Հայ բնապահպաններին արքայազն Չարլզը չի՜ լսի – Բնապահպանները ցանկացան արքայազնին նամակ փոխանցել, բայց հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին…

Հայ բնապահպաններին արքայազն Չարլզը չի՜ լսի…

…Միաժամանակ հայ բնապահպանները հույս ունեն, որ նա իր ազդեցության սահմաններում կմիջամտի բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագիրը կանխելու համար, նաեւ կխթանի բրիտանական ներդրումները՝ «Հայաստանում կանաչ տնտեսության մե­ջ»…

Մասնավոր այցով Հայաստանում էր Ուելսի արքայազն Չարլզը: Նա հայտնի է իր բնապահպանական գործունեությամբ, եւ հայ բնապահպանները որոշել էին հանդիպել նրան: Երբ Արքայազնն այցելել է Մատենադարան, շենքի գլխավոր մուտքի մոտ բազմաթիվ լրագրողներ ու բնապահպաններ մի քանի ժամ շարունակ սպասելուց հետո էլ չկարողացան հանդիպել, քանզի այցը կազմակերպվել էր հետնամուտքով, չնայած ուղեկցող անձնակազմը ներս է մտել գլխավոր մուտքով:

Բնապահպանները ցանկացել են արքայազնին նամակ փոխանցել, բայց այն հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին, ով խոստացավ այն փոխանցել Արքայազն Չարլզին: Նամակը, որ կազմել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն­ը», հանձնվել է որպես բաց նամակ, քանի որ Ուելսի Արքայազնը հանդես է գալիս հանուն անտառների պահպանության, իսկ «Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեջ բրիտանական ներդրումները հակասում են նրա գաղափարներին»:

Նամակում մասնավորապես նշվել է. «Հասկանում ենք, որ այցը մասնավոր է, բայց ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեզ հյուընկալող անձի եւ Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված մի քանի խնդրի վրա, որոնք խիստ մտահոգում են ՀՀ հանրությանը եւ ներքոստորագրյալներիս: Արմեն Սարգսյանը, ում մասնավոր հրավերով գտնվում եք ՀՀ-ում, նորաստեղծ «Լիդիան Ինթերնեշընը­լ» հանքարդյունաբերական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է, նախկինում աշխատել է «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»-ում, որը «ՀԲ Գրու­պ»-ի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համաֆինանսավորում է «Լիդիան Ինթերնեշընը­լ»-ը: Այս ընկերությունը նպատակ ունի ՀՀ հարավում՝ առողջարանային հայտնի գոտու սահմանին շահագործել ոսկու հանքավայր: Թեեւ ոսկին շահագործելու թույլտվությունների հետ կապված ավարտվել է պաշտոնական գործընթացի ընդամենը մի մասը, մեր հանրությունը վիճարկում է դրանց արդյունքում ընդունված որոշումները եւ ծրագիրը համարում ապօրինի:

Դուք նաեւ բնապահպանական խոշոր գործունեություն եք ծավալում, հանդես եք գալիս հանուն անտառների պահպանության, «Վայրի բնության համաշխարհային հիմնադրա­մ»-ի՝ WWF-ի ֆինանսավորողներից եւ պատվավոր նախագահներից մեկն եք, ուստի հարկ ենք համարում տեղեկացնել, որ Մեծ Բրիտանիայի Չենըլ Այլընդզում գրանցված ընկերության եւ Ձեր ընկեր Արմեն Սարգսյանի մասնակցությամբ հանքարդյունաբերական գործունեությունն իսկական աղետ է ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ՝ կենսաբազմազանության համար: Հանքավայրում՝ Ամուլսարում, անտառներ չկան, չնայած մեր կառավարությունը եւ մասնավոր ընկերությունները պատրաստ են նաեւ անտառներ վերացնել հանուն հանքարդյունաբերության, ինչպես արեցին ՀՀ հյուսիսում՝ Թեղուտում: Բայց համաձայն WWF հայաստանյան մասնաճյուղի՝ Ամուլսարի հանքավայրի տարածքում կան «ՀՀ Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ եւ բուսատեսակներ, այդ թվում՝ կովկասյան գորշ արջը, հայկական մուֆլոնը, բեզորարյան այծը: ՀՀ օրենսդրությունը խստիվ արգելում է տնտեսական վնասաբեր գործունեություն այն տարածքներում, որտեղ գրանցված են ՀՀ Բույսերի եւ Կենդանիների Կարմիր գրքերում ընդգրկված բուսա-կենդանատեսակներ:

