Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը

Հայ արիներն ու ազգայնականները հերթական անգամ ապրիլի 20-ին, Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Մեծամորի պատմական տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) նշել են ավանդական Զատիկի տոնը: Այն կազմակերպել են Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ: Եվ Զատիկի տոնը արի հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի հրաշագործության տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ երազանքներ պահած կրակի վրայով թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կազմակերպեցին, որն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

20.04.2013թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։