Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները… Սիրիական հակամարտության ընթացքում եւս ծավալապաշտական քարտեզներ են տպագրվում…

- Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները…

Սիրիական հակամարտության ընթացքում եւս ծավալապաշտական քարտեզներ են տպագրվում, ինչն արտացոլում է համաթրքական նպատակները

- Պարսից ծոցում զորավարժություններ են…

Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները

Շարունակվում է սիրիական հակամարտությունը եւ այն այլեւս ընդունել է արյունալի եւ աղետալի ընթացք: Միջազգային ասպարեզում Սիրիային աջակցող Իրանը չէր մասնակցում սիրիական խնդրին առնչվող միջազգային խոշոր հանդիպումներին, բայց մայիսի վերջին գումարեց «Սիրիայի բարեկամներ­ի» այլընտրանքային համաժողով: Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին ասել է, որ մի քանի երկրների են հրավիրել համաժողովին մասնակցելու համար:

Թեհրանը հայտարարել է համաժողովի անցկացման մասին՝ «Սիրիայի բարեկամության խմբի» սպասվող հանդիպմանը զուգահեռ, որտեղ մասնակցելու են Արեւմտյան պետությունները, արաբական մի շարք երկրներ եւ սիրիական ընդդիմությունը: Հանդիպումը կկայանա Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:

Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվել էին խրախուսել սիրիական կառավարությանը եւ ընդդիմությանը՝ երկխոսություն սկսելու համար: Այդ նպատակով որոշվել էր ստեղծել միջազգային համաժողով, եւ Իրանը եւս ցանկություն էր հայտնել մասնակցել այդ համաժողովին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ սիրիական կառավարության ներկայացուցիչները ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ հանձնաժողով են ձեւավորել, իսկ սիրիական ընդդիմությունը որեւէ կերպ չի արձագանքել երկխոսության հնարավորությանը: Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տեւական ժամանակ ծայր առած ներքաղաքական ճգնաժամը վերածվել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի եւ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, բողոքի ակցիաների մեկնարկից առ այսօր Սիրիայում սպանվել է ավելի քան 70.000 մարդ:

Դամասկոսը սակայն դրական չի արձագանքում ամերիկյան նախաձեռնությանը, եւ ԱՄՆ պետքրատուղար Ջոն Քերին հայտարարել է, թե եթե «Ասադը հրաժարվի մասնակցել այդ համաժողովին, ապա նա լուրջ սխալ թույլ կտա: Սիրիայի նախագահը տեղյակ է մասնակիցների ցուցակից, ովքեր ներկա են լինելու համաժողովին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արդեն նրան տվել է մարդկանց անունները, ովքեր բանակցություններ են անցկացնելո­ւ»: Ըստ նրա՝ բոլոր շահագրգիռ կողմերը հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. «Մենք գտնում ենք, որ առաջընթացն ակնհայտ է: Կատարվել է ահռելի աշխատանք: Մենք սպասում ենք, որ բանակցությունները սկսվելու են հունիսի սկզբի­ն»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը: Մայիսի 7-8-ը ԱՄՆ պետքարտուղարի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ վերջինս հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ բանակցությունների ընթացքում Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնություն էին ձեռք բերել սիրիական ճգնաժամը կարգավորելու համար մայիսի վերջին միջազգային համաժողով գումարել, որը լինելու է Ժնեւի կոմյունիկեի շարունակությունը: Կողմերը հույս են հայտնել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել հակամարտող կողմերին: Սակայն այսօր ԱՄՆ-ն հայտարարել էր, որ համաժողովն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հունիսի սկզբին:

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին վերջերս նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ նրա կողմից միջազգային պարտավորությունների խախտման մասին եւ խնդրել է ԱՄՆ-ին խուսափել այլ երկրների, այդ թվում՝ Իրանի, ներքին գործերին խառնվելուց: Անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց՝ Իրանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջին շրջանում արտահայտած կարծիքներին, նախարարը նշել է, որ «ժողովրդավարությանը ամերիկյան օժանդակությունը միայն ժեստ է ու խաբուսիկ պահանջ»: Նա խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնյաներին հարստացնել իրենց գիտելիքները ստույգ աղբյուրներից եւ գիտակ խորհրդականներից, ինչպես նաեւ զգուշանալ իրենց անհիմն հայտարարությունների հետեւանքներից: Հիշեցնենք, որ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին հայտարարել էր, որ Իրանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների արդյունքները չեն արտահայտելու ժողովրդի իրական ընտրության պատկերը: Նա քննադատել էր Իրանի իշխանություններին այն բանի համար, որ նրանք հարյուրավոր մարդկանց «անհասկանալի պատճառներով չեն թույլատրել մասնակցել ընտրությունների­ն»: ԱՄՆ պետդեպի ղեկավարի խոսքերով՝ թափանցիկության բացակայությունը հարցականի տակ է դնում այն, որ մնացած թեկնածուները կկարողանան արտահայտել իրանցի ժողովրդի կամքը:

Սա ոչ միայն սրել է իրանա-ամերիկյան բուն հարաբերությունները, այլեւ՝ Թեհրանի եւ Վաշինգտոնի՝ սիրիական հակամարտությանն առնչվող մոտեցումները: Սիրիական հարցով Թեհրանում կայանալիք համաժողովին 40-ից ավելի երկրներ են մասնակցելու, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը: ԻԻՀ ԱԳ՝ Աֆրիկայի եւ արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ թեհրանյան համաժողովը Սիրիայի խնդրի քաղաքական լուծմանն ուղղված քայլ է, որը կբերի ազգային երկխոսության եւ խնդրի կարգավորման. «Իրանը ողջունում է տարածաշրջանային համագործակցությունը, այդ պատճառով Թեհրանը սույն համաժողովին մասնակցելու նպատակով տարբեր երկրների է հրավիրել, այդ թվում՝ Թուրքիային, Կատարին եւ Սաուդյան Արաբիային, որոնք սիրիական հարցի կարգավորման առնչությամբ այլ մոտեցումներ ունե­ն»: Հիշեցնենք, որ դեռ 2012թ. օգոստոս եւ նոյեմբեր ամիսներին Իրանի նախաձեռնությամբ 2 անգամ միջազգային համաժողով է կազմակերպվել, որոնց շրջանակներում իրանական կողմը միջազգային հանրությանն է ներկայացրել է սիրիական ճգնաժամի լուծման 6 կետանոց առաջարկությունների փաթեթը, ինչը այդպես էլ շարունակություն չստացավ:

Չնայած հրավերին, Անկարան չի շտապում աջակցել իրանական նախաձեռնությանը եւ ավելին՝ սադրիչ հայտարարություններ է արել, եւ Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ահմեդ Դավութօղլուի՝ Թեհրանի հասցեին ուղղված մեղադրանքներին: Շատերն են կարծում, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը վկայում է, որ Սիրիայի հարցում Անկարայի քաղաքականությունը տապալվել է: Թեհրանի արձագանքում նշված է, որ Իրանին ու «Հեզբոլլահ»-ին մեղադրելով շիական պաշտպանական գոտի ստեղծելու եւ սիրիական հակամարտության մեջ ներքաշված լինելու մեջ, Թուրքիան Սիրիայի հարցում իր քաղաքականությունը չի փոխում եւ ուրիշների հանդեպ մեղադրանք ներկայացնելը չի կարող հատուցել Սիրիայի հարցում Անկարայի վարած քաղաքականության տապալումը:

Իսկ սիրիական հակամարտության մեջ ներքաշված ուժերի կողմից հակամարտությանը նաեւ կրոնական բնույթ է հաղորդվում՝ էլ ավելի սրելու նպատակով: Տարածաշրջանի սուննիներն ու շիաները միավորման կարիք ունեն, բայց որոշ ուժեր ահաբեկիչներին ուսուցանում եւ նրանց զենք են մատակարարում, ինչը, բնականաբար չի օգնում Սիրիայի ժողովրդին: Ավելին, այսօր Թուրքիան սալաֆիական խմբերի գլխավոր լոգիստիկ կենտրոնակայաններից մեկն է դարձել: Իսկ Իրանը գտնում է, որ սիրիական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քաղաքական եւ միջկրոնական երկխոսությունն է:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւս մտահոգված  նշել է. «Սիրիական հակամարտությունը ձեռք է բերում միջկրոնական բնույթ, ինչը հղի է իսլամական աշխարհում հակասությունների խորացմամբ եւ այդ տարածաշրջանում բնակվող ոչ իսլամական խմբերի համար լրջագույն սպառնալիքներով», նա քննադատել է նաեւ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու արգելքի (էմբարգո) վերացման վերաբերյալ Եվրամիության Խորհրդի որոշումը, որը խոչընդոտներ է ստեղծում Սիրիայի հարցով Միջազգային համաժողով հրավիրելու ճանապարհին, միաժամանակ նշելով, որ դա արգելվում է միջազգային, այդ թվում՝ Եվրամիության իրավունքով, եւ եվրոպացիների քայլն ի սկզբանե երկիմաստ էր:

Եվրամիության կողմից սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոյի չերկարաձգումը լրջագույն հարցեր է հարուցել, առաջին հերթին այն պատճառով, որ ոչ պետական սուբյեկտներին զենքի մատակարարումը հռչակվել է ոչ լեգիտիմ: Վերջերս զենքի առեւտրի վերաբերյալ համաձայնեցված միջազգային պայմանագրի նախագիծը, որի նախաձեռնությամբ հանդես են եկել Մեծ Բրիտանիան եւ ԵՄ այլ երկրներ, ամրագրում է ոչ պետական սուբյեկտներին զենքի մատակարարման անթույլատրելիությունը: Ծայրահեղ դեպքում թույլատրելի է միայն պետությունների համաձայնության դեպքում, որոնց տարածքում գործում են այդ սուբյեկտները: Նշենք, որ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները համաձայնության չեն եկել Սիրիա զենք մատակարարելու նկատմամբ սահմանված արգելքի երկարաձգման հարցում, որի ժամկետն ավարտվում է մայիսի 31-ին: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ էմբարգոյի երկարաձգման հարցում համաձայնության բացակայությունը փաստացի նշանակում է դրա կասեցում:

Սիրիայի հարցով երկակի համաժողովների անցկացումը եւս անօգուտ կլինի, եթե կողմերը հետզհետե չհանգեն միասնական համաժողովի հրավիրման, որին կմասնակցեն նաեւ սիրիական իշխանություններն ու ընդդիմությունը:

Խնդրի միջկրոնական բնույթ ստանալը կարող է նաեւ նոր վտանգներ առաջ բերի, որոնք կառնչվեն նաեւ քրիստոնյաներին, այդ թվում՝ հայկական համայնքին, որն արդեն իսկ շատ է տուժել եւ վնասներ կրել՝ մարդկային եւ նյութական իմաստներով: Կարծում ենք՝ Հայաստանը պետք է առավել ակտիվ մասնակցի այսօրինակ համաժողովներին ու իր մտահոգությունները հայտնի ինչպես Սիրիայի ընդհանուր ժողովրդի, այնպես էլ մասնավորապես՝ սիրիահայության հետագա ճակատագրի առումով: Հատկապես, որ Թուրքիան այլեւս չի թաքցնում նորօսմանյան  իր ձգտումները, էլ չասենք՝ համաթրքական մեծ պետության երազանքների մասին…

Արամ Ավետյան

 * * *

Մայիսի 6-30-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն Պարսից ծոցում զորավարժություններ է անցկացրել ծոցի արաբական երկրների հետ. հայտնել են իրանական աղբյուրները: Օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից հաճախակի անցկացվող զորավարժություններին, նշել է. «Այդ զորավարժությունները նման են «հազար ու մեկ գիշերվա «հեքիաթներին եւ երբեք չեն վերաճի պատերազմ­ի»:

Նշվել է, որ Իրանը եւս պատրաստվում է զորավարժություններ անցկացնել:

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։