Համաթրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն (Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին…) – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ

Համաթրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն – Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին՝ «ազգի հայր» լինելու ճանապարհին

- Թյուրքական եղբայրության ճաքերը պետք է նոր հարվածներ կրեն

Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին՝ «ազգի հայր» լինելու ճանապարհին

Ըստ թուրքական մամուլի, Ադրբեջանի նախարարների խորհրդի ենթակայությամբ գործող տերմինաբանության հանձնաժողովի փոխնախագահ Սայալը Սադըքովան հայտարարել է, որ լուրջ ուսումնասիրություն են կատարել Թուրքիայում եւ Ադրբեջանում Աթաթուրք անվամբ անվանակոչության արգելքի շուրջ: Եվ հայտնել է, որ Ադրբեջանում՝ 1991թ. մինչ այժմ, Աթաթուրք անվանմամբ անվանակոչվել է 18 հոգի եւ այդ անվանակոչումները պայմանավորված են եղել «եղբայրական թուրքական պետության եւ դրա հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ ադրբեջանցիների տածած սիրուց»:

Նշյալ հանձնաժողովը ադրբեջանցի երեխաներին օտար անվանումներով չանվանակոչելու համար շուրջ 8000 անուն ներառող անունների ցուցակ է կազմել եւ ուղարկել Մեջլիսի հաստատմանը: Այդ ցուցակում ներառվել է նաեւ Աթաթուրք անունը: Ադրբեջանցի պաշտոնյան մասնավորապես ասել է. «Այսուհետ մեր երկրում չենք թույլատրելու երեխաներին Աթաթուրք անվամբ կոչել: Իսկ Մեջլիս ուղարկած ցուցակում էլ Աթաթուրք անունը արգելելու համար հատուկ մեկնաբանություն կգրենք: Աթաթուրքը պատմական դեմք է, եւ այդ անունը պետք է միայն նրան բնորոշի»:

Բայց հայտնի է, որ Անկարան Աթաթուրքի անունը գործածում է նաեւ նրա՝ բոլոր թուրքերի հայր լինելն ընդգծելով, ինչը գուցե թե այլեւս չի շոյում վերամբարձ ադրբեջանական ալիեւյան կլանին:

«Լուսանցք»-ը 2011թ. թիվ 41 (217) թողարկումում («Եթե ազգի հայր, ապա երկիրն էլ՝ Ալիեւստան») անդրադարձել է թյուրքական ցեղախմբերի «ազգի հայր» փնտրելու նախասիրությանը: Մասնավորապես նշվել է, որ «արբեջանցիների համար հերթական ծիծաղաշարժ օրենքի նախագիծն է պատրաստվում՝ Ադրբեջանի նախկին նախագահ, Ադրբեջանի ԽՍՀ 1-ին քարտուղար եւ վերջապես նախկին ԿԳԲ-ի հմուտ գործակալ ու ցուցադրական իսլամիստ հավատացյալ (խորհրդային տարիներին անգամ «մահմեդականների չթագադրված (իմա՝ գաղտնի գործող) շեյխ» հորջորջվող), բայց Ալլահից կիլոմետրերով հեռու Հեյդար Ալիեւին «ազգի հայր» հռչակելու մասին»: Հոդվածում նշված է նաեւ, որ «Աթաթուրքի, եւ վերջերս էլ Աթաթաթարի նորօրյա արծարծումները հանգիստ չեն տալիս ալիեւների ոչ ադրբեջանական ծագման ժառանգներին (խոսվում է նրանց քրդական արմատների մասին), հատկապես կրտսեր Ալիեւին՝ Ադրբեջանի ներկայիս նախագահին»:

Թուրքերի վաղեմի եւ թաթարների տակավին վերջերս «ազգի հայր» հռչակելու արարողությունները իհարկե մեծ Ադրբեջան երազող Իլհամին այժմ էլ հանգիստ չեն տալիս: Նա տարիներ շարունակ հսկայական գումարներ ծախսելով՝ իր հոր արձաններն է տեղադրում Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում, Եվրոպական երկրներում, անգամ Մեքսիկայում հաջողացրեց, սակայն այդ երկրի մտավորականները վերջերս հանել տվեցին այն:

Եվ հիմա՝ ոչ թե «Աթաթուրքի հանդեպ ադրբեջանցիների տածած սիրուց» այդ անունը պաշտպանելու համար է այն հայտնվել «օտար անվանումներով չանվանակոչելու ցուցակում», այլ՝ «ադրբեջանցիների հայր Ալիեւի» անունը առավել կարեւորելու առումով: Դրանով նաեւ Անկարային հասկացնում են, որ Աթաթուրքը բոլոր թյուրքերի հայրը չէ: Եթե անգամ թաթարների Աթաթաթարը կարող է ներքեւից նայել Աթաթուրքին, ապա Աթաազերը (նույն ինքը՝ Ալիեւը) կամ հավասարը հավասարին կնայի Աթաթուրքին, կամ՝ ավելի բարձրից: Գոնե Բաքվում այդպես կլինի:

Սա չէր կարող չզայրացնել թուրքերին, քանի որ համաթրքական (մեծ Թուրանի) ծրագրերում եւ թյուրքական ցեղերի արհեստածին նախահիմքում առ այսօր Թուրքիան եւ թուրքերն են եղել ու ոչ ոք չի առարկել կամ սակարկել: Բայց Աթաթուրքի՝ որպես բոլոր թյուրքերի հայր լինելը կասկածի տակ առնելը արդեն իսկ ճաք է եւ կարող է փլել առանց այն էլ չձեւավորված համաթրքական պարիսպը: Առանց այն էլ «1 ազգ՝ 6 պետություն» (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան եւ Թուրքմենստան) տարբերակում եւս խնդիրներ կան, եւ նորերը պետք չեն Անկարային: Հետաքրքիր է, որ մինչ վերջերս միայն Թուրքմենստանն էր «տակից» սակարկում թյուրքերի նախահայրենիքը լինելու եւ թուրքմենների՝ «բնական» թուրքը լինելու իրավունքը:

Ավելի ճիշտ՝ այս երկրի հանգուցյալ նախագահ Սափարմուրադ Նիյազովը, ով իր կենդանության օրոք Թուրքմենբաշի էր հռչակվել (նաեւ երկրի հավերժ նախագահ) ու թուրքմենական ազգային գաղափարախոսությունն է ստեղծել, որ բարձր կարգ հաղորդի թուրքմեններին՝ այսպես կոչված թյուրքական սանդղակում:

Իմիջիայլոց, անգամ Թուրքիայում այժմ բնակվող թուրքմեններն իրենց «տեղացի» թուրքերից բարձր են դասում եւ ժառանգական առումով էլ նրանց նախնիներն են համարում իրենց՝ առանց վատ զգալու եւ թաքցնելու:

Թյուրքական եղբայրության ճաքերը պետք է նոր հարվածներ կրեն

Հեյդար Ալիեւի եւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մարմնա-հոգեւոր «հայրական» կռիվը դեռ նոր է սկսել, բայց միայն այս անձերի անվանարկմամբ չի ավարտվի: Վերջերս Թուրքիայի «Կանալ 24» հեռուստաալիքը բացահայտ ծաղրի է ենթարկել Ադրբեջանում պետական գործիչ համարվող «պատմական անձ շահ Իսմայիլ Խաթաիին»: Ինչպես նշվել է, Սուլթան Սելիմ Յավուզի մասին պատմող հաղորդման ժամանակ, հաղորդավարն ու հաղորդման մասնակիցները հայտնել են, որ «պարսկական ցեղախմբի առաջնորդ շահ Իսմայիլը մշտապես պարտություն է կրել թուրքերից, քանզի շատ վախկոտ մարդ է եղել»: Եվ այդ ծաղրանքի արժանի անձին, չգիտես ինչու, Ադրբեջանի ժողովուրդը հերոս եւ առաջնորդ է համարում. հնչեցրել է հեռուստաալիքը՝ ծաղրելով ադրբեջանցիների համար այլեւս առաջնորդ համարվող շահ Իսմայիլին:

Այս առումով է, որ ադրբեջանցիների հայր Ալիեւին սույն հոդվածում մի նոր անուն պարգեւեցի՝ արդեն պարսկական հնչողությամբ՝ Աթաազար:

Ադրբեջանական զլմ-ները արագ արձագանքեցին թուրք եղբայրների ծաղրանքին: Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը եւս դրա հետ կապված բողոքի նամակ է հղել հեռուստաալիքի տնօրինությանը, որում հույս է հայտնել, որ «ադրբեջանական պատմական դեմքի, պետականության ձեւավորման մեջ մեծ դեր ունեցած անձի նկատմամբ սխալ տեղեկությունների հրապարակումները չեն կրկնվի»: Այսինքն՝ խնդիրը անգամ հերքելը չէ, այլ կրկնվելու եւ շարունակվելու անհանգստությունը, քանի որ սեփական պատմությունը չունեցող արհեստական Ադրբեջանի արհեստածին ադրբեջանցին ամեն բան վերցնում է այլ ազգերից: Դժվար է անծագումի համար, քանզի ոչ մի դեպքում եւ երբեք չի կարող վստահ լինել:

Զլմ-ները հայտնել են, որ ուշագրավ փաստ կա այս պատմությունում, թուրքական վերոնշյալ «Կանալ 24» հեռուստաալիքը մտնում է «Սթար» մեդիա խմբի մեջ, որը գնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Այսինքն՝ Ադրբեջանին վերաբերվող առաջին իսկ հաղորդման մեջ  հեռուստաալիքը վիրավորել է «Ադրբեջանի ժողովրդի պատմական անձերից մեկին»:

Բազմիցս ենք նշել, որ թյուրքական եղբայրության եւ մեծամեծ նպատակների մեջ կան մեծաթիվ անհարթություններ ու հակասություններ, եւ հատկապես հայերիս առաջնային գործերից է՝ դրանք տեսակավորել ու հակահարվածի, անգամ հարվածի ձեւով արժանավույնս մատուցել Անկարային ու Բաքվին: Այս «մանրուքները» կարող են հզոր խաղաքարեր դառնալ տարածաշրջանային մեծածավալ ծրագրերում, ինչը եւս չպետք է անտեսել: Քանզի փոխադարձ շահեր միշտ կարելի է գտնել, հարմար պահ՝ եւս:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։