ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Պատմում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը

Ճշմարտություն, որ կփոխի նորօրյա պատմության առանցքը. – ՀԱԲ-ը ժամանակի ցեղակրոն բանակն էր…

ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Հազարապետը եւ «Կոտայք» գնդի նախկին հրամանատարը հիշեցնում է կազմակերպված դավադրության մասին

(Հարցազրույցը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ՝ Արմենուհի Մելքոնյանի  («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր))

Հայոց ազգային բանակը (ՀԱԲ) այն ռազմական կազմավորումն էր, որը ծավալուն գործունեություն իրականացրեց դեռ չանկախացած Հայաստանի (եւ Արցախի) սահմանների պաշտպանության համար: Սակայն, ցայսօր, ՀԱԲ-ի մասին իշխանավորների ու ընդդիմադիրների որոշ մասը փորձում է հիշեցնել հիմնականում վատը (հասկանալի է, որ բոլոր զինված խմբավորումներում էլ եղել են անօրեններ, դրանք չէին կարող չլինել նաեւ բազմամարդ ՀԱԲ-ում): Կամ էլ՝ անտեսելու քաղաքականություն է կիրառվում, կարծես հազարավոր մարտիկներ ունեցած ռազմական կազմավորումն ավելի քիչ ինքնապաշտպանական գործ է կատարել, քան 10 կամ 100 հոգանոց որեւէ ջոկատ:

Այդ նախկին ու ներկա իշխանավորներն ու ընդդիմադիրները ուրիշ ասելիք չունե՞ն ՀԱԲ-ի մասին, վերջերս էլ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ (ով նաեւ ԱԺՄ ղեկավարն է) Վազգեն Մանուկյանը նշեց, թե իր պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար, քանի որ «ջոկատները զինված էին, եւ ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում, եւ որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից»: Ըստ նրա, առաջին ընդհարումը ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, «որը զինված էր եւ շատ անկառավարելի, չէր ենթարկվում իշխանություններին՝ հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են եւ իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն»: Նշվել էր նաեւ, թե մի դեպքից հետո Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը իրեն են դիմել, որպես երկրի վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնության համար եւ, Վազգեն Մանուկյանի խոսքով, «գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան, բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու եւ կարգ ու կանոն հաստատելու համար»:

Ի՞նչ է եղել իրականում. պարզաբանումների համար «Լուսանցք»-ը դիմեց ՀԱԲ-ի հազարապետ, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի գաղափարախոսական գծով տեղակալ, Ռազմական խորհրդի անդամ Արմեն Ավետիսյանին:

- Վազգեն Մանուկյանի ասածը ծանոթ վերլուծություն է, եթե համարենք վերլուծություն: Բոլոր այդպես խոսողները այդ տեսակետները տարիներ առաջ անգիր են արել, որ չմոռանան: Դա այն տարիների պետպատվեր-վերլուծականն էր, որ կոմունիստներին փոխարինած եւ նպատակային իշխանության բերված մարդկանց խումբը պետք է սերտեր որպես առաջին դասերից մեկը: Այն պետք է միշտ անգիր, առանց տառասխալի կրկնվի, քանի որ դա արտաքին ուժերի պահանջն է մնում նաեւ այսօր: Առավել եւս, որ հիմա, ըստ նրանց, ամոթ կլինի հակառակն ասելը: Սա շատ նման է այն ակադեմիկոսի կամ այլ գիտական կոչում ստացած պատմաբանների պահվածքին, ովքեր Հայաստանի անկախացումից հետո էլ վախենում էին ասել, թե Ուրարտուն հայկական պետություն է եւ Հայկական լեռնաշխարհն էլ հայերի բնական հայրենիքն է: Չկար խորհրդային ճնշումը, բայց իրենց ամբողջ գիտական քաշը ձեւավորված էր այդ հակահայ պատմա«գիտությամբ», եւ վախենում էին դա ասել, քանի որ կոչումներից զրկվելով՝ կարող էին զրկվել նաեւ պետական ու գիտական թոշակներից ու այլ նպաստներից: Հիմա «Ղարաբաղ» կոմիտեի կարկառուն դեմքերը եւ ՀՀՇ-ական ու ՀՀՇ-ածին այլ կազմակերպությունների ղեկավար անձինք վախենում են ասել ճշմարտությունը, քանի որ իմանալով՝ լռել են, եթե չասենք՝ շատերը մասնակից են եղել: Դա կարեւոր է նրանց համար, ովքեր 1989-1990թթ. «Ղարաբաղ» կոմիտեն նպատակայնորեն պատմության արխիվ ուղարկեցին եւ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) նախաձեռնեցին: Այդ մի խումբ մարդիկ «Ղարաբաղ» կոմիտեն այլեւս գլխացավանք էին համարում, քանզի իշխանության գալու համար տվյալ անունը միջազգային ասպարեզում խնդիրներ էր առաջացնում:

