Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը… Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը… Հայ արիների հայտարարությունը…

Մայիսյան նորահայտ հաղթական էջեր – Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը…

- Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը…

- 1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է (հայ արիների հայտարարությունը)

Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը…

Գարեգին Նժդեհի զորամասին էր վիճարկված առաջինը վերադառնալ Ղարաքիլիսա: Հայ կորպուսի հրամանատարը (Հեծյալ գնդի պետ՝ Ղորղանյան, 24 մայիս, Դիլիջան) հրամայել է արձակել, որ Նժդեհն իր զորամասով վերադառնա Ղարաքիլիսա, շփման մեջ մտնի թշնամու ուժերի հետ եւ սպասի օգնության:

Եվ Նժդեհը հիշում է.- ստանալով այդ հրամանագիրը՝ զորամասս կենտրոնացավ հայոց եկեղեցու բակում: Վայրկյանների ընթացքում տարածվեց Ղարաքիլիսա վերադառնալու լուրը, եւ եկեղեցու շուրջը խռնվեց ժողովուրդը: Եկել էին ճամփու դնել մեզ: Սպայակույտի համհարզը կարդաց Երեւանից ստացված հեռախոսագիրը՝ Սարդարապատում հայ զենքի ունեցած հաջողության մասին:

Քիչ անց՝ հայտնվեց Զորավար Նազարբեկյանը, խոր հուզումով հաղորդեց ազգի պահանջը՝ 3 օր ժամանակ տալ Երեւանին, որ կարողանա հաշտություն կնքել թուրք հրամանատարության հետ, ապա մի քանի խոսքով օրհնեց մեր զորքին: Գնալով հուզումը կխորանար: Եկեղեցում վաղուց էր սկսվել ժամերգությունը – զանգերի ղողանջը, միացած երգեցողության, տխրորեն կարձագանքեր հեռուները:

Պետք էր մի երկու խոսք ասել մեկնելու պատրաստ զորամասին, եւ հատկապես ժողովրդին: Դեռ խոսքս չէի վերջացրել, երբ հայացքս հանդիպեց ծերունի զորավարի հայացքին – արցունք կար նրա աչքերի մեջ: Լալի՜ս էին, լալիս էին բոլորը: Ինձ էլ խեղդել սկսեց արցունքը՝ կամավորները բռնեցին դեպի Ղարաքիլիսա երկարող ճամփան:

Մայիսի 24-ն էր:

Զորամասս՝ իր առջեւի եւ թեւերի ուղղությամբ պարագետներ արձակած՝ կառաջանար անխռով: Արդեն անցել էինք Սիմեոնովկա գյուղը, երբ մեր ձախ թեւի ուղղությամբ ընդհատ գոռացին մի քանի հրացաններ: Թշնամու լրտեսներն էին՝ դարանամուտ եղած անտառում: Քառորդ ժամի չափ կանգ առեց զորասյունը, մինչեւ որ առաջապահները կմաքրեին ճամփան: Գիշերվա ժամը 2-ի մոտերը հասանք ավեր եւ անմարդաբնակ Վարդանլու գյուղը, ուր թողնելով մեր ուժերը, մի հիսունյակ ձիավորներով առաջացա դեպի Ղարաքիլիսա: Հայ ամառանոցի վրա տիրող մեռելային լռությունը եւ լույսերի չգոյությունը շատ շուտ մատնեց, որ թշնամին դեռ ոտք չի կոխել այդ տեղը: Տուն չկար, որ սպիտակ դրոշակ պարզած չլիներ: Ճերմակ էր հագել մեր այնքան գեղեցիկ ավանը, որ շուտով պիտի կարմրեր մեր եւ թշնամու արյունով: Մի տասնյակ ձիավորներ որոշ հանձնարարությամբ ուղղելով Ղշլաղ՝ ձիս քշեցի դեպի այն տունը, ուր գիշերել էի ընդամենը 5 օր առաջ: Բախեցի դուռը եւ մնացի անպատասխան: Մոտեցա պատուհանին՝ նորից լռություն: Խեղճերը չէին պատասխանում, կարծելով թե գիշերանց թուրքն է հայտնվել: Սկսեցի անուններ տալ, բացվեց դուռը եւ դուրս նետվեց ինձ ծանոթ, Ալեքսանդրապոլից գաղթած Հակոբ Էհրամճյանի ընտանիքը: Բոլորի դեմքին թե՜ ուրախության կար, թե՜ սարսափ: Ավետելով Սարդարապատի մեր հաջողության լուրը, որոշ տեղեկություններ ուզեցի թուրք ուժերի ու շրջանի հայ ազգաբնակչության տրամադրության մասին: Պարզվեց, որ թուրք զորքը գտնվում է Արջուտում եւ որ լուսաբացին տանուտերի գլխավորությամբ մի պատվիրակություն էր մեկնելու՝ աղուհաց մատուցելու թուրք զորահրամանատարությանը:

Ուղարկեցի կանչել իշխանության ներկայացուցչին: Եկան: Երկու խոսքով փարատեցի նրանց տարակուսանքը եւ ապա պահանջեցի հրաժարվել Ղարաքիլիսան առանց կռվի թշնամուն հանձնելու հանցավոր մտքից: Խոստացան հայոց զորքին մատաղ անել ամեն ինչ՝ եւ՜ հաց, եւ՜ հարստություն, եւ՜ կյանք: Պահանջեցի սուրհանդակներ եւ նրանց միջոցով գրություններ ուղղեցի շրջակա գյուղերին՝ հայտարարելով զենք կրելու ընդունակ գյուղացիներին մի քանի օրվա հացի պաշարով եւ ունեցած ռազմամթերքով մինչեւ կեսօր, ներկայանալ ինձ, Ղշլաղում: Առանձին գրությամբ պահանջեցի ներկայանալ քահանաներին եւ ուսուցիչներին:

Այդ կարգադրություններից հետո, համհարզիս՝ Մխիթար Տեր-Աբրահամյանին հետ ուղարկեցի Ղարաքիլիսա՝ առաջնորդելու մեր զորամասը, իսկ ես անցա Ղշլաղ: Պետք էր հարմար դիրքեր ընտրել եւ դեռ լույսը չբացված զետեղել իմ ուժերը՝ զորամասիս թվական սակավությունը չմատնելու համար: Ղշլաղում գյուղացիությունը գտա ոտքի վրա ու անհանգիստ: Զորամասս ցանցառակի բռնեց նախապես ճշտած կրակի գիծը – կենտրոնը՝ զուգահեռ Ղշլաղին, նրանից մեկ ու կես վերստ առաջ, ձախ թեւը՝ դեպի հարավ ընկած անտառապատ բարձունքները, իսկ աջը՝ մոտ 2 վերստ, երկաթուղագծից դեպի հյուսիս ձգվող բաց դաշտը: Բնական է, որ պահեստի ուժի չգոյությունը, ինչպես նաեւ ռազմամթերքի պակասը պիտի թելադրեին ինձ ցանցեր փռել թշնամու ռազմագործողությունների ուղղության վրա, դիմել ռազմադավերի:

Եվ Բոնապարտի հստակատեսությունը պետք չէր՝ գիտակցելու համար, թե այդ օրվա ամենաթեթեւ հաջողությունն անգամ գինովցելու աստիճան պիտի խանդավառեր մեր զորքն ու ժողովուրդը, քանզի Էրզրումից մինչեւ Գուգարք միայն տխուր պարտությունն էր եղել մեր բաժինը, իսկ չնչին անհաջողությունը բացարձակապես անկարելի պիտի դարձներ մեր հետագա դիմադրությունը:

