Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը – Վառելիքաէներգետիկ ոլորտի ռազմավարական նշանակությունը… Թեժ կրքեր. Գազը չպե՜տք է թանկանա…

- Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը…

…Այսպես, գազի սակագնի թանկացումը ստիպում է հարաբերություններ պարզել ոչ միայն Հայաստանին ու Ռուսաստանին, քանզի ռազմավարական գործընկերոջ քայլերը ոչ միշտ են բարեկամական, այլեւ՝ Իրանին եւ Միացյալ Նահանգներին, ինչը հավաստում է, որ վառելիքաէներգետիկ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, իսկ մենք այն (այլ ռազմավարական տնտեսական ոլորտներ եւս) հանձնել ենք մեր այս ու այն «բարեկամներին»…

- Թեժ կրքեր. Գազը չպե՜տք է թանկանա…

Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը

Քանիցս նշել ենք, որ ազգային տնտեսության անցնելու խիստ անհրաժեշտություն կա: Շատերը դա պատկերացնում են խորհրդային կամ նմանատիպ այլ «ազգայնացման» տեսությամբ, ինչը բոլորովին կապ չունի իրական ազգային տնտեսակարգի հետ: Տնտեսության ազգայնացումը կոլխոզացում չի ենթադրում ու նաեւ մասնավոր հատվածի վերացում չի ենթադրում: Տնտեսության ազգայնացումը նախ եւ առաջ շեշտը դնում է ռազմավարական ոլորտները բացառապես պետական սեփականության ձեւում ներառելուն, իսկ ներսի ու օտարերկրյա մասնավորի նկատմամբ էլ՝ հստակ մեխանիզմներով վերահսկողությանը եւ մասնավորի ոչ ճիշտ աշխատանքի դեպքում էլ՝ պետության կողմից հետկանչման եւ գործի սեփականացման լծակներ ունենալը:

Ինչեւէ, հենց ազգային տնտեսակարգի բացակայության պատճառով է, որ օտարել ենք բոլոր կարեւորագույն համապետական տնտեսական կառույցները եւ աչքներս ջուր կտրած սպասում ենք, թե գազն ու էլէներգիան, ջուրն ու կապը… ով ինչպես կմատուցի մեզ մեր երկրում:

Ներկայիս առկա խնդիրը գազի սակագնին է վերաբերում: «Գազի գնի հետ կապված բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ են, ԱՄՆ-ն այս հարցում ներգրավված չէ, սակայն այն հասարակական հնչեղություն ունեցող հարց է, եւ մենք հորդորում ենք, որ այդ աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Դեսպանը կարծում է, որ սակագնի բարձրացումը որպես ճնշում ընկալելը չի կարող մեկնաբանել, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը սերտ գործընկերներ են, իսկ ինչ վերաբերում է գազի սուբսիդավորմանը, այդ որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը՝ Աժ-ի եւ Հայաստանի ժողովրդի հետ միասին:

ԱՄՆ-ի դեսպանը հերքել է այն կարծիքները, որ իրանական գազը Հայաստանի վրա ավելի թանկ է արժենում՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից կիրառվող ճնշումներով, այն, որ «Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կան, ճիշտ է: Քանի դեռ Իրանը ցույց չի տվել, որ միջուկային ծրագրերի առումով իր պարտավորությունները հարգում է, չի աշխատում միջուկային զենքի մշակման ուղղությամբ, ապա միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն էական է: Եվ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, հարգում է այդ պատժամիջոցները, եւ մենք ողջունում ենք ՀՀ այդ քայլը»:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունն արձագանքել է ԱՄՆ-ի դեսպանին՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մասին արված հայտարարություններին, որտեղ ներկայացրել է նկատառումներ Իրանի ու Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի խոսքերի մասին: Իրանի դեսպատան հայտարարությունը վերնագրված է. «Իրական բարեկամը բացահայտվում է դժվար պահերի­ն», որում մասնավորապես ասված է. «Բարիդրացիության, ազգային ու տնտեսական շահերի ապահովման եւ երկկողմ տնտեսական բազմաբնույթ պայմանագրերի կնքման վրա հիմնված ԻԻՀ եւ ՀՀ հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել եւ չեն ենթարկվել տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների ներշնչանքի ու հայտարարությունների ազդեցությանը: Ընդ որում, Իրանի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում իր անվիճելի իրավունքը պնդելու պատրվակով ԱՄՆ եւ որոշ արեւմտյան երկրների անօրինական ու միակողմանի պատժամիջոցները երբեք չեն ազդել երկու երկրների պայմանագրերի եւ պարտավորությունների վրա»:

Իրանական կողմը նշել է, որ ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդը լարված եւ դժվարին պահերին Իրանի անշահախնդիր աջակցության ականատեսն են եղել: ԱՄՆ դեսպանը խոստովանելով այդ խնդիրները, իր օրակարգում ներառել է ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը՝ մոռանալով, որ երկու բարեկամ ու հարեւան երկրների հարաբերությունները չեն ենթարկվի նման «ինտերվենցիոնիստական հայտարարությունների ազդեցությանը եւ Հայաստանը իր ազգային ու տնտեսական շահերը չի զոհաբերի ԱՄՆ անօրինական քաղաքականությանն ու ճնշումներին, որովհետեւ ամբողջովին իրազեկ է իր հարեւանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթին ու բազմիցս կրկնել է իր սկզբունքային դիրքորոշումը»: Այնուհետեւ նշվել է, որ հաշվի առնելով էներգակիրների գների բարձրացումից բխող դժվարությունները, Թեհրանը պատրաստ է տնտեսական եւ հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման միջոցով նպաստել ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովմանը եւ էներգետիկ աղբյուրների բազմազանեցմանը, «Մեղրի ՀԷԿ-ի նախագծին արագություն հաղորդելով եւ վերականգնվող մյուս էներգետիկ աղբյուրների ոլորտներում նմանատիպ նախագծեր մշակելով հնարավոր է հասնել դրան: Ուստի, այդ բնագավառում Իրանի գիտական ու գործնական փորձը, ինչպես նաեւ բնատուր առատ պաշարները (ջրի, քամու եւ արեւի), հնարավոր են դարձնում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը»:

Այսպես, գազի սակագնի թանկացումը ստիպում է հարաբերություններ պարզել ոչ միայն Հայաստանին ու Ռուսաստանին, քանզի ռազմավարական գործընկերոջ քայլերը ոչ միշտ են բարեկամական, այլեւ՝ Իրանին եւ Միացյալ Նահանգներին, ինչը հավաստում է, որ վառելիքաէներգետիկ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, իսկ մենք այն (այլ ռազմավարական տնտեսական ոլորտներ եւս) հանձնել ենք մեր այս ու այն «բարեկամներին»:

Արման Դավթյան

 * * *

 Թեժ կրքեր. Գազը չպե՜տք է թանկանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի չունեցավ սպառողներին վաճառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկումը: Հանձնաժողովում տեղ չկար բոլորի համար, ովքեր ուզում էին մասնակցել հանրային քննարկմանը, դահլիճը փոքր էր, եւ «Գազի թանկացման դեմ» նախաձեռնության անդամները չէին կարողանում տեղավորվել: Իսկ մինչ քննարկումը նրանք բողոքի ցույց էին անում ՀԾԿՀ գրասենյակի մոտ:

Հանրային քննարկումը չսկսված՝ ընդմիջվեց մոտ 15 րոպեով՝ տեղի խնդիրը լուծելու համար: Հանձնաժողովի փոխնախագահ Շիրազ Կիրակոսյանը հայտնեց, որ գուցե 3,5 մլն. մարդ ցանկություն ունենա ներկա գտնվել, սակայն իրենք չեն կարող ապահովել այդքան տեղ:  ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը եւս հայտարարեց , թե իրենց պայմաններն այս են, կարող են ուղղակի մի քիչ մեծ դահլիճ տրամադրել: Այս խոսքից զայրացավ քննարկմանը հրավիրված Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, ով հայտնեց, թե եթե կարող էին ավելի լավ պայմաններ ապահովվել, ինչու ի սկզբանե չեն արել: Սադոյան-Նազարյան լեզվակռվի ընթացքում վերջինս շոու համարեց այն ամենը, ինչ տեղի է ունենում քննարկումը չսկսված: Ի պատասխան՝ բողոքողները նշեցին, թե իրենք դերասաններ չեն:

Ցուցարարները հայտարարում էին, որ սա ոչ միայն գազի գնի բարձրացում է, այլ՝ մեր երկրում կյանքի արժեքի արհամարհում, քանի որ թանկացումը սկիզբ է դնում այլ թանկացումների: Եթե այսօր որեւէ հիմք չկա գազի գինը վերանայելու համար, ուրեմն սա «կառավորության կողմից հակաժողովրդական հերթական քայլ ­է»: Անգամ նշվեց, թե թանկացման հետեւանքներն ավելի աղետալի են լինելու՝ էլեկտրաէներգիայի ու բոլոր ծառայությունների թանկացում՝ նշանակում է մոտ 40%-ով աղքատացում:

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։