Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակ – ազգայնական ու համահայկական գաղափարների ներմուծություն… Գների նվազում չի՛ եղել…

Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակԱնգամ ԲՀԿի միանալը ՀՀԿՕԵԿական իշխանական դաշինքին ոչ մի նոր բան չի հաղորդի մեր       քաղաքական ու հանրային կյանքին, եթե նոր, չվարկաբեկված  քաղաքական ուժերի, նաեւ ազգային, ավելին՝ ազգայնական ու համահայկական    գաղափարների ներմուծություն չկատարվի պետական ու                           քաղաքական ոլորտներում

Գների նվազում չի՜ եղել – …ընդ որում հավասարապես թանկացել են           թե՜այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաեւ չոր կաթ              (թերեւս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու         թանկացմամբ), թե՜այն կաթնամթերքը, որը պատրաստված է                 բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի                        մթերման գինը նվազել է)…

 Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակ

ՀՀԿ-ն վայելում է իր վերարտադրված իշխանության պտուղները եւ Հայաստանի նախագահի ու Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից բավարարված հայտարարել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու հերթական ցանկության մասին: Իհարկե, ցանկությունը պետք է համընկնի նաեւ հնարավորությունների հետ, ինչը իրականում կա, եթե մեր «բիրդան» միլիոնատերերի, իրենց ընդմիշտ անձեռնմխելի իշխանավոր համարողների ու մեծ ու մանր այլ շնաձկների որսը ավարտին հասցվի:

Այսինքն՝ հարկային ծառայությունը ոչ թե մանր ու միջին գործարարներին պետք է մզի մինչեւ կիսամեռ վիճակին հասցնելը, հետո պարծենա, թե բյուջե է լցրել, այլ վերոնշյալ տարատեսակ շնաձկների իրական հարկերից պետության բյուջեն քառապատկի, եթե ոչ ավելի՝ բազմապատկի:

Եթե սկսված որոշակի փոփոխությունները կանգ առնեն կամ դանդաղեն, իսկ պատժելիության չափը թափ չհավաքի, ապա հայրենալքման ու աղքատության «արդյունքների» նոր աճը սպասեցնել չի տա հաստատ: ՀՀԿ-ն հայտարարել է, թե բարեփոխումների ճանապարհին կհամագործակցի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, բայց այստեղ էլ առաջընթաց չի նկատվում դեռ: Գուցե բանակցու՞մ են, մեզ հայտնի չէ:

Շատերն էին հույս կապում ԲՀԿ-ի հզորացման հետ, ինչը այդ մարդկանց պատկերացմամբ հանգեցնելու էր ՀՀԿ-ԲՀԿ առճակատման եւ նոր քաղաքական իրավիճակի առաջացման… բայց եղավ այն, ինչ լինելու էր: Մինչ Աբովյան քաղաքում եկեղեցու բացման արարողությունը, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր հայտարարում, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, ընդհակառակը՝ նրանց ԱԺ պատգամավորները առիթը բաց չէին թողնում քննադատելու կառավարության եւ վարչապետի գործունեությունը, կառավարության ղեկավարի փոփոխության հարցը բարձրացնում: Անգամ քննադատում էին իշխանության այն ժամանակահատվածը, երբ իրենք քաղաքական կոալիցիայի անդամ էին եւ նախարարներ, մարզպետեր ու այլ պաշտոնյաներ ունեին: Ասում էին՝ իբր ԲՀԿ-ն չուներ վճռորոշ ձայն եւ, ահա, մեծամասնություն դառնալով, հրաշքներ կգործի:

Բայց, ի վերջո, ամեն բան իր տեղն ընկավ եւ միակ «հրաշքը» ԲՀԿ նախագահի այն հայտարարությունն էր, թե իրենք չեն կարող ընդդիմություն լինել: Նշվեց, որ ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ է, բայց թե ում (իշխանությանը, թե ընդդիմությանը) եւ ինչ այլընտրանքային ծրագրով ու գաղափարներով՝ մինչ այսօր հայտնի չէ: Իսկ վերջին շրջանում ԲՀԿ-ականներն ավելի զգուշավոր են, անգամ խոսք կա, թե ԲՀԿ նախագահի կողմից զուսպ արտահայտվելու ներքին հրահանգ է եղել: Հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանն է «հրահանգավորվել»:

ԲՀԿ-ն ամեն դեպքում անհասկանալի կարգավիճակում է, երկրի նախագահի ընտրությանը չմասնակցեց, իսկ Երեւանի քաղաքապետի ընտրությանը համեստ արդյունքներ արձանագրեց, չնայած բոլոր ընդդիմադիրներից առաջ անցավ: Քաղաքական գործընթացներից գրեթե դուրս մնացած ԲՀԿ-ում խոսում են վերակազմակերպման մասին, ՀՀԿ-ի օրինակով ցանկանում են գործադիր մարմին ստեղծել, որը հրատապ ու հավաքական կարձագանքի երկրում, կառույցում եւ ամենուր տեղի ունեցող գործընթացներին, որոշումներ կկայացնի, միաժամանակ համապարփակ բարեփոխումների կմղի կուսակցությանը:

Եթե ԲՀԿ-ն միշտ համարվում է իշխանությանը, այսինքն՝ ՀՀԿ-ին միացող հնարավոր ուժ, ապա ՕԵԿ-ը եղել եւ մնում է իշխանության մեջ: Չնայած ՕԵԿ-ին համարում են ՀՀԿ-ի դուստր-կուսակցություն, ինչից ամեն կերպ փորձում է խուսափել ԲՀԿ-ն, միեւնույնն է՝ օրինացերկրականները ինքնուրույն հայտարարություններով փորձում են վերանվաճել իրենց անկախությունը:

Վերջերս ՕԵԿ-ը քաղաքական խորհրդի նիստ էր գումարել կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Կազմակերպչական հարցերից բացի հաստատվել են կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների կառուցվածքներն ու դրանց պատասխանատուները: Ինչպես ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւս վերակազմավորվում է: Իսկ անկախ երեւալու համար պիտի կուսակցական գիծ ունենալ: Եվ քաղաքական խորհուրդը հանձնարարել է ԱԺ խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով բոլոր այն առաջարկների ու ծրագրերի կենսագործման համար, որոնք առաջարկվել են ՕԵԿ պատգամավորների կողմից, եւ դրանք պետք է ընդգրկվեն կառավարության գործունեության ծրագրում: Նաեւ անդրադարձ է եղել ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրների:

Այսպես ՕԵԿ-ը գոնե «փորձում» է քաղաքական ինչ-որ գիծ ցույց տալ, չնայած հասկանալի է, որ դա կհաստատվի ՀՀԿ-ի ցանկությամբ, բայց արհեստավարժության առումով սա տարբերություն է դնում ՕԵԿ-ի եւ միշտ իշխանության ձգտող ԲՀԿ-ի միջեւ, քանզի վերջինիս կողմից չի նկատվում ներքին ու արտաքին քաղաքական որեւէ դրսեւորում:

Եթե ներկա իշխանության դռները կարծես փակվել են ընդդիմադիր խորհրդարանականներ ՀԱԿԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ազատ դեմոկրատնե­ր»-ի առջեւ, չնայած ամեն փոփոխություն քաղաքականության մեջ հնարավոր է, ապա արտախորհրդարանական կուսակցությունների համար հայտարարվել էր «բաց դռներ­ի» քաղաքականություն, բայց այստեղ եւս լռություն է տիրում:

Անգամ ԲՀԿ-ի միանալը ՀՀԿ-ՕԵԿ-ական իշխանական դաշինքին ոչ մի նոր բան չի հաղորդի մեր քաղաքական ու հանրային կյանքին, եթե նոր, չվարկաբեկված քաղաքական ուժերի, նաեւ ազգային, ավելին՝ ազգայնական ու համահայկական գաղափարների ներմուծություն չկատարվի պետական ու քաղաքական ոլորտներում:

Ըստ մեր աղբյորների, սեպտեմբերին փոփոխություններ են սպասվում, ինչը կարող է իրապես թարմացնել ինչպես կառավարության կազմը, այնպես էլ երկրի քաղաքական դաշտը: Գուցե դա է պատճառը, որ կառավարության շատ անդամներ, չնայած վերանշանակումներին, այնքան էլ սրտով չեն կպնում գործին:

Արման Դավթյան

 *  *  *

 Գների նվազում չի՜ եղել

«Իրազեկ եւ պաշտպանված սպառո­ղ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվել է. «2013թ. մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների թանկացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում: Մեր կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013թ. մայիսի 10-ից մինչ օրս կաթնամերքը թանկացել է 8-12%-ով (առանձին դեպքերում՝ մինչեւ 15%) եւ մինչ օրս որեւիցե փոփոխության չի ենթարկվել. ընդ որում հավասարապես թանկացել են թե՜ այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաեւ չոր կաթ (թերեւս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու թանկացմամբ), թե՜ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է)»:

Համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից գրանցված գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողների կողմից սահմանված առաքման նոր գնի հետ. այն ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի կողմից վարվող գնային քաղաքականությամբ: ՀԿ-ն ակնկալում է, որ վերոնշյալ փաստերի շուրջ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կիրականացվեն նոր ուսումնասիրություններ եւ գործողություններ:

«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.