Հեղափոխական ալիքը կդառնա՞ Թուրքիան մասնատող հարված – …Երեւանը պետք է մտածի Թուրքիայում անջատողական շարժումներ սկսելու մասին…

Հեղափոխական ալիքը կդառնա՞ Թուրքիան մասնատող հարված

…Անկարան եւ Բաքուն ոչ մի առիթ եւ ոչ մի պահ բաց չեն թողնում Հայաստանում ու Արցախում (անգամ՝ սփյուռքում) ինչ-որ բաներ խառնելու համար: Կարծում ենք՝ պաշտոնական Երեւանը դիվանագիտորեն պետք է մտածի Թուրքիայում ընդվզումներին նաեւ անջատողական նրբերանգներ հաղորդելու առումով:

Խոսքն ինչպես բուն ներթուրքական, այնպես էլ միջազգային գործողությունների եւ քայլերի  մասին է: Չնայած քրդական եւ հայկական հարցերը փորձում են «քնացնել», սակայն  այն կարող է ուժգնանալ, եթե Երեւանը Թուրքիան մասնատող միջազգային հեռահար ծրագրերի հետեւորդ պետությունների շահերին համահունչ խոսի…

Սիրիան, Իրանը եւ Կիպրոսը (Հունաստանի հետ) եւս շահագրգռված կլինեն իրենց դեմ գործող Անկարային պատժելու հարցում…

«The Jerusalem Post» պարբերականը նշել է, որ արաբական գարնան «հոգին» տեղափոխվում է Թուրքիա: Չի բացառվում, որ արաբական գարունը ճանապարհ է հարթել Թուրքիայի համար, չնայած մինչ այս, լրատվամիջոցները բարձրաձայնում էին, թե հեղափոխական արաբական ալիքը թափանցում է Ադրբեջան: Եթե այժմ Թուրքիայում նախահեղափոխական տրամադրություններ կան, ապա այդ լրատվամիջոցների կարծիքով, Ադրբեջանում դրանք կհայտնվեն այդ երկրի նախագահի ընտրությունից հետո:

Կարծիք էլ կա, թե թուրքերը «արաբական ժողովրդի գարնանային ներկայացումից հատված են կրկնօրինակում», որպեսզի քաղաքական փոփոխություն իրականացնեն: Դա իբր հավաստում է նաեւ «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր բնույթին համապատասխան խաղը, երբ անտեսվում են ճնշումները եւ նա խոստանում է շարունակել կառուցողական աշխատանքները:

Հակառակն է պնդում Վաշինգտոնում «American Enterprise» ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը. «Սա կարող ենք անվանել «թուրքական գարնան» սկիզբ, ինչը լուրջ հարված է Էրդողանի կառավարությանը»: Թուրքիայում սոցիալական կայունությունը փշրված է»,- արդեն նշել է «Heritage Foundation» հիմնադրամի ավագ գիտաշխատող Արիել Քոհենը, ով հավատում է, որ աշխարհիկների ու իսլամիստների միջեւ բեւեռացումը կավելանա, եւ «ավելի շատ բռնություններ տեղի կունենան ապագայում»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը եւս համամիտ է, որ «հարեւան երկրում ամառը թեժ է լինելու», նաեւ մտահոգվել է, որ քրիստոնյա բնակչության ջարդերի հավանականություն եւս կա: Ըստ նրա, տեղի ունեցող իրադարձությունները երկրի իշխող կուսակցության եւ այդ քաղաքական ուժի առաջնորդ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության արդյունքն է: Մի քանի օր առաջ, Ստամբուլի բնապահպանական ակցիան ոստիկանների կողմից ցրելուց հետո, Թուրքիայի մի քանի քաղաքներում բռնկվեցին նոր բողոքի ալիքներ եւ զանգվածային անհնազանդության գործողություններ: Թուրքագետի խոսքով, սա ծառահատման պատճառով չէր, պարզապես այս դեպքը դժգոհության բաժակում վերջին կաթիլը դարձավ: Մինչ այդ բողոքի առիթներ եղան ալկոհոլի օգտագործման արգելքի խստացումը, Ստամբուլի տարբեր հատվածներում կառուցապատումները, լրագրողների եւ այլոց ձերբակալություններն ու սպանությունները: Բնապահպան ակտիվիստների բողոքին հետագայում հաջորդեց ազգայնականների, անգամ համասեռամոլներից մինչեւ ֆուտբոլային ակումբների ֆանատների շարժումները: Ներկայումս Թուրքիայի շուրջ 70 քաղաքների հազարավոր մարդիկ փողոցում են:

Հայ թուրքագետի կարծիքով՝ հարեւան երկրում տեղի ունեցածը մասնակի կարելի է բնութագրել որպես աշխարհիկ-դեմոկրատական եւ իսլամիստ-ազգայնական ճամբարների միջեւ լուրջ բախման մի դրսեւորում: Աշխարհիկ հասարակարգի կողմնակիցները փորձում են օգտագործել բնապահպանական այս շարժումը՝ համախմբվելու եւ ընդհանուր բողոքը հայտնելու համար, բայց նրանք չունեն միասնական առաջնորդ, ով կկարողանա հակադրվել վարչապետին, եւ արդյունքում լավ խաղալով, հաղթողի դիրքերում կհայտնվեն ավելի համախմբված իսլամիստները, եւ ավելի միասնական կողմնակիցներ ունեցող Էրդողանը կհաղթի այս պայքարում:

Անդրադառնալով այս գործընթացում բանակի չեզոքությանը, երբ քեմալական համակարգը հիմնականում հիմնվում է հենց զինված ուժերի վրա, երբ բանակն էր դեմոկրատական բարեփոխումների իրականացնողը 1964 եւ 1980 թթ. զինվորական հեղաշրջումներից հետո, թուրքագետը նկատել է, որ այն բավականին թուլացել է «Էրգենեքոն»-ի դատավարության պատճառով: Թուրքական բանակի որոշ բարձրաստիճան սպաներ, նախկին հրամանատարներ՝ ընդհանուր թվով 400 մարդ մեղադրվում են զինվարական հեղաշրջման կազմակերպման մեջ, իսկ դատավարությունն ընթանում է 2007թ.-ից: Այս տարիների ընթացքում զինվորականների շարքերում նաեւ շատ իսլամիստներ են ներթափանցել:

Ինչ վերաբերվում է Թուրքիայում բնակվող քրիստոնյաներին՝ մասնավորապես՝ հայերին, ապա Արտակ Շաքարյանը, հաշվի առնելով պատմության դասերը, մտահոգվում է եւ կարծում, որ հարկ է առավել զգոն լինել. «Թուրքիայից ամեն ինչ սպասելի է, ուստի՝ քրիստոնյա բնակչության ջարդերի հավանականություն կա: Պետք է նաեւ հաշվի առնել, որ Թաքսիմը (ցույցերի կենտրոնը) հայկական գերեզմանատան մի մասն է եղել»:

Իզմիր քաղաքում ձերբակալվել է նաեւ 24 բլոգեր, ում կասկածում են սոցիալական ցանցերում անկարգություններ հրահրող կոչեր եւ հակակառավարական քարոզչություն տարածելու մեջ: 14 բլոգերի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել: Այսինքն՝ համացանցային հեղափոխական ալիքը արդեն զայրացնում է Անկարային: Այս նույնը կարճ ժամանակ առաջ կատարվում էր Ադրբեջանում, եւ Բաքուն որոշակի ժամանակահատված վերահսկում էր երկրի համացանցը:

Անկարայի մեղադրանքները մի քանի ուղղություններով են: Մեկը իրանական ուղղություն ուներ, բայց ԻԻՀ ԱԳՆ-ն արդեն հերքել է Թուրքիայում տեղի ունեցող խռովություններին միջամտելու մասին տեղեկատվությունը: Իսկ այն լուրը, թե Անկարայում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում ԻԻՀ քաղաքացի է ձերբակալվել, ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է. «Մենք եւս այդ մասին մամուլից ենք տեղեկացել: Պաշտոնապես դիմել ենք թուրքական կողմին, որպեսզի պարզվի տեղեկատվության իսկությունը»:

