Ադրբեջանը կունենա՞ նախագահի հայ թեկնածու – …բնիկ ազգերը ձգտում են անկախության… ԵՄ-ն մահակի գործառույթ չունի միայն Բաքվի դեմ…

- Ադրբեջանը կունենա՞ նախագահի հայ թեկնածու –  «Թուրքիան, որի հանդեպ Հայաստանն ունի տարածքային եւ քաղաքական պահանջներ, հետաքրքրված չէ հայկական պետության գոյությամբ՝ իր նպատակներում ամրագրած տարածքներում»…

- Եվրամիությունը մահակի գործառույթ չունի միայն Ադրբեջանի դեմ – Հետաքրքիր է, որ Արեւմուտքը մնում է իր խեղող նպատակներին հավատարիմ եւ սեռական ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ առավել հոգատար է, քան՝ ազգային փոքրամասնությունների…

Ադրբեջանը կունենա՞ նախագահի հայ թեկնածու

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը հայտարարել է, որ պատրաստվում է գրանցվել որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու: Ադրբեջանահայերն առաջադրել են նրա թեկնածությունը եւ նա նշել է, թե պատրաստ է ընդունել այդ առաջարկը: Գրիգորի Այվազյանը հավաստիացրել է, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում կմեկնի Բաքու, իսկ չգրանցման դեպքում Ադրբեջանը եւս մեկ անգամ կհաստատվի որպես ռասիստական ու ֆաշիստական պետություն:

Ըստ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի, այդ երկրում 1990թ. ի վեր բոլոր ընտրություններն անվավեր են եղել, քանի որ ադրբեջանահայերը զրկված են եղել դրանց մասնակցելու հնարավորությունից. «Եզակի հնարավորություն է ընձեռվում Ադրբեջանում կազմակերպել առաջին իրական մրցակցային ընտրությունները»: Իսկ իր հիմնական մրցակիցն է համարում Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի նախագահի հայ նախաթեկնածուն նշել է, որ իրենք ունեն համախոհների մեծ թիմ ու հենց ստանա անվտանգության երաշխիքներ, անմիջապես կմեկնի Ադրբեջան. «Եթե ինձ պաշտոնապես գրանցեն, հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավարություն ընձեռեն, վստահ եմ, որ կհաղթեմ առնվազն 60% ձայն ստանալով»: Ընտրողների թվին են պատկանում ադրբեջանահայ վտարանդիները, բնիկ ժողովուրդները, որոնց երաշխավորում է լայն ինքնավարություն՝ ընդհուպ անկախության մակարդակի, Ադրբեջանի ժողովրդին խոստանում է հետ վերադարձնել ռեժիմի կողմից յուրացված պետական հարստությունը:

Այստեղ շատ հստակ է, որ ադրբեջանցի հասկացողությունը բնիկ ազգերի մոտ գնալով դառնում է անցանկալի, եւ հատկապես թալիշները, լեզգիներն ու թաթերը ձգտում են անկախության: Կարծում ենք՝ շուրջ 7-8 միլիոն ադրբեջանցիների բացահայտ մեծամասնությունը այլազգիներ են, եւ Գրիգորի Այվազյանը չի սխալվում 60% ձայն ստանալու մասին խոսելով: Եթե ազատ ընտրություններ լինեն, ապա բնիկ ժողովուրդների ձայներով այդ տոկոսներն ավելի մեծ թիվ կկազմեն:

Իսկ բնիկները չեն մոռացել Սումգայիթի ու Բաքվի ջարդերն ու ադրբեջանահայերի զանգվածային տեղահանությունները, որ Հայոց ցեղասպանության շարունակությունն էին, ինչը կարող է լինել նաեւ իրենց հետ: Չնայած ձուլման քաղաքականությամբ դա արդեն իրականացվում է «խաղաղ» ձեւով: Այս մասին շատերն են խոսել, եւ վերջերս հայտարարել է նաեւ ուկրաինացի հասարակական գործիչ Դմիտրի Սնեգիրյովը։ Նա ադրբեջանական քաղաքականությունը համարել է «պանթյուրքիստական արտաքին քաղաքականությամբ պայմանավորված, երբ Բաքուն միշտ ապավինել է Անկարայի աջակցությանը ներքին եւ արտաքին խնդիրների լուծման համար»։ Թուրք ազգայնամոլ «գորշ գայլերը» նաեւ մասնակցել են Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը՝ դրանով իսկ ընդգծելով Անկարայի քաղաքականությունն այդ շրջանի բնակչության եւ հենց հայերի դեմ. նշել է ուկրաինացի հասարակական գործիչը. «Թուրքիան, որի հանդեպ Հայաստանն ունի տարածքային եւ քաղաքական պահանջներ, հետաքրքրված չէ հայկական պետության գոյությամբ՝ իր նպատակներում ամրագրած տարածքներում»: Նա ընդգծել է, որ Հայաստանը կովկասյան միակ երկիրն է, որը կանխարգելում է թուրքական ազդեցության գործոնի մեծացումը, ինչն էլ պատճառ է դարձել կոտորածների եւ այլ ազգերի հետագա ձուլման համար։ Սա նաեւ գիտակցում են Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնք Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի հավանական ընտրողներն են:

Իսկ Ադրբեջանի նախագահի հայ թեկնածուն պատրաստ է պայքարել մինչեւ հաղթանակ, բայց դեռ սպասում է իր առաջադրվելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հաստատական գնահատականին: Նրա խոսքով՝ այն, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ստացվել է առաջադրվելու մասին դրական արձագանք, դեռ բավարար չէ. «Մենք հուսով ենք, որ կլինի գրավոր պատասխան: Բայց ես ասում եմ՝ ճշմարտության եւ արդարության համար պատրաստ եմ հենց այսօր էլ մեկնել՝ հասկանալով, որ վտանգում եմ իմ կյանքը: Մենք ունենք հենակետեր Բաքվում, որոնք կարող են դառնալ մեր շտաբերը»: Ի վերջո, եթե մասնակցության հնարավորություն ստեղծվի եւ ընտրություններն ինչպես միշտ ընթանան խախտումներով, ապա հաղթանակ կարող է համարվել նույնիսկ միայն մասնակցությունը, քանի որ դրանով կբարձրաձայնվի ադրբեջանահայերի եւ բնիկ ժողովուրդների իրավունքների մասին:

«Անհրաժեշտ է վերադարձնել ադրբեջանահայերի իրավասությունը, փոխհատուցել նրանց զրկանքները, որոնց համար պատասխանատու է Ադրբեջանը: Հարկ է վերադարձնել հայության իսկական իրավունքները՝ թե՜ իրավական եւ թե՜ տնտեսական. մենք պահանջատեր ենք»,- ասել է հայ թեկնածուն, ով իր մրցապայքարի հիմնաքարը համարում է ադրբեջանահայերի վերադարձը, Ադրբեջանի՝ որպես հայ-մուսուլմանական համադաշնային պետականության վերականգնվելը, բոլոր բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը եւ ազատության տրամադրումը: Նա շեշտել է, որ իր մասնակցությունը ՀՀ նախագահի նստավայրից կամ որեւէ պետական կառույցից չի ուղղորդվում, իսկ մրցապայքարին պատրաստ է մասնակցել անձամբ՝ նույնիսկ միայնակ մեկնելով Բաքու: Նրա հետ պատրաստ են մեկնել նաեւ հայ լրագրողներ, բայց պետք է ստանան անվտանգության պաշտոնական երաշխիք. «Մենք չպետք է նրանցից վախենանք, նրանք պիտի վախենան»:

Արտակ Հայոցյան

 ԵՄ-ն մահակի գործառույթ չունի միայն Ադրբեջանի դեմ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հայտարարել է, որ «Եվրոպական միությունը երբեք չի փակում աչքերը մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին՝ ամբողջ աշխարհում, բայց այն չի կարող  պատժել»: Անդրադառնալով Ադրբեջանում հնչող հակահայկական հայտարարություններին՝ ասել է, թե ԵՄ երկրները կարող են միայն երկխոսության միջոցով համոզել այս կամ այն կողմին՝ զերծ մնալ այլատյացությունից կամ ծայրահեղականությունից, «սակայն այստեղ էլ որեւէ մահակի գործառույթներ ԵՄ-ն չունի»:

ԵՄ-ն փորձում է աշխատել երկխոսության միջոցով, երբ ակնհայտ անհանդուրժողականության բռնկումներ են լինում հատկապես այն հարցերում, որոնք վերաբերվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այս գործելաոճը երբեք ազդեցիկ չի լինի, հատկապես, երբ հայտարարվում է, թե «Ադրբեջանի նման անհանդուրժողական պահվածքը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Արեւելյան գործընկերության ծրագրի վրա»: Հետաքրքիր է, որ Արեւմուտքը մնում է իր խեղող նպատակներին հավատարիմ եւ սեռական ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ առավել հոգատար է, քան՝ ազգային փոքրամասնությունների…

Ադրբեջանն այդ գործընթացի մի մասն է կազմում, բայց Արեւելյան գործընկերության շրջանակներում տարբեր մակարդակի համագործակցություն է ընթանում: Որոշ երկրներ գերադասում են ավելի սերտ համագործակցություն, մյուսները՝ ոչ: Եվ հենց այդ պատճառով Վարշավայում տեղի ունեցած գագաթաժողովի ժամամակ ընդունվեց այն բանաձեւը, որ յուրաքաչյուր գործընկեր երկիր կստանա «ավելին՝ ավելիի դիմաց»… ավելի շատ օժանդակություն, խորհրդատվություն:

Ամեն երկրի համար որոշում կընդունվի ըստ նրա գործունեության՝ այդ թվում նաեւ մարդու իրավունքների հարցերում.- ասել է դեսպան Հրիստեան՝ շեշտելով որ սա վերաբերում է Արեւելյան գործընկերության բոլոր 6 երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային, Ուկրայինային եւ Բելառուսին:

ԱՄՆ-ի կրոնական հանձնաժողովը եւս իր ամենամյա զեկույցում նշել է, որ Ադրբեջանում շարունակվում են ոտնահարվել կրոնական ազատությունները: Մարդիկ ձերբակալվում են կրոնական համոզմունքների համար, սահմանափակվում են կրոնական թեմաներով հրապարակումները, կրոնական գործունեությունը, կրոնական գրականության վաճառքը. «Որոշ մզկիթներ մնացել են փակված, ինչպես Շեհիդների մզկիթը, Գյանջայի սունի մզկիթը, Ենի Գյունեշլիում Ֆաթիմա Զահրա մզկիթը եւ այլն»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ կրոնական ազատությունը յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն է: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի թիվ մեկ անհանգստությունը աշխարհում կրոնական ազատության ապահովումն է:

Կրոնական ազատությունների խախտումների դեպքերով աշխարհում առաջատարը 8 երկրներն են՝ Բիրման, Չինաստանը, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սուդանը եւ Ուզբեկստանը:

 Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։