Արտագաղթ՝ վատ կառավարման պատճառով – Կյանքի թանկացումը գրպանին համարժեք չի կատարվում… Դեսպանը խոստացել է, բայց ո՜չ գազի գնի համար…

- Արտագաղթ՝ նաեւ վատ կառավարման պատճառով…

…Նրանք պատժվելու են իրենց հպարտ լինելու համար՝ կրելով թե՜ անապահովի եւ թե՜ լացկան բոզուկ հարուստի բեռը:

- Դեսպանը խոստացել է, բայց ո՜չ գազի գնի համար…

Մեր քաղաքացու կյանքի թանկացումը գրպանին համարժեք չի կատարվում եւ մնայուն կառավարության հայտարարված անցած ու գալիք 7%-անոց տնտեսական աճերը եւս այդ գրպանը չեն լցնելու…

Կյանքի հետագա թանկացումը մի քանի անգամ ավելի մեծ է գրպանի պարունակությունից: Իսկ գրպաններն կան, որ դատարկ են բոլորովին: Ո՞վ է սրանից հետո կանխելու արտագաղթի նոր (տոկոսները թող կառավարությունը նշի) աճը:

«Լուսանցք»-ն իր առաջին իսկ թողարկումում նշել է, որ, որպես լրատվամիջոց, դառնալու է ազգային արժեքների պաշտպանության միջոց, եւ հայրենալքությունն ու ազգամերժությունը մեր թերթի սիրելի թեմաները չեն հաստատ: Սակայն, երբ հայրենիքը լքում են ոչ միայն լքելու եւ սեփական փորացավը բավարարելու համար, որի քարոզիչը չենք մենք, այլ՝ պետական վատ կառավարման եւ սոցիալական անարդարության հետեւանքով, ապա այս մասին չխոսելը նույն հանցագործությունն է, ինչպես մեր նշած հայրենալքություն քարոզելը:

Գազն ու էլեկտրաէներգիան կթանկանան եւ շղթայական «օրենքի համաձայ­ն» կթանկացնեն ամեն ինչ: Չնայած դեռ հավաստիացումներ են տրվում, թե թանկացումները մեծ չափերի չեն հասնի:

«Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա ձեռքբերվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար, որը տարածաշրջանում կշարունակի մնալ ամենացածրը»,- Աժ նիստերի դահլիճում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկմանը: Ըստ նրա՝ բանակցությունները դեռ շարունակվում են մեր պետության կողմից արդեն իսկ հայտարարված 30% փոխհատուցման մասով, որի արդյունքում գազի գինը 270 դոլարից կիջնի 189 դոլար: Նախարարը վստահեցրել է, որ սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցում կլինի եւ նրանց համար գազի գինը կմնա նույնը:

Հերքվեց շրջանառվող այն լուրը, թե իբր Իրան-Հայաստան գազատարը փոքր տրամաչափ ունի այլընտրանքային դառնալու համար: Գազատարը բավարարում է երկրի գազասպառման պահանջները, բայց ավելի նպատակահարմար է գազ գնել Ռուսաստանից, քանի որ Իրանի գազի վաճառքի գինը ավելի բարձր է: ԱԺ-ում քանիցս հնչեց, որ «իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը՝ 335 դոլար՝ 1000 խմ-ի համար, ուստի միակ ձեռնտու տարբերակը ռուսական գազն է»:

Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդ»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր դիմել՝ առաջարկելով մինչեւ 10 հազ. խմ ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խմ գազի գինը սահմանել 221 դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ քննարկումներում, հաշվի առնելով պետության կողմից 30% փոխհատուցումը եւ սահմանի վրա 189 դոլար գինը, ինչպես նաեւ «Հայռուսգազարդ»-ի ներկայացրած կապիտալ ներդրումների եւ այլ ծախսերի հետ կապված հաշվարկների իջեցումը, որոշվել է մինչեւ 10 հազ. խմ սպառողների համար 1 խմ գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը:

Նշվեց, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ:

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր վատ են ապրում, բայց սոցիալապես անապահով համարվելու համար համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացնում, որովհետեւ ամաչում են, որովհետեւ հպարտ են ու համարում են, որ հային հարիր չէ վատ ապրելը: Նրանք պատժվելու են իրենց հպարտ լինելու համար՝ կրելով թե՜ անապահովի եւ թե՜ լացկան բոզուկ հարուստի բեռը:

Արտակ Հայոցյան

 * * *

Դեսպանը խոստացել է, բայց ո՜չ գազի գնի համար

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նախագահը հույս է հայտնել, որ իր գործունեության ժամանակահատվածում դեսպանը առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առավել ամրապնդման ու փոխգործակցության ընդլայնման գործում: Ընդգծվել է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները տարեցտարի խորանում են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմա-տեխնիկական, հումանիտար, հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ, ինչպեսեւ՝ միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում:

Նորանշանակ դեսպանն էլ վստահեցրել է, որ իր գլխավորությամբ դեսպանության ամբողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ ի նպաստ Ռուսաստանի եւ եղբայրական Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման:

Նշելով, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունն առանձնանում է փոխըմբռնման աննախադեպ մակարդակով, դեսպան Վոլինկինն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկան նպաստում է հարուստ եւ կառուցողական քաղաքական երկխոսությանը, որի զարգացման գործում մեծ դեր ունեն 2 պետությունների ղեկավարների մակարդակով մշտական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի հաճախակի շփումներն ու փոխայցերը:

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։