Ամերիկյան եւ ռուսական ուղղություններով եւս անդադարձ կա թուրքական բողոքի գործողություններին, թուրքական զլմ-ները հատկապես առանձնացրել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտր Պեսկովի հայտարարությունները:

ԱՄՆ-ի պետքարտուղարը, անդրադառնալով ներթուրքական զարգացումներին, ասել է, որ Վաշինգտոնը անհանգստացած է ցույցերի ժամանակ թուրքական ոստիկանության կողմից ցուցարարների վրա անհամաչափ ուժ կիրառելու առիթով: Նա, հույս հայտնելով, որ ուժի կիրառման վերաբերյալ ամբողջական հետաքննություն կանցկացվի, կողմերին կոչ է արել սադրանքների չենթարկվել եւ հիշեցրել է. «ԱՄՆ-ն պաշտպանում է խոսքի ազատությունը, որը ներառում է նաեւ խաղաղ ցույցերի անցկացման իրավունք»:

Իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը ավելի նրբանկատ է գտնվել ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական գործընկեր Թուրքիայի նկատմամբ: Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պատասխանատու պաշտոնյան խոսելով թուրքական դեպքերի մասին՝ ասել է, որ դա նրանց ներքին գործն է, եւ այդ առիթով երկու երկրների պաշտոնատար անձանց հանդիպումներ չի նախատեսվում: Իսկ ցուցարարների վրա ուժ կիրառելու մասին նշել է. «Մենք այդ խնդիրը որեւէ կերպ չենք մեկնաբանում, դա Թուրքիայի ներքին խնդիրն է: Թուրքիան մեր հարեւանն է, եւ մենք տարածաշրջանային հարցերում համագործակցում ենք իրար հետ: Մենք տնտեսական ու ներդրումային ոլորտում լայն համագործակցություն ունենք, հետեւաբար մեզ համար ձեռնտու է կայուն զարգացող Թուրքիան»:

Զանգվածային բողոքի ցույցերը հարվածի տակ են առել նաեւ զբոսաշրջության ոլորտը: Քաղաքացիական անհնազանդության եւ բախումների պատճառով մեծ թվով զբոսաշրջիկներ, հատկապես Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող հյուրանոցներից, հեռացել են: Առհասարակ զբոսաշրջիկները զանգվածաբար լքում են Թուրքիան, խոշոր հյուրանոցներում այցելուների 30%-ը չեղյալ է հայտարարել ամրագրումները: Սա ազդել է նաեւ շատ շահութաբեր Անթալիայի զբոսաշրջության վրա, անգամ երաժշտական եւ այլ մշակութային փառատոններն են հետաձգվում:

Միջազգային առաջատար զլմ-ները անդրադարձել են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: CNN-ի կարծիքով. «Թուրքիայի բողոքի ակցիաներն իրենց բացատրությունն են գտնում: Միջազգային մի շարք իրավապաշտպան խմբերը, այդ թվում՝ «Amnesty International»-ը, դատապարտել են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ: Արհամարհական կեցվածքով Էրդողանը փոքր-ինչ ցանկություն չի ցուցաբերում ցուցարարների պահանջների նկատմամբ»: Նշվել է, որ թուրքերը չունեն ազատ խոսքի իրավունք եւ անհանդուրժողոկանության մթնոլորտ կա: BBC-ն նշել է, որ բողոքավորները մեղադրում են կառավարությանը՝ պետական ահաբեկչություն իրականացնելու մեջ, իսկ «վարչապետ Էրդողանը ճամփորդություն է կատարել դեպի Մարոկկո, չնայած իրավիճակը գնալով զարգանում է»: Բողոքի մասնակիցներից շատերը բացականչում են. «Թայիփ, հրաժարական տուր»: «Reuters»-ն էլ հայտնում է, որ չնայած քննադատությանն ու շարունակվող բնապահպանական բողոքին, այդ երկրի վարչապետը հայտնել է, որ չի դադարեցնելու արդեն սկսած շինարարությունը: «Washington Post»-ը գրել է. «Ի տարբերություն երկրի նախագահ Գյուլի, ով  պաշտպանել է այլախոհների իրավունքը, վարչապետ Էրդողանը զայրացած պնդում է, թե այն «կազմակերպվել է ծայրահեղականների կողմից»՝ օտարերկրացիների հովանավորությամբ: Օբամայի վարչակազմը արձագանքել է բողոքներին՝ արտահայտելով մտահոգություն «անհամաչափ ուժի» կիրառման վերաբերյալ եւ սատարել «ազատ հավաքների իրավունքը»:

«The Jerusalem Post՚»ի տեսակետը տարբերվում է. բացի արաբական գարնան «հոգու»՝ Թուրքիա տեղափոխվելու բացահայտումից, կանխազգում է դրա հետեւանքների լրջությունը եւ հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում: «The Telegraph»-ը կարեւորել է, որ «Էրդողանը լսի ցուցարարներին, բայց Թուրքիայի վարչապետը կոպիտ եւ զգացմունքային մարդ է: Սա Թահիր հրապարկի բողոքի ակցիաների տարբերակը չէ, երբ Եգիպտոսում տապալվեց Մուբարաքը, այլ՝ թուրքական տարբերակն է: Ուստի Էրդողանը ավելի է լավ է լսի եւ պատասխանի»: «Sky News»-ը նշում է, թե ընդլայնվող ցույցերը, որոնք Ստամբուլից հետո ընդգրկել են երկրի գլխավոր քաղաքները, հանգեցրել են զոհերի, ինչը կարող է ծավալվել եւ դառնալ վտանգավոր:

Թուրքիայի «կոպիտ եւ զգացմունքային» վարչապետը վիճաբանել է նաեւ Ստամբուլում իր ասուլիսին ներկա «Reuters» գործակալության թղթակցի հետ՝ մեղադրելով վերջինիս գործակալությանը՝ հանրությանը ապատեղեկացնելու մեջ: Մասնավորապես, թղթակից Բիրսեն Այթալի՝ երկրում համատարած դժգոհության մասին ձեւակերպմանն ի պատասխան, նա ընդհատել է լրագրողին եւ կոչ արել չխոսել ամբողջ հասարակության անունից. «Ի՞նչ չենք արել այս երկրի համար, որը կարող էր նման հետեւանքների բերել,- հարցրել է վարչապետը՝ շարունակելով,- բողոքի ակցիաներն ուղղորդված բնույթ են կրում եւ քիչ առնչություն ունեն բնապահպանական խնդիրների հետ»:

Հիշեցնենք, որ բողոքի մեկշաբաթյա ընթացքում ցուցարարների եւ անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով ավելի քան 1700 մարդ է ձերբակալվել: Բողոքի ակցիաներ են գրանցվել 7 տասնյակ քաղաքներում ու այլ բնակավայրերում, հիմնականում՝ Ստամբուլում եւ Անկարայում: Ոստիկանության հետ բախումներից վիրավորվել է 530 մարդ, նաեւ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Իսկ ցուցարարների զանգվածային բողոքը, որն ի սկզբանե ծագել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի այգու վերակառուցման դեմ, վերաճել է իշխող կուսակցության եւ վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջի:

Անկարան եւ Բաքուն ոչ մի առիթ եւ ոչ մի պահ բաց չեն թողնում Հայաստանում ու Արցախում (անգամ՝ սփյուռքում) ինչ-որ բաներ խառնելու համար: Կարծում ենք՝ պաշտոնական Երեւանը դիվանագիտորեն պետք է մտածի Թուրքիայում ընդվզումներին նաեւ անջատողական նրբերանգներ հաղորդելու առումով:

Խոսքն ինչպես բուն ներթուրքական, այնպես էլ միջազգային գործողությունների եւ քայլերի  մասին է: Չնայած քրդական եւ հայկական հարցերը փորձում են «քնացնել», սակայն  այն կարող է ուժգնանալ, եթե Երեւանը Թուրքիան մասնատող միջազգային հեռահար ծրագրերի հետեւորդ պետությունների շահերին համահունչ խոսի…

Սիրիան, Իրանը եւ Կիպրոսը (Հունաստանի հետ) եւս շահագրգռված կլինեն իրենց դեմ գործող Անկարային պատժելու հարցում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։