Դիակիզումը՝ որպես բնապաշտական ծես – Երկնային ոգու հետ միայն երկրային հոգով են առնչվում… Արարիչը մարդուն Տիեզերանյութից է ստեղծել…

Դիակիզումը՝որպես բնապաշտական ծես

Երկնային ոգու հետ միայն երկրային հոգով են առնչվում

 Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայտարարում է, թե մահացած մարդու մարմինը հողին հանձնելը սկզբունքային է, քանի որ, ըստ քրիստոնեական հավատի, Աստված մարդու մարմինը հողից է ստեղծել եւ «հող էիր՝ հող դարձի­ր»-ը պետք է պահպանվի ու մեռյալը պետք է հուղարկավորվի եւ ունենա գերեզմանատուն:

Սա շուրջ 2000 տարվա պատմություն ունի, եւ քրիստոնյա հայերը պայքարում են, որպեսզի «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասի­ն» օրենքում փոփոխությունները պահպանեն միայն գերեզմանատների հարցը՝ ընդդիմանալով դիակիզարանների շահագործման ծրագրին:

Չնայած այդ նույն քրիստոնյա հայերը հասկանում են, որ հայը գալիս է հազարամյակների խորքից եւ դեռ քրիստոնեությունից առաջ եղել ու իր թաղման ծիսակարգն է ունեցել Հայոց հավատին համահունչ, բայց ընդդիմանում են մի հարցում, որը սկզբունքային է նաեւ հայ հեթանոսների կամ ավելի հայեցի արտահայտությամբ՝ ազգային հավատի (հեթանոս-էթնոս-ազգ) հետեւորդների կամ արիադավան հայերի համար:

Եղավ մի պահ, երբ Հայ առաքելական եկեղեցին հայտարարեց, թե դիակիզումը ազգային արմատներից կտրվել է նշանակում, քանզի խախտվում է կրկին հող դառնալու նպատակը: Փորձեր արվեցին դիակիզումը հինդուիստական կամ նման այլ արարողություն ներկայացնել: Փորձեցին նաեւ արիադավանների ու աղանդավորականների ծեսերի հետ ինչ-ինչ սին համեմատականներ դնել եւ այլն:

Սա, իհարկե, վրդովեցրեց արիադավան-հեթանոս հայերին եւ, օրինակ, Հայոց հավատի հետեւորդ Հայ Արիական Միաբանությունը հանդես եկավ մի շարք հայտարարություններով ու պարզաբանումներով: Նախ ՝արմատներից կտրվելու մասով ՀԱՄ-ը հայտարարեց, որ դեռ 301թ. հայկական մեծ սպանդով քրիստոնյաները ցեղասպանեցին հայությանը՝ ինչպես մարդկային զանգվածային ջարդեր կազմակերպելով, այնպես էլ հայոց հավատը, մշակույթը եւ ավանդույթները ոչնչացնելով: Եվ հայ արիներն իրենք մեղադրեցին եկեղեցուն՝ հրով, սրով ու ավերով հայությանը արմատներից կտրելու, Հայաստան երկիրը քայքայելու համար:

ՀԱՄ-ը հայ արիների եւ քրիստոնյա հայերի հայեցի լինելու բնութագրերը տալիս փաստեր է ներկայացրել, թե ով ինչ է դավանում եւ ում է հավատում. պարզաբանումներում մասնավորապես ասվում է, որ քրիստոնյա հայերը դավանում են հուդա-քրիստոնեական ուսմունք (Հին կտակարանն առավելապես հրեական պատմություն եւ քարոզներ է պարունակում), որտեղ Եհովան հրեաների Աստվածն է, իսկ նրա որդի Հիսուս Քրիստոսը՝ հրեա Մարիամի միակ զավակը չէ, առաքյալները բացառապես հրեաներ են, մարգարեներն ու մնացյալը՝ եւս, «Բիբիլիա»-ն (որ հայերը չգիտես ինչու «Աստվածաշունչ» են կոչել) հրեական ընտրյալությունը քարոզող մի գիրք է, որտեղ պաշտվում է Իսրայելը, իսրայելական Սիոնն ու Երուսաղեմը, անգամ մահացած հայի հոգուն քրիստոնյա հոգեւորականները թաղման ծեսով «ի վերին Երուսաղեմ» են ուղարկում եւ այլն:

Իսկ հայ արիները դավանում են հայոց ծագման, ինքնության եւ էության, առաքելության եւ հայ տեսակի, նրա Աստվածների ու հայրենի բնաշխարհի արարչածնության վրա հիմնված հավատը: Հայի Աստվածները հայ են՝ Աստվածահայր Արա, Աստվածամայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր եւ Վանատուր, հայի աստվածազարմ նախնին եւս հայ է՝ Հայկ Նահապետը, հայի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է եւ մահից հետո էլ հայի հոգին հանգրվանում է Երկնային Հայքում՝ հայկական տիեզերաաշխարհներում եւ՝ այսպես շարունակ:

Եվ հայ արիները հայտարարել են նաեւ, որ ամեն մեկն ազգային ասելով՝ իր ազգն է նկատի ունենում, եթե քրիստոնեությունը հրեա Աստծով ու հրեա Հիսուսով հանդերձ ազգայինը իր կրոնն է համարում, ուրեմն՝ հրեական ծագմնան հետեւորդների մասին է խոսքը: Հայը միայն Հայոց հավատից եւ Հայ Աստվածներից կխոսի…

Նշվել է, որ կրոնը վերազգային կամ ապազգային ուսմունք է, քանզի տվյալ կրոնի հետեւորդ լինում են անկախ ազգային պատկանելությունից (հայ, հույն, վրացի, թե աշխարհի որեւէ ազգի ներկայացուցիչ), իսկ ազգային լինում է միայն հավատը, դիցուկ՝ հայ արիադավաններ (հեթանոսներ) կարող են լինել միայն գենետիկ հայերը:

Եվ որպեսզի այս դավանաբանական վեճը շարունակական չդառնա եւ առավել սրվի, հայ արիները կոչ են անում, որ եկեղեցին չընդդիմանա դիակիզման օրենքին եւ շարունակի իր «հողեղեն» թաղումները, «հող էիր՝ հող դարձի­ր»-ը, չխանգարելով, որ արիական հայերն էլ հոգու ծեսը կատարեն «հուր էիր՝ հուր դարձի­ր»-ով: Ի վերջո, այդ մարմինը ծառայել է անմեռ հոգու առաքելությանը Երկրում, եւ իրավունք ունի միանալու բնությանը (դիակիզումից առաջացած մոխիրը հանձնվում է հողին, ջրին, հրին եւ օդին), որի ծնունդն է:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը մի առիթով նշեց, որ թաղման ծեսը երկու ուղղությամբ է ընթանում, նախ բարի ճանապարհ է մաղթվում հոգու երկրային հանգրվան-մարմնին, որ եղել է մարդու առաքելության նյութական միջոցը, որը կամ թաղվելով ինքնաքայքայման է գնում, կամ դիակիզումից հետո բնության 4 տարերքներին է հանձնվում՝ ձուլվում բնությանը. «Մենք նաեւ բարի ճանապարհ ենք մաղթում մարդու հոգուն, որ ճիշտ նույն մարմնով (բայց մեր աչքին անտեսանելի) որպես եռահամակարգ մարդ (մարմին, միտք եւ հոգի) տեղափոխվում է այլ տիեզերաաշխարհ, եւ մենք պետք է փառաբանենք տիեզերածին հոգուն, նրա նոր երկնային կյանքը՝ նաեւ նրա երկրային հանգրվան-մարմինը բնության տարերքներին հանձնելով…»:

ՀԱՄ-ը կողմ է դիակիզմանը եւ հայ արիականներն արդեն ունեն դիակիզմամբ քրմերին հրաժեշտ տալու փորձ, արդեն ունեն գրված կտակներ, որպեսզի անգամ օրենքի ձգձգումը չխոչընդոտի մահից հետո բնության մասնիկը դառնալուն: Նրանք ասում են. «Մենք հող չենք եղել եւ մեզ նայելով հողաթմբեր չեն տեսնի, որ հետո գնանք հող դառնանք… Մենք հրեղեն ծագում ունենք եւ հուր էլ կդառնանք – Վահագնի հրեղեն ծնունդը վկա…»:

Տիեզերքի Արարիչը մարդուն Տիեզերանյութից է ստեղծել, որում բոլոր բնական տարրերը առկա են… Առկա են 5 տարերքների տեսքով – Հուր, Հող, Ջուր, Օդ եւ Եթեր… Եթե առաջին 4-ին մարմինն է դառնում հասանելի, ապա 5-րդը հոգու կենսատարածքն է: «Ծնունդը, ինչպեսեւ մահը, բնական վիճակ է, որոնց արանքում էլ ընթանում է մարդու կյանքը: Իսկ հոգին երբեք չի մեռնում, ու դա հավաստում են բոլոր հավատներն ու կրոնները… Մարդը երկրային կյանքից հետո անցնում է երկնային կյանքի, եւ սա է բնական վիճակը»,- ասում են հայ արիները եւ հավելում, որ մարդիկ հարազատի մահից հետո առավելապես պետք է կենտրոնանան ոչ թե մարմնի «տեղավորման» խնդրի վրա, ինչը եւս կարեւոր է եւ պետք է հավատի ծիսակարգով ընթանա, այլ պետք է կենտրոնանան հոգու հետ հետագայում առնչվելու խնդրին, քանզի կապը այն աշխարհում հայտնված հարազատի հետ ոչ թե մարմնի, այլ հոգու հետ է ստեղծվելու: Այցելելով հարազատի շիրիմին, դեռ չի նշանակում շփվել հոգու հետ, հոգին այդ շիրմաքարի մոտ չէ իր հետագա կյանքը շարունակում, այլ՝ Արարչի կողմից հատկացված տիեզերաաշխարհներում:

Եվ եթե մարդը իր միտքը եւս ազատի նյութականացված վիճակից, ապա կհասկանա, որ ոգու հետ միայն հոգով են առնչվում…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։