Դավաճան կեցվածքը՝ կործանվողի հոգեվիճակ – Պաշտոնական Մոսկվայի արածը Հայաստանի նկատմամբ՝ հիմար քաղաքականություն է…

Դավաճան կեցվածքը՝ կործանվողի հոգեվիճակ

…Եթե անգամ Մոսկվան փորձում է գլխավորել Ադրբեջանին սպառազինություն վաճառող պետությունների ցանկը, ինչպես փորձում է դա անել մեր մյուս թշնամու՝ Թուրքիայի պարագայում, ապա սա հիմար քաղաքականություն է…

 Մի՞թե մեծ քաղաքականություն ասվածը պարտադրում է անտեսել դաշնակից երկրների միջեւ պայմանավորվածությունները: Ինչու՞ են հայ-ռուսական հարաբերությունները միշտ սրացումների ենթարկվում Մոսկվայի կողմից: Եթե իրապես մեծ քաղաքականությունը ենթադրում է մերթ ընդ մերթ դավաճանել դաշնակցին, ապա ինչու՞ է Երեւանը թերանում ա՜յդ «քաղաքականության» մեջ:

Վստահաբար Երեւանը չի թերանում, քանզի ոչ մի քաղաքականություն, լինի մեծ կամ փոքր, չի կարող իրավունք վերապահել դաշնակից կողմերից մեկին՝ անտեսել մյուս գործընկերոջ շահերը՝ միակողմանի իր հարցերը կարգավորելու նպատակով: Ռուսաստանն արդեն որերորդ անգամն է մեր թշնամուն զենք եւ զինտեխնիկա վաճառում: Կարծիքներն ու վարկածները տարբեր են իհարկե, բայց էությունը նույնն է մնում: Սա պարզապես բիզնես ընկալելն անգամ ծիծաղելի է, երբ հանդիպում ենք նման պնդումների: Բիզնես՝ դաշնակցին վտանգելու հաշվի՞ն: Ո՜չ, սա հստակ քաղաքականություն է, եթե մի երկրի ռազմավարական դաշնակից համարվող գերտերությունը միլիարդների զենքի առեւտուր է կազմակերպում դաշնակցի թշնամի համարվող պետության հետ: Այն էլ այն դեպքում, երբ հակամարտությունն ավարտված չէ, պարզապես զինադադար է: Կրեմլը չի կարող չգիտակցել այս ամենը:

Եթե անգամ Մոսկվան փորձում է գլխավորել Ադրբեջանին սպառազինություն վաճառող պետությունների ցանկը, ինչպես փորձում է դա անել մեր մյուս թշնամու՝ Թուրքիայի պարագայում, ապա սա հիմար քաղաքականություն է: Արեւմուտքը չի կարող համակերպվել, որ Ռուսաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զենքի մատակարարը, ինչը չի անի նաեւ Անկարան: Բաքուն եւս չի հրաժարվի Արեւմուտքիւց եւ վաղուց է ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այսինքն՝ Արեւմուտքի դեպքում դաշնակիցները հստակ գիտակցում են իրենց դերն ու շահը եւ երբեւէ չենք լսել, որ ՆԱՏՕ-ի երկները նախընտրեն ՀԱՊԿ-ի երկրների շահը: Այսինքն՝ Հայաստանը մնալով ռուսաստանյան կողմում, արդեն վտանգում է իր անկախությունը, նաեւ Արցախի խնդրի արդարացի լուծումն է հարցականի տակ դրվում:

Եթե մի քիչ կոպիտ, բայց վտանգն զգալով առանց չակերտների արտահայտվենք, ապա այսպես կստացվի. Ռուսաստանը թքած ունի իր ռազմավարական դաշնակից Հայաստանի շահի վրա եւ դա ապացուցել է ոչ մեկ անգամ: Ընդ որում, ռուսները Ադրբեջանին արդեն վաճառում են ժամանակակից հարձակողական տեխնիկա եւ զանգվածային ոչնչացման զենք: Երբ ՎՈւԱՄ անդամ Ուկրաինան էր դա անում, որն այսօր էլ Ադրբեջանին զինող պետությունների շարքում առաջիններից է, ինչ-որ տեղ ընկալելի էր լինում, հատկապես Խորհրդային Միության փլուզվելուց անմիջապես հետո: Բայց որ դա ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ մեր դաշնակից Ռուսաստանն է անում: Հետաքրքիր է, որ մինչեւ նախագահ Մեդվեդեւը, նախագահ Պուտինը եւս նման դավադիր խաղեր էր կազմակերպում, եւ այժմ էլ՝ նորից ընտրվելով Ռուսաստանի նախագահ, այդ երկիրը կրկին դարձրել է անվստահելի գործընկեր:

Տարիներ առաջ զլմ-ներում շրջանառվեց Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համաձայնությունների թեման, մասնավորապես 1,6 մլրդ. դոլար զենքի առեւտրի մասին: Սա մտահոգել էր ինչպես Երեւանին, այնպես էլ Մոսկվային ու Թեհրանին, բայց Ռուսաստանը այնքան էր «մտահոգվել», որ «հուզմունքից» չի հասկանում, թե ինչպես է դառնում Ադրբեջանին զենքի թիվ 1 մատակարարը: Եթե ներկայիս զրահատանկային գործարքին ավելացվի նաեւ ոչ վաղ անցյալում C 300-ների, ինչպեսեւ՝ ռազմական ուղղաթիռների վաճառքն Ադրբեջանին, ապա Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ եղբայրության հաստատումը սարերի ետեւում չէ…

Այս իրավիճակը հիշեցնում է աճուրդ, որտեղ բարեկամ է գնվում, եւ Ադրբեջանը պատրաստ է բարձրացնել այդ գինը՝ թանկ վճարելով Ռուսաստանին՝ տալով նորանոր ռազմական պատվերներ: Այսինքն, Մոսկվան կարող է ավելի ցածր գնահատել Հայաստանի շահն ու անվտանգությունը, հայ-ռուսական բարեկամությունը, նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը մնացել է միակ դաշնակիցը տարածաշրջանում: Այսպիսի ռազմավարական գործընկերը խիստ վտանգավոր է եւ անվստահելի ասվածը քիչ է այս դեպքում:

Թե ինչով կավարտվի այս ամենը, անորոշ է, ուստի մեզ պետք է կողմնորոշվել: Եվ բարեբախտաբար տարածաշրջանային զարգացումները միայն Մոսկվայի ցանկությունից կախված չեն, առկա են Վաշինգտոնի, Բրյուսելի, ինչպեսեւ արաբական երկրների ու Իրանի ցանկությունները: Այլապես փողի մեռած բարեկամ ունենալով կարող ենք վտանգել Հայաստանի ու Արցախի անկախությունը:

Ճիշտ է, Արեւմուտքը ներկայում լրջորեն զբաղված է Սիրիայի խնդրով, անգամ Իրանի միջուկային ծրագրերով է անհանգիստ, բայց ԵԱՀԿ ՄԽ ներկայությունը առաջնային է պահում նաեւ Արցախի հարցը: Իսկ այն վտանգվում է, երբ մեր ռազմավարական գործընկերն է արդեն Ադրբեջանին զենք մատակարարում:

Իհարկե փորձեր են արվում արդարացնել կամ մեղմացնել Մոսկվայի այս գործելաոճը: Ադրբեջանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները ընդհանրապես չեն գնահատվում խնդրահարույց եւ հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռեւս պայմանագրերի կնքման պահից. ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը եւ նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար՝ իհարկե խելամտության դեպքում, ՀՀ եւ ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:

Իսկ եթե դա անգամ այդպես է, ՊՆ մամուլի խոսնակը վստա՞հ է Ադրբեջանի նախագահի խելամտության վրա:

«ՀՀ ՊՆ-ն զերծ կմնա որեւէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»,- նշել է ՊՆ պաշտոնյան: Իսկ ռուս ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուռիգինը հայտնել է, որ Ադրբեջանին ռուսական ցամաքային ռազմական տեխնիկա մատակարարելու հիմնական նպատակը պարզ է՝ ֆինանսական օգուտ, ուստի՝ Ադրբեջանին զենք վաճառելուց հրաժարվելու մեջ Ռուսաստանը շահագրգռված չէ: Ինչպես եւ վերը նշեցինք՝ բարեկամության աճուրդի մասին է խոսքը (նույն՝ իբր ֆինանսական օգուտի համար գիտե՞ք ինչ արեց Մոսկվան. շուկայականից թանկ գնով գնեց եւ գնում է ադրբեջանական գազը: Դրանով նա տապալեց «Նաբուկո»-ն եւ գործի դրեց «Հարավային հոսք»-ը: Ասել է թե՝ հանուն Եվրոպային իրենից կախյալ վիճակում պահելու քաղաքականության իրականում ֆինանսական կորուստ ունեցավ՝ գոնե առայժմ,- խմբ.):

