-ը շինել-խաբելով առնել փոխաբերական իմաստով:

Իսկ Հայերեն արմատական բառարանի հատոր 3-ի, էջ 597-ում ներկայացնում է այսպես – Ուղտ (սեռական ուղտու կամ ըղտու) ծանոթ կենդանին, թրք. Dave: Ի դեպ, իր հոդվածներում Աճառյանը միայն նշում է DAVE թրքերեն եւ չկա խոսք DAVE բառի թուքական պատկանելության մասին:

Ուղտ բառի ծագումը ներկայացնելիս Աճառյանը դետալացված ներկայացնում է իր ժամանակի հայտի տեղեկատվությունը եւ այս սկսում է Թագլաթպալասար Ա-ի ժամանակներից մ.թ.ա. 1108-1080թթ.:

U DU Ri / UDURE / UDRE/ անուններով կենդանին, այսինքն ուղտը, Ասորեստանի Թագլաթպալասար Ա թագավորի ժամանակ համարվել է ներմուծված: Հիշատակված է որպես բերված կենդանի HINDAN քաղաքից, GUZAN կամ GULZAN երկրից:

Աճառյանը նշում է նաեւ MECHU երկրից եւ Մարաստանից բերված ուղտեր: Ըստ այդմ, ասորական U DU RI բառը ծագում է իրանական USCHTRA «ուղտ» բառից:

Այստեղ կանգ առնենք եւ կատարենք ճշտգրտում. Թագլաթպալասար Ա-ի (1108-1080թթ.) օրոք չկար ոչ Իրան եւ ոչ էլ Պարսկաստան, եւ տարածաշրջանի աչքի ընկնող պետական միավորումը Նաիրին էր: Այսպիսով, Թագլաթպալասար Ա-ի կառավարման տարիներին՝ ըստ արձանագրությունների, Մուշկերի (այսինքն՝ հայոց) 5 արքաները 20 հազարանոց բանակով Կադմուխի-ԿՈՐԴՈւՔԻ շրջանում անցան հարձակման եւ պարտվեցին: Կադմուխի-ԿՈՐԴՈւՔԸ Մեծ Հայքի Կորճայք նահանգի ամենախոշոր գավառն է՝ Արեւմուտքից սահմանակից է Հայոց Միջագետքին, հյուսիս-արեւմուտքից՝ Աղձնիքին, հյուսիսից Մոկս նահանգներին, արեւելքից՝ Կորճայքի Տմորիք գավառին, հարավից՝ Ադիաբենեին (Ասորիք):

Ադիաբենեում բնակիչները մեզ՝ հայերիս եւ մեր երկրին առաջին անգամ կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական եւ հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն): Հայ մատենագիրները Կորճայք նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ: Հայ հնագույն (ավանդական) պատմության մեջ Կորդուքը հիշատակվում է Կադմեաց տուն (հայոց ազգադիր նահապետ Հայկի թոռան եւ Արամանյակի որդու՝ Կադմոսի անունով):

Ասորեստանի թագավոր Թագլաթպալասար I-ի տարեգրության մեջ ԿՈՐԴՈւՔԸ հիշատակվում է Կադմուխի երկիր անունով: Մուշկերի հայոց 5 արքաներին հաղթելուց հետո Թագլաթպալասար Ա-ն նվաճում է Կադմուխին, եւ Կադմուխի բնակիչները նահանջում են ՇԵՐԵՇԵ ամրոցը եւ կազմակերպում են դիմադրություն, Ասորիքին հաջողվում է նվաճել Շերեշ ամրոցը եւ գերի վերցնել Կոդմուխի արքա Իրուպպեին, ում հուրիական անունն էր ԿԻԼԻ Թեշուբ եւ այլն:

Հատոր 3, էջ 598-ում Աճառյանը շարունակում է իր համեմատությունները եւ հղում կատարում 1903թ. հրապարակված Պոկորնոյի աշխատանքին եւ սահուն անցում կատարում դեպի մեկ այլ վարկածի՝ առաջադրելով ենթադրել, որ UDRU/ UDR/ URD-ուղտ ձեւափոխություն է:

Ավելի հարմարավետ ձեւ է համարում ULDU-Ուղտ անցումը եւ ներկայացնում է հղումը: Ներկայացնում նաեւ ԻնՃԵՃեԱՆԻ մոտեցումը ոխոտ (ուղտը ոխակալ է), ով նկատի է ունեցել հնարավոր անցումը: Այնուհետեւ ներկայացնում է տարբեր ուսումնասիրողների տեսակետները, որոնք գրեթե կրկնվում են եւ մատնանշում են «ուղտ» բառի ծագման, որպես հնարավոր աղբյուր, ասորականը եւ նշում է, որ Antoine Meillet, USCHTRA բառը Իրանը փոխառել է ասորերենից:

Այնուհետեւ անդրադառնում է Մառին եւ նշում է, որ Մառը իր աշխատանքում իրար է կցում հայկական ուղտ, պարսկական SCHUTUR եւ թրք. DAVE բառերը: Այնուհետեւ Աճառյանն իր Հայերէն արմատական բառարանի հատոր 1, էջ 641-ում տեղեկացնում է դավ-«խարդախություն դարանակալություն սպանություն»: Այս բառերի հետ է համեմատում սանսկրիտ dabh վնասել, դավել, խաբել իմաստով բառը, սակայն անցում է կատարում հին հուրիերենի dhabh, որը, ըստ Աճառյանի, պետք է տա դավ հայկական բառը: Աճառյանը գրում է. «Այս պարագային հայերէն Դավ բառը բնիկ է»:

Այնուհետեւ ավելացնում է.- կարող է այս բառը փոխառված լինի իրաներենից.- եւ անմիջապես ժխտում է՝ ավելացնելով, որ նման բառ չկա ոչ պարսկերենում, ոչ պահլավերենում եւ նորից անմիջապես ավելացնում է, որ կարող է նման բառ եղած լիներ հին պարսկերենում:

Եվ նորից կասկածի տակ առնելով իր  ներկայացրած բառը՝ անմիջապես ավելացնում է՝ «դավ բառի ծագումը բնիկ թե փոխառեալ մնում է անորոշ» եւ հղում է անում Հյուբշմանին: Վերջում հղում է անում Պոկորնոյին եւ ասում, որ նա Պոկորնոյն է համարում դավ բառը իրաներենից փոխառություն: Այսպիսով, ըստ Աճառյանի ներկայացրածի, մենք ունենք հետեւյալը.

1. Ըստ այդմ, ասորական U DU RI բառը ծագում է իրանական USCHTRA «ուղտ» բառից:

2. Թագլաթպալասար Ա-ին ներկայացնում է իր ժամանակաշրջանում, իսկ Իրանին՝ ոչ: Թագլաթպալասար Ա-ի նվաճած երկրների ցուցակում բացակայում է Իրանը կամ Պարսկաստանը կամ Ֆարսին, հետեւաբար գոյություն չունեցող կազմավորման USCHTRA «ուղտ» բառը չէր կարող անցնել ասորական մշակույթ U DU RI ձեւով:

3. Թագլաթպալասար Ա-ի թողած արձանագրությունները հաստատում են, որ նա պատերազմել է Հայոց Աշխարհի դեմ Կադմուխի-ԿՈՐԴՈւՔԻ տարածքում:

4. Աճառյանը առաջադրում է ենթադրել, որ UDRU/ UDR/ URD-ուղտ ձեւափոխությունն է:

5. USCHTRA բառը Իրանը փոխառել է ասորերենից:

6. Եվ վերջինը՝ Աճառյանը ներկայացնում նաեւ ԻնՃԵՃեԱՆԻ տեսակետը՝ ոխոտ (ուղտը ոխակալ է): ԻնՃԵՃեԱՆԸ իր տեսակետով մատնանշում է այն անցումը, որը ուղղակիորեն առնչվում է Դավե/Դավ իմաստաբանությանը:

Աճառյանը գրում է, թե հայերեն Դավ բառը ծագում է հուրիական dhabh բառից, որը նշանաակում է վնասել, դավել, խաբել, ուստի եւ՝ հայերեն Դավ բառը բնիկ է: Սակայն քիչ անց, կրկնում ենք, նոր տարբերակ է առաջարկում. «Դավ բառի ծագումը բնիկ թե փոխառեալ մնում է անորոշ» եւ հղում է անում Հյուբշմանին:

Սասնա Էպոսում թշնամին դավեն նստած է մտնում Էրգիր, բառի եւ՜ ուղղակի եւ՜ անուղղակի իմաստով, այսինքն՝ գալիս կռիվ՝ (դավ անելու) ուղտին (դավե) նստած:

Հենվելով վերո շարադրվածի, նաեւ այլ նյութերի վրա, ես գրել էի հետեւյալ միտքը՝ մի քիչ իմաստասիրություն, ուղտի մեկ այլ անունն է դավա: Դավա կամ դավ, այսինքն՝ անձի դեմ իրականացվող գաղտնի որեւէ արարք: Ուղտը մեր մշակույթի հետ կապված է հիմնականում դավա ձեւով, որը եւ հուշում է՝ «Ուղտը դռանը չոքել»: Դարձվածքի իմաստաբանությունը կապված է քոչվորների խնդրո հետ, հետեւաբար, երբ ասում էին. «Ուղտը դռանը չոքել», պետք է հասկանալ՝ անախորժություն, դավադրություն:

 Արամ Մկրտչյան, Գերմանիա

«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.