Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը, որ այս հնավայրը հայտնաբերվել է հայոց էթնոսի պատմամշակութային արեալում

Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Արամ Մկրտչյան (Գերմանիա) – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը, որ այս հնավայրը հայտնաբերվել է հայոց էթնոսի պատմամշակութային արեալում

…Հիմք ընդունելով շումերական կոչվող ավանդապատումներում մարդու արարման պատմությունները, ARMEN(OID) մարդաբանական մեր տեսակի գոյությունը եւ քննարկվող նյութի հետ մեր տեսակի առնչությունները՝ հանգեցինք հետեւյալին. ժամանակակից մարդ «Homo sapiens–sapiens»-ը եւ Էնկի/Հայա Աստծո կողմից ընտրված, ապա իշխանություն ստացած Ադապը եւ ARMEN(OID) մարդաբանական տեսակը, որը միայն 19-րդ դարի վերջերին ճանաչվեց որպես ARMEN(OID), իմ կարծիքով նույնական են…

Գյոբեկլի Թեփե հնավայրի հայտնագործությունները շրջադարձային են ամբողջ եվրասիական ընդհանրության համար: Հնէաբաններին մինչեւ այժմ չէր հաջողվել հայտնաբերել այդ աստիճանի պահպանված մշակութային արժեքներ, որոնց միջոցով կարողանային վերականգնել տրամաբանական եւ բնութագրական ընդհատված միասեռ մշակութային կապը մեր տարածաշրջանում: 2008թ. իմ «Պատմական Հայաստանը՝ որպես վերէթնիկական մշակույթի կենտրոն» մենագրությունից մեկ հատված հրապարակվեց Ալեքսանդր Վարպետյանի «Էություն» կայքում: Հրապարակված աշխատանքում անդրադարձել էի Գյոբեկլի Թեփե հնավայրի համալիրի խնդիրներին՝ նշելով, որ 12.000 տարի առաջ ստեղծված Գյոբեկլի Թեփե համալիրի հայտնաբերումը մշակութային պայթյուն էր ժամանակակից քաղաքակրթության համար:

Այսօր ակադեմիական մարդաբնությունը եւ մշակութաբանությունը որեւէ հստակ բացատրություն չունի, թե ինչպե՞ս է տեղի ունեցել 19-րդ դարի վերջերին, որպես ARMEN(OID) ճանաչված, մարդաբանական տեսակի մշակութային թռիչքը, բայց ակնհայտ է, որ այն տեղի է ունեցել, եւ Հայոց Աշխարհը կարող է լինել ARMEN(OID) մարդաբանական տեսակի հիմնական օրրանը: Դրա վառ ապացույցը Գյոբեկլի Թեփե կոչվող հնավայրի հայտնագործությունն է: «Պատմական Հայաստանը որպես վերէթնիկական մշակույթի կենտրոն» հրապարակմանը, խմբագրական նկատառումներով անդրադարձավ Ալ. Վարպետյանը, որի հետ ես հիմնականում համաձայնեցի:

Նորից անհրաժեշտություն առաջացավ անդրադառնալ Գյոբեկլի Թեփե հնավայրին՝ հասկանալու համար, թե հնավայրի հետ կապված ինչպիսի՞ զարգացումներ կան մեր իրականության մեջ, եւ ինչպիսի՞ վերաբերմունք կա գիտական հայ մտքի կողմից այդ հնավայրի նկատմամբ:

Հիշեցնենք, Գյոբեկլի Թեփե հնավայրի ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս անցյալ դարի 60-ականներին: Հնէաբանական աշխատանքների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում 2007թ. հունվարի 20-ից մինչեւ 2007-ի հունիսի 17-ը: 500-ից ավել նյութերը ներկայացնում էին Գյոբեկլի Թեփեի 12.000 տարվա մշակույթը, որը կազմակերպվել եւ ներկայացնում էին Prof. Dr. Klaus Schmidt-ի ղեկավարությամբ («Լուսանցք»-ը այս թեմային որոշակիորեն մի առիթով էլ է անդրադարձել՝ դարձյալ Արամ Մկրտչյանի հեղինակությամբ,- խմբ.):