Ռուսական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ 2011-2012թթ. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված գործարքի շրջանակում սկսել է խոշոր ծավալների զինտեխնիկայի մատակարարում Ադրբեջան, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 700 մլն.-ից մինչեւ 1 մլրդ. դոլար: Խոսքը 64 միավոր T-90C տանկերի, 100 միավոր «ԲՄՊ-3» մեքենաների, ինքնագնաց հրթիռային «MOTA-C» հրետանային համակարգերի մասին է: Բացի այդ, նախատեսվում է առաքել նաեւ 18 միավոր «Սմերչ» հրթիռային համակարգեր, «Վենա» տեսակի ինքնագնաց հրետանային համակարգեր եւ այլն: «Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը արդիականացնում է իր ցամաքային զորքերը: Անշուշտ, դրանք այն զորքերն են, որոնք կլուծեն խնդիրներ ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության հետագա ամեն մի սրացման դեպքում: Հետեւաբար՝ թե արդյո՞ք Ադրբեջանին այդ զենքերի մատակարարումը վտանգ ներկայացնում է Հայաստանի համար, հարցի պատասխանն ակնհայտ է. միանշանակ վտանգ է ներկայացնում»,- ընդգծել է ռուս ռազմական փորձագետը: Նա միաժամանակ նկատել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացմամբ, եւ հիմնական ապահովագրող գործոնը ՀՀ տարածքում ռուսական ռազմական զորախմբի առկայությունն է. «Շարժառիթը հստակ է՝ ռուսական կողմը ֆինանսների կարիք ունի: Միաժամանակ, Մոսկվայում ակնկալում են, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա, որի տարածքում են գտնվում այն պետության զորքերը, որից Բաքուն զենք է գնում: Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել մի պետության վրա, որը Ռուսաստանի հետ կապված է «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» պայմանագրով»:

Ռուսական քաղաքականության խեղկատակության լավագույն դրսեւորումներից մեկն է այս բացատրությունը:

Կարծիք է հնչել, իբր Ադրբեջանին զենքի մատակարարումը նույնպես իրավիճակի նկատմամբ ազդեցության լծակ է, եթե Ռուսաստանը հրաժարվի զենք մատակարարել ադրբեջանցիներին, ապա դա կանեն այլ պետություններ, օրինակ՝ Թուրքիան: Իսկ այստեղ որեւէ խոչընդոտ չկա, եւ եթե Ադրբեջանը հանկարծ որոշի իր դաշնակցից գնել ՆԱՏՕ-ական սպառազինություն, դա կհանգեցնի տարածաշրջանում Անկարայի ազդեցության մեծացմանը եւ Մոսկվայի ազդեցության նվազմանը: Այսինքն, ֆինանսական շարժառիթին ավելանում է քաղաքականը, եւ այստեղ է, որ Ադրբեջանին զենք վաճառելուց հրաժարվելու մեջ Ռուսաստանը շահագրգռված չէ:

Այս տրամաբանությամբ Երեւանը պետք է ռազմաբազա տրամադրի նաեւ ՆԱՏՕ-ին, քանի որ չտրամադրելու դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմաբազա կտեղադրի Վրաստանում կամ Ադրբեջանում… Եվ այսպես շարունակ: Ուրեմն ինչքա՛ն վտանգավոր է Մոսկվայի «եղբայրական» խնդրանքը, որ Հայաստանը հրաժարվի Եվրոպական Միությունից եւ մտնի միայն Եվրասիական Միության մեջ: Հիմա գոնե ռուսամոլները կհասկանա՞ն, թե ինչ կլինի Հայաստանի հետ այդ դեպքում, երբ միայն ռսի հույսով մնանք…