Հարկ ենք համարում շեշտել, որ հանքավայրը տեղադրված է մինչեւ 2008թ. պլանավորման եւ սահմանման ընթացքում գտնվող «Ջերմուկ» ազգային պարկի տարածքում, որի վերջնական հաստատման եւ օրենքով պահպանվող տարածք դարձնելու աշխատանքները հանկարծակի ընդհատվեցին հանքավայրի բացահայտման հետ մեկտեղ: 2012թ. WWF-ի պատվերով անկախ խորհրդատուների կազմած՝ Ազգային պարկի իրագործելիության հետազոտության մեջ նշվում է, որ տարածքում արդեն զարգացած տուրիզմը ավելի խթանելով հնարավոր կլիներ ապահովել նույնքան տնտեսական եկամուտ, որքան նախատեսվող հանքարդյունաբերությունից՝ առանց վտանգելու շրջակա միջավայրը եւ թունավորելու առանց այն էլ հանքարդյունաբերության բացասական հետեւանքներից տուժող Հայաստանը: Հանքավայրը շահագործելը չի մտնում տարածաշրջանի զարգացման եւ ո՜չ մի ծրագրի մեջ, ավելին՝ հակասում է հանքավայրից 10 կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաք Ջերմուկի ավագանու որոշմանը, որը դեմ է հանքի շահագործմանը:

Ի դեպ, Ջերմուկը ողջ աշխարհում հայտնի է որպես բուժիչ հանքային ջուր, եւ որեւէ կանխատեսում չկա, թե նախատեսվող պայթեցումները ինչ ազդեցություն կունենան վերգետնյա եւ ստորգետնյա ջրերի վրա: Այդ հանքավայրը նաեւ գտնվում է Հայաստանի մարգարիտ համարվող քաղցրահամ Սեւանա լճի ջրհավաք ավազանում, որը պաշտպանված է օրենքով, եւ որեւէ տնտեսական գործունեություն լճի ավազանում չի թույլատրվում: Ամենամեծ վտանգը Սեւանա լճին կարող է տեղի ունենալ երկրաշարժի կամ մարդածին վթարի դեպքում, եթե թունավոր նյութերն արտահոսեն դեպի լիճ: Սա չի բացառվում, քանի որ հանքավայրը գտնվում է 10 բալանոց սեյսմիկ գոտում:

Ձեր մտերիմները կփորձեն համոզել, որ բրիտանական ներդրումները ՀՀ-ին շատ անհրաժեշտ են, աշխատատեղեր են ստեղծում եւ այլն: Սակայն հանքարդյունաբերության ստեղծած աշխատատեղերը չնչին են այլ ոլորտների զարգացման պարագայում ստեղծվելիք տնտեսական շղթաների ու դրանց բազմապատկիչ էֆեկտի հետ համեմատած: Հանքարդյունաբերությունը կազմում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի ընդամենը 3%-ը: Ակադեմիական հետազոտությունները վկայում են, որ այն տարածաշրջաններում, որտեղ տնտեսության հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը խորանում են: Սոցիալական դրական ազդեցության մասին պնդումները Հայաստանի պարագայում անհիմն են, քանի որ բնական ռեսուրսների շահագործումից, այլ կերպ ասած՝ մի ժողովրդի հավաքական ունեցվածքի թալանից, հարկերի տեսքով մենք ստանում ենք չնչին գումարներ՝ շահույթի գրեթե 25%-ը, եւ զրկվում տնտեսական այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից՝ հողերի զավթման, ջրերի թունավորման, բնակչության առողջական վիճակի անկման պատճառով: Այս ոլորտը ՀՀ-ում պատշաճ չի կարգավորվում, միակ «արգասիքը» միլիոնավոր տոննաներով թունավոր թափոններն են, որոնք որպես «նվեր» թողնում են հանքարդյունահանող ընկերությունները մեր բնակչության­ը»:

Արքայազնին խնդրել են՝ որպես բնության պահպանության ջատագով, զերծ մնալ Ամուլսարի հանքի հետ կապված որեւէ գործողությունից, որը պիտի հաստատի առկա նախագիծը եւ իրականություն դարձնի վերը նշված վտանգները: Միաժամանակ հայ բնապահպանները հույս ունեն, որ նա իր ազդեցության սահմաններում կմիջամտի բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագիրը կանխելու համար, նաեւ կխթանի բրիտանական ներդրումները՝ «Հայաստանում կանաչ տնտեսության մե­ջ»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։