Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում

Հայ արիների սթափության կոչը հայությանը

Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը: Այս բարեկամության առանցքում անխախտ եւ անդավաճան գործում է միայն հայկական բարեկամության կամքը, ինչը հաճախ նաեւ վնասում է մեր ազգային շահերը: Մինչդեռ Ռուսաստանը, կլինի ցարական, թե բուրժուա-ֆեոդալական, սոցիալիստական-համայնավարական, թե լիբերալ-դեմոկրատական, միայն իր ազգային շահերն է նկատում:

Դեռ ռուսական ցարական մտացողությունից է կյանքի կոչվել «Հայաստանն առանց հայերի» գործելաոճը, որ ձեւավորվել է վելիկոռուսական քաղաքականությունից: Իսկ դա հատկապես հայության համար ոչ մի բանով չի տարբերվում համաթուրքական վտանգից:

Խորհրդային կարգերի հաստատման ընթացքում եւս Հայաստանն ու հայությունը զգացել են ռուս-հայկական բարեկամության դառնությունը: 1-ին աշխարհամարտի տարիներին, ինչպես եվրոպական ու ամերիկյան «քաղաքակիրթ» ազգերը, այդ բարեկամը նույնպես դիտորդի կարգավիճակով եւ իր շահերը հետապնդելով հետեւեց Հայոց ցեղասպանության իրականացմանը: Ավելին՝ այդ տարիներին Հայաստանը նոր տարածքային կորուստներ ունեցավ, եւ Կարսի անկումը միայն ռուսական զինուժի դավադիր գործողությունների հետեւանքը եղավ: Նորից գործեց ռուս-թուրքական կացնա-յաթաղանային համերաշխությունը հայության թիկունքում…

Այսպես բռնի խորհրդայնացվեց ցեցասպանված ու հայրենիքը լիովին կորցնելու վտանգի առջեւ կանգնած հայությունը եւ այս անգամ, որպես հայ-ռուսական բարեկամության պտուղներ, կորցրեց Արցախն ու Նախիջեւանը, որոնք կոմունիստական կուսակցության «պանծալի» որոշումներով հանձնվեցին ռազմա-քաղաքական նպատակներով միայն 1918թ. աշխարհի քարտեզին հայտնված հակահայ Ադրբեջանին, իսկ Ջավախքի տնօրինությունը թողնվեց ստալինակերտ եւ լենինա-աթաթուրքական կենտրոն Վրաստանին:

Հայությանը եղբայրաբար ու բարեկամաբար թողնվեց միան 28 հազ. կմ2 տարածք՝ իր ավելի շուրջ 15 անգամ մեծ բնական սահմաններից՝ Հայկական լեռնաշխարհում ի վերուստ տրված հայրենիքից…

Խորհրդային երկրի փլուզումից հետո հայ-ռուսական հարաբերությունները կարծես թե պետք է փոխադարձ շահերի փուլում հայտնվեին, սակայն համաշխարհային կոմունիզմի գաղափարը վերստին փոխարինվեց վելիկոռուսական նկրտումներով եւ այսօրվա ռազմավարական գործընկերներ Հայաստանն ու Ռուսաստանը նույն հարաբերություններն ունեն՝ ինչ Ռուսաստանը եւ Թուրքիան ու Ադրբեջանը: Ավելին՝ Մոսկվան նույն զենք-զինամթերքը տրամադրում է ինչպես տարածաշրջանում իր միակ գործընկերոջը՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին: Հայկական ատոմակայանին թաթը դրած՝ ատոմակայան է կառուցում նաեւ Թուրքիայում: Տնտեսական ավելի ծավալուն քաղաքականություն է վարում ոչ թե Երեւանի հետ ձեռք ձեռքի տված, այլ Անկարայի ու Բաքվի հետ ողջագուրվելով: ՀԱՊԿ միակ տարածաշրջանային անդամ Հայաստանում է տեղադրել իր միակ ռազմաբազան, բայց առավելապես համագործակցում է ՆԱՏՕ-ական Թուրքիայի եւ ռուսական ռազմա-քաղաքական ուղղությունը մերժող, Գաբալայից ռուսական զինուժին պարզապես դուրս հրավիրած Ադրբեջանի, այժմ նաեւ ռուս-վրացական պատերազմական անավարտ վիճակի մեջ գտնվող Վրաստանի հետ:

Պետք է նշենք նաեւ, որ արցախյան հակամարտության եւ պատերազմի տարիներին էր, որ Մոսկվայի լուռ հայացքի ներքո տեղի ունեցան Սումգայիթի ցեղասպանդն ու Բաքվի ջարդերը, Դաշտային Արցախի ու Շահումյանի շրջանի հայաթափումը, անգամ ռուս-ադրբեջանական «Կոլցո» ռազմական գործողությամբ ծանր հարված հասցվեց հայկական դիմադրական շարժմանը: Եվ այսօր էլ Մոսկվան, իրավացիորեն ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, նույնը չի անում ավելի քան 20 տարի անկախություն հռչակած հայկական Արցախ-ԼՂՀ-ի նկատմամբ:

Իհարկե կարող ենք բարեկամության եւ համագործակցության դրվագներ եւս թվարկել, դա եւս անհերքելի է: Բայց համադրելով դրական եւ բացասական հետեւանքները, Հայ Արիական Միաբանությունը հակված է հայ-ռուսական հարաբերություններն իր ձեւով եւ մինչ այսօր գնահատել որպես վտանգավոր ու անվստահելի:

Այսքանը հանդուրժող հայությունն ու Հայաստանը պետք է ստանային նոր հարվածներ, ինչը ոչ միայն տրամաբանական է, այլեւ պատմական փաստերի զուգակցում: Այս մասին Հայ Արիական Միաբանություն բազմիցս զգուշացրել է:

Եվ «ՀայՌուսգազարդ»-ի կողմից գազի սակագնի թանկացումը պատահական չէ եւ սա ոչ այնքան տնտեսական, ինչքան քաղաքական ճնշում է գործընկերոջ նկատմամբ, ինչը կարող է վտանգել անգամ Հայաստանի ազգային անվտանգությունը: Մոսկվան վարժվել է նման պարտադրանքներով հասնել իր նպատակներին, ինչը պետք է այլեւս կանխել: Գազի սակագնի թանկացումը բացասական հետեւանքներ կթողնի մեր բնակչության առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակի վրա, շղթայական ազդեցություն կունենա շուկայում եւ կհանգեցնի նոր թանկացումների, ինչն էլ իր հերթին կնպաստի արտագաղթի կտրուկ աճին:

Մոսկվան մեզ ստիպում է հրաժարվել Եվրամիության հետ հարաբերություններից եւ դառնալ Եվրասիական Միության անդամ: Մեր այսպես կոչված բարեկամի դուրը չի գալիս նաեւ այն, որ իրենց առաջարկած Մաքսային միությանը զուգահեռ Հայաստանը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում արդեն պատրաստ է ստորագրել ասոցացման համաձայնագիրը: Իսկ Մոսկվան իրեն հարց տվե՞լ է, արդյո՞ք Երեւանին դուր են գալիս իր մերձեցումները Բաքվի ու Անկարայի հետ:

Կոչ ենք անում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը: Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն քայլեր ձեռնարկել Հայաստանում այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ստեղծման ու ապահովման ուղղությամբ:

Անհրաժեշտ ենք համարում, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքին զուգահեռ նախաձեռնեն սեփական շահերը ներառող այլ քաղաքական ու տնտեսական առանցք՝ Եվրոպա-Ասիա կարեւորագույն խաչմերուկում: Վերոթվարկյալ ռուսական-ռուսաստանյան (դեռ պետք է ստուգել՝ մնացե՞լ են մաքրարյուն ռուսներ, թե նրանց անվան տակ արդեն երկար ժամանակ այլոք են հանդես գալիս) քաղաքականությունը եւ վերջերս իրանական կողմի՝ Սյունիքի մարզում իրանաբնակ ադրբեջանցիների համար արոտավայրեր ձեռքբերելու քայլերը (ինչը հազարավոր ադրբեջանցիների ներհոսք էր բերելու մեր երկիր) եւս մեկ անգամ համոզում են, որ մեր հարեւան ու բարեկամ համարվող երկրները իրենց շահերի համար կարող են վտանգել հայության շահերը:

Ուստի՝ կոչ ենք անում, որ պաշտոնական Երեւանը ԱՊՀ-ի ՀԱՊԿ-ին զուգահեռ եւ համարժեք փոխգործակցություն ունենա Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանի ռարածքում ռուսաստանյան ռազմաբազայի նմանությամբ պայմանագիր կնքի նաեւ ՆԱՏՕ-ի ռազմաբազա ստեղծելու համար: Այս հարցերը հրատապ են, քանզի Անկարան եւ Բաքուն արդեն ծավալել են համաթուրքական (ինչպես մեծ Թուրքիա, այնպես էլ մեծ Ադրբեջան հեռանկարով) եւ նորօսմանյան քաղաքական ծրագրեր, որոնք կարող են նոր հայկական ջարդերի պատճառ դառնալ, ինչը կարծես չի հուզում մեր այսօրվա բարեկամներին:

Մենք չենք կարող կրկնել պատմության սխալները, եւ անհարժեշտության դեպքում Հայաստան ու հայությունը պետք է փոխեն իրենց ռազմա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ուղղվածությունը հանուն մեր ազգային շահերի: Հայ արիական սկզբունքներում ասված է. «Տարբեր տեսակետներից դժվարությունները տեսնելը եւ դրանց հաղթահարման համար հիմնական ու լրացուցիչ տարբերակներ առաջադրելու հնարավորությունը՝ հաջողության հասնելու կայուն նախապայման են»:

ՀայԱրիականՄիաբանություն

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։