Իսկ հայ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը ադրբեջանական զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի հնարավորությունների, ինչպեսեւ շփման գծում հնարավոր սրացումների մասին Panorama.am-ի հետ զրուցելիս ասել էր, որ ադրբեջանական զլմ-ների տեղեկացմամբ Բաքվում կայանալիք զորահանդեսում ցուցադրելու են զենիթահռթիռային կայաններ, տանկեր, անօդաչու թռչող սարքեր, հրետանային համակարգեր: Մասնավորպես, զորահանդեսում ցուցադրվելու են «T-90C» տանկեր, «TOP 9K 330» միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր, «2C19 «MCTA-­C» հրետանային ինքնագնաց կայանքներ, «TR-300 «KASIRGA » հրթիռային համակարգեր, «9K57 «Urgan» հրթիռային կրակի համակարգեր, «Mi Я-35М» ուղղաթիռներ, «Гюрза» պարեկային մեքենաներ, իսրայելական արտադրության «Heron» եւ «Hermes-450» անօդաչու թռչող սարքեր, հետեւակային մեքենաներ, «Կոբրա», «Լենդ ռովեր դեֆենդեր», «Սթորմ», ZPT զրահապատ եւ ոչ զրահապատ մարտական մեքենաներ եւ այլն: Ադրբեջանական կողմը ձեռք է բերել նաեւ ռեակտիվ հրետանի, որն իրենից ներկայացնում է չինական «W-80» կայանքերի՝ Թուրքիայում արդիականացված մոդելը, չնայած թուրք մասնագետները ընդունում են, որ տվյալ զենքը փոքր-ինչ անարդյունավետ է, բայց արդիականացման արդյունքում մեծացել է այս զինատեսակի հեռահարությունը:

Երեկ կայացավ զորահանդեսը եւ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Ղարաբաղյան պատերազմի միայն առաջին փուկն է ավարտվել… Եվ ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով… Լեռնային Ղարաբաղում դեռ ծածանվելու է ադրբեջանական դրոշը»…

Հասկանալի է, որ դժվարությամբ, բայց հայկական կողմը քայլեր պետք է ձեռնարկի հավասարակշռությունը պահելու եւ դրանով կտրուկ զարգացումները կանխելու համար: Վերջին տարիներին Երեւանը միջազգային հանրության առջեւ մշտապես բարձրացրել է Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռքբերման վտանգավոր տեմպերի խնդիրը, սակայն միջազգային հանրություն կոչվածը շարունակում է աչք փակել այս ամենի վրա: Ավելին՝ երկկողմանի զենքի վաճառքից շահույթներ են ստանում: Այս դեպքում հայկական կողմը ստիպված է մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ: Ադրբեջանը գնալով մոտեցնում է պատերազմի վերսկսման սպառնալիքը, իսկ այդ միջազգային հանրությունը շարունակում է իր անիմաստ դասախոսությունները կարդալ երկու կողմերին հավասարապես:

Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատակարարումը, ըստ քաղաքագետ-արեւելագետ, «Սլուժու օտեչեստվու» թերթի վերլուծական բաժնի վարիչ Ալեքսանդր Տիմոֆեեւի, մեծ աշխարհաքաղաքական խաղի մի մասն է: Այդ խաղի ժամանակ հաճախ են հնչնել ծիծաղելի առաջարկներ, երբ վերջերս Բաքուն հայտնեց, թե պատրաստ է Հայաստանին մատակարարել էներգառեսուրսներ գրեթե 2 անգամ ավելի էժան, քան Ռուսաստանը եւ Իրանը, եթե Հայաստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղի պահանջներից:

Ըստ ռուս քաղաքագետի, կան այլ հանգամանքներ եւս, որ Ռուսաստանին մղում են այսպիսի քաղաքականության, ինչպես՝ իրադարձությունները Սիրիայում, Թուրքիայում, իրավիճակը Ադրբեջանում (կապված նախագահական ընտրությունների հետ), իրադրությունն Իրանում եւ Ադրբեջանի՝ Իրանի տարածքների վերաբերյալ ներկայացված պահանջները, Թուրքիայի կողմից առաջարկվող «Օսմանյան խալիֆության» ստեղծումը՝ պանթուրքական համայնքի ստեղծման հովանու ներքո, Ռուսաստանի շրջանակներում «Ազատ Լեզգիստանի» ստեղծման գազափարը, նաեւ Ռուսաստանի կողմից Դաղստանի հողերի մի մասը իբր Ադրբեջանին փոխանցելը, Իրանի պահանջերը Մերձավոր Արեւելքում եւ Կասպյան տարածաշրջանում՝ իսլամական հասարակությունում առաջատար դառնալու վերաբերյալ, «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագիծը, «Մեծ Կենտրոնական Ասիա» նախագիծը եւ այլն:

Ինչ վերաբերում է իբր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին արվելիք տարածքային զիջումներին, ապա սա լրիվ ուրիշ թեմա է, եւ կապ չունի զենքի մատակարարման հետ.- ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: Ըստ նրա, Հայաստանում ռուսական զենքերի մատակարարմանը տալիս են քաղաքական երանգ, սակայն Ռուսաստանը փորձում է չեզոքացնել առկա վտանգավոր գործոնը՝ աջակցելով Հայաստանին: Վերը նշվեց, որ այսպիսով իբր կասեցվում է ՆԱՏՕ-ական զենքի առաքումը Ադրբեջան եւ թուրքական գործոնի առաջխաղացումը տարածաշրջանում:

Այս բոլոր օղակները շղթայված են, եւ Ռուսաստանը, որպես գերտերություն, փորձում է լինել ամենուր: Բայց այսօր տարածաշրջանում հենվում է միայն Հայաստանի վրա եւ, անտեսելով հայության շահերը, Մոսկվան բնականաբար պարտվելու է բոլոր նախաձեռնություններում: Պարտվելու է, ինչպես մինչ այսօր է եղել Կովկասում, Միջին Ասիայում, Մերձավոր Արեւելքում: Պարտվելու է, որովհետու դավաճանական քաղաքականություն է վարում ռազմավարական գործընկերների նկատմամբ: Ինչ-ինչ շահերի համար Մոսկվան դավաճանեց Հարավսլավիային, հետո Սերբիային, Բելառուսին ու Կուբային, նաեւ Իրանին ու Հարավամերիկյան ըմբոստ մի շարք երկրների, որ պայքարում է Արեւմուտքի դեմ, իսկ Հայաստանին դավաճանում է արդեն մի քանի անգամ: Այժմ հասկանալով, որ Սիրիային էլ դավաճանելով դուրս է թռնում Մերձավորարեւելյան տարածաշրջանից, ամեն բան անում է սիրիական վարչակարգը փրկելու համար: Մի՞թե Հայաստանը եւս պետք է այդ վիճակում հայտնվի, որ Մոսկվան հասկանա դա, ինչպես Սիրիայի դեպքում:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի չի կարծում, թե «Ռուսաստանը պատժում է Հայաստանին, նա պարզապես սիրաշահում է Ադրբեջանին»: Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ «ինչքան Հայաստանին է պետք ռուսական ներկայությունը, երկու այդքան էլ Ռուսաստանին է պետք», պարզապես մեր ատամները Մոսկվան հաշվել է եւ մտածում է՝ ինչ էլ անի, մեզ չի կորցնի: Քաղաքագետը հայտնել է, որ «մենք կորցրինք այդ պահը, եւ ռուսական հասարակության մեջ կա այն մտայնությունը, թե միեւնույն է՝ հայերը մերն են», այս մտածելակերպը պետք է կոտրվի, այլապես պատմությունը կկրկնվի, ու Հայաստանը «կկանգնի թուրքական յաթաղանի ու ռուսական սապոգայի միջեւ»:

Արամ Ավետյան

Հ.Գ. – Հեյդար եւ Իլհամ Ալիեւների երազանքը, որ «Լեռնային Ղարաբաղում ծածանվելու է ադրբեջանական դրոշը», միշտ վառ գրված կմնա նրանց շիրմաքարերին, մինչեւ այդ պետության վերջնական կազմալուծումը: Այնպես վառ կմնա, ինչպես մնում է Ադրբեջանի ծալապակաս ազգայնամոլ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի այն հայտարարությունը, թե 2 ամիս հետո (պատերազմի ժամանակ է ասվել) «ոտքերը լվանալու է Սեւանա լճի ջրերում»…

Իսկ ներկայիս նախագահի «ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով» արտահայտությունը չկայացած առաջնորդի տղայական մի հոխորտանք է, որովհետեւ այդ «ուժեղ Ադրբեջանը» թուրքերի, աֆղանների, չեչենների, արաբների եւ այլ վարձկանների օժանդակությամբ անգամ խայտառակ պարտվեց «թույլ Հայաստանին» ու եթե զինադադարի միջազգային պարտադրանքը չլիներ, ապա տողերիս հեղինակը, շատ հայերի հետ, ոտքերը կլվանար Կասպից ծովի ջրերում եւ Բագարանում, ոչ թե՝ Բաքվում… Չնայած, եթե «Ղարաբաղյան պատերազմի միայն առաջին փուլն է ավարտվել…», կնշանակի ոտքներս դեռ հայոց Բագարանում խերով է լինելու…

«Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։