Ներիշխանական պատերա՞զմ, թե՞ ուղղակի մի ճակատամարտ… Բա հետո՞… Նորի՞ց միավորվելու փորձ… Սփյուռքահայերը կունենա՞ն ընտրվելու իրավունք…

- Ներիշխանական պատերա՞զմ, թե՞ ուղղակի մի ճակատամարտ…

- Բա հետո՞…

- Նորի՞ց միավորվելու փորձ – Առանց ընդգծված ազգային ընդդիմության առկայության իշխանությունը եւս չի դառնա էությամբ ազգային…

- Սփյուռքահայերը կունենա՞ն ընտրվելու իրավունք…

Ներիշխանական պատերա՞զմ, թե՞ ուղղակի մի ճակատամարտ

Պարբերաբար խոսվում է իշխանության ներսում առկա շահերի բախման ու հակամարտության մասին: Հատկապես նշվում է, որ հակամարտող կողմերն են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եվ իբր այս պաշտոնյաների միջեւ, ովքեր օրենքով ՀՀ 2-րդ եւ 3-րդ դեմքերն են ՀՀ նախագահից հետո, կոմպրոմատների պատերազմ է սկսվել, որով փորձում են նաեւ ցույց տալ, թե ինչպես է փոշիացվում պետական բյուջեն: Ասում են, այդ պատերազմը հայտարարել է Հովիկ Աբրահամյանը, ում մասին մինչեւ նախագահական ընտրություններն էին խոսում, թե կարող է նշանակվել վարչապետ:

ԱԺ նախագահը ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումների փաստը որակեց որպես թալան, իսկ չարաշահումներ կատարողներին՝ որպես «բյուջե լափողներ»: Պարզ է, որ այսօրինակ որակումներն ուղղված էին կառավարությանը, չնայած ասված էր անուղղակի: Դժվար է կռահել, թե ինչով է սա պայմանավորված, բայց կառավարության նկատմամբ նման գործելաոճը հաստատ համաձայնեցված պետք է լինի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այդ դեպքում ի՞նչ ավարտ է սպասվում: Կպատժվե՞ն մեղավորները, կփոխվի՞ վարչապետը, ինչի մասին այսքան երկար խոսվումն է: Արդյո՞ք սեպտեմբերը իսկապես կլինի կտրուկ փոփոխությունների ժամանակը, որի մասին նույնպես խոսվում է:

Չնայած այն որոշ պնդումներին, թե «նեղ անձնական եւ կլանային շահերից ելնելով է Հովիկ Աբրահամյանն ինքնագործունեությամբ զբաղվել», հավաստի չեն թվում, քանի որ նման աղմուկ երկրի ներսում հնարավոր չէ անել նեղանձնական ու կամայական մտածելակերպով: Այլ բան է, որ նախագահ Սերժ Սարգսյանը այսպես կարգի է հրավիրում կառավարության անդամներին եւ ավելի է «մերձեցնում» իրեն:

Կամ՝ փորձում է իսկապես իր վերջին պաշտոնավարման ժամանակահատվածում անել անհնարինը թվացող, բայց մարդկանց համար ցանկալի փոփոխություններն ու դրական տեղաշարժերը, ինչի մասին խոսվել է նաեւ նախագահական ընտրություններին:

Հավաստի չեն թվում նաեւ այն պնդումները, թե նախագահի իմացության դեպքում Տիգրան Սարգսյանը չէր համարձակվի պատասխանել Հովիկ Աբրահամյանին: Բայց վարչապետը կառավարության նիստում հստակ զգուշացրեց նախարարներին եւ մյուս պաշտոնյաներին, որ կա՜մ պատասխանեն ու հերքեն իրենց հասցեագրված մեղադրանքները, կա՜մ ընդունեն նշված մեղքերը եւ պատրաստվեն պատասխանատվության: Սա կարող է նաեւ մեկ ուրիշ տարբերակ լինել, երբ պետության 2-րդ եւ 3-րդ դեմքերը խաղում են (դրական իմաստով), որպեսզի հայտնաբերեն մեղավորներին, եւ այդ մասին համատեղ զեկուցեն երկրի 1-ին դեմքին:

Ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ հակամարտության սկզբում վարչապետը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջոցով ընտրել էր պաշտպանողական ոճ, բայց հետո անցավ հարձակման, եւ ֆինանսների նախարարությունը բացահայտեց, որ Արմավիրի մարզում Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը հսկայական քանակությամբ կառավարության կողմից սուբսիդավորվող էժան դիզվառելիք են ձեռք բերել: Սա որոշ վերլուծաբանների եւս համոզել է, թե պայքարն անձնական հարթությունում է: Եվ իբր՝ սա ապացուցում է, որ իշխանության վերնախավում Տիգրան Սարգսյանի դիրքերն ամուր են, քանի որ նա այսպիսի հակահարված է տալիս փորձառու ՀՀԿ-ական, նախընտրական շտաբների մշտական նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Կա տեսակետ էլ, թե այս պայքարը կթուլացնի ինչպես ԱԺ նախագահին, այնպես էլ՝ վարչապետին, նաեւ այլ հավակնոտ դեմքերի, որոշ մեղավորներ էլ կպատժվեն, իսկ ընտրողներին այսպես կբավարարեն ու մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները Սերժ Սարգսյանը շատերին սահմանափակումների մեջ կդնի, կառաջադրի իր նախագահի թեկնածուին եւ կկարողանա հաջողության հասնել:

Այժմ, նշյալ պատերազմում առավելապես հաջողում է ԱԺ նախագահը: Վերջերս նաեւ դատաիրավական ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանի վերջին տարիներին արտասահմանում 2 թանկարժեք գնած տների մասին խոսք եղավ, իսկ դատաիրավական ԾԻԳ-ը այն հաստատությունն է, որն ըստ ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության, 1 մ մալուխը, որը խանութներում արժե մոտ 130 դրամ, ԾԻԳ-ի գործունեության շրջանակներում իրականացվող շինարարության համար ձեռք է բերել 1007 դրամով: Այս հրապարակումը կարելի է համարել պատասխան՝ Հովիկ Աբրահամյանի եղբոր ու զարմիկի՝ էժան դիզվառելիք ձեռք բերելու մեղադրանքին, քանի որ տարատեսակ ԾԻԳ-երը ենթարկվում են ՀՀ կառավարությանը, իսկ դրանց գործունեության համար պատասխանատվություն է կրում նաեւ կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, երբ մի կողմից մամուլում մեղադրում  են նրան օֆշորային խարդախությունների համար, «Նաիրիտ»-ի թեման է կրկին վերաբացվում, իսկ ՀՀ վերահսկիչ պալատի արդյունքներին հենվելով՝ ԱԺ նախագահը կառավարությանը մեղադրում է «բյուջեն լափելու» մեջ:

Եվ մեկ այլ վերջաբան է նաեւ ի հայտ գալիս, որ այս 2 բարձրաստիճան պաշտոնյաները ի վերջո հրաժարական կներկայացնեն, եւ սեպտեմբերին սպասվածից ավելի մեծ փոփոխությհուններ կլինեն: Բայց սա նույնպես տեսակետ է:

Արտակ Հայոցյան

Բա հետո՞

Հետաքրքիր է, որ ՀՀ վերահսկիչ պալատը նորանոր անօրինականություններ է վերհանում, սակայն ՀՖՖ նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «Նուվել Դը Արմենիի» ամսագրին տված հարցազրույցը մնաց անպատասխան: Այն անգամ չի կցվել «Հարսնաքար»-ի հայտնի գործին: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մերժել է տուժողի իրավահաջորդների միջնորդությունը՝ գործին որպես ապացույց կցել նաեւ այդ հարցազրույցը: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի՝ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում հայտնել է գործի հետ կապված էական մանրամասներ. «Նա խոսում է դեպքի մասին, հայտնում է տեղեկություններ, մասնավորապես այն, որ գիտի այդ կռիվն ով է սարքել եւ ամեն ինչ սկսել է վարորդից, ով հավի կյանքով է ապրել, սրանք տեղեկություններ են, ովքեր գործի նյութերում առկա չեն»,- «Ա1+»-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Տարօրինակ է նաեւ, որ այդ հարցազրույցում նախկին պատգամավորը մեղադրանքներ էր հնչեցրել իշխանական շատ պաշտոնյաների հասցեին՝ հայտնելով, որ դատարանում ավելին կասի եւ կապացուցի: Բայց կարծես դեռեւս նրա ապացույցների կարիքը չի զգում ՀՀ նախագահը եւ առայժմ հետեւում է Իշխան Զաքարյանի վերահսկիչ «պալատական» հայտարարություններին:

Լռել է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Անգամ լռեցրել է կուսակիցներին՝ հորդորելով մինչեւ սեպտեմբեր չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին: Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի հրավիրել, մեկ անգամ է ԱԺ խմբակցության նիստ գումարել ու այլեւս չի բողոքում տիրող վիճակից, նույնիսկ կառավարությանը չի քննադատում: Արդյո՞ք ԲՀԿ-ն նորից ակնկալում է, ի դեմս իր ղեկավարի, ստանալ այդքան ցանկալի վարչապետի աթոռը:

Երկար դադարից հետո կրկին արծարծվում է Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելու հարցը: Հատկապես վերջին ժամանակներս գործող եւ նախկին նախագահների հաճախակի միասին երեւալու դեպքերից հետո:

Անի Մարության

Նորի՞ց միավորվելու փորձ

Առանց ընդգծված ազգային ընդդիմության առկայության իշխանությունը եւս չի դառնա էությամբ ազգային

«Ընդդիմադիր դաշտում «Ժառանգություն»-ից բացի կարծես այլ ուժ չեմ տեսնում, դրա համար անընդհատ քարերը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մեր ուղղությամբ են նետում»,- ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա հայտնել է, որ նախկին ռիթմով եւ պայքարի տրամաբանությամբ շարունակելու են իրենց գործունեությունը:

Նշել է, որ եթե մարզերում էլ մարդկանց վախը հաղթահարվի՝ ի դեմս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին սպասվող պատժի, ապա ընդդիմության միավորվելը շատ ավելի կարեւոր կհամարվի:

Մեկնաբանելով այն իրավիճակը, որում հայտնվել ենք բոլորս, երբ հաճախակի է լսվում այն մասին, որ Հայաստանում ընդդիմություն չկա, «Ժառանգության» փոխնախագահը չի համաձայնվել այդ կարծիքի հետ՝ մատնանշելով, թե ԱԺ-ում 3 ընդդիմադիր խմբակցություն է գործում, Երեւանի ավագանիում 1 խմբակցություն է, «բայց ակտիվ աշխատում է, այլ հարց է ազդեցություն ունի՞ ընդդիմությունը»:

Ըստ նրա՝ ունի՜, յուրաքանչյուրն առանձին վերցրած ունեն որոշակի ազդեցություններ: Բայց արդյո՞ք դա այն ազդեցությունն է, որ հանրությունն ակնկալում է ընդդիմությունից: Իհարկե՝ ոչ:

Հետաքրքիր է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը խորհրդարանում ընդդիմադիր է համարել իր կուսակցությանը, ՀԱԿԿ-ին եւ ՀՅԴ-ին, իսկ ԲՀԿ-ին այլեւս չի դիտարկում այդպիսին: Սա այն դեպքից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե իրենք չեն կարող ընդդիմադիր լինել, քանի որ աջակցելու են իշխանության եւ ընդդիմության լավ գործերին, քանի որ այլընտրանքային ուժ են:

Այլընտրանքի մասին, սակայն, ոչ մի բացատրություն չկա առ այսօր:

Նշանակում է՝ առաջիկայում ակնկալվում են վերոնշյալ 3 ընդդիմադիրների համախմբման աշխատանքներ, եւ իհարկե չի բացառվում, որ այդպիսի դաշինքի դեպքում համագործակցություն սկսվի նաեւ արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ:

Բայց ընդդիմադիրները չեն հաջողի, եթե բովանդակային փոփոխություններ չլինեն, ինչպես իշխանությունն է փորձում դա անել: Հակառակ պարագայում՝ անգամ միավորված ընդդիմությունը լուրջ ազդեցություն չի ունենա:

Իսկ եթե ավելի պարզ լինենք, ապա հանրությունը կարիք ունի ազգային ընդդիմության, որը կարող է իսկապես այլընտրանքային հացեր արծարծել, կեցվածք ընդունել: Այլապես ժողովրդավարություն քարոզող իշխանության փոխարինումը նույն գաղափարները եւ տեսակետները քարոզող ընդդիմությամբ փոխարինելու հարցն այլեւս արդիական չէ:

Հատկապես, որ ընդդիմադիրների զգալի մասը նախկին իշխանավորներ են:

Կյանքը այն ուրախ ասույթի պես չէ պարզապես, որ ասեն «տանձ, խնձոր, մանդարին – շնորհավոր նոր տարին»: Մարդիկ միայն նույն միրգը չեն ուտում անընդհատ, եւ սիրում են բնական բազմազանությունը:

Նարե Մշեցյան

 * * *

Կարճ ժամանակ առաջ արծարծվեց սփյուռքահայերի մասնակցությամբ ՀՀ խորհրդարանի Վերին պալատի գաղափարը, նշվեց, որ այն կարելի է իրագործել առանց Սահմանադրությանը «ձեռք տալու»:

Ըստ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, շուրջ 2 տարի առաջ նախարարությունը Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջ քաշեց սփյուռահայ պատվիրակներից բաղկացած խորհրդարանի Վերին պալատ՝ Սենատ ստեղծելու գաղափարը:

Քանի որ 2007թ. ՀՀ-ում գործում է երկքաղաքացիության մասին օրենքը, հաջորդ՝ 2017թ. ԱԺ ընտրություններին, երկքաղաքացիություն ձեռք բերած սփյուռքահայերը հնարավորություն կունենան ընտրվել պատգամավոր՝ նաեւ առանց երկպալատ խորհրդարանական համակարգի անցնելու: Հիմնական արգելքը այն է, որ ԱԺ պատգամավորի թեկնածուն պետք է 5 տարվա քաղաքացիություն ունենա: Մինչեւ 2017թ. հազարավոր հայեր կունենանք, ովքեր երկքաղաքացի կլինեն եւ կկարողանան ընտրական օրենսդրական որոշ բարեփոխումների արդյունքում ունենալ խորհրդարանում որոշ տեղեր սփյուռքահայերի համար: Դրանով կլուծվի այն խնդիրը, որ Ազգային Ժողովը կդառնա իրոք համազգային՝ համահայկական:

Չի բացառվում, որ այդ պատգամավորները կլինեն ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։