Արձագանք «Լուսանցք»-ի հրապարակմանը – Լավաշի հուշարձանն ու հացթուխի արձանը նույն բանը չեն Քաղաքապետարանը պարզունակ է դատում՝ չընկալելով էությունը…

Արձագանք «Լուսանցք»-ի հրապարակմանը -

Լավաշի հուշարձանն ու հացթուխի արձանը նույն բանը չեն

Քաղաքապետարանը պարզունակ է դատում՝ չընկալելով էությունը

Բոլորիս հայտնի է եւ գաղտնիք չէ, որ մեր հարեւանները՝ բարեկամ թե թշնամի, զանազան խարդավանքներով «ապացուցում» ու աշխարհով մեկ հայտարարում են, որ պատմամշակութային եւ այլ կարգի հայկական ազգային արժեքներ իրենց ազգային սեփականություններն են: Ասենք՝ կովկասյան թաթարները, որոնք հետագայում կարողացան հարեւան իրանական տարածքից մեկի՝ Ադրբեջանի անունը իրենց վրա գցել եւ «ազարբայջանլի» կոչվել, ներկայում ավելի եռանդով ոչ միայն հայկական տարածքներ են վերագրում իրենց, այլեւ հայկական ազգային կերակուրներ վերագրում սեփական «պատմությանը»:

1968թ. Բաքվում ռուսերեն հրատարակվեց Ն. Ալխազովի «Ազարբայջանսկայա կուլինարի­ա» գիրքը:

1985թ. հրատարակվեց Ա. Ախմեդովի «Ազարբայջան կուլինարիաս­ի» ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով՝ 100 հազ օրինակ տպաքանակով, շքեղ կազմով գիրքը:

Չանդրադառնալով բերված ադրբեջանական «ազգային» կերակրատեսակներին՝ խոսենք, թե ինչպես են սեփականացրել մեր հայկական կերակրատեսակները եւ «հիմանվորել»: Ա. Ախմեդովը համարում է, որ հայերը սեփականացրել են դոլման եւ դարձրել տոլմա եւ հիմնվում են իրենց լեզվի դոլդուրմա բառի վրա, որ նշանակում է լցնել. կերակուրը լցնում են լոլիկի, սմբուկի ու տաքդեղի մեջ: Հիշեցնեմ այդ վայ կեղծարարներին, որ նշված բանջարեղենները Անդրկովկաս են հասել 19-րդ դարում, իսկ հայերն այդ կերակուրը պատրաստում էին դեռեւս վաղնջական ժամանակներում. խաղողի վազին տոլի էին անվանում, տոլիի տերեւների մեջ խճողակ փաթաթում:

Վերջերս էլ թուրքերը հայկական ազգային կերակուր հարիսան սեփականացրեցին՝ որպես իրենց «ազգային» կերակուր: Մեր «ազգագրագետները» չկարողացան ոչինչ անել, կամ՝ պարզապես չցանկացան, կամ էլ՝ անտեղյակ էին մեր ազգային այդ հրաշալի կերակրի պատմությանը, ու… թափահարեցին ձեռքերը:

Վրացիներն էլ գողությունից անմասն չմնացին: Դեռ անցած դարի 60-70-ական թվականներին վրացիները սկսեցին հավակնել մեր ազգային հացին՝ լավաշին, անգամ Մոսկվայի վրացական հացի խանութում պուրիի վրա գրում էին՝ «գրուզինսկիյ լավա­շ»:

Հետեւությունը մեկն է՝ պետք է սթափ լինենք: Վերջերս նամակով դիմեցի ՀՀ նախագահին՝ մեր ազգային հացը՝ լավաշը պաշտպանելու խնդրանքով:

Ի պատիվ «Լուսանցք» թերթի, այն հանդես եկավ «Հուշարձան լավաշի­ն» հոդվածով (15.06-06.07-2010թ.), որը գրությամբ ուղարկեցի Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն, որտեղից տողերիս հեղինակը ստացավ պատասխան, որ հուշարձանը «կարող է լինել ավելի շուտ որպես հացթուխի արձա­ն»:

Մինչդեռ… հացթուխի արձանը համարյա թե ոչինչ չի ասի: Հացթուխի արձանի մոտ պետք է լինի հացատուն, թոնրատուն, որտեղ հայ կանայք ու երիտասարդ աղջիկները զբաղված կլինեն թոնրում լավաշ թխելով, իսկ թոնրատանը կից առանձին սենյակներում այցելուները կարող են օգտվել թոնրում պատրաստված հայկական ճաշատեսակներից՝ օգտագործելով նաեւ թոնրում թխված լավաշը, նաեւ՝ հայկական թարմ կանաչեղենը, պանիրը:

Հայաստան այցելած բոլոր բարձրաստիճան հյուրերի զբոսաշրջային թիվ մեկ ուղին պետք է լինի լավաշատուն այցելությունը: Ճիշտ կլինի, որ հյուրերին դիմավորելիս ոչ թե բոքոն մատուցվի (այդ բոքոնից նրանք ունեն), այլ՝ ազգային տարազ հագած երիտասարդ աղջիկները ուսերին լավաշ փռած մոտենան հյուրերին եւ մատուցարանում կտրատած լավաշը մատուցեն նրանց:

Սա լավաշի՝ մեր ազգային հացի, ազգային արժեքի պահպանման լավագույն ձեւն է:

Գոնե այս անգամ մեր ազգագրագետները ու պատկան մարմինը թող չուշանան, որ հետո ստիպված չլինեն ձեռքեր թափահարելու, ու անարդարությունից խոսելու:

Սերգեյ Ավագյան

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։