Ցավալի է, որ Վազգեն Մանուկյանը եւս այդ սերտած դասերից է դեռ մեջբերումներ անում, քանզի նա «Ղարաբաղ» կոմիտեի այն անդամներից է, ով ազգային մտածողություն ունի: Եղան ժամանակներ, երբ նրա հիմնադրած ԱԺՄ-ն ընդդիմություն էր ՀՀՇ-ին եւ մատնացույց էր անում այդ իշխանության թալանն ու ապազգային կառավարումը: Մենք այդ կառույցի հետ շփվել ենք, մի շարք այլ կազմակերպությունների հետ միասին, նաեւ համատեղ պայքարի օրեր են եղել հհշական ամենաթողության դեմ: «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից շատերի հետ եմ շփվել, հատկապես պայքարի առաջին տարիներին, երբ Աբովյանում մասնակցում էինք ամեն անգամ տուրուդմփոցի վերածվող այս կամ այն կարգի ընտրություններին՝ հակադրվելով համայնավարական վարչակարգին: Բայց անձնապես գործ ունեցել եմ քչերի հետ: ԱԺՄ-ից բացի, համագործակցել ենք նաեւ Աշոտ Մանուչարյանի ձեւավորած Սոցիալիստական ուժերի միավորման հետ, որը համատեղ գործեր էր ծավալում ազգային նպատակներ որդեգրած Դիմադրական շարժման շրջանակներում եւս, որտեղ ընդգրկված էին նաեւ հայ ազգայնականներ: Վազգեն Մանուկյանը, բացի վարչապետ լինելը, պատերազմի տարիներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարը, իսկ Աշոտ Մանուչարյանը՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության գծով խորհրդականը: Երկուսն էլ լավ գիտեն, թե իրականում ինչ է եղել այդ տարիներին, եւ եթե Մանուչարյան Աշոտը որոշակի խոսել է այդ ժամանակաշրջանի մասին, ապա Մանուկյան Վազգենը դեռ ասելիք ունի: Չնայած, նա ավելի կաշկանդված է ասելու համար, քանզի այդ տարիների երկրի վարչապետը նույնպես պատասխանատուներից մեկն է այն ժամանակների ալան-թալանի, եթե անգամ դա իր կամքից անկախ է արվել: Ու երբ նա հեռացավ ՀՀՇ-ից՝ արդեն շատ ջրեր էին հոսել:

- Իսկ ՀԱԲ-ի հասցեին հնչող քննադատություններին ի՞նչ կասեք. ծուխն առանց կրակի չի լինում: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ական իշխանության տարիներին, ապա այդտեղ էլ պետք է զատել թացն ու չորը:

– Միանշանակ համաձայն եմ, եթե հայությունը կարողանում էր միլիոնանոց հանրահավաքի դուրս գալ՝ ապշեցնելով աշխարհին, ապա այդ հարցերում թացն ու չորը զատելու պարտականություն միշտ կա: Բոլորն են հասկանում, որ ինչպես այն ժամանակի իշխանական համակարգում, այնպես էլ դրանից հետո եւ այսօր էլ, եղել են ու կան պատվարժան մարդիկ, ինչը բնական է: Մենք ազգովի չենք կարող ապազգային կամ անօրեն լինել:

ՀԱԲ-ի մասին դեռ կխոսեմ, իսկ նշված թացն ու չորը երբեք չեմ խառնել, քանի որ ինքս առաջին օրից եղել եմ այդ շարժման մեջ, որը սկսվեց 1988թ. փետրվարի 18-ին Աբովյան քաղաքում՝ բնապահպանական ցույցերով (ինչը պատրվակ էր): Բնակվում ու աշխատում էի Աբովյանում, այդ տարիներին «Սիրիուս» գործարանի բանվոր դասակարգի շարքերում էի, որտեղից էլ սկիզբ առան գործադուլներն ու բողոքի ցույցերը, քայլերթերն ու հանրահավաքները: 1-2 օրից, փետրվարի 20-ին բնապահպանական ցույցերը վերաճեցին Արցախյան շարժման, եւ մեր առնչությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ անմիջական էին՝ մինչեւ ՀՀՇ-ի առաջ գալը: Եղել եմ Աբովյանի «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներից մեկը, իսկ հայաստանյան կոմիտեի անդամների ձերբակալությունից հետո եղել եմ Երեւանի ու այլ մարզերի կոմիտեների կապավորներին առնչվող Աբովյանի պատասխանատուն: Տեղյակ եմ շատ ներքին խնդիրների ու անցուդարձերի, հենց անձնական զրույցներից:

Իսկ մինչ այդ, ՀՀՇ-ի ստեղծման փաստաթղթերին զուգահեռ, 1989-ին ստացանք նաեւ Ժողովրդական ճակատի (ԺՃ) ձեւավորման փաստաթղթերը, որը նախաձեռնել էին Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը եւ այլ մտավորականներ: Նրանք բարձրաձայնում էին, թե ՀՀՇ-ի ձեւավորմամբ Արցախի խնդիրը դուրս է մնում անգամ մեր նպատակների առաջնահերթությունից: Հակառակ կողմն էլ աղմկում էր, թե այս մտավորականները իշխանության հետ համագործակցում են եւ փորձում են խանգարել իշխանափոխությանը: Հիշում եմ, սկզբում «Սիրիուս» էին բերել Ժողճակատի փաստաթղթերը, եւ «Ղարաբաղ» կոմիտեի սկզբնական կազմակերպությունների ժողովներում ինքնաբերաբար այդ թղթերն էին հաստատվել: Դա սարսափեցրել էր ՀՀՇ-ն նախաձեռնողներին, ովքեր լսել էին, թե Աբովյանում մտավորականների առաջարկած կառույցն են պաշտպանել… Արագ հասել էին Երեւանից, թե դա իրենք չեն, նոր որոշումներ են հարկավոր: Բայց եղան մարդիկ, ովքեր ցանկացան մնալ ԺՃ ստեղծվելիք կազմակերպության հետեւորդներ: Իգոր Մուրադյանը չկար առաջարկվող ճակատում, բայց դուրս էր մնացել նաեւ ՀՀՇ-ի «դեմք»-երի ցուցակից, ինչպես Վաչե Սարուխանյանը, ում լավ կհիշեն՝ հռետորական մեծ ձիրքով եւ հսկայածավալ հանրահավաքները կուռ պահելու խոսքով օժտված լինելու համար:

Այս անցումային փուլում թաց ու չորի որոշ զատումների կարիք նույնպես կա ու պիտի ասվի դեռ: Իմիջիայլոց, Իգոր Մուրադյանը հանրահավաքներից մեկում Աբովյանը կոչեց «Հայաստանի հեղափոխական Պիտեր» եւ արժանավույնս գնահատեց Արցախյան շարժման առաջին օրերին աբովյանցիների կազմակերպած շուրջ 20-25 կմ-անոց քայլերթ-ցույցերը դեպի Երեւան, ինչը 7-8 օր անդադար շարունակվեց եւ ծավալում ստացավ ամբողջ երկրում: Շատերը կհիշեն, թե ինչպես էին երկրի տարբեր բնակավայրերից ոտքով զանգվածաբար գալիս մայրաքաղաք ու միանում Ազատության հրապարակի հանրահավաքին, եւ ինչ ցնծություն էր ապրում հրապարակը այդ միացումների ակնթարթին: Իսկ ամեն մի քայլերթը նոր բախում էր ոստիկանության ու անվտանգության կառույցների հետ (երթերի ավարտից հետո ուժային կառույցների հետ նաեւ քաշքշուկներ ու նրանց կողմից վախեցնելու-ահաբեկելու քաղաքականություն էր կիրառվում հետեւողականորեն) ինչը հաղթահարվում էր կամային մեծ ուժով: Անգամ քաղաքի գործարաններից եւ հիմնարկներից մարդկանց դուրս բերումն էր պայքարով կատարվում, այդ ձեռնարկությունների դարպասներն էին բացվում ջարդվելով, մինչեւ գործադուլները կանոնավոր հուն մտան: Կանոնավորվելուց հետո «Ղարաբաղ» կոմիտեի կարկառուն դեմքերը շատերի համար այլեւս անհասանելի դարձան, եւ ամեն ինչ արվեց այդ կառույցը ՀՀՇ-ով փոխարինելու համար:

Այս ամենը պատմեցի, որպեսզի պարզ լինի, թե ինչու մեր ամենօրյա գործն ու շփումները շարժման ղեկավարների հետ եւ մարդկանց դավանած արցախյան ազատագրման ոգին շատերիս հետ պահեցին նոր ձեւավորվող ՀՀՇ մտնելուց: Առավել եւս, որ գրանցում ստանալուց հետո այն դարձավ կուսակցություն՝ ՀՀՇԿ, բայց վերջին «Կ»-ն միտումնավոր չէր նշվում՝ համազգային շղարշը պահելու նպատակով: Մենք նաեւ մտավորականների առաջարկած Ժողճակատ չմտանք, քանզի նրանք էլ դեմ էին ռազմական կազմավորումների ձեւավորմանը: Իսկ պայքարի բովում եղածների համար շատ հստակ էր, որ պիտի ընկղմվել Հայաստանի անկախացման պայքարի հորձանուտ, ինչը (ինչպեսեւ՝ Արցախի ազատագրումը) ակնկալում են նաեւ ու առավելապես զինված կազմավորումների ստեղծում, զենք-զինամթերքի հայթայթում:

- ՀԱԲ-ին ի՞նչը խանգարեց կազմավորվելիս չհամադրվել առկա քաղաքական ուժի հետ: 

– Խոսքս հանգում էր դրան: Անկախականները հանրահավաքների օրերին հավաքվում էին Ազատության հրապարակի որոշակի հատվածում (շատերը կհիշեն որտեղ), եւ Սումգայիթյան ցեղասպանության ու ադրբեջանական (մեր պապական) բնակավայրերում հայերի այլ ջարդերի ու տեղահանությունների փաստը հանգեցրել էր զինված պայքարի պատրաստվելուն: Եվ ինչքան էլ ճշմարիտ չխոսեն ու փնովեն ՀԱԲ-ի ու ՀԱԲ-ականների գործը, այս ռազմական կազմավորումը դարձավ Հայաստանի ամենամեծ զինված կառույցը, որը ստեղծեց բանակին բնորոշ (իհարկե՝ այդ պահին հնարավոր) բոլոր զինվորական կառույցներն ու օղակները, կանոնակարգն ու կոչումները, կապի միջոցներն ու զինանոցը, զորակայանները, ռազմական ճամբարներն ու թիկունքի զորամասերը, ավտոպարկն ու պահեստները եւ այլն: Անգամ զինգրքույկներ, կադրերի եւ անհրաժեշտ արխիվային բաժիններ ստեղծվեցին, որպեսզի կանխվի ՀԱԲ-ի անունից հանդես եկողների ու կառույցը միտումնավոր վարկաբեկողների ճանապարհը: Իսկ այդպիսիք՝ ինչքան ուզես. Եւ՛ քաղաքական առումով մեր հակառակորդներն էին կազմակերպում, եւ՛ անպետք այն զանգվածն էր շահարկում, որը թալանով էր ցանկանում ապրել, հաջողացրել՝ զենք-զինամթերք էր հայթայթել, եւ ՀԱԲ-ի ու այլ կամավորական խմբավորումների անունից էր թալան անում: Հաճախ հենց դրանց արածներն էլ միտումնավոր վերագրվում էր ՀԱԲ-ին կամ մեկ այլ ռազմականացված կամավորական կառույցի: Երբ ՀԱԲ-ի տղաները սկսեցին զինգրքույկով կամ փաստաթղթերով հանդես գալ, դրանք կորան, դարձան սովորական «գողցողներ», որոնց հետո նաեւ «ասֆալտի ֆիդայիներ» էին ասում, քանի որ իրենց կեղտոտ գործերը զինվորական հանդերձանքով էին անում:

Վազգեն Մանուկյանը կամ այլերը ՀԱԲ-ի զինվորներին համարում էին (եւ դեռ համարում են) «անկառավարելի, իշխանություններին չենթարկվող, ովքեր իրենց ավելի հայրենասեր էին համարում, որոնք պետք է սեփական պատերազմները մղեն» եւ էլի նման բաներ, բայց չեն նշում, թե ո՞րն է պատճառը: Մի՞թե միայն այն բանի համար, որ ՀԱԲ-ի տղաները «իրենց ավելի հայրենասեր էին համարում»… Սա խաբկանք է, ՀԱԲ-ի կազմում առավելապես եղել են նվիրյալ տղաներ, ովքեր Հայաստանի բոլոր սահմանամերձ գոտիներում, հետո նաեւ Արցախում ՀԱԲ-ի ռազմական ճամբարներ ստեղծելով՝ կռվելով պաշտպանել են մեր հայրենիքի բոլոր հատվածները, ցավոք նաեւ թույլ տալով ՀՀՇ վերնախավին ավելի անկաշկանդ իրագործել իրենց ապազգային ծրագրերը:

ՀԱԲ-ը նախաձեռնողներն ամիսների ընթացքում ձեւավորեցին ավելի քան 100 հազարանոց բանակ (ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանը մի առիթով նշեց՝ 140 հազար), որը չէր կարող 1989թ. ապրիլի 24-ից (ՀԱԲ-ի հռչակման օրը) մինչեւ 1990թ. օգոստոսի 29-ը (երբ ՀՀ ՀՀՇ-ական խորհրդարանում հնչեցրեցին լուծարման հայտարարությունը) «խուլիգանություն» եւ «խուժանություն» անելով զբաղվեր, քանզի այդքան զորքը հավաքած կառույցը երկրով մեկ սփռված ինքնապաշտպանական խնդիրներն էր հազիվհազ լուծում: Իսկ եթե ՀՀՇ-ի «երազանքները հեքիաթային չէին», ինչպես նշել է Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահը, ապա ՀԱԲ-ի նպատակներն առավել եւս հեքիաթային չէին, քանի որ ռազմական մեծաթիվ կառույցը, որպես գաղափարախոսություն, որդեգրել էր Նժդեհի «Ցեղակրոն» ուսմունքը եւ հետզհետե տրամադրվում էր երկիրը ապազգային ուժերից մաքրելու գործին: Ահա թե ինչու ՀԱԲ-ը հրաժարվեց ենթարկվել ՀՀՇ-ական խորհրդարանին եւ չէր պատրաստվում զենքները վայր դնել, հատկապես այն հայտարարությունից հետո, երբ Վազգեն Սարգսյանը բարձրաձայնեց, թե «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» (հետո էլի կրկնողներ եղան)… Այսինքն՝ այդ տրամաբանությամբ Արեւմուտքը կամ Ռուսաստանը (նույն մութ ուժերն էին իշխում այդժամ երկու բեւեռներում եւ հայտնի է, որ ԽՍՀՄ «ապամոնտաժումը» հենց Արեւմուտքի դրածոներն իրականացրեցին) պետք է ստանձնեին մեր պաշտպանությունը, քանի որ մենք բանակ չունենք: Սա շատ նման էր ցեղասպանվելու պատրաստ եւ օտարին սեփական տուն հրավիրողի մի հայտարարության, որի պատկերը հստակ ընդգծված արդեն կար մեր պատմության ցավալի էջերում՝ 1915-23թթ.: Այդ ժամանակ հայությանը զինաթափեցին, զրկեցին կռվող ուժից եւ մտավորականներից ու աշխարհի «մարդասեր» ժողովուրդների աչքի առաջ ցեղասպանեցին: Եվ շատերի մոտ վերոնշյալ հայտարարությունն ավելի ամրապնդեց այն մտայնությունը, որ ՀԱԲ-ը պետք է վերածել քաղաքական կազմակերպության՝ այն էլ Ցեղակրոն գաղափարախոսությամբ առաջնորդվող:

Այս ամենն ասում եմ ոչ թե ենթադրաբար կամ պատմություններ լսելով, այլ անմիջական մասնակիցը լինելով իրադարձությունների եւ կայացրած որոշումների: Զարմանալի է, որ Վազգեն Մանուկյանն ասել է, թե «այդ քայլերի շնորհիվ Հայաստանն առաջ անցավ Վրաստանից ու Ադրբեջանից, այնտեղ դեռ երկար ժամանակ ջոկատներ կային, իմ պաշտոնաթողությունից հետո ոստիկանության պետ Վանո Սիրադեղյանն էլ շարունակեց այդ գործունեությունը, երբեմն ոչ օրինական ձեւերով, բայց կրիմինալի դեմ պայքարելով»… Նաեւ հավելել է, որ Հայաստանը կամաց-կամաց հանգեց մի վիճակի, երբ «չարիք կարող էիր գործել, եթե իշխանություն էիր, ու արդեն առաջացավ մի հարց՝ իշխանությունը լա՞վն է, թե՞ վատը, փոխե՞լ այն, թե՞ չէ»: Մեր նախկին վարչապետը եւ ներկայիս Հանրային խորհրդի ղեկավարը գոնե այժմ չի՞ նկատում, որ շատերն այն ժամանակ արդեն տեսնում էին ովքեր են գալիս իշխանության, եւ որպեսզի նոր արյուն չթափվեր (խոսքը պայծառատեսության մասին չէ, այլ՝ իրատեսության), երբ արդեն պարզ լիներ, որ «չարիք կարող էիր գործել, եթե իշխանություն էիր»… Միաժամանակ ցանկանում էինք կանխել նաեւ «իշխանությունը լա՞վն է, թե՞ վատը, փոխե՞լ այն, թե՞ չէ» բոլորի կողմից հետագայում հնչեցրած հարցը, ինչը նույնպես արյունահեղությունների հանգեցրեց: Իսկ թե ինչպես «կրիմինալից ազատեցին Հայաստանը» Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, ովքեր էլ դիմել էին այն տարիների վարչապետին՝ ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնության համար, ոչ մեկի համար գաղտնիք չէ այլեւս: Եվ «գողական ու կրիմինալ աշխարհը», ինչպես համայնավարական կլանը, անդամագրվեց ՀՀՇ-ին…

- Արդյո՞ք ոչ մի հնարավորություն չկար քաղաքական համաձայնության եզր գտնելու եւ նորանկախ Հայաստանում ՀԱԲ-ականների ծառայությունը շարունակելու:

– Դա միայն բարի ցանկություն է եղել այն ժամանակ էլ, այժմ էլ: Այն օրերին Մոսկվայի բանտերում ժամանակն անտեղի չվատնած «Ղարաբաղ» կոմիտեի տղաների մեծ մասը այլ եւ այլի կարծիքն էր պնդում (բոլորի մասին չեմ կարող նույնն ասել): ՀԱԲ-ը հայտարարեց, թե պատրաստ է զենքը վայր դնել բազմակուսակցական խորհրդարանի առջեւ, նաեւ զանգվածային երդում կազմակերպել՝ այդ խորհրդարանի որոշումներին ենթարկվելու համար: Բայց ՀՀՇ-ն այլ նպատակով էր ստեղծվել եւ ազգի միավորումն իր գործը չէր: Իսկ Արեւմուտքին եւ Ռուսաստանին ձեռք չէր տալիս 100-150 հազարանոց հայկական ցեղակրոն բանակի հեռանկարըորը կարող էր վճռականորեն դիմադրել համաշխարհային բեւեռների ծրագրերի իրականացմանըԱյդ բանակը եւ իրական ազգային հայկական պետությունը կարող էին թելադրող դիրքեր ունենալ ինչպես Կովկասյանայնպես էլ Մերձավորարեւելյան տարածաշրջանումինչը եւս ձեռնտու չէր համաշխարհային ռազմա-քաղաքական բեւեռներին: Կոմունիստները թուլացած ու վարկաբեկված էին՝ անզոր ՀԱԲ-ի դեմն առնելու, եւ միակ քաղաքական ուժը, որ կարող էր ժողովրդին խաբելով ՀԱԲ-ի դեմ ուղղորդել, ՀՀՇ-ն էր, որին էլ բերեցին իշխանության՝ ՀՀՇ ղեկավար՝ Լեւոն Տեր-Պետրոսյան – Կոմկուսի ղեկավար՝ Վլադիմիր Մովսիսյան  «եղբայրական» ձեռքսեղմումով:

Սա այնքան պարզ էր, որ շատ բարդ եղավ դրան հավատալը: Այն օրերին ստեղծվել էր Նախախորհրդարան, որը համախմբել էր Հայաստանում գործող քաղաքական ուժերի մեծամասնությանը եւ այլընտրանքային խորհրդարանի կարգավիճակի էր ձգտում: Այդ օրերին անկախական ընկերներով ստեղծել էինք Հայաստանի ազգային անկախություն կուսակցությունը (ՀԱԱԿ, հետագայում՝ ՀԱԿ), որը եւս հարաբերություններ սկսեց Նախախորհրդարանի հետ, որի ղեկավարների ցանկությունն էր, որ ՀԱԲ-ը միանա ազգային ծրագրերին եւ միասնական քաղաքական ուժի ու ռազմական հնարավորություններով հզոր կառույցի միավորմամբ հաստատեն ազգային իշխանություն: Նրանք համոզված էին, որ արտաքին աշխարհն էլ ստիպված կլինի հաշտվել կատարված իրողության հետ: Մի քանի բանակցային խմբեր էին աշխատում, որոնցից մեկի կապավորը ես էի: ՀԱԲ-ի հրամկազմը եւ Ռազմական խորհուրդը մինչ մտորում էր, Ռազմիկ Վասիլյանին ու ՀԱԲ-ի կոմիսար, գաղափարա-քաղաքական գծով պատասխանատու Վարդան Վարդանյանին համոզեցի հանդիպել Նախախորհրդարանի պատվիրակների հետ, քանի որ ժամանակը սուղ էր: Հանդիպումը եղավ ՀԱԲ-ի գլխավոր զորակայանում (շտաբում), բայց ավարտուն խոսակցություն չստացվեց միանգամից: Համաձայնություն եղավ, որ ՀԱԲ-ը դիտորդի կարգավիճակով մասնակցի:

Իհարկե սա չէր կարող վրիպել ՀՀՇ-ականների աչքից, քանի որ մի քանի տասնյակ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների եւ մի քանի տասնյակ հազարների հասնող ՀԱԲ-ի մարտիկների միավորումը կարող էր արտերկրում սասանել Հայաստանում ՀՀՇ-ականների սիրված լինելու եւ նրանց անվերապահորեն հավատալու սինաբանությունըԵթե Նախախորհրդարանը Երեւանյան կառույց էր առավելապեսՀԱԲ-ը զորակայաններ ուներ բոլոր մարզերումխոշոր քաղաքներում ու այլ բնակավայրերում:

Եվ տեղերում ՀԱԲ-ի ուժն այնքան ընդգծված էրոր շատ արագ կարելի էր վերցնել իշխանությունը մարզային բնակավայրերում, ինչը հնարավորություն կտար Երեւանում ավելի վճռական գործել:

Այդ պարագայում ինչու՞ այդպես չեղավԻ՞նչը կանգնեցրեց հազարավոր զինված, նաեւ քաղաքականապես ակտիվ մարդկանց

