Սուբսիդավորմանը կօգնի… ճիտին պարտքը – Բեռի տակ կքելու ենք մենք՝ ՀՀ սովորական քաղաքացիներս… Ի՞նչ է զոհաբերելու Հայաստանը…

- Սուբսիդավորմանը կօգնի… ճիտին պարտքը.-

…Բեռի տակ կքելու ենք մենք՝ ՀՀ սովորական քաղաքացիներս, որ ապրում ենք սովորական՝ առանց բիզնեսի, պաշտոնների ու ծանոթների՝ բացառապես աշխատավարձով: Բայց վաղը մեր ազգային կառավարության եվրամտածելակերպով անդամներն ու Ազգային Ժողովի երեսփոխանները կրկին կխոսեն գազի գնից՝ դա ծառայեցնելով բացառապես սեփական կուսակցական ու քաղաքական շահերին…

- Ի՞նչ է զոհաբերելու Հայաստանը…

Սուբսիդավորմանը կօգնի… ճիտին պարտքը

ԱԺ-ում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ գազի գնի հետ կապված որեւէ նորություն չկա. «Հենց նոր բան եղավ, կասեմ, ես ինֆորմացիա չունեմ, որ որեւէ բան վերանայվում է. ինչ-որ հայտարարել ենք, դա է»: Եթե վերհիշենք, ապա «Հայռուսգազարդ»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել առաջարկով՝ մինչեւ 10 հազ. խմ ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խմ գազի գինը սահմանել 221 դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն: Կառավարությունն էլ խոստացել է 30%-ով սուբսիդավորել: «Լուսանցք»-ի նախորդ թողարկումում հարցրել էինք, թե ո՞ր աղբյուրներից է գործադիրը սուբսիդավորումն ապահովելու:

Եվ այն ժամանակ խոսք կար, թե բանակցում են ռուսական կողմի հետ, որպեսզի դրամաշնորհային միջոցներով դա փոխհատուցեն: Նախարար Մովսիսյանը անհարկի լուրեր համարեց ընդդիմության այն հայտարարությունները, թե գազի գինն արդեն ապրիլի 1-ից պարզ էր, ուղղակի բանակցություններն ավելի վաղուց են ընթանում, իսկ պայմանավորվածությունը ռուսական կողմի հետ եղել է այն, որ հայկական կողմը 180 դոլարով շարունակում է իր գործունեությունը մինչեւ վերջնական արդյունքի գալը: Եվ գազի սակագնի հարցը ՀՀ նախագահի ու Երեւանի ավագանու ընտրությունների հետ (անցկացումից հետո արծարծելը) կապելը նա անհիմն համարեց, ինչը, սակայն, այդքան էլ անհիմն տեսակետի տպավորություն չի թողնում:

Օրերս ԱԺ-ում, երբ քննարկվում էր 2012թ. տնտեսական ոլորտն ամբողջովին, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը դիմեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին. «Բարեբախտաբար, դուք մեր հաջողված նախարարն եք, սակայն այնպես արեք, որ հանրությանը այդ ջանքերը հասկանալի լինեն»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր ինչպես գազի գինը, այնպես էլ Որոտանի ՀԷԿ համալիրի հարցը. «Արդյոք այդ ՀԷԿ-ը մասնավորեցվելու է, թե ոչ, եթե այո, ապա ինչ հիմնավորումներով, քանի որ ներկայացվել է 5,7 մլն. դրամ մաշվածություն, ո՞րն է դրա տնտեսագիտական իմաստը: Բացի այդ, ներկայացվել է 2,1 մլրդ. շահույթ ընդամենը 401 մեգավատանոց հզորություն ունեցող կայանի համար եւ կրկնակի բարձրացվել է սակագինը»: ՀՅԴ պատգամավորը գազի սակագնի հարցով էլ նշել է, թե Իրանից ներմուծվող գազի պայմանագրային ծավալը կարող էր ամբողջովին փակել ՀՀ-ի պահանջարկը, «մինչդեռ մենք ներմուծել ենք 3 անգամ ավելի քիչ իրանական գազ, թեեւ այն շատ ավելի ձեռնտու է»:

Նախարարը ձեռնտու նշված տարբերակին համաձայն չի եղել եւ խորհուրդ է տվել հայ-իրանական պայմանագրի միայն մի կողմը չնայել. ՙՄենք իրանական գազի դիմաց 3 անգամ ավելի մեծ էլեկտրաէներգիա պետք է տանք, սակայն մեր արտադրական հզորությունները, ծավալները դա թույլ չեն տալիս՚: Նախորդ անգամ նա նշել էր, որ իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը՝ 335 դոլար 1000 խմ համար: Ինչ վերաբերում է Որոտանի ՀԷԿ համալիրին, ապա Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ 366 մլն. դրամ հատկացվել է ամբողջ կայանում փորձաքննություն, աուդիտ անցկացնելու համար, եթե կայանի մասնավորեցումը լինի, բոլորն էլ կիմանան այդ մասին. «Որոտանի ՀԷԿ-ը միշտ էլ եղել է մասնավորեցման ցուցակում ու միշտ էլ եղել են առաջարկներ: Եթե մտցրել ենք ցուցակի մեջ, ուրեմն արդեն 10 տարի է՝ մասնավորեցման մտադրություն ունենք»:

Պատգամավորը արձագանքելով պատասխանին՝ նշել է, որ հազիվ մի պետական սեփականություն է մնացել, ինչո՞ւ այն էլ տալ մասնավորին, մանավանդ դա նաեւ ամենաէժան էլէներգիա արտադրող կայանն է: «Որոտանը 40 տարվա կայան է, ոնց որ մի 40 տարվա «Ժիգուլի» քշեք. այն իր ծառայողական ժամկետն ավարտում է, ռեսուրսից դուրս է, նրա համար ահավոր մեծ ներդրումներ են պահանջվում, որպեսզի մի քանի տարով նրա կյանքը երկարացնենք: Եվ, ի վերջո, ձեզ ո՞վ է նման բան ասել, թե ուզում ենք սեփականաշնորհել, որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ. ի դեպ, դա ձեր՝ ԱԺ-ի, մտադրությունն է եղել սեփականաշնորհել Որոտանը»,- հակադարձել է նախարարը:

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը արձագանքել է՝ դիմելով ՀՅԴ պատգամավորին. «Պարոն Մինասյան, ձեզ չէի ասում շատ մի խոսեք, վերջը մենք մեղավոր դուրս կգանք»:

Այսպես՝ «համով հոտով» բանակցել են ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները եւ աշխատանքային օրվա վերջում հանգիստ գնացել տուն:

Որովհետեւ 30% սուբսիդավորման բեռը՝ անկախ դրա դրամաշնորհ կամ վարկ լինելուց, հաստատ նրանց ուսերին չէ, որ ծանրանալու է:

Բեռի տակ կքելու ենք մենք՝ ՀՀ սովորական քաղաքացիներս, որ ապրում ենք սովորական՝ առանց բիզնեսի, պաշտոնների ու ծանոթների՝ բացառապես աշխատավարձով: Բայց վաղը մեր ազգային կառավարության եվրամտածելակերպով անդամներն ու Ազգային Ժողովի երեսփոխանները կրկին կխոսեն գազի գնից՝ դա ծառայեցնելով բացառապես սեփական կուսակցական ու քաղաքական շահերին:

Նարե Մշեցյան

 * * *

 Ի՞նչ է զոհաբերելու Հայաստանը

ՀՀ քաղաքական ուժերի կարծիքով՝ հայ-ռուսական գազային չհայտարարված պատերազմը քաղաքականությանն է առնչվում եւ զարմանալի է, որ վիճակն այսքան կարճ ժամանակում կարող է փոխվել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշում է, որ ՙնախկինում ասվում էր, թե մենք որեւէ էսպես ռեալ ճանապարհ չենք տեսնում Մաքսային միությանն անդամակցելու, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ չունենք ընդհանուր սահման, իսկ այսօր ասվում է բոլորովին հակառակը՚: Նա լսել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, ով ասել է, թե միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեն Եվրամիությունն ու Մաքսային Միությունը, սակայն կողմնորոշվելու կոչ չի արել, քանզի հասկանում են, որ արեւելյան գործընկեր երկրներն ունեն կապեր Ռուսաստանի հետ եւ չի դրվում կամ-կամ-ի խնդիր:

ԲՀԿ-ական պատգամավորը չի տեսնում, թե Հայաստանն ինչպես է ինքնուրույն դուրս գալու գազի գնի 30% սուբսիդավորման տակից, բյուջեն նման գումարներ չի նախատեսել, իսկ եթե դա հերթական վարկն է լինելու, որի տոկոսները պիտի փակի ՀՀ քաղաքացին, ապա դա լավագույն լուծումը չի լինելու: Եթե անգամ Մոսկվան դրամաշնորհ տա Երեւանին, դա հենց այնպես չի արվի, ինչ-որ մի բան Հայաստանը պիտի զոհաբերի. «Բայց ինչի՞ հաշվին, ի՞նչ գնով»:

Եվ դա այդպես է: Մոսկվան առանց շահադիտական մտքի (շահը այլ բան է, իսկ բարեկամների դեպքում լինում է փոխադարձ) որեւէ բարեկամական քայլ չի կատարում: Երեւանը արդեն շատ է հանդուրժողականություն խաղում: Իսկ սա շա՜տ ավելի վտանգավոր է:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։