- Կյանքդ բարելավիր… հանդերձյալ աշխարհում – «Կունենանք գերէլիտար դիակներ, եւ կունենանք բոմ ժդիակներ»…
- Դիահերձման գինը՝ավելի քան 50 հազար դրամ…
Կյանքդ բարելավիր… հանդերձյալաշխարհում
«Կունենանք գեր էլիտար դիակներ, եւ կունենանք բոմժ դիակներ»
ՕԵԿ ԱԺ խմբակցությունն առաջարկել է բացի գործող մասնավոր եւ պետական գերեզմանատներից, նոր հողհատկացում անել մասնավոր նոր գերեզմանատների համար: Խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ դա «պիլոտային ծրագիր կարող է լինել, քանի որ Հայաստանը սակավահող երկիր է»:
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՚ նախագծի վերաբերյալ հերթական խորհրդարանական լսումները եղան եւ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ սա հանրային հնչեղություն ունեցող հարց է եւ նախագիծը ներկայացնելով ոչ թե մեղավորներ են փնտրելու, այլ՝ հարցերի պատասխաններ. «Պիտի հստակեցվի պետական լիազոր մարմնի դերակատարումը, հստակեցվեն իրավասությունները: Իրականացվեն գերեզմանների տարածքների մշտադիտարկում, լինեն օգտագործման վերաբերյալ սահմանափակումներ, հստակեցվեն սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման հարցեը»:
Ըստ մասնագետների, գերեզմանները մոտենում են մայրուղիներին ու ներհամայնքների ճանապարհներին եւ, այսպես կոչված, պիլոտային նախագծով տարածքները կտրամադրվեն վարձակալությամբ՝ 49 տարի ժամկետով, իսկ ենթավարձակալության հանձնելու համար կսահմանվի արգելք:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը այն հարցին, թե «արդյո՞ք մեր խնդիրը դա է՝ մասնավոր, թե պետական գերեզմաններ, սոցիալական տեսանկյունից հարցը դիտարկվե՞լ է՝ ունենալու ենք հարուստների ու աղքատների գերեզմանոցնե՞ր», նախագծի հեղինակները ասել են, թե «դա կնպաստի կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը»: ԲՀԿ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ նկատել է, որ արդեն կան մասնավոր գերեզմանատներ, ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը, որո՞նք էլ լինելու նոր մասնավոր գերեզմանատների տարբերությունները. «Սակավ ապահովված ընտանիքները խնդիրներ են ունենենալու հուղարկավորություններ կազմակերպելու համար»: Նախագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը այստեղ հայտարարել է, որ մինչեւ 12 քառ. մետր տարածքը շարունակելու է լինել անվճար, իսկ նոր գերեզմանատներում կլինեն հանգստի սենյակ, ավտոկայանատեղի, բուժկետ, սանհանգույց եւ հուղարկավորության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պայմանները:
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը հայտարարեց, որ նախագիծը հում է. «Մեր երկրում, որտեղ գներն անընդհատ փոփոխվում են, բիզնես դաշտը ինչպե՞ս ենք կարգավորելու, ստացվում է այնպես, որ մեր նախնիների գերեզմանները կկորցնենք, եթե չկարողանանք վճարել դրանց համար, գործող գերեզմանների դեպքում նման խնդիր չունենք»: Շատ հուզող հարցերից մեկը «աղքատների ու հարուստների գերեզմանատներ» ունենալու մտայնությունն էր: Շատերի կարծիքով այսօր լուրջ խնդիրներ կան, բայց արդյո՞ք այս նախագծով այդ
խնդիրները կլուծվեն, թե՞ միայն մասնավոր գերեզմանատներ ունենալու հարցն է կարեւորվում: Բացի այս, լուրջ մտահոգություններ կան, թե որքանով է նպատակահարմար հուղարկավորության հետ կապված ամեն ինչը տալ մասնավորին:
Պատճառաբանվում է, թե հակառակը՝ մասնավորին ոլորտի հանձնումը կբերի դրա առողջացմանը. «Երբ դա կլինի եւ մենք մրցակցություն կսահմանենք, ես վստահ եմ, որ գները ավելի մատչելի կլինեն, քան ներկայումս: Ամբողջ աշխարհում անցնելով նման համակարգի, լավ արդյունքներ են արձանագրել ոլորտում»,- ընդգծել են ՕԵԿ-ականները:
Սակայն որոշ պատգամավորներ կասկածել են, որ մասնավորեցումը կբերի գների մատչելիությանը, նաեւ մտահոգություն հայտնեցին, որ եթե այդ փոփոխություններն իրականացվեն, ապա քաղաքացիները որոշակի խնդրի առաջ կկանգնեն, որովհետեւ եթե այսօր ոմանք իրենք իրենց ձեռքով են, ենթադրենք, գերեզմանի փոսը փորում, քանի որ գումար չունեն դրա համար բանվոր վարձելու, ապա այդ դեպքում մասնավորը կարող է իրեն թույլ չտալ իր տարածքում ինքնագործունեությամբ զբաղվել: Այլ կերպ ասած, քաղաքացին դարձյալ տուժողի դերում կհայտնվի:
Նշվեց, որ պետք է լինի հստակ վերահսկողություն իրականացնող մարմին, որը պատասխանատվություն պետք է կրի այդ բոլոր խախտումների համար, որոնց ականատեսն ենք եւ կարող ենք դեռ լինել: Հատկապես գերեզմանատներում տարածքներ տրամադրելու գործընթացը պետք է վերահսկվի լրջորեն, քանի որ օրենքում հստակ սահմանված է, որ մինչեւ 12 քմ գերեզմանի տարածք պետությունը տալիս է քաղաքացուն, բայց խնդիրն այն է, որ կան տարբեր տիպի գերեզմաններ՝ համայնքապետական գերեզմաններ, պետական եւ այլն: Օրենքով սահմանված է, որ ընտանիքը կարող է իր տարածքը դարձնել մինչեւ 18 քմ, այսինքն այն 6 քմ-ի համար վճարել հավելյալ, բայց ինչ կատարվում է մեզ մոտ՝ խայտառակություն է: Վարչապետն անգամ հանձնարարեց ուսումնասիրել այդ ոլորտը, որովհետեւ դեպքերը չափազանց շատ են, երբ գերեզմանում ոչ ոք հուղարկավորված չէ, բայց այն բետոնապատ է ու դառնում է առուվաճառքի առարկա: Եվ մարդ, երբ դժբախտություն է պատահում, առերեսվում է այդ խնդրին. գերեզմանոցում հարցնում են, թե որտե՞ղ է ուզում, ի՞նչ տարածք է ուզում եւ այլն: Մտահոգիչ խնդիր է նաեւ այն, որ իրականում տեղ էլ չկա գերեզմանատներում եւ գերեզմանատները դուրս են գալիս փողոց. «Զեյթուն-Քանաքեռի» գերեզմանատանն է այդ վիճակը, «Շահումյանում» եւ այլն: Մենք ունենք ցավալի օրինակներ նաեւ գյուղական համայնքներում, երբ մարդն իր սեփական հողի վրա, գյուղատնտեսական նշանակության հողատարածքում հարազատին է հուղարկավորում: Սա սարսափելի է, ավելին՝ դեպքեր կան, երբ նույն գյուղական համայնքներում հուղարկավորության համար հատկացվել է տարածք 200-300քմ-ով: Օրենքում պետք է հստակ լինի՝ ո՞վ է պատասխանատու հենց ամենասկզբի՝ հողահատկացման համար: Այստեղ գործառույթ պետք է ունենան ու պատասխանատու լինեն բնապահպանության, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման նախարարությունները, համայնքի ղեկավարությունը, մարզպետարանը:
Պատգամավորները ԱԺ միջանցքներում խոսում էին, որ նախագծում ներկայացված առաջարկների հետեւում իրականում թաքնված է ամենակարեւորը. «Հայաստանում ուզում են մոնոպոլացնել գերեզմանատների բիզնեսը, որն այսօր էլ բավականին լավ եկամուտ է բերում որոշ անհատների եւ, բացի այդ, մասնավոր գերեզմանատներ ստեղծել ՙէլիտար հանգուցյալների» համար: Իսկ մեծ հողակտորներ զբաղեցնելու համար օրենքը կբացի իր դռները: Ոմանք էլ փորձի համար նշում են մասնավոր հիվանդանոցները, թե ինչ գումարներ են մարդիկ թողնում այնտեղ: «Հանդերձյալ կյանքն էլ ենք մտցնու՞մ այդ ոլորտ»,- բողոքում են ոմանք:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ լավատեսորեն չէ տրամադրված, նաեւ կանխատեսում է հաջորդականությունը, այն է՝ հաջորդ քայլով օլիգարխները մենաշնորհ կստեղծեն ոլորտում. «Եվ կունենանք գերէլիտար դիակներ, եւ կունենանք բոմժ դիակներ… ներողություն կոպիտ արտահայտվելուս համար, բայց այդպես է ստացվում»:
Վահագն Նանյան
Դիահերձման գինը՝ ավելի քան 50 հազար դրամ
Երկրի առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստերից մեկում քննարկվել են ախտաբանաանատոմիական ծառայության ներկա վիճակը, գործունեության վերլուծությունը, առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները: ԱՆ գլխավոր ախտաբանաանատոմ, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է Երեւանում եւ մարզերում ծառայության վիճակը: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ մայրաքաղաքում գործող ախտաբանաանատոմիական 10 բաժանմունքի 80%-ը կարիք ունի ընթացիկ կամ կապիտալ վերանորոգման: Մի շարք ախտաբանաանատոմիական բաժանմունքներում չկան այդ ծառայության բաղադրիչ հանդիսացող հյուսվածքաբանական լաբորատորիաներ, եւ անհրաժեշտության դեպքում օգտվում են բուժհաստատության ընդհանուր լաբորատորիայի հյուսվածքաբանի ծառայություններից: Եղած լաբորատորիաների մի մասն էլ խիստ կարիք ունի սարքավորումերի, ինչպեսեւ հետազոտության մեթոդների ու աշխատակազմի մասնագիտական գիտելիքների եւ ունակությունների արդիականացման:
Նշվել է, որ լաբորատորիաներն ապահովված չեն անհրաժեշտ լաբորատոր ներկերով, ռեակտիվներով եւ բավարար քանակությամբ նյութերով: Լուրջ խնդիր է նաեւ ծառայությունը երիտասարդ մասնագետներով համալրելը, մինչդեռ ախտաբան-անատոմների եւ հյուսվածքաբանների միջին տարիքը գերազանցում է 55-ը:
Մտահոգիչ է այն փաստը, որ մայրաքաղաքի ախտաբանաանատոմիական որոշ կենտրոններում անգամ տեղյակ չեն, որ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին ախտաբանական ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում: Իսկ այնտեղ, որտեղ իրականացվում են անվճար ծառայություններ, սահմանափակվում են լաբորատոր հետվիրահատական հյուսվածքների եւ օրգանների հյուսվածքաբանական եւ բջջաբանական հետազոտություններով: Խիստ տարբեր են վճարովի ծառայությունների սահմանված գները. դիահերձման գները Երեւանում տատանվում են 10-ից մինչեւ 54 հազար դրամ: Երեւանի միայն 3 կենտրոնում են պետպատվերի շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումներ կատարվում:
ԿարենԲալյան
«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528