– Վազգեն Մանուկյանը նշել էր, որ «մի դեպքից հետո Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը իրեն են դիմել, որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնության համար եւ գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան, բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու եւ կարգ ու կանոն հաստատելու համար»: Միանգամից ասեմ՝ անհրաժեշտ էր Հայաստանում հենց խուժանության հաստատման համար, թալանն ու ավերը անպատիժ իրականացնելու, «ով մեզ հետ չէ, նա հայ չէ» ՀՀՇ-ական կարգախոսը բռնությամբ կյանի կոչելու եւ հայահալած քաղաքականություն վարելու համար: Ինչ մնում է «մի դեպքից հետո» արտահայտությանը, ապա դա այն սադրանքն էր, որ պիտի մարդկանց «ապացուցեր», թե ինչքան վտանգավոր է ՀԱԲ-ը, եւ այն պետք է անհապաղ լուծարել: Ազատամարտիկներ Գեղազնիկ Միքայելյանի (Չավուշ) եւ Վիտյա Այվազյանի (ով պատգամավոր էր) դավադիր սպանությունը պատրվակ դարձնելն էր այդ «մի դեպքից հետո»-ն: Հայտարարեցին՝ իբր տղաները եկել էին ՀԱԲ-ի հետ բանակցելու, սակայն սպանվել են: Գեղազնիկը, ում հետ անձամբ ծանոթ եմ եղել ու միասին մեր զինված ջոկատներով Նոր-Հաճընի ուսումնական օդանավակայանն ենք պաշտպանել, որ խորհրդային զինվորները չտիրեն ու չխանգարեն մեր մարտիկների մարզմանը, եւ Վիտյան, ով հրաշալի հարաբերություններ ուներ ՀԱԲ-ի տղաների հետ, ինչպես՝ Չավուշը, չէին կարող սպանվել ՀԱԲ-ականների կողմից, եւ ոչ մեկը չէր սպանվի, քանզի ՀԱԲ-ի հրամկազմը պատրաստվել էր բանակցության:

Մենք Աբովյանի զորակայանը եւ ՀԱԲ-ի «Կոտայք» գունդը (շուրջ 1000 զինվոր) կազմալուծել էինք հուլիսի կեսերին եւ մեր զինվորներին քաղաքի ու մարզի այլ ջոկատներ էինք ուղարկել, քանի որ ՀԱԲ-ը պատրաստվում էր քաղաքականությամբ զբաղվել նաեւ, իսկ մենք արդեն ազգայնական քաղաքական կազմակերպություն էինք հիմնել եւ գործում էինք 1989թ.-ից: Ռազմիկ Վասիլյանի եւ Վարդան Վարդանյանի հետ պայմանավորվել էինք հետագայում համագործակցել ազգայնական ոլորտում, չնայած Ռազմիկը, արդեն որպես մարտական ընկեր, մինչեւ վերջին օրը պնդում էր, որ միասին լինենք քաղաքական ուժի ձեւավորման գործում: Հետաքրքիր էոր դա տարիներ անց տեղի ունեցավ, երբ Հայ Արիական Միաբանությունը եւ ՀԱԲ-ի նախկին մարտիկները՝ Ռազմիկ Վասիլյանի գլխավորությամբ, ձեւավորեցինք Հայ Արիների (Արիական) Բռունցք  (ՀԱԲ) քաղաքական դաշինքը, որըորպես հայազգայնական ուժմասնակցեց  2003թ. Ազգային Ժողովի ընտրություններին:

Իսկ մինչ այդ, 1990թ. օգոստոսի վերջին ՀՀՇ-ական վարչախումբը դավադրաբար սպանեց Գեղազնիկ Միքայելյանին եւ Վիտյա Այվազյանին, նրանց անկենդան մարմինները հանկարծ հայտնվեցին ՀԱԲ-ի գլխավոր զորակայանի մոտ եւ հայտարարվեց, եթե ՀԱԲ-ը չհանձնվի, տեղի կունենա զինված գրոհ: Լավ հիշում եմ այդ օրը, զանգեցի Ռազմիկ Վասիլյանին եւ հայտնեցի, որ տղաների մեծ մասը հավաքվել է, կապվել ենք տարբեր մարզերի զորակայանների հետ, եւ բոլորը պատրաստ են շարժվել Երեւան՝ պաշտպանելու մեր եւ նահատակ ընկերների պատիվը, առավել եւս հասկանում էինք, որ երկիրն անցնում է ապազգային ուժերի ձեռքը: Ռազմիկը շատ հանգիստ էր խոսում, առանց խուճապի. «Արմեն ջան, դու կարծում ես՝ հրաման կտամ Երեւանի մեջտեղում փրթոցի անելու՞: Պատկերացնու՞մ ես ինչ կլինի, բոլոր մարզերից էլ զանգել են: Անգամ դու, որ մեկ ամիս առաջ ես լուծարել Աբովյանի շտաբը»: Զարմացավ, որ մոռացել եմ մեր խոսակցությունը, թե միջազգային ուժերը ինչպես են հրահրելու այսպիսի միջադեպ, որ ազատվեն 100 հազարանոց ցեղակրոն բանակից: «Որոշել եմ, արդեն Ռազմական խորհրդի հետ էլ խոսեցի, վայր ենք դնում զենքերը, չի լինելու քաղաքացիական պատերազմ, ինչն էլ այդ ապազգայինների եւ օտարների ցանկությունն է,- ասեց ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը եւ հայտնեց, որ հենց հիմա ժամանեցին այն կողմի բանակցողները,- տղաներին էլ ասա՜ ավելորդություններ չանեն, մենք զենքը չենք ուղղի մերոնց վրա: Հավատա, եթե անգամ անարյուն տապալենք սրանց, ինչը քիչ հավանական է, ապա միջազգային ճնշումն անխուսափելի է լինելու Հայաստանի ու Արցախի վրա»…

