Համասեռամոլական լոբբինգ՝ Վատիկանում… Բիլակների, հաստավիզների ժամանակներն անցնու՞մ են… Հարուստ ժողովրդի օգնությունը՝ ամենախեղճ կուսակցություններին…

– Համասեռամոլական լոբբինգ՝ Վատիկանում…

– Բիլակների, հաստավիզների ժամանակներն անցնու՞մ են…

– Հարուստ ժողովրդի օգնությունը՝ ամենախեղճ կուսակցություններին…

 Համասեռամոլական լոբբինգ՝ Վատիկանում

Նորընտիր Հռոմի պապ Ֆրանսիսկը կարծես որոշել է պաշտպանել Արգենտինայում իր կարդինալ եղած ժամանակ արված հայտարարությունները: Նա նաեւ հրաժարվել է ավելորդ ճոխություններից եւ սպասարկումներից: Հայոց ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ եւս հավաստելուց հետո, ինչը կատաղեցրել է Անկարային, Հռոմի պապը հայտնել է, որ ընդունում է Վատիկանի ներսում համասեռամոլական լոբբինգի գոյությունը՝ հայտնելով նաեւ, որ կաթոլիկ եկեղեցու շրջանակներում բարոյական անկում է:

Այս հայտարարությունը պոնտիֆիկն արել է Լատինական Ամերիկայից կաթոլիկ հոգեւորականների հետ հանդիպմանը: Մասնավորապես, կաթոլիկների հոգեւոր առաջնորդը մատնանշել է մի քանի հիմնախնդիրներ: Նրա խոսքով՝ Վատիկանի վարչակազմում հայտնվել են մարդիկ, որոնք բարոյապես ընկած են: «Վատիկանը պետք է զբաղվի նաեւ հոմոսեքսուալիստների  լոբբիի հարցով, որը գործում է այդ վարչակազմի ներսում»,- ասել է նա:

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից առաջ իտալական զլմ-ները հրապարակել էին, թե վատիկանյան համասեռամոլները միավորվել են եւ փորձում են առաջ քաշել իրենց շահերը, ինչը Սուրբ Աթոռը շանտաժի ենթարկվելու վտանգի տակ է կանգնեցնում: Կարծիք կար, թե այդ իրավիճակն է, որ ստիպել էր նախկին Պապին հեռանալ: Այն ժամանակ Վատիկանը հերքում էր այդ տեղեկությունները: Այս անգամ եւս պաշտոնական հայտարարություն չկա, միայն հաստատվել է, որ հոգեւորականների հետ հանդիպումը մասնավոր էր: Այդ հոգեւորականներն արդեն ներողություն են խնդրել Պապից՝ մասնավոր զրույցի որոշ դրվագները հանրայնացնելու համար:

Բիլակների, հաստավիզների ժամանակներն անցնու՞մ են

«Անկախ դիրքից, պաշտոնական կապերից, կուսակցական պատկանելությունից, բարեկամական կապերից, յուրաքանչյուր մեղավոր պետք է պատժվի»,- ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած միջադեպին՝ հավելելով, որ քաղաքական կուսակցությունները այս հարցում անելիք չունեն, խնդիրը իրավապահների տիրույթում է:

Նա անդրադարձավ այն գնահատականներին, թե փորձ է արվում քողարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեղքը, ինչպես ժամանակին դա արվում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առումով: Այս մասով ՀՀԿ խոսնակն ու ԱԺ փոխնախագահը նշել է. «Համամիտ չեմ առանց փաստերի կարծիքներ հայտնելուն, եթե ընդդիմությունը, իշխանությունը, սովորական քաղաքացիները ունեն փաստեր, ապա դրանք պետք է ներկայացնեն համապատասխան իրավապահ մարմիններին: Այլ ճանապարհ քաղաքակիրթ աշխարհը չի հորինել»: Ինքը չի ընդունում շտապ գնահատականները եւ վստահեցրել է, որ իրավապահ մարմինները օպերատիվ եւ հրապարակային են աշխատում եւ փաստ ունենալու դեպքում պիտի ներկայացնել. «Այն, որ Գորիսում տեղի է ունեցել շատ ցավալի դեպք, դատապարտելի դեպք, որին, ի դեպ, առաջիններից մեկը արձագանքեցի ես, փաստ է: Այն որ ուժով, զոռբայությամբ, բիլակով, հաստավզությամբ հարցեր լուծելը պետք է մերժվի, եւս փաստ է, բայց այստեղ անելիք ունենք բոլորս, խնդրում եմ, որ ոչ մեկը իրավապահ մարմնի կամ դատավորի ֆունկցիան իր վրա չվերցնի»:

Վահագն Նանյան

 Հարուստ ժողովրդի օգնությունը՝ ամենախեղճ կուսակցություններին

2012թ. համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական ուժերից ՀՀԿ-ն այդ տարի պետական բյուջեից ստացել է 29 մլն. 530 հազ. դրամ, ԲՀԿ-ն՝ 17 մլն. 511 հազ. դրամ, ՀՅԴ-ն՝ 6 մլն. 740 հազ. 900 դրամ, ՕԵԿ-ը՝ 4 մլն. 633 հազ. 400 դրամ, «Ժառանգություն»-ը՝ 4 մլն. 387 հազ. դրամ, ՀԱԿ-ը՝ 2 մլն. 928 հազ. 900 դրամ:

ՀԱԿ-ը, ի տարբերություն քաղաքական ուժերի, բյուջետային ֆինանսավորում է ստացել ավելի կարճ ժամանակահատվածի համար: Մնացած 5-ը ներկայացված են եղել նաեւ նախորդ գումարման ԱԺ-ում՝ մինչեւ մայիսին կայացած ընտրությունները: ՀԱԿ-ը մեկ այլ առանձնահատուկ կարգավիճակում է եղել. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած շուրջ 2 տասնյակ կուսակցությունների դաշինք: 2013թ. մարտի 22-ին արդեն որպես ՀԱԿ կուսակցություն ներկայացրած հաշվետվության մեջ, սակայն, նշված է, որ պետբյուջեից դաշինքի ստացած գումարներից փոխանցում է կատարվել միայն Հայաստանի ժողովրդական կուսակցությանը: Իսկ ՀԺԿ-ի հաշվետվության մեջ այդ գումարը 366 հազ. 100 դրամ է: ՀԱԿ-ը նաեւ իր եկամուտներից անդամավճար է վճարել Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությանը, սակայն անդամավճարի հստակ գումարը նշված չէ. այն ներառված է այլ ծախսերի մեջ:

Դատելով ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվություններից՝ քաղաքական ուժերը պետական բյուջեից ստացված այդ գումարները՝ ի թիվս այլ օրինական եկամուտների, հիմնականում ծախսել են աշխատավարձի, մատուցված ծառայությունների, գրասենյակների կոմունալ վճարների եւ վարձակալության, հարկերի, տուրքերի, գործուղման, տրանսպորտային ու այլ ծախսերի գծով:

Այսպես՝ ծերը-ծերին հասցնելով, մեր այս խեղճ կուսակցություններն ամեն օր խոսում են ժողովրդի վիճակը բարելավելուց եւ երկիրը երկիր դարձնելուց… Ուստի՝ մենք բոլորս, պիտի առավել օժանդակություն ցուցաբերենք, անգամ մեր վերջին հացի փողը նվիրենք, որ նրանք իրենց կումունալ վճարներն ու ճամփորդության փողերն ունենան:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.