Մոսկվայի նոր հարցական նշանը – եվրոպական ու եվրասիական թեմաների խաղարկումը շարունակվում է… ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղե՞ր…

Մոսկվայի նոր հարցական նշանը – ԵԽԽՎ անդամներից մեկին էլ հետաքրքրել է՝ ՀՀ-ն ի՞նչ կոմպրոմիս կարող է առաջարկել ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում, գուցեեւ փորձելով հասկանալ, թե ի՞նչ կապ կարող է լինել գազի գնի եւ Արցախի խնդրի կարգավորման միջեւ…

– Իսկ ի՞նչ է, այն՝ ինչ կարելի է Կիեւին, Երեւանին չի՞ կարելի: Այն՝ ինչ ասել է Ուկրաինայի նախագահը, գրեթե նույն ձեւով ասել է նաեւ Հայաստանի նախագահը: Մոսկվան քննադատելով եվրոպական երկակի ստանդարտները՝ ինքը քանի՞ ստանդարտներով է բարեկամություն անում: Թե՞ ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղերը հայերի քիմքին հարիր չեն…

Գազի սակագնի թանկացումը շարունակում է մնալ մեր ներքաղաքական կյանքի եւ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր թեմաներից մեկը:

Հայությունը փորձում է հասկանալ՝ ի վերջո ո՞վ է մեր ռազմավարական գործընկերը եւ ի՞նչ է ուզում մեզանից: Վերջապես՝ ձեռնտու՞ է այսպիսի ռազմավարությունը շարունակելը, թե՞ առաջ եկած հարցականներին պետք է լուրջ եւ վերջնական հարցադրումներ ներկայացնել:

Մինսկում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների համաժողովում, կայացել է Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը եւ անդրադարձ է եղել նաեւ գազի գնի 30% սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռեւս կշարունակվեն»: Խոսել են նաեւ Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպման մասին, եւ Ռուսաստանի վարչապետը մեկ անգամ էլ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել կոնֆերանսին ու նպաստել դրա հաջող անցկացմանը: Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը, ինչպեսեւ՝ համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Այս ընթացքում ասեկոսեներ են եղել նաեւ, իբր Իրանից Հայաստան արտահանվող գազի առաքումն ընդհատվել է: Իրանական կողմը պաշտոնապես հերքեց դա՝ հայտնելով, որ Իրանից օրական միջին հաշվով 1 մլն. խմ գազ է արտահանվում Հայաստան: Իրանի «Գազի արտահանման ազգային ընկերությունը», ի պատասխան ապատեղեկատվությանը, հայտարարել է, որ Իրանից Հայաստան գազի արտահանման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. «Իրանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված իրանական գազը հայկական էլեկտրաէներգիայով փոխանակելու մասին պայմանագիրը 20 տարեկան է: Մինչ այժմ Հայաստանի կողմից գազի առաքումը նվազեցնելու կամ ընդհատելու մասին որեւէ հայտ չենք ստացել»: Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանի Թավրիզ քաղաքից մինչեւ Հայաստանի սահման 113 կմ երկարությամբ եւ 700 մմ տրամագծով խողովակաշար է կառուցվել, որի միջոցով էլ օրական միջին հաշվով վերոնշյալ 1 մլն. խմ գազն է արտահանվում Հայաստան:

Այն, որ գազի սակագնի թանկացումը առավելապես քաղաքական բնույթ ունի, հավաստում է նաեւ այն փաստը, որ հայ-ռուսական եւ հայ-իրանական բանակցություններից բացի Երեւանի հետ բանակցում են եվրոպական կառույցները: Եվրանեսթի ԽՎ նիստում ԵՄ-ի ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ԵՄ եւ Արեւելյան գործընկերների միջեւ ասոցիացիայի վերաբերյալ համաձայնագրերը լուրջ քայլ կհանդիսանան հետխորհրդային տարածքի տրանսֆորմացիայի գործում. «Եթե մենք կարողանանք Ասոցացման համաձայնագրերից մեկը ստորագրել եւ նախաստորագրել մյուսները, ապա մենք առաջին անգամ զգալի «թռիչք» կկատարենք հետխորհրդային այդ տիրույթի իրական վերափոխման հարցում: Չգիտեմ՝ կհամաձայնեք, թե ոչ, սակայն դա կարող է փոխել խաղի կանոնները»: Վերջինս նշել է որ Վիլնյուսի (Արեւելյան գործընկերության) գագաթնաժողովում ԵՄ-ն ցանկանում է ստորագրել, ինչպեսեւ նախաստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը, որոնք երբեք չեն ստորագրվել իրենց գործընկերների հետ. «Այս համաձայնագրերը կարող են դառնալ քաղաքական ասոցացման, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրման իրական գործիք»:

Ահա այսօրինակ «գործիք»-ից է, որ ցանկանում է ունենալ նաեւ Մոսկվան՝ Մաքսային միության ձեւավորմամբ: Եվ Եվրոպական Միության ու Եվրասիական Միության առճակատումներն ազդում են հատկապես Հայաստանի նման երկրների վրա, որոնք ցանկանում են ձեռքբերած կապերը երկուստեք պահպանել ու պարզապես այս կամ այն կողմում չհայտնվել:

«Գազի սակագնի հարցը ՌԴ եւ ՀՀ կառավարությունների բանակցությունների խնդիր է եւ, կարծում եմ, լուծումը կգտնվի, ինչպես ցանկացած հարց, որը քննարկվում է ռազմավարական գործընկերների միջեւ»,- Երեւանում ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավոր Անդրեաս Հերկելի հարցին: Վերջինս եւս հետաքրրքվել է Ռուսաստանից Հայաստանին

մատակարրավող գազի գնի հարցով: Նշենք, որ Անդրեաս Հերկելը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողն էր:

ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում եվրոպացիներին հետաքրքրել է ինչպես Արցախի, այնպես էլ գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը: Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ: ԱԺ նախագահը հստակ նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը եւ եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք են, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ հավատամքային ժառանգության վրա, նաեւ բխում է մեր ներքին օրակարգից:

Սա մեկ անգամ եւս հավաստում է, որ Երեւանը չի պատրաստվում ընտրություն կատարել Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության միջեւ եւ շարունակելու է փոխլրացնող արտաքին քաղաքականությունը:

Հատկապես երբ Հայաստանը՝ ի դեմս ԱԳ նախարարության, առաջին անգամ է ստանձնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: «Սա լուրջ մարտահրավեր է, եւ մենք վստահորեն ստանձնում ենք ԵԽԽՎ նախագահությունը՝ ուշադրություն դարձնելով այն խնդիրներին, որոնք ավելի էական ու նշանակալի են: ՀՀ-ն հետամուտ է լինելու ռասիզմի դեմ պայքարին, մարդու իրավունքների, ժողովրդավարական հասարակության ամրապնդման եւ ԵԽ դերի բարձրացման ուղղություններով: ՀՀ նախագահության օրոք մենք աշխատելու ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման ուղղություններով»:

Իսկ ԵԽԽՎ անդամ Անդրեաս Գրոսը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է ՀՀ ռազմավարական գործընկերը բարձրացրել մատակարարվող գազի գինը եւ արդյո՞ք դրան կհետեւի ՀՀ-ի կողմից տնտեսական սանկցիաների կիրառումը: Մեր ԱԳ նախարարը պատասխանել է, որ գազի գինը կարգավորվում է երկու երկրների համաձայնագրի շրջանակներում եւ կարծում է, որ համապատասխան որոշում կգտնվի ռազմավարական գործընկերների կողմից:

ԵԽԽՎ անդամներից մեկին էլ հետաքրքրել է՝ ՀՀ-ն ի՞նչ կոմպրոմիս կարող է առաջարկել ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում, գուցեեւ փորձելով հասկանալ, թե ի՞նչ կապ կարող է լինել գազի գնի եւ Արցախի խնդրի կարգավորման միջեւ:

Հայկական կողմը պնդել է, որ «ՀՀ դիրքորոշումը ամբողջովին համահունչ է Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշման հետ: Իսկ թե միջազգային հանրությունը ի՞նչ կարող է սպասել ՀՀ-ից, դարձյալ եռանախագահների քայլերից է կախված: 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Հայաստանը պահպանում է այն, ինչը հնարավոր չէ ասել Ադրբեջանի մասին: Նրանք մասնավորապես հրաժարվում են շփման գծից հեռացնել դիպուկահարներին, Ադրբեջանը ընդգծված դեմ է խնդրի խաղաղ կարգավորմանը»: Եվ որեւէ ակնարկ՝ գազի գին-Արցախի հարց կապի մասին չի եղել:

Իսկ մնացյալը՝ եվրոպական ու եվրասիական թեմաների շուրջ, հայտնի է բոլորին:

Հայկ Թորգոմյան

 * * *

Ըստ պաշտոնական Կիեւի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցությունը Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրին չի հակասում: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ ժոզե Մանուել Բառոզոյի հետ եւ քննարկել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի ու Եվրամիության միջեւ Ասոցիացման պայմանագրի ստորագրման հեռանկարները եւ այդ կապակցությամբ Կիեւի պարտավորությունները:

Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է նաեւ Ուկրաինայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ հարաբերությունների խորացման վերաբերյալ ստորագրված պայմանավորվածությունների մասին: Վստահեցրել է, որ նման նոր ձեւաչափի համագործակցությունը չի հակասում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ուկրաինայի անդամակցությանը, ինչպես նաեւ՝ Եվրամիության հետ Ասոցիացման պայմանագրի եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագրերի դրույթներին: Կողմերը պայմանավորվել են շարունակել բաց եւ ակտիվ երկխոսությունը հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Իսկ ի՞նչ է, այն՝ ինչ կարելի է Կիեւին, Երեւանին չի՞ կարելի: Այն՝ ինչ ասել է Ուկրաինայի նախագահը, գրեթե նույն ձեւով ասել է նաեւ Հայաստանի նախագահը: Մոսկվան քննադատելով եվրոպական երկակի ստանդարտները՝ ինքը քանի՞ ստանդարտներով է բարեկամություն անում: Թե՞ ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղերը հայերի քիմքին հարիր չեն…

«Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.