Զինծառայությունը՝ պաշտոն ստանալու նախապայման… Պատիժ՝ ռազմի օրենքներով… Հայ խաղաղապահները Լիբանանում… Կականազերծվեն ականավարակ տարածքներ…

- Զինծառայությունը՝ պաշտոն ստանալու նախապայման…

…Մենք հասկանում ենք, որ այս հայտարությամբ նախարարը փորձում է մի կերպ խառնել իրար թացն ու չորը՝ դրանով փրկելով այն պաշտոնյաներին, ովքեր չեն ծառայել կամ որոնց որդիները չեն ծառայում: Այո, կան այնպիսիք, որ «տեղավորվոււմ» են նախարար Օհանյանի նշած փաստարկներում, բայց բոլո՞րը: Իհարկե՝ ո՜չ: Եվ բոլորը գրեթե բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ուստի չխոսելն անիմաստ է եւ նոր վտանգներ ու խախտումներ կխթանի…

- Զինադադար է – Ոստի պատիժ՝ ռազմի օրենքներով…

- Հայ խաղաղապահների դասակը կգործուղվի Լիբանան…

- Կականազերծվեն ականավարակ տարածքներ…

Զինծառայությունը՝ պաշտոն ստանալու նախապայման

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի տարածաշրջանում զորամաս այցից հետո ճեպազրույցում նշել է. «Ես գտնում եմ, որ ՀՀ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ծառայի բանակում, պետք է ծառայի հայրենիքին», ինչի հետ համաձայն ենք լիովին: Եվ այս տրամաբանությամբ էլ լրագրողները տվել են հաջորդ հարցը, թե ինչպես է Պնախարարը վերաբերում փաստին, որ ԱԺ պատգամավորների 50%-ը բանակում չի ծառայել, բայց այդ չծառայածների գրեթե 30%-ը մեդալներ ու շքանշաններ են ստացել: Նախարարի պնդմամբ, բուհական ուսումնական հաստատություններում տարկետման իրավունքը պիտի ամբողջությամբ վերացնել, քանի որ «կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկեր են հայտնվում»: Իսկ ինչ վերաբերում է կրթության շարունակականությանը, ապա սովորելու ցանկության դեպքում կարելի է բանակում ծառայությունից հետո շարունակել ուսումը. «Օրինակ, իմ տղան առաջին կուրսից գնացել, ծառայել է, այնուհետեւ ավարտել բակալավրն ու մագիստրատուրան ու արդեն իսկ իր համապատասխան անձնական որակներով, կամայական հատկանիշներով ու կրթությունից հետո համապատասխան գիտելիքներով աշխատանքի է անցել»: Անդրադառնալով մեդալներ ստանալուն, նախարար Օհանյանն ասել է, որ դրանք տրվում են նրանց, ովքեր համագործակցում են բանակի հետ, ովքեր բանակի համար համապատասխան աշխատանք են կատարում, մանավանդ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ. «Չմոռանանք նաեւ այն, որ երբ ասում ենք, թե յուրաքանչյուր տղամարդ պետք է գնա ծառայության, իշխանավորների ու ԱԺ պատգամավորների մեջ կան մարդիկ, որ օրինական ձեւով են ազատվել, ավարտել են տարբեր կրթական օջախներ, ասպիրանտուրաներ, գիտությունների թեկնածու են, ինչը նախկինում հնարավորություն է տվել՝ տարկետում ստանալու համար: Դա օրինականության շրջանակներում է»:

Մենք հասկանում ենք, որ այս հայտարությամբ նախարարը փորձում է մի կերպ խառնել իրար թացն ու չորը՝ դրանով փրկելով այն պաշտոնյաներին, ովքեր չեն ծառայել կամ որոնց որդիները չեն ծառայում: Այո, կան այնպիսիք, որ «տեղավորվոււմ» են նախարար Օհանյանի նշած փաստարկներում, բայց բոլո՞րը: Իհարկե՝ ո՜չ: Եվ բոլորը գրեթե բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ուստի չխոսելն անիմաստ է եւ նոր վտանգներ ու խախտումներ կխթանի:

Ամբողջ համացանցը լցված է մեր չծառայած իշխանավորների նկարներով եւ պետք է այս ամենին վերջ դնել: Իսկ վերջը կլինի այն, որ անգամ համացանցի ամենապրպտող օգտատերերը էլ չկարողանան գտնել չծառայած պաշտոնյայի: Ավելին՝ չգտնել որեւէ հայ տղամարդու, ով խուսափեր ծառայությունից…

Հայ արիականներն ու ազգայնականները ժամանակին վարչապետ Վազգեն Սարգսյանին առաջարկ ներկայացրեցին, որ գոնե պետական կամ կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող անձանց համար պարտադիր լինի բանակում ծառայած լինելու պահանջը (իհարկե, առաջարկում խոսքը բոլոր տղամարդկանց մասին էր): Նշված էր նաեւ, որ դա կարելի է առանձնահատուկ դեպքերում, նորից օրենսդրորեն, բացառության ենթարկել, եթե հիմնավորված ու տրամաբանված լինի որեւէ խելացի ու պատասխանատու անձի չծառայած լինելու հանգամանքը:

Կարծում ենք՝ այս ձեւակերպումներով օրենքի անհրաժեշտություն այսօր էլ կա, երբ բանակում անգամ աղջիկների եւ կանանց ծառայության մասով են օրենսդրական փոփոխություններ լինում:

Արման Դավթյան

 * * *

Այսօր շատ է խոսվում մեր զինված ուժերում տեղի ունեցող դրական տեղաշարժերի մասին, ասում են, թե խստիվ արգելված է կոռուպցիան եւ էլի նման բաներ:

Բայց եթե «դրական տեղաշարժերը» մնան միայն «շարժական» բովանդակության մեջ, ապա հետզհետե կմարեն: Իսկ եթե կոռուպցիայի մասին խոսքերը եւ արգելքները միայն ստորադաս աշխատակիցների համար լինեն, ապա խնդիրը արմատապես չի լուծվելու:

Անգամ խոսում են Ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական գործերի մասին, իսկ այս կառույցը ինքը պիտի հսկեր մնացյալին: Մեր բանակը բոլորիս ապավենն է եւ պետք է արդար ու անարատ մնա միշտ:

Պատիժ՝ ռազմի օրենքներով

Վերջերս Նոյեմբերյանի զորամասում զինվորի սպանության փաստն ու դրան հետեւած իրադարձությունները նորից մտորելու առիթ են տալիս: Իրավիճակն այնպիսին է, որ որեւէ մեկի գործողություններն արդարացնելու համար պետք է առնվազն տեսողության ու լսողության հետ խնդիրներ ունենալ:

Իհարկե, բանակի ղեկավարությունը փորձում է ստանդարտ պահվածք չդրսեւորել, սակայն այս պարագայում դա շատ քիչ է. կտրուկ միջոցներ են պետք եւ կտրուկ պատիժներ:

Այսօր մենք դեռ պատերազմական իրավիճակում ենք, ընդամենը զինադադար է (այն էլ՝ ամենօրյա սահմանախախտումներով) հայտարարված Արցախյան ազատամարտում եւ պետք է պատիժներն էլ սահմանվեն ռազմի օրենքներով:

Ընդդիմությունը եւս չպետք է շահարկի որդի կորցրած մայրերի ու հարազատների զգացմունքները:

Եվ որքան քննադատելի է իշխանության դանդաղկոտությունը ապօրինությունները պատժելու հարցում, այնքան էլ դատապարտելի են ընդդիմության՝ այդ հարցերով շահարկումները: Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 10 զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը անգամ հայտարարել էր, որ թույլ չի տա, որ «իր որդու լուսանկարը դրոշ սարքեն եւ շահարկեն իր վիշտը»: Սա վրդովեցրել էր որդի կորցրած մորը, երբ Մարզահամերգային համալիրում Վարդգես Գասպարին Տիգրանի լուսանկարը փակցրել է պարկին, հագցրել իր գլխին եւ պառկել գետնին…

Հայ խաղաղապահների դասակը կգործուղվի Լիբանան

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկով, որը պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթացել են բանակցություններ ՄԱԿ-ի եւ Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման ու այլ խնդիրների շուրջ: Բանակցությունների նպատակով Հռոմ է մեկնել ՀՀ ՊՆ մասնագիտական աշխատանքային խումբը, որին կհաջորդի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այցը Իտալիա:

Նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի 2 հայկական խաղաղապահ դասակ: 2012թ. Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ սպա:

Աֆրիկյան Մալիում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ներգրավվելու առաջարկ ՄԱԿ-ի կողմից նույնպես ստացվել է եւ որոշում է կայացվել այս փուլում բանակցել առաքելությանը միայն հայ ռազմական դիտորդներ տրամադրելու շուրջ: Հիշեցնենք, որ հայ զինվորականները ՄԱԿ-ի առաքելության կազմում (նաեւ՝ ՆԱՏՕ-ի) եղել են Իրաքում, Կոսովոյում եւ Աֆղանստանում:

Կականազերծվեն ականավարակ տարածքներ

Մեր ՊՆ-ում հունիսի սկզբին կայացած ասուլիսում «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներն ամփոփել են ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների ու համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր – 2013թ. մայիս ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները: Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի՝ 7 ամիս տեւած հետազոտությունը ներառել է ականների ազդեցության ուսումնասիրությունը, վարակված տարածքների բացահայտումը եւ քարտեզագրումը: «Ուսումասիրվել են ՀՀ 5 մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի բոլոր սահմանամերձ համայնքները, անտառտնտեսությունները, պետական նշանակության ավտոճանապարհները. ընդհանուր առմամբ՝ 4255 ք.կմ մակերեսով տարածք, որտեղ բնակվում է 34.723 մարդ»,- նշել է կենտրոնի ղեկավարը:

Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, շարունակելով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքը, ասել է, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 113 հաստատված եւ 17 կասկածելի վտանգավոր տարածք. «Կատարված աշխատանքների ընթացքում հավաքագրվել է նաեւ ականապայթյունային պատահարներից 264 տուժածների վերաբերյալ տեղեկատվություն, որը կհանձնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ աշխատանքների հետագա համակարգման եւ տուժածներին աջակցելու համար»: Առավել մանրամասն եւ ամփոփ հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մինչեւ հուլիսի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարություն:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։