Տարազանված էներգահամակարգը՝ ճիշտ լուծում – Պետք է՝ եւ՛ ատոմային նոր էներգաբլոկ, եւ՛ ՀԷԿ-եր ու հողմակայաններ, արեւային ու երկրաջերմային կայաններ…

Տարազանված էներգահամակարգը՝ ճիշտ լուծում.-

…Մենք պետք է ունենանք եւ՜ ատոմային նոր էներգաբլոկ, եւ՜ ՀԷԿ-եր, եւ՜ հողմակայաններ, եւ՜ արեւային կայաններ ու երկրաջերմային կայաններ… Որովհետեւ էներգետիկայի ամեն մի ճյուղ իր յուրովի խնդիրն է լուծում՝ թե՜ էլէներգիայի արտադրման եւ թե՜ ռազմավարական առումներով: Ու մտածել մեկի մասին՝ անտեսելով մյուսը՝ մեղմ ասած անհեռատես կլինի…

– Թուրքիան կարիք ունի, որ Ռուսաստանը նվազեցնի գազի սակագինը…

Երեւանի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (նախկին ֆիզիկայի ինստիտուտ) արդեն 1 տարի է արտադրվում են են արեւային ջրատաքացուցիչներ. այս մասին ասել է Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, «Տեխնո Էկո» ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը: Ըստ նրա, «Արեւային ջրատաքացուցիչներն ավելի էֆեկտիվ են եւ կարելի է ստանալ օրը 200 լիտր տաք ջուր: Արեւային կոլեկտորի գինը, մոտ 1 քմ-ն, գալիս է 180 դոլար: Գինը փոքր չէ, սակայն եվրոպականից ավելի էժան է»: Այլընտրանքային էներգետիկայի մյուս տեսակը ջերմային պոմպերն են. «Նման աղբյուրներից կարելի է շատ ավելի էֆեկտիվ ստանալ ջերմությունը, քան գազից. 1 կիլովատ ծախսելով՝ կարելի է ստանալ 4-5 կիլովատ էներգիա»:

Ըստ նրա՝ այս պայմաններում, երբ գազի սակագինը պետք է ավելանա, պետությունը պետք է իր ուշադրությունը դարձնի այընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծմանը: Վերջին 15 տարիների ընթացքում մեր պետությունը շատ քիչ ուշադրություն է դարձրել այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, մինչդեռ եկել է պահը, երբ հանրությունը սկսել է մտածել, թե արդյոք հեռանկարային են այն աղբյուրները, որոնցից օգտվում է Հայաստանը: «Տեխնո Էկո» ՍՊԸ ղեկավարը նշել է, որ ի տարբերություն արտերկրի, ՀՀ-ում այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը գրեթե տարածում չունի, իսկ գազը գնալով թանկանալու է, եւ եթե գազի գինը լինի եվրոպականին համապատասխան, ապա էներգետիկ իրավիճակը Հայաստանում ավելի կվատանա:

Հայաստանում այսօր կան ՀԷԿ-եր, որոնք բավարարում են ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրանքի 30%-ը (բանախոսի տվյալներն են), այդքան էլ կազմում է ԱԷԿ-ը: Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, ապա հանրապետությունում գործող 136 ՀԷԿ-երը տարեկան արտադրում են մոտ 665 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Եթե մնացած ՀԷԿ-երն էլ շահագործման հանձնվեն, ապա  Հայաստանում տարեկան կարտադրվի 1 մլրդ. կՎտ.ժամ էլէներգիա, բայց ավելի շատ պետք է ուշադրություն դարձվեր բնապահպանական խնդիրներին եւ այդքան ՀԷԿ-երի չպետք է լիցենզիաներ տրամադրվեին: ՋԷԿ-երը փորձեցին զարգացնել, բայց դրանք եւս գազով են աշխատում, գազի գինը թանկացավ՝ հոսանքի թանկացումը դրան կհետեւի: Այդ իսկ պատճառով հարկ է ուշադրություն դարձնել արեւի, քամու էներգիայի օգտագործմանը, իսկ մեր երկրում քամու, արեւի էներգիան չենք օգտագործում: Գիտնականները պնդում են, որ հետագա բարդությունից խուսափելու համար էներգիայի այլընտրանքային տարբերակը արեւային էներգիան է: «Լուսանցք»-ը մի քանի անգամ անդրադարձել է հայտնի գիտնական Պարիս Հերունու «Արեւ» ծրագրին, որն առաջարկվեց էներգետիկ բնագավառը զարգացնելու համար: Պետությունը այդ ծրագիրն առայժմ թանկ է համարում, իսկ մեր գործարարներն էլ «նաղդով» փողն ու շահն են նախընտրում:

Հելիոֆիկացման ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանի համոզմամբ՝ արեւային էներգիայի օգտագործման հաշվին յուրաքանչյուր ընտանիք կխնայի 11 հազ. խմ գազ, ինչպես նաեւ կբացվեն 400-800 հազ. աշխատատեղեր: Ըստ նրա, եթե ՀՀ-ում կիրառվի հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա դա շատ ավելի էժան կարժենա ատոմային 1 նոր էներգաբլոկից, բայց կտա համարժեք եւ ավելի արտադրանք: Գիտնականների մի խումբ կարծում է, որ Հայաստանում առաջին հերթին պետք է ներդնել արեւային ջրատաքացուցիչների համակարգը, որոնք օգտագործման համար հարմար են, բացի այդ, արեւային համակարգերը՝ որպես արեւային էներգիայի ընդունիչ, ավելի էֆեկտիվ են. «Իզուր չէ, որ Գերմանիան ճապոնական Ֆուկուսիմայի ատոմակայանի ռեակտորի պայթյունից հետո որոշել է ատոմակայանները տարիների ընթացքում փակել ու ռեսուրսներն ուղղել այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացմանը»:

Ինչեւէ, լավ է իհարկե, որ վերականգնվող էներգետիկան զարգացնելու քայլեր են արվում մասնավորի կողմից: Բայց ես առավել քան համոզված եմ, որ մեր երկրում էներգետիկան զարգացնելու մեկ եւ ամենաճիշտ լուծում կա՝ դիվերսիֆիկացված, այն է՝ տարազանված էներգահամակարգ ունենալը:

Իմ լրագրողական փորձում մի բան եմ նկատել. մեր ատոմային էներգետիկները երբեք չեն ասում, թե Հայաստանին վերականգնվող էներգետիկա պետք չէ, բայց հետաքրքիր է, որ վերականգնվող էներգետիկայի կողմնակիցները ատոմայինին դեմ են արտահայտվում: Մինչդեռ, կրկնվեմ, մեր պարագայում, հարկ է զարգացնել էներգետիկայի բոլոր այն ճյուղերը, որոնք կարող ենք եւ որի ներուժն ունենք: Մենք պետք է ունենանք եւ՜ ատոմային նոր էներգաբլոկ, եւ՜ ՀԷԿ-եր, եւ՜ հողմակայաններ, եւ՜ արեւային կայաններ ու երկրաջերմային կայաններ… Որովհետեւ էներգետիկայի ամեն մի ճյուղ իր յուրովի խնդիրն է լուծում՝ թե՜ էլէներգիայի արտադրման եւ թե՜ ռազմավարական առումներով: Ու մտածել մեկի մասին՝ անտեսելով մյուսը՝ մեղմ ասած անհեռատես կլինի: Քանզի էներգետիկան միայն տնտեսական խնդիրներ չէ, որ լուծում է: Եվ ընդհանուր համակարգի զարգացումը պայմանավորել միայն բիզնես հետաքրքրություններով, լավ չէ: Վստահ եմ՝ մեր գիտնականներն էլ ինձ պես են մտածում…

Աստղինե Քարամյան

 *  *  *

Թուրքիան կարիք ունի, որ Ռուսաստանը նվազեցնի գազի սակագինը

Շուտով քննարկումներ կլինեն եվրոպական երկրներին վաճառվող ռուսական գազի սակագինն իջեցնելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ սպառող երկրները 1000 խմ գազի դիմաց կվճարեն 370-380 դոլար: Ըստ թուրքական «Հաբերթուրք» լրատվականի, այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը:

Սա անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, քանի որ վերջինիս համար սահմանված սակագինը չի ենթարկվելու փոփոխության: Մինչդեռ Թուրքիան կարիք ունի, որ Ռուսաստանը որոշակի զեղչի ենթարկի իրեն վաճառվող գազի սակագինը. այս մասին հայտնել է «Հաբերթուրք»-ը:

Ներկայում Թուրքիան բնական գազ է գնում Ռուսաստանից, Իրանից եւ Ադրբեջանից: Ռուսական գազի սակագինը 425-430 դոլար է 1000 խմ-ի համար: Ամենաբարձր սակագնով կապույտ վառելիքը Թուրքիան գնում է Իրանից՝ 1000 խմ-ի համար 500 դոլար: Իսկ ադրբեջանական գազը թուրքերին վաճառվում է 349 դոլար սակագնով:

«Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.