Քաղաքական զինադադա՞ր – Թե՞ «լռության ժամանակահատվա¬ծ»՝ մինչեւ հաջորդ ընտրություններ… Բանտապատում – բնակիչներին բաժանարար գծերը…

Քաղաքական զինադադա՞ր – Թե՞ «լռության ժամանակահատված»՝ մինչեւ հաջորդ ընտրություններ

… Իսկ ընտրաձայն աշխատած ու այդպիսով դարձյալ պատժված մարդկանց բազմությունը կարոտաբաղձով սպասում է գալիք շահութաբեր ընտրություններին…

Բանտապատում – Եվ իզուր չէ, որ այդ մեծ բանտում ոստիկանապետը եւս բաժանարար գծեր դնելով առաջնորդվել է փոքր բանտի «օրենքներով»՝ մեծ բանտի բնակիչներին բաժանելով գողականների ու հարիֆների…

Քաղաքական զինադադա՞ր

Այն հարցը, թե ո՞ւր են մեր ընդդիմադիրներ առաջնորդները եւ ինչո՞վ են զբաղված, հատկապես՝ ընդդիմությանը համախմբելու ջատագովներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը, հետաքրքրում է շատերին:

Չնայած հիիասթափվածությանը, մարդիկ ցանկանում են տեսնել այն գործիչներին, ովքեր ամիսներ շարունակ հազար ու մի խոստումներ տվեցին եւ հիմա «ջրատակ» են եղել:

Չմոռանանք հիշեցնել, որ եթե «Ժառանգություն»-ն ու ՀԱԿԿ-ն ընդդիմադիր ուժեր են հայտարարվել, ապա ԲՀԿ-ն վերջերս մեկ անգամ էլ հավաստեց, որ այլընտրանքային ուժ է: Մնում է հասկանալ, թե այդ այլընտրանքը ընդդիմության կամ իշխանության հետ գաղափարակա՞ն է, տնտեսակա՞ն, թե՞ բարոյա-հոգեբանկան: Կամ՝ արդյո՞ք ԲՀԿ-ականները սկսել են աշխատել օրենքի սահմաններում եւ դարձել են պարտաճանաչ հարկատուներ՝ հանուն ժողովրդի ու պետբյուջեի ծավալների:

Դե, իհարկե, ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը հայտարարել են, որ էլի պայքարում են հանուն ժողովրդի, ընդդեմ թանկացումների ու սոցիալական անարդարության:

Պայքարում են, ինչպես դա անում է երկրի շարքային քաղաքացին, օրենքի սահմաններում, առանց անօրինական հանրահավաքների ու բողոքի ցույցերի, առանց հակաիշխանական պահանջների ու օտարերկրյա կեղեքիչների հիշատակման…

ԲՀԿ մամլո խոսնակը հայտնել է, որ «Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, զբաղվում է իր ամենօրյա աշխատանքներով՝ որպես Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, նաեւ կուսակցության նախագահ»:

«Ժառանգության» մամլո խոսնակն էլ տեղեկացրել է, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է եղել: Իսկ թե ինչի համար, կասի ղեկավարը, երբ շփվի մամուլի հետ: Դե, գործնական հանդիպումներ, Վաշինգտոնի հետազոտական կենտրոններից մեկում դասախոսություն եւ այլն:

ՀԱԿԿ պատասխանատուներն էլ սխալ են համարել այն տեսակետը, թե իրենք սպասվող թանկացումների դեմ պայքարող քաղաքացիների կողքին չեն, քանի որ «պայքարողները հիմնականում ՀԱԿ-ի ժողովուրդն է»:

Սա թերեւս նոր ոճ չէ, ընդդիմադիրներն ընտրություններում շատ հանգիստ հայտարարում էին, թե ով ում ընտրաձայներից ինչքան է տարել, այսինքն՝ ինչպես են փախցրել միմյանցից: Այնպես որ, այժմ դժվար չէ հայտարարել, թե «պայքարողները հիմնականում ՀԱԿ-ի ժողովուրդն է», կամ «Ժառանգության», կամ ԲՀԿ-ի, թե ՀՅԴ-ի: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր տանն է, վարում է ՀԱԿ կուսակցության վարչության նիստերը, «զբաղված է այն գործով, ինչով զբաղվել է մինչեւ հիմա, մենք բոլորս ենք այդ գործով զբաղված»,- ասել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: ՀՅԴ-ն էլ, որպես մեկ այլ ընդդիմադիր ուժ, շարունակում է իր գործունեությունը ԱԺ-ում՝ եւս պայքարելով թանկացումների ու այդօրինակ այլ կեղեքումների դեմ:

Իսկ ընտրաձայն աշխատած ու այդպիսով դարձյալ պատժված մարդկանց բազմությունը կարոտաբաղձով սպասում է գալիք շահութաբեր ընտրություններին:

Արման Դավթյան

 Բանտապատում

Դեռ ապրիլին Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հարուցված քրեական գործի ընթացքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղադրյալների համար բարեխոսողների մասին արտահայտվել էր այսպես. «Դուք գողական ե՞ք, թե՞ պատգամավոր, արա՜»:

Եվ սա այժմ էլ դարձել է թեւավոր խոսք: Իսկ երբ պատգամավորներից ոմանք ԱԺ-ում արձագանքել էին, թե իրենք գողական չեն, ոստիկանապետը մի նոր թեւավոր խոսք էր պարգեւել նրանց՝ ասելով. «Ես նաեւ հարիֆների ոստիկանապետն եմ»…

Հիմա այս խոսքերը կարող են ասվել նաեւ Գորիսի նմանատիպ դեպքի համար: Կարելի է ասել, քանի որ Վարդան Ղուկասյանի ու Սուրիկ Խաչատրյանի միջեւ (եւ էլի մարդկանց) թերեւս աննշան տարբերություն լինի, այն էլ շատ փնտրելուց հետո:

Իսկ ոստիկանապետի ասած խոսքերն ինչքան թեւավոր, այնքան էլ իրական-կյանքային ձեւակերպումներ են:

Մի այսպիսի խոսք էլ կա, երբ կալանավորին հարցնում են, թե չի՞ ցանկանում դուրս գալ, լինել ազատության մեջ, նա կես-կատակ  (չասենք՝ թեւավոր խոսքով) պատասխանում է. «Այս փոքր բանտից դուրս գամ՝ մեծ բանտի մեջ ի՞նչ անեմ…»: Եվ իզուր չէ, որ այդ մեծ բանտում ոստիկանապետը եւս բաժանարար գծեր դնելով առաջնորդվել է փոքր բանտի «օրենքներով»՝ մեծ բանտի բնակիչներին բաժանելով գողականների ու հարիֆների:

Իհարկե, փոքր բանտում կան նաեւ բեսպրեդելներ, որ ոչ գողական են, ոչ էլ հարիֆ, բայց մեծ բանտում շատ դժվար է այդպիսին լինել, չնայած հաստատ կան այդ երկու ծայրահեղ բնութագրվածների արանքում ապրողներ:

Մեծ բանտում, սակայն, նրանք պեսպրեդելներն չեն, եւ դա լավ է: Պարզապես կարողանում են պաշտպանվել: Եվ հենց նրանց վրա պետք է հույս դնել, որ այդ մարդկանց քանակական աճը տա նաեւ որակական խթան, որ մեր երկիրը ազատագրվի գողականների ու հարիֆների մեծ ու փոքր բանտերից:

Որ մեր երկիրը դառնա իրենց (նաեւ ուրիշներին) պաշտպանել կարողացողների ազգային պետություն:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.