Նաբուկո. Թուրքիան զզվեցրել է – Բայց Եվրոպան դիմանում է հանուն ընդդեմ Մոսկվայի,- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխ, խմբագիր)…

Նաբուկո. Թուրքիան զզվեցրել է

Բայց Եվրոպան դիմանում է հանուն ընդդեմ Մոսկվայի

 Արդեն տարիներ հետեւում եմ «Նաբուկո» նախագծի շուրջ գրեթե բոլոր ծավալումներին՝ հոդվածներ հրապարակելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ «Լուսանցք» շաբաթաթերթում: Առաջինում արդեն գրել եմ, որ նախագծի հենց սկզբից եկել եմ այն եզրակացության, որ դա առավելապես թյուրքական խաղ է՝ Եվրոպա-Ռուսաստան առանցքում խաղացող դառնալու համար՝ Հայաստանի համար բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Գրել եմ նաեւ, որ այս եզրակացությունից հետո շատ տնտեսական ու քաղաքական վերլուծաբաններ իմ դիրքորոշումը համարեցին «նախնական ու զգացմունքային»: Այսօր նույն՝ «նախնական ու զգացմունքային» տեսակետն ունեն նաեւ նրանք:

Ինչեւէ, «Հայաստանի Հանրապետություն»-ում տպագրվածը կրկնելով որոշ հավելումներով, նկատեմ, որ նախնական տեսակետի ժամանակ ասել էի, որ «Նաբուկո» նախագիծը մեռած է ի ծնե, ու ցայսօր այդ նախագծից խոսում են՝ առանց կիրառական որեւէ քայլի: Հայտնի անեկդոտի նման է ստացվում՝ մահը շարունակվում է: Այս օրերին միջազգային մամուլը գրում է, թե «Նաբուկո»-ն մեռավ վերջնականապես», «Նաբուկո»-ի խողովակները վառվեցին», «Նաբուկո»-ն հեգեւարքի մեջ է», «Նաբուկո»-ն վերջին շունչն է փչում»: «Նաբուկո» կոնսորցիումի պաշտոնական կայքէջը լուռ է, միայն խոսում է իրենց «կառավարման բարձր ստանդարտներ ունենալու» մասին: Իսկ «Նաբուկո»-ի մեռնելու խոսակցությունները թարմացան ճիշտ այն ժամանակ, երբ վերստին արծարծվեց Հնդկաստանի կողմից թուրքմենական  գազ գնելու պատրաստակամությունը: Հիշեցնենք, որ Եվրոպան «Նաբուկո»-ի խողովակները լցվելիք ադրբեջանական գազից վաղուց է ձեռք քաշել, որովհետեւ Բաքուն հազիվ հասցնում է ռուսական կողմի պահանջարկը բավարարել (Մոսկվան Բաքվից շուկայականից թանկ գազ է գնում): Դրանից հետո Եվրոպայի հույսը մնացել էր Թուրքմենստանը (ի միջի այլոց, Թուրքմենստանը երբեք «Նաբուկո»-ի հետ կապված հստակ դիրքորոշում չի արտահայտել): Եվ ահա վերջինս թարմացրել է Հնդկաստանին գազ տալու իր պատրաստակամությունը:

Դեռ նախորդ տարի մայիսին Հնդկաստանի կառավարությունը թուլատրել էր GAIL պետական ընկերությանը Թուրքմենստանի գործընկերների հետ խողովակաշարի շինարարության պայմանագիր կնքել, որը թույլ կտա Հնդկաստանին գազ ստանալ միջինասիական երկրից: Խողովակաշարը Թուրքմենստանից պետք է հասնի Աֆղանստան եւ Պակիստան եւ այստեղից էլ՝ Հնդկաստան: Խողովակաշարի երկարությունը կլինի 1700 կմ, որը շահագործման կհանձնվի 2018թ.: «Ֆրանս պրեսս»-ի տվյալներով՝ այս ենթակառուցվածքը 7,6 մլրդ դոլար կարժենա: Նախատեսվում է, որ խողովակաշարը Թուրքմենստանից օրական 90 մլն խմ կամ տարեկան 30 մլրդ խմ գազ կտանի: Աֆղանստանը այս ծավալից կստանա օրական 14 մլն խմ, իսկ Պակիստանն ու Հնդկաստանը՝ օրական 38-ական մլն խմ գազ: Կողմերը սակագնային հարցերը այս օրերին են քննարկում, ինչը եւ «Նաբուկո»-ի հետ կապված հերթական քննարկման առիթ է եղել:

Համապատկերում նկատի ունենանք, որ գազային ոլորտում Թուրքմենստանը ավանդաբար համարվում է Ռուսաստանի գործընկերը: Բանն այն է, խորհրդային տարիներին Թուրքմենստանի խողովակաշարերը հիմնականում այնպես են կառուցվել, որ վառելիք են կարողացել տեղափոխել միայն Ռուսաստան, որն էլ իր հերթին այն Եվրոպա է տեղափոխել: Հիմա՝ Թուրքմենստանն է փորձում ռուսական լարը փոքր-ինչ թուլացնել՝ տարազանելով (դիվերսիֆիկացնելով) իր վառելիքի արտահանման ուղիները: Եվ հաջողում է. ասենք 2009թ. Թուրքմենստան-Չինաստան գազատարն է բացվել, նաեւ Իրանին է վառելիք տալիս, հիմա էլ հնդկական կողմի հետ պայմանավորվեց:

Ընդհանրապես, որպեսզի ծավալումները հասկանալի դառնան, թուրքմենական գործոնի հետ կապված մի բան ընդգծեմ: Ամեն անգամ երբ «Նաբուկո»-ի հետ կապված Թուրքիան Եվրոպայի առաջ ծուղակում է հայտնվում, Թուրքմենստանին է հիշում՝ գործի դնելով համաթուրքական երկրների դաշինքից բխող քաղաքականությունը: Կարծեմ մեկ, թե մեկուկես տարի առաջ այս երկրի նախագահը հայտարարեց, թե պատրաստակամ է գազով ապահովել եվրոպական պետություններին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն գնաց Աշգաբադ: Ու միայն «Նաբուկո»-ի հարցը չէ, որ քննարկվեց, այլեւ՝ «Հարավային միջանցք»-ի: «Նաբուկո»-ով շահագրգիռ երկրները կրկին աշխուժացան: Իսկ այդ տարիներին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կրկին կասկած հայտնեց, թե նախագիծը գազի մատակարար կունենա: Բանն այն է, որ «Թըրքիշ ուիքլի»-ն (թարգմանաբար՝ թուրքական շաբաթ) գրել էր, թե «Նաբուկո»-ն խնդիրներ է ունենում Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջեւ վեճերի պատճառով: Եվ այդ վեճերը ծագում են Կասպից ծովի կենտրոնի վառելիքի հորերից արդյունահանման իրավունքի վիճարկման հետեւանքով: «Սա մի վեճ է, որ արդեն տասը տարի է շարունակվում է՝ թունավորելով թուրքմենա-ադրբեջանական հարաբերությունները»,-գրել էր պարբերականը: Չմոռանանք սակայն, որ այս վեճը այդպես էլ լուրջ բախման չի վերածվում ոչ թե տնտեսական, այլ հենց քաղաքական գործոնով պայմանավորված. Թուրքիան պարբերաբար, ճիշտ ժամանակին գործի է դնում համաթուրանական խաղաքարտը, ու կողմերը հանդարտվում են: Արդյունքում՝ տուժում են տնտեսական ծրագրերը, ինչպիսին, խնդրո առարկայի պարագայում՝ «Նաբուկո»-ն է: Ու թեեւ վերջին 2 տարիներին ադրբեջանական ու թուրքմենական իշխանությունները հանդիպումներ են ունենում ԵՄ ու ԱՄՆ ճնշումների ներքո, այնուամենայնիվ, «Նաբուկո»-ն առանց մատակարար է մնում:

Հանքավայրերի սեփականատիրոջ իրավունքի վիճարկումը թեեւ ժամանակ առ ժամանակ էլ մեղմանում է, երբեք չի մարում: Ավելին՝ Թուրքմենստանի նախագահը մի առիթով ասել է, թե  այդ կնճիռը երբեք չի հարթվի «Ադրբեջանի կեցվածքի շնորհիվ, որ իրենն է համարում անգամ թուրքմենական «Սերդար»-ը», Ադրբեջանը հիմա էլ ձեռքը հասցրել է «Օմար» եւ «Օսման» հանքահորերին, որոնք Թուրքմենստանին են պատկանում: Թուրքմենստանի նախագահը ափսոսանք էր հայտնել, որ Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ 16 երկկողմ հանդիպումներն այդպես էլ չհանգեցրին խնդրի լուծմանը: Կհաշտվե՞ն, որպեսզի Թուրքմենստանը «Նաբուկո»-ին գազ տա: Հաշվի առնելով մինչ այսօրվա ծավալումները, հավանական տարբերակ է չհաշտվելը:

Ով ով, բայց Բաքուն այս ամենը լավ գիտի: Ու «հետաքրքիր» զուգադիպությամբ ուկրաինական եւ ադրբեջանական մամուլը այս օրերին գրեց. «Նաբուկո»-ն մեռավ, կեցցե TANAP-ը (»Trans Anadolu» -Տրանսանատոլիական գազատարի նախագիծ): Այստեղ էլ հիշեցնենք, որ «Նաբուկո»-ից դուրս է եկել կոնսորցիումի ամենահիմնական մասնակիցներից մեկը՝ գերմանական RWE-ն: Բայց ադրբեջանական մամուլը գրում է, թե՝ «ցանկության դեպքում կարելի է «Նաբուկո»-ն վերհառնել: Լինում են չէ՞ հոգեւարքի մեջ գտնվող հիվանդներ, որ հետո լավ էլ առողջ ապրում են»: Փոխարենը ուկրաինական մամուլն անդրադարձավ TANAP-ին՝ գրելով, որ այն ավելի կենսունակ է, քան «Նաբուկո»-ն: Գերմանական մամուլը հիշեցնում է, որ դեռ անցյալ տարի Անկարան որոշելով օրակարգում պահել «Նաբուկո»-ի թեման, ընտրեց «Նաբուկո ուեսթ»-ի էժան խաղը: Ընդ որում, Անկարան ցայսօր էլ խոսում է «Նաբուկո»-ի թարմացված տարբերակից՝ «Նաբուկո ուեսթ»-ից՝ պնդելով, թե դա տնտեսապես ավելի ձեռնտու է, որովհետեւ ավելի կարճ է, պակաս ծախսատար է, եւ շատ մասնակիցներ էլ պետք չեն: Ռուսական մամուլը հարցնում է, թե եթե փոխվել է ծրագիրը, ապա ինչու՞ չի փոխվել ֆինանսնավորման սխեման, եւ նախագծի 30%-ը դարձյալ ֆինանսավորելու են մասնակիցները, իսկ 70%-ը կլինի վարկատուների հաշվին: Մի հարց էլ է հնչեցնում ռուսական մամուլը. փոխվել է նաեւ «Նաբուկո»-ի գազատարի հզորությունը. խողովակաշարը կնեղանա եւ նախկինում որոշված՝ 31 մլրդ խմ գազի փոխարեն կտեղափոխի 23 մլրդ խմ, բայց գումարի չափի կրճատման մասին դարձյալ չեն խոսում:

Մեր կողմից էլ հարց հնչեցնենք «Նաբուկո ուեսթ»-ի մասով. սա էլ կլցնի ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրը: Սա այն հանքավայրը չէ՞, որ արդյունահանման հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի եւ որից մի ժամանակ դժգոհել էին նաեւ «Բրիթիշ փեթրոլիում»-ը եւ նորվեգական ՙՍթեթօյլ՚-ը: Պատասխանը դրական է: Ուշագրավ է այն, որ ՙՆաբուկո ուեսթ՚-ից խոսում են Անկարայում եւ «Նաբուկո» կոնսորցիումում, իսկ Բաքվից առայժմ պաշտոնական որեւէ արձագանք չկա: Չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Բաքուն պարտավորվել է Մոսկվային վաճառվելիք գազի ծավալները 2013թ. ավելացնել 2012թ. համեմատ:

Շարունակենք մեր 2-րդ հարցադրումը. այդ ինչպե՞ս Ադրբեջանը պիտի կարողանա եւ՜ Մոսկվային տրվելիք գազի ծավալները ավելացնել, եւ՜ «TANAP»-ը լցնել, եւ՜ «Նաբուկո ուեսթ»-ը: Ադրբեջանն առայժմ դարձյալ չի խոսում, փոխարենը «Նաբուկո» կոնսորցիումի տնօրենն ասում է, թե՝ «Ադրբեջանի գազը կբավականացնի»: Միջազգային որոշ գործակալությունների լրագրողներ փորձել են ճշտել տնօրենից, թե  ի՞նչ հիմքեր ունի նրա՝ ադրբեջանական կողմի հանդեպ վստահությունը: Ի պատասխան հնչել է. «Մենք շատ ենք գնահատում Ադրբեջանին: Նա կլցնի եւ՜ «TANAP»-ը եւ՜ «Նաբուկո ուեսթ»-ը»:

Պարզվում է՝ «Նաբուկո»-ի տնօրենը լավատեղյակ է ադրբեջանական հանքավայրերում գազի պաշարների տվյալներին: Տնօրենը չի հերքում, այո՝ քաջատեղյակ է, եւ իր լրատվության աղբյուրը SOCAR-ն է:

Վերջում, արդեն առանց մեկնաբանությունների, ընդամենը մեր ընթերցողներին տեղեկացնեմ, որ SOCAR-ը ադրբեջանական պետական ընկերություն է:

Չէ, այնուամենայնիվ, մի բան ասեմ. հազիվ թե Եվրոպան այնքան պարզունակ է, որ հավատա թյուրքական խաղերին: Պարզապես Եվրոպային էլ է թյուրքական խաղը ձեռնտու. այդպես նա ընդդեմ Մոսկվայի ի՜ր սեփական խաղն է տանում:

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

* * *

Ի դեպ, երկու օր առաջ հայտնի դարձավ, որ «Շահ դենիզ» կոնսորցիումը, որը զբաղվում է ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրի յուրացմամբ, հրաժարվել է «Նաբուկո ուեսթ» խողովակաշարը լցնել ադրբեջանական գազով:

Որպեսզի ավելի հասկանալի դառնա, թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնենք, որ հանքավայրի յուրացմամբ զբաղվում են «Բրիթիշ փեթրոլիում»-ը, նորվեգական «Սթեյթ օյլ»-ը, ռուսական «Լուկօյլ»-ը: «Բի Փի»-ն գազն ավելի թանկ Մոսկվային կտա, որն էլ դարձյալ բռի մեջ կպահի Եվրոպան:

* * *

«Նաբուկո»-ի մասնակից գերմանական RWE-ն նախագծից դուրս եկավ, բայց կոնսորցիումում նոր գործընկեր հայտնվեց՝ ֆրանսիական կոմունալ-էներգետիկ GDF Suez SA ընկերությունը, որը գազատարի նախագծում մոտ 9 տոկոս բաժնեմաս գնել է «Նաբուկո»-ի մեկ այլ մասնակցից՝ ավստրիական OMV-ից:

Ֆրանսիական այդ ընկերությունը ներքաշվել է նաբուկոական թուրքական խաղի մեջ, որովհետեւ  այլեւս որոշել է մասնակցել Անկարայի՝ ատոմակայաններ կառուցելու ծրագրերին:

* * *

Ուկրաինան կավելացնի գազի արդյունահանման ծավալները: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Նրա խոսքերով՝ «Նավթոգազ Ուկրաինի» ընկերությունը արդեն 2015թ. կարող է 21 մլրդ խմ գազ, նաեւ՝ 3 մլն տոննա նավթ արդյունահանել: Ուկրաինան այս հարցում մտադիր է համագործակցել ոլորտում միջազգային խոշոր  արդյունահանող ընկերությունների հետ՝ հատկապես առանձնացնելով գերմանական RWE-ին:

Կիեւը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը այլ ընկերությունների հետ եւս:

* * *

Աշխարհի ամենամեծ ռազմական հզորություն ունեցող 10 երկրներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Հարավային Կորեան, Իտալիան, Բրազիլիան:

Գնահատականը ներկայացրել են «Global firepower»-ի մասնագետները՝ սակայն համադրելի ցուցանիշներում չընդգրկելով միջուկային հզորությունները: Մասնագետները չեն հերքել, որ ռազմական ներուժը երկրի ազգային անվտանգության ու նաեւ դիվանագիտության կարեւորագույն զենքն է:

* * *

Ռուսաստանը Ղրղզստանին զենք կմատակարարի ոչ թե հաջորդ, այլ՝ այս տարի: Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Զենք ու զինամթերքի մատակարարումները կսկսվեն արդեն 4-րդ եռամսյակից»,-ճշգրտել է Ս. Շոյգուն: Բայց թե հատկապես ինչ կարգի զինամթերք դա կլինի, առայժմ չի մանրամասնվում:

Ռուսաստանյան մամուլը միայն գրում է 1,1 մլրդ դոլարի «ռազմական աջակցության», ոչ թե վարկի մասին:

«Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։