Սա քաղաքացիական կռվից խուսափելու միակ ելքն էրԵրբ հաջորդող տարիներին, մթի ու ցրտիալան-թալանիտղերքին մեջքից խփելու ժամանակները եկան, մի պահ մտորեցի այդ օրվա մասինԱնգամ ափսոսացիոր… Բայց ամեն ժամանակահատված եւ իրավիճակ իր թելադրանքն է հրամցնումեւ գուցեթե այդպես էր պետք:

Ի՞նչ եղավ հետո:

– Հետո Ռազմիկ Վասիլյանը եւ ՀԱԲ-ի հրամանատարների մեծ մասը (նաեւ զինվորներից) բանտարկվեցին, հալածվեցին, դատ-դատաստան կազմակերպվեց «ժողովրդավարաբար», եւ կամավորականների մի մասը բանտարկյալ դարձավ: Իսկ քաղաքական ու գողական աշխարհների նոր «բեսպրեդելները» սկսեցին վայելել իրենց իշխանության պտուղները: ՀԱԲ-ի 13-ամյակի միջոցառմանը ելույթ ունեցավ Վիտյա Այվազյանի մայրը, խոնարհվեց ՀԱԲ-ի տղաների առջեւ եւ հայտնեց, որ իրենք վաղուց են պարզել, որ Գեղազնիկն ու Վիտյան սպանվել էին մինչեւ ՀԱԲ-ի շտաբի մոտակայք բերվելը: Հայտնեց, որ այդ մասին գիտեր նաեւ Վիտյայի եղբայրը, ով պատրաստվում էր փաստեր ներկայացնել, բայց «նրան էլ հասան… ու սպանեցին Լենինգրադում»… (տեսաժապավենը կա):

Մի խոսքով, ցավալի է, երբ դավադրաբար իշխանության եկածները, խուժանաբար գռփելով ազգային ունեցվածքը, շարունակում են հանգիստ ապրել ու վայելել դա, առանց պատասխանատվության, իսկ տասնյակ հազարավոր տղաների նվիրյալ գործը, պայքարը փորձում են դեռ «խուժանություն» ներկայացնել: Էստեղ են ասել «գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին»…

Իսկ ՀԱԲ-ի անունը դեռ ոսկե տառերով է գրվելու նորօրյա պատմությունում:

Հարցազրույցը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ՝ Արմենուհի Մելքոնյանի

Հ.Գ. – Մեր հարցազրույցում արծարծվել են հարցեր, որոնք վերաբերում էին ՀԱԲ-ի Կոտայքի շրջանի եւ Աբովյանի զորակայանների գործունեությանը, պատերազմի տարիներին ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի՝ տեղական իշխանություններին ու ոստիկանությանն աջակցությանը (անգամ «ասֆալտի ֆիդայիներին» զինաթափելու գործում), ՀՀՇ-ական իշխանությունների պատվերով՝ ազգային շատ տղաների պատերազմի դաշտում մեջքից խփելու քաղաքականությանը, Արմեն Ավետիսյանի դեմ մահափորձին Վանո Սիրադեղյանի կողմից «դաբրո» չտալուն, ՀՀՇ-ական իշխանության հետ պետական շինարարության հարցում հնարավորինս համագործակցելու փորձերին, նաեւ քաղաքական ՀԱԲ-ի ձեւավորման նախաձեռնությանը, վարչապետեր Վազգեն Սարգսյանի, այնուհետեւ Անդրանիկ Մարգարյանի հետ հայ ազգայնական քաղաքական դաշտի ձեւավորման ուղղված քայլերին, ինչպեսեւ՝ ՀԱԲ-ի անվան շահարկմանը Հոկտեմբերի 27-ի դեպքերի քննության ընթացքում (եւ մեղադրյալների, եւ երբեմն Արորդի ստորագրող Ալեքսանդր Վարպետյանի՝ այդ թեմաներով գրվածքներին)… Հարցազրույցի այդ մասերը գուցե հրապարակենք հետագայում:

«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։