Գիտեի, որ թուրքը, հավատարիմ իրեն, մեր Ղարաքիլիսա վերադառնալու հանդգնությունը պատժելու համար քինաթափ պիտի լիներ խաղաղ ազգաբնակչությունից: Ուրեմն, պետք էր գործի լծել հայ մարդու եւ՜ արիությունը, եւ՜ հնարամտությունը, որպեսզի քմահաճ պատերազմի աստվածը այդ օրը առաջին անգամ մեզ ժպտար: Այդ մտահոգությամբ՝ մեր կռվագծից մոտավորապես 1000 քայլ առաջ, 3 կետերի վրա, դարաններ դրի – հետեւակներից՝ անտառակների մեջ, ռմբագծերից՝ երկաթուղագծային կամուրջի տակ, իսկ հեծյալներից՝ բաց դաշտի մեջ ընկած մի հնօրյա վանքի ավերակներում: Դարանամուտ այդ խմբակները, առանց մատնելու իրենց ներկայությունը, թույլ պիտի տային թշնամուն առաջանալու մինչեւ դարանների գծերը, ապա խաչաձեւ կրակի տակ առնելով՝ պիտի խորտակեին վերջինը: Նրանք պիտ սպասեին ազդանշանի, որ տրվել էր հրթիռի միջոցով: Լույսը նոր էր բացվել եւ արդեն վերադարձել էին Արջուտի ուղղությամբ ուղարկված հետախույզները: Այլեւս վայրկյանե վայրկյան կսպասեի թշնամու երեւալուն: Շրջագայելով մեր առաջադիրքերը՝ կխրախուսեի զինվորներին՝ նրանց մինչեւ վերջը հոգեպես գոտեպինդ պահելու համար:

Կենտրոնական դարանից նշանացի հասկացրին թշնամու գետերի երեւալու մասին: Մի քանի վայրկյան անց՝ մենք այլեւս աչքի ու կրակի հաղորդակցության մեջ էինք թշնամու հետ: Նա կառաջանար հաղթհաղթ, տողաձեւ ու խորությամբ բռնած երկաթուղագծի 2 կողմերը: Ժամը 9-ի մոտերը թշնամու կողմից սկսվեց նախակռիվը՝ թեթեւ հրաձգությամբ՝ մեր դիրքերը եւ ուժերը շոշափելու նպատակով: Թշնամին կդանդաղեր: Հասկանալի էր դա. չէ՞ որ մենք առանց կռվի լքել էինք Ղարաքիլիսան ու այսօր թուրք զորահրամանատարությունը կսպասեր հայու աղ ու հացին:

Բացի այդ՝ մեր վերին հրամանատարությունը թույլ էր տվել սխալներից ամենաաղետալին – 5 որ առաջ նա արձակել էր մոտ 6.000 թուրք պատերազմական գերիներ, մի արարք, որ թշնամին իրավամբ պիտի բացատրեր հայոց շվարած վիճակով: Այսօր, սակայն, նա ստիպված էր զոհեր ու ժամանակ վատնելու՝ մեր ֆիզիկական եւ բարոյական ողնաշարը ջարդելու համար: Ժամը 10 անց էր, երբ սկսվեց ընդհարումը, դարձյալ աննշան ուժերի միջեւ: Մեր դարանները կշարունակեին իրենց մահառիթ լռությունը: Ղուշլաղ կհասնեին կամավորները՝ հայ գյուղերից եւ կուղարկվեին խտացնելու մեր շղթաները: Թշնամու առաջապահ զորամասը այլեւս կմոտենային մեր դարանների գծին, մերոնք սկսել էին ջղայնություն ցույց տալ: Արձակվեց սպասված հրթիռը, որին կայծակի արագությամբ հաջորդեց մեր դարանակալ խմբերի փոթորկային կրակը: Ծուղակված թշնամին ուժերի մի մասը խուճապով հետսախաղացություն փորձեց, իսկ մյուսը՝ խառնախռիվ թափվեց երկաթուղագծի վրա: Մեր դարանները կշարունակեին իրենց ռումբերի, գնդացիրների եւ համազարկերի տարափի տակ պահել հանկարծակիի եկած թշնամուն: Օգտվելով թուրքերի փափուկ վիճակից՝ իմ ռազմամուտ ուժերը քաշեցի առաջ:

Փանբակի ձորը սկսեց դողալ ռումբերի որոտից: Թշնամին դժվարանում էր ուշքի գալ եւ հնձվում էր՝ անխնա:

Տրվեց գրոհի հրամանը եւ սկսվեց հարձակումը: Կռիվը արքան տարերային, այնքան էլ կարճատեւ եղավ: Թշնամին տագնապով փախչում էր դեպի Արջուտ: Նա ժամանակ չունեցավ անգա՜մ իր վիրավորներին փրկելու: Մենք կշարունակեինք մեր մարտավարական ճռաքաղը: Այդ ժամին՝ հայ մարտիկն արժանի էր իր ցեղի անունին: Ճակատամարտի առաջին օրն սկսվել էր հայ ոգու փայլուն գերազանցությամբ: Այլեւս կար համոզումը, թե պիտի հաջողենք Ղարաքիլիսայում կրկնել Ավարայրը եւ տալ Երեւանին իր ուզած 3 օրը՝ Բաթումի մեր պատգամավորության գործը հեշտացնելու համար:

Այդ օրը մայիսի 25-ն էր:

Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը

Սիրելի ժողովուրդ, թանկագին եղբայրներ եւ քույրեր, թեժ կռիվների բովով անցած իմ զինակիցներ… Թշնամին ոտնատակ անելով Անդրկովկասեան հաշտութեան պայմանագիրը յարձակվել է Ալեքսանդրապոլի խաղաղ բնակչության վրայ: Թուրքական հրոսակները Լենկթեմուրի, Չինգիզ խանի եւ մյւս բարբարոսների օրինակով արշաւում, մահ ու աւեր են տարածում մեր հայրենիքի վրայ… Այս րոպեիս էլ լսվում են սրախողխող արուածների հառաչանքները… Ռուսական զորքը նահանջել է, ռուսները հեռու են մեզանից, Ռուսաստանում դրութիւնը խառն է, խառնաշփոթութիւն է նաեւ նրանց ղեկավարութեան մեջ, նրանք չեն կարող մեզ օգնութեան գալ… մեր առաջ թուրքերն են, Ադրբեջանը՝ մինչեւ ատամները զինուած… Այս բոլորից օգտուելով՝ թուրքերը անարգել արշավում են եւ իրենց ետեւից թողնում կոտորած, աւերածութիւն… Նրանք այժմ արշաւանք են ծրագրում դեպի Երեւան, դեպի մեր սուրբ Էջմիածինը… Թուրքերը որոշել են ֆիզիկապես ոչնչացնել մեր սուրբ հաւատը, աշխարհի երեսից ջնջել հայ անունը: Բայց, սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, մի՞թե մենք թույլ կտանք մեզ հետ այդպես վարւել: Ոչ, հազար անգամ ոչ: Մենք մեր արւնով կը պաշտպանենք մեր հայրենիքը: Մի՞թե մեր երակներում չկայ Վարդան Մամիկոնեանի, Մեծն Տիգրանի, Աշոթ Երկաթի ու միւս քաջերի արիւնից գէթ մի կաթիլ:

Ես համոզված եմ, որ եթէ մենք համախմբուենք, դեն նետենք վախն ու յուսահատութիւնը, շատ կարճ ժամանակում ոչ միայն կը կանգնեցնենք թշնամու առաջխաղացումը, այլեւ կը գրավենք մեր կորցրած տարածքները, մեր պատմական քաղաքներն ու գիւղերը… Սիրելի ժողովուրդ, ես լաւ եմ ճանաչում տաճիկներին, Բուլղարիայում մասնակցել եմ բուլղարների ազատագրական պայքարին թուրք բարբարոսների դէմ… Բավական է մի ուժեղ հաուած, եւ թուրքերը կը բռնեն փախուստի ճանապարհը, ինչպես այդ եղաւ Բուլղարիայում… Այն ազատագրուեց տաճկական լծից, մենք ինչո՞վ ենք պակաս բուլղարներից… Ես հաւատում եմ մեր ուժին, եւ մենք կը յաղթենք առանց ռուսների, առանց ուրիշ ուժերի: Միայն հարկաւոր է սթափուել: Ով զենք չունի՝ թող վերցնի, ով ձի չունի՝ գտնի, ես կառաջնորդեմ ձեզ դեպի Սուրբ պատերազմ: Եթէ մենք ձեռներս ծալած նստենք սպասենք, որ ռուսը կամ անգլիացին մեր փոխարէն կռւեն եւ մեր հողերը մեզ վերադարձնեն՝ ոչինչ չենք հասնի: Իմացէք, մեծ ժողովրդներն էլ ուժեղներին են պաշտպանում: Թոյլերին տէր կանգնողներ չեն լինում: Վարդանանց սուրբ պատերազմի ժամանակ այս նոյն խօսքերով էր դիմում քաջ Վարդանն իր զորականներին: Հիմա ես կրկնում եմ նրա խօսքերը եւ կոչ եմ անում. մահ կամ ազատութիւն: Ուրիշ ճանապարհ չկայ:

1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այդ օրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետությունը ծնվեց եւ ամրացավ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի: 1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը… 1-ին Հանրապետությունը գոյատեւեց շուրջ երկուսուկես տարի եւ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան… եւ նոր արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշեւիկներին: 1915թ. մեծ արյունահեղությունը, Հայոց ցեղասպանությունը դեռ թարմ վերքեր ուներ…

Արեւմտյան Հայաստանի կորուստը քիչ էր, սիոնիստա-թուրքական համագործակցությունից դեռ ուշքի չեկած հայությունն արժանացավ մասոնա-բոլշեւիկյան բռնակալության նոր հակահայ որոշումների. Արցախն ու Նախիջեւանը՝ բացառապես կոմունիստական կուսակցակցության որոշմամբ հանձնվեց «եղբայրական» Ադրբեջանին (որ տակավին 1918թ.-ին էր «ծնվել» ու հայտնվել աշխարհի քարտեզին)՝ նույն ուժերի կողմից՝ հակահայկական ու հակաիրանական հեռահար նպատակներով: Իսկ Ջավախքը որոշվեց թողնել այն արդեն զավթած «եղբայրական» Վրաստանի կազմում:

Եվ միայն մեծ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ էր (նա կռվեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ), որ Զանգեզուրը (Սյունիքը) մնաց արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում եւ Հայաստանն ազատեց թյուրքական օղակում հայտնվելու վտանգից՚:

Հայ արիներն ու ազգայնականները Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրվա տոնակատարությունն այս անգամ նշեցին Լոռվա (Արջուտի շրջակա) պատմական այն տարածքում, որտեղ Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ տեղակայված էր թուրքական զորքը եւ ինքնավստահ սպասում էր, որ հայերը լուսաբացին աղուհաց են մատուցելու իրենց:

Բայց 95 տարի առաջ Նժդեհի զորամասն այնպիսի ոգով սկսեց կռիվը, որ թշնամին կարճ մարտից հետո ընտրեց փախուստի ուղին՝ անգամ իր վիրավորներին մարտադատում թողնելով: Այս ճակատամարտը ապահովեց նաեւ Սարդարապատի հաղթամարտի իրավական ու քաղաքական ձեւակերպումը:

Հայ արի քրմերը ժամանակի քաջերին նվիրված ծես են անցկացրել եւ փառաբանել բոլոր նահատակներին ու նվիրյալներին, ովքեր վերածնեցին հայկական անկախ պետականությունը՝ Միացյալ Հայաստանի տեսլականո­վ»:

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։