Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից – Այնքան էլ կայուն պետություն չէ… Ջավախցին չպետք է վճարի հայրենիք մտնելու համար…

- Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից… – Այնքան էլ կայուն պետություն չէ…

- Ջավախցին չպետք է վճարի հայրենիք մտնելու համար… – Հայ-վրացական սահմանին քաղաքացինների զննումը կշարունակվի…

 Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ գործողություններից առաջ մեկնել էր Անկարա, որտեղ իրեն աջակցող կուսակցականների եւ քաղաքացիների առաջ խոսել է Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին: Նա նշել էր, թե տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն «Գեզի» այգու ծառերի հետ. «Ինչու՞ են մեզ անհանգստացնում: Հարցը 15 հատ ծառի հատու՞մն էր: Լավ, համարենք այգում 15 ծառ հատվեց, ապա ինչու՞ է դրա դեմ ուղղված ցույցեր տեղի ունենում Անկարայում, Իզմիրում: Խնդիրն այլ է: Խնդիրը այն է, որ ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին շրջանցել չկարողացողները, ընտրելով այս ճանապարհը, ուզում են խառնել երկիրը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք գիտենք նրանց թակարդները: Այդ թակարդները խափանող ուժն այստեղ է»,- ասել է կուսակիցներին Թուրքիայի վարչապետը:

Այնուհետեւ ցուցարարներին կոչ է արվել անմիջապես վերջ տալ հավաքներին եւ ցրվել. «Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել»,- հայտարարել էր Էրդողանը՝ կոչ անելով իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Բախումների վտանգը իրական էր եւ այդպես էլ եղավ: Անգամ անհանգստություն կար մեզանում, որ այս առիթը կարող է թուրքավարի գործածվել. այս դեպքում հայերին ու ազգային այլ փոքրամասնություններին եւս կվնասեին: Իհարկե, բողոքավոր զանգվածները եթե կարողանային ինքնակազմակերպվել, ապա կոպիտ ուժը ավելի մեծ ծավալներ կընդգրկեր:

Հիշեցնենք, որ Թաքսիմ հրապարակում վերակառուցման աշխատանքներին դեմ մեկնարկած բողոքի խաղաղ ցույցը ոստիկանության կողմից դաժանորեն ցրվելուց հետո վերածվեց հակակառավարական լայնածավալ ցույցերի եւ տարածվեց երկրի բոլոր խոշոր՝ ավելի քան 70 բնակավայրերում:

Բայց օրեր առաջ թուրքական անվտանգության ուժերը ավելի կտրուկ գործողությունների դիմեցին: Արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել Ստամբուլում եւ Անկարայում ցուցարարների դեմ: Թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակ՝ ստիպելով ցուցարարներին նահանջել: Այս գործողություները սկսեցին Թուրքիայի վարչապետի հայտարարությաունից հետո, երբ ասվել էր նաեւ, թե պատրաստ է հանդիպել ցուցարարների հետ ու քննարկել երկրում ստեղծված ճգնաժամի լուծման ելքերը:

Ամեն դեպքում ցուցարարներն անակնկալի են եկել եւ, չնայած հայտարարում են, թե տրամադրված են շարունակել բողոքի ալիքը, բայց ինչպես թուրքական զլմ-ներն են նշում, «Թաքսիմի համերաշխության պլատֆորմը հետքայլ է արել: Նախորդ շաբաթ կառավարությունից պահանջում էր 3-րդ կամուրջ եւ 3-րդ օդանավակայան չկառուցել, մեղմացրել է իր դիրքորոշումը: Հունիսի 10-ին՝ պլատֆորմը մամուլի ասուլիսում հայտարարել է 3 պահանջների մասին, որոնք նախկինում 7-ն էին: 1. «Գեզի» զբոսայգին պետք է շարունակի մնալ որպես այգի: Զբոսայգում թեկուզ 1 ծառ անգամ չպիտի կտրվի: Աշխատանքային վայրի, կամ որեւէ այլ բանի կառուցման նախագծումներ չպետք է կատարվեն: 2. Թաքսիմում ստորգետնյա թունել չպետք է կառուցել: 3. Ոստիկանության կողմից  օրենքի սահմաններից դուրս ուժի կիրառման պատասխանատուների նկատմամբ հետաքննություն պետք է սկսվի»:

Թուրքիայի վարչապետի՝ «Գեզի» զբոսայգու շուրջ ծավալվող իրադարձությունների մասին ելույթից եւ գործողությունների անցնելուց հետո Ստամբուլի ֆոնդային բորսայում կտրուկ անկում է արձանագրվել: Թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի համաձայն՝ դեռ Էրդողանի՝ Թունիսում արած հայտարարություններից պարզ դարձավ, որ զբոսայգու ապամոնտաժման հարցում հետքայլ չի լինելու, ինչն արդեն իսկ ազդեցություն ունեցավ թուրքական բորսայի վրա: Ըստ պարբերականի՝ եթե մինչեւ այդ ելույթը բորսայում անկման ցուցանիշը 1,33% էր, ապա ելույթից հետո այն հասել է 8%-ի: Ազդել է նաեւ դոլարի փոխարժեքի վրա, այն բարձրացել է՝ գրանցելով 2011թ. դեկտեմբերից մինչ այսօր ամենաբարձր փոխարժեքը (1 դոլարը՝ 2,28 թուրքական լիրա): Թուրքական բորսան դեռ ոչ կայուն վիճակում է, արտասահմանյան ներդրողների շրջանում եւս անհանգստություն կա:

Այս ամենը հավաստում են, որ Թուրքիան քաղաքական ու տնտեսական առումներով այնքան էլ կայուն եւ կայացած երկիր չէ, եւ կարելի է ներսից «պայթեցնել», հատկապես, որ դրան կգումարվեն ազգային եւ կրոնական փոքրամասնությոնների խնդիրները, ինչն ավելի կսրի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական վիճակը:

Իհարկե, դրա համար արտաքին խթաններ են նաեւ անհրաժեշտ, ինչը եւս կարող է նպաստավոր դառնալ, ինչու չէ՝ նաեւ հայկական գործոնի աշխուժացման համար:

Արման Դավթյան

 Ջավախցին չպետք է վճարի հայրենիք մտնելու համար

Մեր մաքսային ծառայության որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը: Մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հայ-վրացական սահմանի վրա:

Բրոկերային միջնորդավճարը գանձվում է ըստ սահմանված կարգի, եւ այն գործում է բոլոր սահմանային մաքսակետերում, սակայն, այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է, քանի որ Բավրայի սահմանակետից Հայաստան են մուտք գործում բացառապես մեր ազգակիցները՝ ջավախքցիները, հետեւաբար, ստացվում է, որ հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին գումար է վճարում, ինչը չի ընկալվում վերջիններիս կողմից եւ առհասարակ չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ: Հայրենակցական միությունները եւս մտահոգված են, կոչ են արել մաքսային ծառայությանը լրջորեն քննարկել խնդիրը եւ վերականգնել նախկինում գործող կարգը:

Այնուհետեւ մի այլ խնդիր ավելացավ, հայտարարվեց, թե հայ-վրացական սահմանին քաղաքացինների զննումը կշարունակվի, քանի որ Վրաստանում գրանցվում են Կարմրուկի դեպքեր, ինչը սկսել է թափանցել նաեւ Հայաստան: Մեզ մոտ կարմրուկի բերովի 3 դեպք էր գրանցվել,2-ը` Վրաստանից, 1-ը` Ուկրաինայից:

Իսկ Վրաստանում այս տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել են, հիվանդության հետեւանքով մահվան երկու դեպք է գրանցվել ` 11 ամսական եւ 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ: Կարմրուկից մահացությունը պայմանավորված է բարդություններով՝ վաղ հասակում հիմնականում թոքաբորբեր, կարմրուկային կրուպ՝ շնչառության կանգով, իսկ դեռահասների մոտ` Էնցեֆալիտ, մենինգիտ, էնցեֆալոպաթիա:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։