Գյոբեկլի Թեփե համալիրի մշակութային նյութերի ուսումնասիրության արդյունքների ամփոփումը, այդ թվում մեզ՝ հայերիս համար, եւս մեկ անգամ շեղակիորեն հաստատեց Հին կտակարանի փաստը. Հայոց Աշխարհը իր մշակույթով ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում գերակա տեղ ունի քաղաքակրթական զարգացումների մեջ:

Հասկանալու համար, թե ինչ մշակութային շերտի հետ գործ ունի քաղաքակրթությունը Հայոց Աշխարհում, կատարենք փոքրիկ ճանապարհորդություն դեպի Միջագետքի գրավոր մշակույթի խորխորատները՝ եւս մեկ անգամ հասկանալու համար, թե ի՞նչ գրավոր նյութեր ունենք պահպանված քաղաքակրթության ծնունդի եւ զարգացումների հետ կապված եւ այդ զարգացումները ո՞ր տարաաշածրջանի եւ մարդաբանական ո՞ր տեսակի հետ են առնչվում եւ արդյո՞ք այն կարող է առնչվել մեր էթնոտեսակի հետ:

Համաձայն շումերական կոչվող ավանդապատումների, Միջագետքի գրավոր մշակույթի Բարձրագույն Աստծո (մեր ընկալումներով՝ Արարիչ Աստծո) որդի Էնկի/Հայան 58.600 տարի առաջ երկրի վրա իշխանությունը փոխանցում է Ադապին՝ այսօրվա Շումեր ճանաչված երկրի Էրիդու քաղաքում: Էրիդու (ժամանակակից Աբու Շահրեյն, Իրաք) հնավայրի հնագույն շերտերը նախաշումերական շրջանի պատկանելություն ունեն: Թե ի՞նչ մարդաբանական տիպի են պատկանում Էրիդուի հիմնադիրները՝ մնում է անորոշ:

Խնդրո հետ կապված, մտածելու բավականին հետաքրքիր նյութ է տալիս Ալ. Վարպետյանը, «Էրդիուն նախապես կոչվել է Ha-a KI, այսինքն՝ Ha-a ցեղի KI-տեղ, աքքադ. թարգմանությամբ՝u-ba-ri, ինչը կարծեք ակնարկում է այական ցեղեր եւ Սուբարի-Շուբրիա երկրամասը Հայկական Լեռնաշխարհում»:

Համաձայն շումերական կոչվող ավանդապատումների, Էրիդու (Ha-a KI) քաղաքի տեր Ադապը հանդես է գալիս «Էրիդուի կամ (Ha-a KI) որդի» եւ «Էրիդուի կամ (Ha-a KI) իմաստուն» հոմանիշներով եւ հանդիսանում է Շումեր ճանաչված երկրի 7-րդ կառավարիչը եւ Էրիդու (Ha-a KI) քաղաքի առաջին քուրմը, ով ներկայանում է նաեւ EN.MEN.DUR.AN.NA կոչումով:

Այսպիսով՝ մենք կարող ենք նշել հետեւյալը, համաձայն շումերական կոչվող ավանդապատումների, 58.600 տարի առաջ Միջագետքում որպես կառավարիչ հաստատվեց Էնկի/Հայաի (Ha-a KI) զավակ Ադապը, ով հետագայում ավանդապատումներում համարվում էր «Էրիդուի (Ha-a KI) որդի» եւ «Էրիդուի (Ha-a KI) իմաստուն»: Ելնելով վերոշարադրված նյութի տրամաբանությունից՝ փորձենք վերաիմաստավորել «Էրիդուի (Ha-a KI) որդի» դարձվածքը: Շումերական ավանդապատումներում Էնկի/Հայայի համար օգտագործված անուններից մեկը կարող է լինել «Ha-a KI» ձեւը, ուստի նաեւ այդ պատճառով Ադապը ավանդապատումներում ներկայանում է որպես «Էրիդուի (Ha-a KI) որդի», իսկ այսօրվա լեզվական ընկալումներում այն կարող ենք հասկանալ այս կերպ՝ «(Ha-a KI) կամ Հա(յ)ա կամ Հա(յ)ա (կի) որդի Ադապ»:

Համաձայն ծագումնաբանության մեջ ընդունված որոշ եզրակացությունների՝ մարդու «էվոլյուցիոն» զարգացումը դեռեւս վերջնական բացահայտված չէ, այս պատճառով մասնագետների կարծիքներով մարդու զարգացման ճանապարհը պայմանականորեն այսպիսին է՝

a) Homo sapiens, Նեանդերտալցի, Կրոմանոիդ.

b) Homo sapiens–sapiens ժամանակակից մարդ.

Ըստ մարդաբանության մեջ ձեւակերպված տեսակետի՝ Նեանդերտալցին եւ Կրոմանոիդը մեծ վերապահումներով կարող են համարվել ժամանակակից մարդու նախնիները: Ելնելով այն բանից, որ ժամանակակից մարդու նախնիները այս պահին անհայտ են ժամանակակից մարդուն, Նեանդերտալցի եւ Կրոմանոիդ մարդուց տարբերելու համար պայմանականորեն անվանեցին Homo sapiens–sapiens: Այսպիսով՝ մարդաբանության մեջ այս պահին պայմանականորեն ամրագրված է երկու մոտեցում Homo sapiens եւ Homo sapiens–sapiens ձեւակերպումներով:

– Homo sapiens–sapiens-ը որոշ ուսումնասիրողների համար ընդունվում է որպես հատուկ երեւույթ:

– Մասնագետների մեկ այլ մասը կարծում է, որ Homo sapiens- sapiens-ը Homo sapiens-ի զարգացած տեսակն է:

Մարդու ծագումնաբանական ուսումնասիրությունների համար, որպես լրացուցիչ նյութեր, կարող են հանդիսանալ Միջագետքի հնագույն ավանդապատումները: Այդ ավանդապատումներից ամենակարեւորը այս քննախուզուզության համար՝ «Էնկի եւ Նինմահ, մարդու արարումը» ավանդապատման մեջ Էնկի/Հայա Աստծո կողմից արարված մարդու պատմությունն է, որն ավելի ընկալելի է դարձնում մարդաբանության մեջ ընդունված Homo sapiens-sapiens-ի վարկածը: Մարդաբանության մեջ, ըստ վարկածի, Homo sapiens-sapiens-ը չունի նախնիներ, այդ իսկ պատճառով պայմանականորեն դուրս է մնում մարդու էվոլյուցիոն դաշտից: Նման մոտեցումը համահունչ է շումերական կոչվող «Էնկի եւ Նինմահ, մարդու արարումը» ավանդապատման միջոցով մեզ հասած մարդու արարման պատմությանը:

– «Էնկի եւ Նինմահ մարդու արարումը» ավանդապատումը ասում է. Նինմահ-Նիհուրսագի կողմից մարդը արավեց 6 անգամ: Եվ 6 անգամ արարված մարդը մի շարք թերություններ ուներ. անսեռ էր եւ անմահ, զրկված սերունդ ունենալու հնարավորությունից եւն, այս պատմությունը եզրեր ունի Homo sapiens ձեւակերպման հետ:

– Նույն ավանդապատման մեջ Նինմահ-Նիհուրսագի կողմից արարված առաջին մարդը կատարյալ դարձավ միայն Էնկի/Հայաի կողմից վերջին 7-րդ անգամ միջամտությունից հետո, բաժանվեց սեռերի, ձեռք բերեց սերունդ ունենալու հնարավորություն եւ ստացավ Ումուլ (Լուլու) անունը: Մարդու զարգացումը Միջագետքյան «Ադապի պատմությունը» ավանդապատման մեջ ստանում է նոր լուծում, Էնկի/Հայան իր արարած Ումուլ (Լուլուի) ճյուղին պատկանող մահկանացու կնոջից ունեցավ ընտրյալին՝ Ադապին: Այս պատմությունը եզրեր ունի արդեն Homo sapiens-sapiens ձեւակերպման հետ:

Հիմք ընդունելով շումերական կոչվող ավանդապատումներում մարդու արարման պատմությունները, ARMEN(OID) մարդաբանական մեր տեսակի գոյությունը եւ քննարկվող նյութի հետ մեր տեսակի առնչությունները՝ հանգեցինք հետեւյալին. ժամանակակից մարդ «Homo sapiens–sapiens»-ը եւ Էնկի/Հայա Աստծո կողմից ընտրված, ապա իշխանություն ստացած Ադապը եւ ARMEN(OID) մարդաբանական տեսակը, որը միայն 19-րդ դարի վերջերին ճանաչվեց որպես ARMEN(OID), իմ կարծիքով նույնական են:

Գյոբեկլի Թեփեի հետազոտություններում շրջանցվում է նաեւ այն հանգամանքը, որ այս մշակութային զարգացման մեջ առանձնակի տեղ պետք է ունենա եւ՜ Homo sapiens-sapiens-ը եւ՜ ARMEN(OID) մարդաբանական տեսակը: Հետազոտությունների համապատկերում Homo sapiens-sapiens-ը փոխարինվում է հնագտության մեջ հայտնի անդեմ եւ ընդհանրական «NEOLIT-յան մարդ» ձեւակերպմամբ: Շրջանցվում է նաեւ ARMEN(OID) ճանաչված հայկական էթնոսի պատմական եւ մշակութային ներկայությունը Վերին Միջագետքում, միեւնույն ժամանակ հետազոտողները հավելում են, որ Գյոբեկլի Թեփեի մշակույթը իր շարունակությունն է ստացել Միջագետքում:

Այսօրվա ակադեմիական, գիտական միտքը փայլուն վարպետությամբ շրջանցում է «Homo sapiens–sapiens»-ի, ARMEN(OID) մարդաբանական տեսակի հնարավոր փոխկապակցվածության հանգամանքը Գյոբեկլի Թեփե կոչվող հնավայրի մշակույթի ստեղծման մեջ: Գյոբեկլի Թեփե հնավայրի հետազոտված հուշարձանների արդյունքները մատնանշում են, որ այս մշակույթը ժամանակակից քաղաքակրթության մասն է կազմում: Այժմ Գյոբեկլի Թեփե հնավայրում հայտնաբերված մշակույթն, իր ամբողջականությամբ, գիտակցված ստացել է «Հին քարե» դարի բնորոշումը՝ շրջանցելու համար կապը «Homo sapiens–sapiens»-ի, ARMEN(OID) հետ:

Մեզ համար կարեւոր է անդրադառնալ նաեւ Գյոբեկլի Թեփե հնավայրում հայտնաբերված օբսիդիանից տաշված ծայրակալների խնդրին: Օբսիդիանը (հայերեն՝ Վանակատ) հրաբխային ապակե քար է եւ, բնականաբար, առկա հրաբխային շրջաններում եւ այդ հնավայրում նրանից պատրաստված ծայրակալների հայտնաբերումը չի կարող անակնկալ լինել: Անակնկալն այն է, որ հայտնաբերված են արտադրական ծավալների օբսիդիանի թափոններ եւ ծայրակալներ:

Արտադրական ծավալների թափոնի եւ պատրաստի արտադրանքի գոյությունը հուշում է՝ մենք գործ ունենք իր ժամանակի խոշոր ռազմարդյունաբերական կենտրոնի հետ: Գյոբեկլի Թեփե հնավայրում հայտնաբերված օբսիդիանի ծայրակալները առաջ են քաշում մի նոր վարկած այն մասին, որ արտադրողները նաեւ լավ ռազմիկներ էին եւ տիրապետում էին ոչ միայն մշակմանը, այլեւ կիրառմանը: Նման նոր զենքի տեսակի օգտագործումը Գյոբեկլի Թեփե կենտրոնի տերերին, ովքեր իմ կարծիքով պատկանում էին ARMEN(OID) տեսակին, մեծ հնարավորություն էր ընձեռում վնասազերծել հարձակվողին հեռավորության վրա եւ մնալ անվտանգ: Ես վստահ եմ, իր ժամանակի համար օբսիդիանե ծայրակալների արտադրական մշակման տիրապետելը սկզբունքային դեր է ունեցել տարածաշրջանում իրավունքի պահպանման, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վերաբախշման գործում, իսկ մյուս կողմից՝ օբսիդիանե ծայրակալների քանակությունը ծառայել է որպես փոխանակման ու առեւտրի միջոց: Այստեղ են ձեւավորվել օբսիդիանային ուղիները, որոնք հետագայում պետք է դառնային հիմք Մետաքսի ճանապարհի կայացման համար:

Ալ. Վարպետյանը իր ուսումնասիրության մեջ օբսիդիանի երեւույթը ներկայացնելու ժամանակ անդրադառնում է Բինգյոլ-Բյուրակն բարձրավանդակին, որի մասն է կազմում նաեւ Գյոբեկլի Թեփե հնավայրը: «Ըստ հնագիտական պեղածոների, արդեն երեւակվում են հաղորդակցական երկու հիմնական շղթաներ, Բինգյոլ-Բյուրակն բարձրավանդակի հանքավայրերից մինչեւ արդի իրաքյան Քուրդիստանը (Զագրոսյան լեռնալանջերով եւ լեռնահովիտներով, նշված կանաչ կետագծերով) եւ Կապադովկիայից մինչեւ Տավրոս, միջին Եփրատի ավազան եւ հյուս. Լեւանտ («Լեւանտի միջանցք», Մերձավոր Արեւելքի մերձմիջերկրական ծովափնյա գոտին»:

Գյոբեկլի Թեփեի հայտնագործությունը մեկ այլ նշանակություն ունի մեր մշակույթի համար. այդ խնդրին անդրադարձել է Վ. Վահրադյանը: Նա «Զորաց Քարեր»՝ հնավայրի ուսումնասիրությունների ժամանակ հետաքրքիր համեմատություններ է կատարել Գյոբեկլի Թեփե հնավայրի նյութերի հետ, հատկապես ուշագրավ է Անգղի խորհրդանշանի նույնականացումը աստղային երկնքի Անգղի համաստեղության հետ:

Իր եզրակացությունը այսպես է ներկայացնում Վ. Վահրադյանը,- Պորտասար (Արեւմտյան Հայաստան), առավել հայտնի է թուրքացված՝ Գյոբեգլի Թեփե՝ անվանումով: Պորտասարի տարածքում հայտնաբերվել է Սթոունհենջի նման հուշարձան: Պեղածոյի հեղինակը՝ գերմանացի հնագետ Շմիդտը, այն թվագրում է մ.թ.ա. X հազարամյակով: Քարերից մի քանիսի վրա պատկերված են տարբեր կենդանիներ: Քարերից մեկը առավել պատկերազարդ է: Շրջանակի մեջ առնվածը ակնհայտորեն անգղի պատկեր է: Հեշտ է նկատել, որ անգղի թեւերի բացվածքը համաչափ (simmetric) չէ: Եթե նրա վրա տեղադրենք՝ Անգղի քարահունջի՝ ուրվագիծը, ապա այն ճշգրտորեն կհամընկնի անգղի պատկերի հետ: Այդ քարի վրա պատկերված է աստղային երկինքը՝ համաստեղությունների բաժանված: Դա ակնհայտ է դառնում, եթե իրար կողքի դնենք աստղային երկնքի քարտեզը եւ այդ քարի նկարը:

Այս մեջբերումից ակնհայտ է դառնում, որ առկա է անմիջական կապը Գյոբեկլի Թեփե հնավայրի եւ Զորաց Քարերի միջեւ, եւ այս մշակույթի ստեղծողները հստակ պատկերացում ունեին երկնքի եւ երկրի գաղափարական փոխհարաբերությունների մասին, որում մարդու կյանքի համար, շատ կարեւոր տեղ ուներ Արեւը եւ Անգղը:

Իմ կարծիքով՝ Արեւ եւ Անգղ խորհրդանշանները՝ հայտնաբերված Գյոբեկլի Թեփե հնավայրում, ներկայացնում են մշակույթը ստեղծող ARMEN(OID) մարդաբանական տեսակի ամբողջական գաղափարական համակարգը, որը կարող ենք հասկանալ այսպես.

– Անգղը (մահը) կրում է իր թեւի վրա Արեւին (կյանքին):

– Անգղը (մահը) խաղում է Արեւ (կյանքի) հետ:

ARMEN(OID) մարդաբանական տեսակի կողմից Արեւ (կյանք) եւ Անգղ (մահ) գաղափարների միասնությունը եւ հակադրությունը՝ ամրագրված Գյոբեկլի Թեփե հնավայրում 12.000 տարի առաջ, առ այսօր հանդիսանում են մեր էթնոտեսակի մտածողության անբաժան մասը: Հայոց Աշխարհում հայտնաբերված 12.000 տարեկան Գյոբեկլի Թեփե հնվայրը արդեն մեծ հնարավորություն է տալիս փաստացի ընդունել ժամանակակից որոշ գիտական եզրակացությունը այն մասին, որ համաշխարհային ջրհեղեղը տեղի է ունեցել ավելի վաղ շրջանում կամ մոտավորապես 19.000 տարի առաջ, իսկ ARMEN(OID) մարդաբանական տեսակը ինքնածին (ավտոխոն) է Հայոց Աշխարհում:

Որպես վերջաբան

Այսօրվա ակադեմիական միտքը, կրկնեմ, փայլուն վարպետությամբ շրջանցում է այն հանգամանքը, որ Պորտասարը (կամ Գյոբեկլի Թեթե կոչված) հնավայրը հայտնաբերվել է հայոց էթնոսի պատմամշակութային արեալում, Գյոբեկլի Թեփե մշակույթը մեզ՝ հայերիս համար պարզ եւ հասկանալի է: Վերջին շրջանի բացահայտումները՝ այդ թվում հնագիտության, մարդաբանոււթյան, լեզվաբանության մեջ հնարավորություն են տալիս մեզ՝ հայերիս, ներկայանալ որպես ARMEN(OID) մարդաբանական տեսակին պատկանող բնիկ, էթնոս եւ Գյոբեկլի Թեփե հնավայրում հայտնաբերված մշակույթի ուղիղ կրող մեր տարածաշրջանում: Հայտնաբերված մշակույթը վերականգնեց այն օղակը, որը հստակորեն բացակայում էր քաղաքակրթական զարգացումների մեջ, բայց նրա գոյությունը երբեք կասկածի տակ չէր առնվում:

Հիմք ընդունելով 12.000 տարի առաջ Հայոց Աշխարհում կերտված մշակույթի փաստը՝ վստահաբար կարող ենք ամրագրել. ժամանակակից քաղաքակրթության հիմքերը դրվել են Հայոց Աշխարհում, որի վկաներից է Պորտասարը (կամ Գյոբեկլի Թեփե կոչված) հնավայրը եւ մեր ARMEN(OID) տեսակը:

Արամ Մկրտչյան, Գերմանիա

«Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։