Հայկական գործոնը՝ հաղթաթուղթ – Կապող օղակը՝ Եվրոպա-Ասիա-Աֆրիկա ուղղությունների խաչմերուկում… Դավաճանների վերջը…

- Հայկական գործոնը՝ հաղթաթուղթ – …պետք է մոռանալ նաեւ արդեն իսկ հայտնի աշխարհի վերաձեւման նախագծերի մասին, որոնց զգալի մասն առնչվում է Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջաններին, որտեղ Հայկական լեռնաշխարհը՝ հայերի բնական հայրենիքը, ունի առանցքային դեր եւ կապող օղակ է Եվրոպա-Ասիա-Աֆրիկա ուղղությունների խաչմերուկում…

- Դավաճանների վերջը – ԱԱԾ-ի քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ  քննվող քրգործի շրջանակներում իրականացված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 22-ին ձերբակալվել է զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող…
Հայկական գործոնը՝ հաղթաթուղթ

Հայաստանը աշխարհի հերթական վերաձեւման ճանապարհին պետք է առավելագույնս օգտագործի իր միջազգային եւ համազգային լծակները: Իսկ որ աշխարհը վերաձեւվում է, դա հստակ է: Համաշխարհային քարտեզի վրա նոր երկրներ են հայտնվում, քաղաքական նոր միջազգային շարժումներ են «պտտվում» վերաձեւման ենթական երկրներում եւ ռազմա-տնտեսական նոր մոտեցումներ են արծարծվում առանցքային տարածաշրջաններում, որոնք ասպարեզ են ներխուժում պատմա-քաղաքական ու էթնո-մշակութային հարձակումներով պարուրված:

Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ արդեն իսկ հայտնի աշխարհի վերաձեւման նախագծերի մասին, որոնց զգալի մասն առնչվում է Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջաններին, որտեղ Հայկական լեռնաշխարհը՝ հայերի բնական հայրենիքը, ունի առանցքային դեր եւ կապող օղակ է Եվրոպա-Ասիա-Աֆրիկա ուղղությունների խաչմերուկում:

Պետք է առավելագույնս օգտագործվի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը: Անհրաժեշտ է որոշակի գործողությունների ծրագիր մշակել եւ առանց այլեւայլության կյանքի կոչել: Խոսքը ԵԽ-ում տարբեր ուղղություններով օրակարգային հարցերի ու գործընթացների մասին չէ, ինչը եւս կարելի է սեփական շահերով պարուրել: Խոսքը դրանից դուրս եւ պետական մակարդակով ստվերային հանդիպումների ու քաղաքականության մասին է: Հատկապես՝ ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ գործողությունների:

Հայաստանը պետք է այդօրինակ ծրագրեր ու քաղաքականություն կիրառի՝ գործի դնելով նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, որը վերջերս է ստանձնել 6 ամսով: Առհասարակ ժամանակը պետք է թանկ գնահատել: Ադրբեջանն անգամ ՙԵվրատեսիլ՚-ի ամբիոնն է գործածում իր հակահայկական ծրագրերի համար, էլ չենք ասում՝ Թուրքիայի հետ՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ եվրոպական այլ կառույցների ամբիոններում են շահարկում: Եվ մենք պարտավոր ենք հասանելի քաղաքական ամբիոններում թերացած կամ, որ ավելի վատ է, պարապ չմնալ, որովհետեւ չգիտես ինչու՝ չափից դուրս կառուցողական ու ժողովրդավար ենք ուզում երեւալ: Բոլոր միջազգային կառույցներում եւ գերտերությունների տարածաշրջանային նախագծերում պետք է հայկական գործոնը լուրջ դերակատարում ստանձնի եւ մեր նպատակներին հարիր փոխշահավետ պարտավորություններ որդեգրի, ինչը շահեկան կդարձնի Հայաստանի տարածքային եւ այլ ծավալումները, մարդկային ու ազգային գործոնների արժեւորումը այդ ծրագրերում:

Պետք է բնիկ ազգի միջազգային իրավունքներն ու սկզբունքները (պատմա-քաղաքական վերլուծությամբ) զուգամետ կիրառվեն ազգերի ինքնորոշման իրավունքի հետ, ինչը թերեւս հետին շարքեր կմղի տարածքային անձեռնմխելիության սկզբունքը, որն արհեստածին պետությունների սահմանների պահպանման համար է առավելապես ստեղծված:

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող կարգավիճակով պետությունների շարքերը համալրեց նաեւ, ինչը քաղաքական ավելի մեծ հնարավորություններ է տալիս՝ մեզ շրջափակող երկրներին սաստելու առումով: Դեպի ծով ելք չունեցող երկրներին ծովային ելքը պիտի ապահովեն այդպիսի հնարավորություն ունեցող հարեւան երկրները, եւ Հայաստանը պետք է կտրուկ լինի հատկապես Վրաստանի նկատմամբ, որը դեպի ծով ելք մեզ չի տրամադրել՝ լինելով այդ միջազգային կառույցի անդամ:

Մեր 4 հարեւաններից 2-ը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, փակ են պահում իրենց սահմանները, ավելին՝ թշնամական վերաբերմունք են դրսեւորում: Իսկ Իրանի հետ, ծովային ելքի առումով, համագործակցությունը ժամանակատար եւ ծախսատար է: Դեպի Եվրոպա միակ ուղին այդ ելքով կարող է լինել Իրան-Կասպից ծով-Ռուսաստան-Եվրոպա, ինչը հասկանալի է, ձեռնտու չի կարող լինել:

Իսկ Թբիլիսին պիտի պատասխան տա, թե ինչու վերոնշյալ հռչակագրին հակառակ, բեռնափոխադրումների սակագները Հայաստանի դեպքում ավելի բարձր են կիրառվում: Պետք է անվարան օգտագործել ճանաչված (ՀՀ) եւ չճանաչված պետությունների (ԼՂՀ) բոլոր հնարավոր լծակները:

Հայկ Թորգոմյան

 * * *

 Դավաճանների վերջը

ԱԱԾ-ի քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ  քննվող քրգործի շրջանակներում իրականացված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 22-ին ձերբակալվել է զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մովսիսյանը 2012թ. հունվարից՝ մինչ՝ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է Odnoklasniki, mail.ru agent եւ Facebook սոցցանցերում «S.Dr», «Seryan Dervisyan»,  «Tigran Dervisyan» պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, եւ վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաեւ Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցվել ծառայության ընթացքում Մ. Ա. Մովսիսյանին հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Նմանատիպ հանցագործություն կատարելու համար Արցախի ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ՊԲ զինծառայող: Վերջիններս եւս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից: Այժմ Արցախի դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։