«Վրացական երազանք»-ի պապական երազախաբությունը… Հայկական զինված ուժերն ամեն օր պատրաստ են պատերազմի… Կորեական հանգուցալուծու՞մ…

- «Վրացական երազան­ք»-ի պապական երազախաբությունը – …պապ, հայր եւ որդի Իվանիշվիլիները տառապում են (ոմանք՝ էին) գլխի ուժեղ քորից… գալիք 4-րդը տառապելու է խրոնիկ երազախաբությամբ…

- Հայկական զինված ուժերն այսօր էլ՝ ամեն օր պատրաստ են պատերազմի…

- Կորեական հանգուցալուծու՞մ – Կկնքվի՞ զինադադարի համաձայնագիր Կորեաների միջեւ…

«Վրացական երազան­ք»-ի պապական երազախաբությունը

Ինչքան էլ մեր շա՛տ հարեւան վրացիները փորձեն հավաստել, որ հայերիս եղբայրներն են, միեւնույնն է՝ ասել եւ ասելու ենք, որ նրանք պատմության ընթացքում առավելապես եթե ո՜չ բուն թուրքավարի, ապա թուրքաոճ գործելակերպով են առաջնորդվել հայերի հետ հարաբերություններում:

Այսօր էլ եղբայության քարոզով զբաղված վրացին փորձում է հավաստել, թե Սաակաշվիլիի ղեկավարած Վրաստանը եղբայրական դաշինք էր հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ Իվանիշվիլու ղեկավարած Վրաստանը եղբայր է լինելու ինչպես թուրք-ադրբեջանական ուղղության հետ, այնպես էլ՝ հայ-ռուսական:

Է՛, մեզ ինչ, եթե մեզ ու մեր թշնամիներին հավասար սիրել-հարգելու են: Իսկ վերջերս մի նոր մեծվրաստանյան քարտեզ է ի հայտ եկել, որտեղ մեր եղբայրները տիպիկ թյուրքական ախպերություն են արել…

www.hayary.org-ը դա վերածել է մի փոքրիկ պատումի, այն անվանելով «Ուրախ եւ ճոխ վրացական երազ… Դաժան, բայց արդար վերջաբանով…»:

– Մի հակահայկական օր, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու պապը ճոխ երազ տեսավ… Հայերը նրան խնդրում էին, որ մի քիչ էլ տարածքներ վերցներ Հայաստանից, ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան հատվածներից…

Եվ տարիներ անց, նրա տղան՝ Բիձինայի հայրը, երազում այս քարտեզը գծագրեց, որը կոչեց. «Ուրախ ու մեծ իմ երազանքի Վրաստա­ն»… Նրա երազում գծված քարտեզում այդպես էլ երեւաց, որ Արեւմտյան Հայաստանից՝ Լոռու մի մասը, իսկ Արեւմտյան Հայաստանից՝ Արդվին, Արդահանը… պետք է դառնան Վրաստանի մաս…

Տարիներ անց էլ, այս հոր տղան՝ Բիձինան, «Վրացական երազան­ք» կուսակցությունը ստեղծեց… Եվ Հայաստանի տարածքների զավթումը քիչ համարելով՝ պապի երազի քարտեզում նոր տարածքներ ավելացրեց Ադրբեջանից եւ Ռուսաստանից…

www.hayary.org-ի տվյալներով՝ պապ, հայր եւ որդի Իվանիշվիլիները տառապում են (ոմանք՝ էին) գլխի ուժեղ քորից, եւ ըստ բժշկական հետազոտությունների, այդ քորը բուժելու է նրանց գալիք 4-րդը, ով տառապելու է խրոնիկ երազախաբությամբ եւ հենց դա էլ նպաստելու է, որ Ջավախքը հարակից հայկական այլ տարածքներով վերամիավորվի Հայաստանի հետ…

Այստեղ ավարտվելու է «Ուրախ եւ ճոխ վրացական երազ… Դաժան, բայց արդար վերջաբանով…» պատումը, քանզի իրականությունն ամեն բան իր տեղն է դնելու:

- Քարտեզը նայել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում:

* * *

«Մայիսյան հաղթանակները խորհրդավոր են մեր պատմության համար: Դրանք հերոսապատումներ են, որոնք համապատասխան ոգեղեն ուժ են տվել ժողովրդին հետագա մեր արարումներում պայքարելու, հաջողություններ ունենալու եւ հաղթելու համար»,- Սարդարապատում տոնական շքերթից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

…ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է այսօր էլ դիմակայել թշնամուն, մեր զինուժը ստուգարք հանձնել է եւ՜ պատերազմի ժամանակ, եւ՜ այժմ էլ ամեն օր հանձնում է մեր երկրի սահմանները, Արցախի բնակչության անվտանգությունը ապահովելու գործում:

…Հայկական զինված ուժերն այսօր էլ՝ ամեն օր պատրաստ են պատերազմի. մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եթե լինի պատերազմ, ապա մենք պատվով եւ անձնուրաց կռվելու ենք մեր հայրենիքի համա­ր»:

* * *

Կորեական հանգուցալուծու՞մ

Միջուկային զենքն անհրաժեշտ է Հյուսիսային Կորեային՝ իմպերալիզմի դեմ արդյունավետորեն պայքարելու համար, եւ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը պետք է պահպանի միջուկային զինանոցը, քանի որ առանց դրա դժվար կլինի պայքարել թշնամիների դեմ: Այսպես է հայտարարվել հյուսիսկորեական ՙՆոդոն սինմուն՚ պաշտոնաթերթում:

Նշվում է, որ հյուսիսկորեացիները խնամքով կպահպանեն իրենց «անգին միջուկային զինանոցը, քանի որ այն հնարավորություն կտա արդյունավետորեն պայքարել թշնամիների դեմ: Միջուկային զենքը հակառակորդների հանդեպ վերջնական հաղթանակի միակ երաշխիքն է»:

Միաժամանակ, նույն թերթում հայտարարություն է տարածվել, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջարկում են Հարավային Կորեային կնքել խաղաղության պայմանագիր՝ ներկայում գործող զինադադարի համաձայնագրի փոխարեն, որը կնքվել է 1950-53թթ. Կորեական պատերազմից հետո:

«Խիստ անհրաժեշտ է, որ փոխարինվի պատերազմի մնացուկ զինադադարի համաձայնագիրը խաղաղության մշտական ռեժիմով: Կորեական թերակղզում ժամանակավոր զինադադարը շահեկան է միայն ԱՄՆ-ին, որը փորձում է խեղդել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն­ը»,- ասված է պաշտոնաթերթում:

Ի վերջո ԱՄՆ-ի եւ Չինաստանի համատեղ ջանքերը մոտեցրեցին երկու Կորեաների նախապատերազմական վիճակի խաղաղ հանգուցալուծումը: Սակայն Հարավային Կորեան դեռ չի արձագանքել, իսկ Հյուսիսային Կորեան միշտ մնում է անկանխատեսելի:

Հիշեցնենք, որ պաշտոնապես  աշխարհում միջուկային գերտերություններ են համարվում ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը եւ Հյուսիսային Կորեան:

Ոչ պաշտոնապես միջուկային գերտերություն է համարվում նաեւ Իսրայելը:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։