Հայկական ատոմակայանը՝ օրինակելի… Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում (ինչպես մեր մյուս բարեկամ Ռուսաստանը)… Մոսկվան սիրաշահում է Կիեւին…

- Հայկական ատոմակայանը՝ օրինակելի…

- Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում…

- Մոսկվան սիրաշահում է Կիեւին…

 Հայկական ատոմակայանը՝ օրինակելի

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:Կողմերը գոհունակությամբ են նշել ՀՀ եւ ԱԷՄԳ միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի մասին, ինչը ընդլայնման եւ խորացման միտում ունի: Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան՝ ԱԷՄԳ տնօրենի տեղակալը նշել է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ, Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան եւ այդ օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:

ԱԳ փոխնախարարը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից: Նաեւ շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական աջակցության եւ հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար:

Սեփ լրատվություն

 Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարել է, թե «Իրանն էլեկտրաէներգիայի հարցում պահպանում է պայմանավորվածությունը Հայաստանի հետ, եւ Երեւանն ինքը պետք է որոշի, թե որքանով է իրանական գազն այլընտրանք ռուսականին»: Դիվանագետը հիշեցրել է, որ գազամուղի կառուցման ժամանակ կար պայմանավորվածություն, որ գազի դիմաց տրվելու է էլեկտրականություն, սակայն ներկայումս Իրանը չունի էլեկտրաէներգիայի կարիք, նույնիսկ արտահանում է Իրաք եւ այլ երկրներ, բայց հավատարիմ է այդ պայմանավորվածություններին՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի վիճակը: «Մենք շատ մոտիկ, բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, շարունակում ենք մեր գործընկերությունը գազի ոլորտում: Իսկ Հայաստան ներմուծվող իրանական գազի գինը չի տարբերվում Թուրքիա արտահանվող գազի գնից, քանի որ բոլոր հարեւաններին գազը մատակարարվում է ըստ միջազգային գների եւ որեւէ մեկի հանդեպ խտրականություն չկա»,- հայտնել է դեսպանը:

Ստացվում է՝ մեր ռազմավարական գործընկերներ Ռուսաստանն ու Իրանը, որ համաթրքական ճակատի համար թշնամիներ են, ինչպես Հայաստանը, ուզում են բոլորի հետ լավ լինել, բայց որ Հայաստանն ամենալավը իրենց հետ լինի: Երկու երնեկի պատմությունն է, որն անհնար է:

Նա նաեւ խոսել է Իրանի միջուկային ծրագրի մասին՝ նշելով, որ Իրանը երբեք միջուկային զենք չի օգտագործի. «Որեւէ երկիր իր միջուկային ծրագրերի օբյեկտները չի բացել այնքան, որքան Իրանը: Լայնորեն բացել ենք բոլոր մեր օբյեկտները, բայց այս դեպքում ուժեղ է Իրանի դեմ քարոզչությունը: Պատրաստ ենք թե՜ տեխնիկական թե՜ իրավական հարթության վրա շարունակել աշխատանքը, բայց, ցավոք սրտի՝ մեծ տերությունները ցանկանում են բանակցել մեզ հետ պայմանավորվածություններից դուրս»:

Նշվել է, որ Թեհրանը խնդիր չունի միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում, ավելին, եթե շիա հոգեւոր առաջնորդը հայտարարում է, որ միջուկային զենքն անթույլատրելի է, որեւէ մեկը չի կարող շրջանցել այդ հրովարտակը: Թեհրանը ՄԱԿ-ում նույնիսկ առաջարկել էր ստեղծել մի նախաձեռնություն, ըստ որի Մերձավոր Արեւելքը պիտի զերծ մնա միջուկային զենքից: «Մենք այն համոզմունքին ենք, որ անգամ մեկ անմեղ մարդու մահն անթույլատրելի է»,- հայտարարել է դեսպան Ռեյիսին եւ հիշեցրել, որ Վաշինգտոնը թույլ չտվեց, որ Թուրքիայի ու Բրազիլիայի բանագնացները գան Թեհրան բանակցության:

Վահագն Նանյան

 Մոսկվան սիրաշահում է Կիեւին 

Ուկրաինային առաջարկել են անդամակցել Մաքսային միությանը չափազանց շահեկան պայմաններով, խոստացել են ռուսական գազի սակագնի կտրուկ իջեցում եւ նավթի արտահանման մաքսատուրքերի վերացում. հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Ըստ վարչապետի՝ «Մաքսային միությանն անդամակցելու Ուկրաինային առաջարկված պայմանները տնտեսապես չափազանց շահեկան էին: Դրանք իրական միլիարդավոր դոլարներ են: Սակայն մենք մեր գործընկերներին ասել ենք, որ Ուկրաինան չի կարող իրեն դրսեւորել որպես անհետեւողական հարս՝ խոստումներ տալ, սակայն հետո դրանցից հրաժարվել»:

Ուկրաինան, դառնալով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություններ եւ չի կարող դրանք խախտել. «Ինչպե՞ս կարող ենք գրչի մի հարվածով չեղյալ հայտարարել այդ համաձայնագրերը: Մենք հավատարիմ կմնանք այն համաձայնագրերին, որ ստորագրել ենք»:

Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվել է Ուկրաինայի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ հարաբերությունների խորացման մասին հուշագիր, որը նախատեսում է ներկայացուցիչ ունենալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում եւ 2015թ. դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ անդամ:

Իսկ մայիսի 15-ին Եվրոպական հանձնաժողովը վավերացրել է Եվրամիության խորհրդին ուղղված առաջարկը՝ Ուկրաինայի հետ ստորագրելու ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր:

Հայաստանը եւս Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, Եվրասիական տնտեսական համագործակցություն կազմակերպության դիտորդ անդամ եւ նույնպես նախատեսվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության հուշագիր ստորագրել:

Նախատեսվում է նաեւ, որ աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովին կնախաստորագրվի Հայաստանի ու Եվրամիության միջեւ ազատ առեւտրի եւ ասոցացման համաձայնագիր:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։