Ռուսական ցինիզմից զերծ մնալու քայլերը
«ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 80%-ն այժմ պատկանում է «Գազպրոմ»-ին, 20%-ը՝ ՀՀ կառավարությանը: Այս օրերին ամեն ինչ տանում է այն բանին, որ շուտով 20%-ն էլ ենք տալու ռուսական ընկերությանը:
«Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ Մոսկվայում քննարկվել են «ՀայՌուսգազարդ»-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը ռուսական կողմին փոխանցելու հարցերը, սակայն որեւէ որոշում դեռ չի կայացվել: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի հերքել տեղեկատվությունը. «Որեւիցե գործարք կատարված չէ, այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաեւ այլ հարցեր»:
«Այն, որ 20%-ը վստահաբար տալու են, նախարարն էլ չի հերքում, որովհետեւ բանակցությունները դեռ չավարտած՝ հավաստիացնում է, որ ՀՀ-ն կանի այնպես, որ «ՀայՌուսգազարդ»-ում 100% բաժնեմաս ստանալուց հետո «Գազպրոմ»-ը կամայականությունների չդիմի, այլ Հայաստանին երկարատեւ ժամանակաշրջանի համար ապահովի կայուն գազամատակարարում»:
Թե կկարողանանք ստիպել «Գազպրոմ»-ին, որ կամայականությունների չդիմի, պատասխանը գիտենք, մերժող տարբերակներն էլ քննարկման այլ թեմա են: Բայց Հայաստանի հանդեպ ռուսական ցինիկ եւ ոչ բարեկամական (ռուսական կողմի համար ընդհանրապես քաղաքականությունում «բարեկամություն» եզրույթը դատարկ տեղ է) վերաբերմունքը վկայում է, որ մենք իրավիճակից դուրս գալու հստակ ուղիներ պետք է մշակենք:
«Լուսանցք»-ը մի առիթով շեշտել է, թե մենք, որպես սեփական էներգակիրներ չունեցող երկիր, անընդհատ կախված ենք լինելու միջազգային շուկայում դրանց գների բարձրացումից՝ քաղաքական ու տնտեսական բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Ու որպեսզի հնարավորինս նվազեցնենք այդ կախվածությունը, պիտի զարկ տանք սեփական պաշարների հաշվին վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որոնց թվում եւ էներգախնայողությունն է: Հետաքրքրիր է, որ վերջերս այս մասին խոսեց նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը, վաղուց խոսում են գիտնականներ, էներգախնայողության ազգային ծրագիր ունենք, բայց… շոշափելի քիչ բան է արվել (ընդհանրական առումով՝ քիչ): Մինչդեռ նույն էներգակիրներ ունեցող Ռուսաստանն, օրինակ, էներգախնայողության հարցը չի անտեսում եւ խնդիրը սկսել է լուծել կենցաղից՝ կիրառելով էներգախնայող լամպեր: Մեր շուկայում մատչելին չինական կամ բելառուսական, կամ ռուսական՝ ոչ էներգախնայող լամպերն են, որոնք դիմանում են, ամենալավագույն դեպքում, 10 օր:
Ինչի՞ց սկսենք: Հուշելը մասնագետների գործն է: Տաջիկստանում, օրինակ, դպրոցներում սկսել են դասավանդել «էներգախնայողություն» առարկան: Աշխարհը էներգախնայողությունը էներգիայի մի աղբյուր է համարում, ընդ որում՝ կայուն աղբյուր: Էներգախնայողությունը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ պետականորեն «ամրացված» էր շռայլելու ու վատնելու սովորույթը: Եվ այդ սովորույթը այսօր վերացնել չենք կարողանում, որովհետեւ այն նաեւ կենցաղում է, շենք-շինություններում: Մանավանդ մեր տնտեսությունում եւ կենցաղում առկա տեխնոլոգիաները էներգիախնայող չեն: Այո, բացառություն են ներմուծված կենցաղային պարագաները, թեեւ այս մասով էլ խնդիր կա, որովհետեւ եթե ասենք էլեկտրական տաքացուցիչները էներգիա խնայող են, դրանց օգտակար գործողության գործակիցը միեւնույնն է, օգտակար չէ՝ կապված հենց շենք-շինությունների նյութերի, նախագծերի հետ: Ուրեմն՝ խնդրի լուծման համար ամբողջական տարբերակներ պետք է մտածենք: Իսկ որ ներուժ ունենք, դա հաստատ է:
Էներգախայողության ներուժ ունենք բնակելի հատվածում: Որոշ հաշվարկների համաձայն, ջեռուցման համար ջերմային էներգիայի տարեկան պահանջարկը կազմում է 11,15 մլն Գկալ: Շենքերի ջերմամեկուսացման բարեփոխմամբ ջերմային էներգիայի ծախսը տնտեսապես ձեռնտու է նվազեցնել առնվազն 30 տոկոսով։ Այս դեպքում բնակելի հատվածի ջեռուցման էներգախնայողության ներուժը տարեկան կկազմի 3,35 մլն Գկալ։ Քաղաքացիական նշանակության շենքերի ջեռուցման էներգախնայողության ներուժը ջերմամեկուսացման բարեփոխումից տարեկան գնահատվում է 0,67 մլն Գկալ մեծությամբ։ Կամ՝ էներգախնայողության ներուժ կա ավտոտրանսպորտային ոլորտում։ Այստեղ շարժիչային վառելիքի խնայողության ներուժը միայն 2010 թ. համար գնահատվել էր 293,4-ից մինչեւ 307,6 ՏՋ չափով, համապատասխանաբար, տրանսպորտային միջոցների քանակի 20 եւ 30 տոկոս աճերի դեպքում: Այս շրջանում էներգախնայողության միջոցառումներն են, ասենք, լուսանցույցների աշխատանքի եւ քանակի հստակեցումը, ավտոճանապարհների բարելավումը, նոր ճանապարհային կցուղիների կառուցումը։ Նաեւ՝ ներուժ ունենք ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերում. այստեղ ինքնահոսի անցումը միտված է էներգածախսի նվազեցմանը, եւ էներգախնայողության ներուժը 15 տոկոս է։
Կամ՝ եթե հանքարդյունաբերությունում կիրառվեն նոր՝ էներգաարդյունավետ մեքենասարքավորումներ, ապա էներգիայի տեսակարար ծախսի նվազումը 5 տոկոս է հաշվարկվում։ Իսկ սննդի արդյունաբերությունում նորագույն սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ էներգախնայողության ներուժը 35-40 տոկոս է հաշվարկվում:
Այլ օրինակներ էլ մեջբերենք: Ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ էներգախնայողության ներուժը 15 տոկոս կլինի: Էլեկտրական լուսավորման համակարգերում ներդնելով էներգաարդյունավետ լամպեր՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կնվազի, 10 տարվա ընթացքում Էներգախնայողության ներուժը կկազմի 475 մլն. կՎտ. ժ: Քիմիական արդյունաբերության մեջ տեխնոլոգիական սարքավորումների կատարելագործման եւ ռեժիմների կարգավորման շնորհիվ 23% էներգախնայողության ներուժ կունենանք: ՀՀ-ի տնտեսության էներգախնայողության ներուժի տարեկան ծավալի շուրջ 16,5 տոկոսը տնտեսության հիմնական ոլորտների մասն է (բացի շենքերի ջերմամեկուսացումը եւ ավտոտրանսպորտային շարժակազմի նորացման միջոցառումները): Շենքերի ջերմամեկուսացմամբ հնարավոր կլինի իրացնել էներգախնայողության ներուժի 40 տոկոսը, իսկ ջերմային կայաններում նորագույն տեխնոլոգիաների կիրառումն արդեն ենթադրում է ամբողջ ներուժի շուրջ 43,4 տոկոսի իրացում։
Փաստորեն, մեր երկրում, որ չունի արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքային պաշարներ, խնդրի լուծումը տնտեսության էներգաարդյունավետության բարձրացման եւ վերականգնվող էներգետիկայի տեղական էներգապաշարների զարգացման մեջ է: Աշխարհի շատ երկրներ անցյալ դարի վերջին տասնամյակների էներգետիկական ճգնաժամային պայմաններում ձեռնամուխ եղան խիստ թերի օգտագործվող սեփական վառելիքաէներգետիկ աղբյուրների՝ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Այս ընթացքում էլ բացահայտվեց տնտեսությունում օգտագործվող տեխնոլոգիական գործընթացների անկատարությունը էներգետիկական տեսակետից, որն արդեն էներգախնայողության մեծ ներուժ էր ենթադրում: Այդ ներուժն օգտագործելը մեծ հաջողությունների հանգեցրեց. այժմ զարգացած երկրների արտադրության աճի համար անհրաժեշտ էներգապաշարների գերակշռող մասը լրացվում է էներգախնայողության հաշվին: Բանն այն է, որ էներգախնայողության փորձը ցույց է տվել, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգածախսի 30-40 տոկոսը, իսկ վառելիքի տնտեսումը 2-3 անգամ էժան է, քան համարժեք ծավալով վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին:
Հայաստանում էներգախնայողության մեծածավալ ներուժ կա եւ շատ ոլորտներում. հասկանալի է՝ բոլոր ոլորտները չէ, որ թվարկեցինք: Անընդհատ խոսում ենք այդ ներուժից, բայց, արդեն ասացի, ընդհանրական առումով ոչինչ չենք անում: Մինչդեռ հենց այսօր թեկուզ մեկ ոլորտից, մեկ ճյուղից պետք է սկսել, այլապես ռուսական կախվածությոնից գոնե մասամբ երբեք չենք ազատվի: Ի դեպ, ազատվելու համար էլ միայն տնտեսական լուծումը չի փրկի, քաղաքական կամք էլ է պետք, գուցե՝ նախեւառաջ քաղաքական կամք:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



