Հայոց բանակը եւ պատվի արժեհամակարգը – Հայոց Բանակի ռազմական հարուստ փորձն ու հաղթական նպատակները եւս ներառվեն ՀՀ ԶՈւ-երում…

Հայոց բանակը եւ պատվի արժեհամակարգը

…Իրականում հայ տեսակի մեջ ի բնե արմատավորված է սեփական բանակին կերակրելու կարեւորությունը, որ ազգն ու հայրենիքը պաշտպանված լինեն: Եղավ ժամանակ, երբ չկերակրեցինք մեր բանակը, այդժամ, ինչպես ասում են՝ կերակրեցինք այլերի բանակները… բոլոր հետեւանքներով հանդերձ…

…Իհարկե վատ չէր լինի, որ պատմա-քաղաքական լուրջ վերլուծություն եւս արվեր պատմաբանների օժանդակությամբ, եւ Հայոց Բանակի ռազմական հարուստ փորձն ու հաղթական նպատակները եւս ներառվեն ՀՀ ԶՈւ-երում…

Երկար ժամանակ էր, որ ազատամարտիկները նստացույց էին կազմակերպել Ազատության հրապարակում եւ իշխանություններից պահանջում էին համապատասխան վերաբերմունք՝ պատերազմի բովով անցած տղաների կյանքի պայմանները բարելավելու առումով: Ցավալի է, որ այսպիսի ցույցեր դեռ լինում են, ինչը պիտի բացառվեր Հայաստանում, որտեղ դարերից եկող ավանդույթով սիրել են ազգի զինվորներին ու հայրենիքի համար մարտնչողներին: Առավել եւս, որ մենք դեռ պատերազմական վիճակում ենք ու, թերեւս, նվիրյալների, կամավորների կարիք ունենալու ենք ապագայում: Շատերը կհիշեն, որ նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանում պատահաբար հանդիպելով զինվորականների, նաեւ այլազգի, ինչպես էին մարդիկ սրճարաններում կամ խորտկարաններում գտնվելով՝ նրանց կանչում իրենց սեղանների մոտ եւ պատվում աղ ու հացով: Այլազգի զինվորներն ապշում էին՝ նշելով, որ նման բան որեւէ տեղ չեն տեսել: Իսկ պատվողները պարզապես պատասխանում էին, թե զինվորին հարգելը հոգու պարտք է, իսկ գուցե օտար մի տեղ էլ իրենց որդուն կամ ընկերոջը կպատվեն սա հասկացողները:

Իրականում հայ տեսակի մեջ ի բնե արմատավորված է սեփական բանակին կերակրելու կարեւորությունը, որ ազգն ու հայրենիքը պաշտպանված լինեն: Եղավ ժամանակ, երբ չկերակրեցինք մեր բանակը, այդժամ, ինչպես ասում են՝ կերակրեցինք այլերի բանակները… բոլոր հետեւանքներով հանդերձ: Ուստի՝ այժմ հարկ է եւ՜ կերակրենք մեր բանակը եւ՜ հոգեպես ու բարոյապես ամրապնդենք, որպեսզի հայոց բանակում ՄԵՆՔ-ը համատարած ԵՍ-ի չվերածվի եւ աղետի չենթարկի մեր ինքնապաշտպանական ու հարձակողական միակ կառույցը:

Իսկ տակավին վերջերս, Արցախյան ազատամարտի մասնակիցներից բողոքի ելած՝ դիմելով նստացույցի, սպասում էին իշխանության արձագանքին: Այնուամենայնիվ, իշխանությունները որոշեցին լսել ազատամարտիկներին, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց ու զրուցեց արդեն կառավարության շենքի մոտ հավաքված ազատամարտիկներին: Ներկա եղավ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրանք լսեցին ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, նրանց հետ քննարկեցին դրանց լուծման հնարավորությունները եւ ուղիները, ընդունեցին առաջարկների փաթեթը: Որպեսզի օժանդակությունը պետական մակարդակով կայանա ու լինի հասցեական՝ վարչապետը հանձնարարեց պաշտպանության նախարարությանը՝ մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները եւ դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:

Ազատամարտիկները վարչապետին հայտնել են, որ սոցիալական խնդիրներից զատ, նրանց ոչ պակաս մտահոգում է հանրության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց հանդեպ, ինչը բարոյալքման եւ հուսահատեցման առիթ է: Նաեւ մատնանշել են, որ որոշ լրատվամիջոցներ ոչ ճիշտ արձագանք են տալիս իրենց արծարծած խնդիրներին, քանզի իրենք ոչ թե պարզապես բողոքավոր են, այլ՝ կառավարության ուշադրությունն են հրավիրում իրենց հիմնախնդիրներին:

Որպես ուշադրության առաջին քայլ, տղաներն առաջարկել են, որպեսզի պետությունը սահմանի Ազատամարտիկի օր, որը կկարգավորվի օրենքով: Պատերազմի մասնակիցները կարեւորել են նաեւ ռազմա-հայրենասիրական դաստիարակության սերմանումը, Ազատամարտիկի թանգարանի հիմնումը եւ այլ հարցեր:

Վարչապետը խոստացել է կառավարությունում քննարկել այդ խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց կքննարկեն ազատամարտիկների հետ: Հուսանք, որ իշխանությունները կկատարեն իրենց խոստումը եւ կշարունակեն համագործակցել ազատամարտիկների հետ՝ նրանց խնդիրներին շոշափելի լուծումներ տալով:

Շեշտենք ազատամարտիկների այն մտորումները, թե ռազմա-հայրենասիրական դաստիարակության սերմանումը պետք է կարեւորել բանակում: Դա նախեւառաջ անհրաժեշտ է բանակում ներքին մթնոլորտն առողջացնելու, ծեծկռտուքի, սպանության կամ անօրինականության դեպքերը իսպառ վերացնելու համար: Այս գործում պիտի ներգրավել այն,

բառի բուն իմաստով, կռված տղաներին, ում համար հայրենիքի ու ազգի պաշտպանությունը այսօր էլ պատվի արժեհամակարգում են:

Որոշ տղաներ անարդար վերաբերմունքից արդարացիորեն նեղսրտում են եւ հիասթափված շարունակում, թե նոր կռվի դեպքում էլ չեն մասնակցելու, ու թող հղփացածների զավակները կռվեն այդ ժամանակ: Իհարկե, բողոքն արդար է, հղփացածներին արված հղումը՝ եւս, բայց հայրենիքից երբեք չեն նեղանում որեւէ պատճառով, առավել եւս իշխանության կամ ընդդիմության լավ ու վատ լինելով: Մեջբերեմ հայ արիների մի մեկնաբանություն, որ ասվել է նման մի առիթով. «Հայրենիքը պետությունը, պետական համակարգը չէ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ամբողջական Հայաստան Աշխարհը չէ: Հայաստանը՝ մեր երկինքն ու հողը, շենն ու շեմը, մեր բերքն ու բարիքը, գետերն ու լճերը, լեռներն ու դաշտերը, ամեն մի քարն ու թուփն է… որ հարազատ է յուրաքանչյուր հայորդու: Եթե կա մեկը, ով կարող է նեղանալ այս ամենից, մեր լեռնաշխարհից ու բնաշխարհից, ապա նա հաստատ գենախեղված է, որն անգիտակից է այլեւս հայադավանության հարցերում: Իսկ պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ընդամենը մի կառույց-միջոց է՝ ազգի ու հայրենիքի հոգսերը թեթեւացնելու եւ մեր հարատեւումն ապահովելու համար: Եթե այդ պետական համակարգը, իշխանությունները վատ են կառավարում, դա մեր նշած հայրենիքի մեղքը չէ… Հայրենիք-բնօրրանը մեկն է ու միակը, գերագույն տունն է ազգի, իսկ ազգն էլ՝ գերագույն ծնողն է համայն հայության: Ով այս ամենը չի հասկանում եւ տարբերակում՝ նա կարող է հեռանալ հայրենիքից, անգամ պետք է հեռացնել նմանին, քանզի, կամա թե ակամա, նա կդառնա ներքին թշնամի…»:

Իսկ ազգի ու հայրենիքի համար կռվել ու կռվելու են բոլոր իրապես նվիրյալները, անկախ սեռից եւ ունեցած քաղաքացիական դիրքից: Այր, թե կին տարբերակումը չի գործում հայրենյաց հարցերում, առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ: Եվ իզուր չէ, որ կանանց, եթե ոչ բանակում անմիջական ծառայելու, ապա քաղաքացիական կյանքում զինվորական պատրաստվածությամբ կրթելու մասին շատերն են խոսում: Անգամ վստահ են, որ կանանց մասնակցությունը զինված ուժերում կառողջացնի բանակային մթնոլորտը:

«Կանանց ներգրավվածությունը զինված ուժեր իրականացվում է բանակում բարեփոխումների ծրագրերի շրջանակներում, եւ կանայք կներգրավվեն հայկական զինված ուժեր փուլերով»,- անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի ներկայացուցիչների ընդունելության վերաբերյալ որոշմանը՝ ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ մինչ այս պահը ՀՀ ԶՈւ-երում չկար այդպիսի փորձ, որ աղջիկները եւ կանայք ստանան մասնագիտական զինվորական կրթություն: Նախատեսվում է, որ այս բարեփոխումը կօգնի բանակում ավելի առողջ մթնոլորտի ձեւավորմանը, «գենդերային հավասարության կբերի եւ կհանգեցնի նրան, որ շատ զինվորականներ այլ աչքերով կնայեն զինծառայությանը»: ՀՀ ԶՈւ-երում այս բարեփոխումներն իրականացվում են նաեւ համաշխարհային փորձին համահունչ եւ այդպիսի բարեփոխումները բանակում կրելու են շարունակական բնույթ:

Ըստ ՊՆ մամուլի խոսնակի,  կան շատ պետություններ, որտեղ կանայք ներգրավված են եղել սպայական կազմում եւ մասնակցել են մարտական գործողություններին. «Այստեղ կա Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի փորձը: Մենք ուսումնասիրում ենք բոլոր երկրների փորձը եւ վերցնելով լավագույնը՝ ներդրում ենք մեր զինված ուժերում»:

Իհարկե վատ չէր լինի, որ պատմա-քաղաքական լուրջ վերլուծություն եւս արվեր պատմաբանների օժանդակությամբ, եւ Հայոց Բանակի ռազմական հարուստ փորձն ու հաղթական նպատակները եւս ներառվեն ՀՀ ԶՈւ-երում:

Իսկ կանանց ներգրավման մասով նաեւ նշվել է, որ «այսօր շատ հրապուրիչ է եւ ցանկալի, որ կանայք ներգրավված լինեն կապի ոլորտում, ՀՕՊ-ի, հետախուզության ոլորտում, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ-երի այլ ստորաբաժանումներում»: Սա կարեւր որոշում է, քանզի, երբ մեր պատմական անցքերին ենք անդրադառնում, հատկապես 1915-ի դաժան օրերին, հայ կանանցից շատերը հանուն պատվի նախընտրել են իրենց նետել ժայռից կամ ընկնել գետը, որպեսզի թուրքի կողմից չստորացվեն: Մինչդեռ, հարգելով նրանց բարոյական վեհությունը, առավել ճիշտ կլիներ, որ հայ կինը եւս տիրապետեր զենքին եւ ընկներ ոչ թե ժայռից, այլ՝ զոհված ամուսնու հրացանը ձեռքին կռվելով… Գուցե այդժամ նաեւ այլ դիմադրական պայքար լիներ, եթե հայազգի զինվորականներին ու ժողովրդին միմյանցից մեկուսացրած թուրքը հանդիպեր մի այլ կռվող տեսակի: Ինչեւէ, մենք խոնարհվում ենք բոլոր մեր նահատակների առջեւ, վրեժի ենք պատրաստ բոլորի համար:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, հայտարարել է 2013/2014 ուսումնական տարում իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում: Ընդունելությունը կատարվելու է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։