Կրկեսի համար ներդրած 107 մլն. դրամը փոշիացվե՞լ է… Նախքան կրկեսի շենքը պայթեցնելը՝ պայթեցվեց շենքի գմբեթը – Չի բացառվում, որ շենքի ամրությունը տուժեց այդ պայթյունից…

Կրկեսի համար ներդրած 107 մլն. դրամը փոշիացվե՞լ է

…Ինձ համար զարմանալին մեկ այլ բան է. այդ ո՛ր մի հարուստն է թեկուզ մեկ կոպեկ տալիս գործի համար ու չի հետեւում դրա ընթացքին… Հեքիաթ սիրում եմ, բայց ոչ անտրամաբանական…

Շատերիս է հուզում մեր կրկեսի ճակատագիրը: Ի վերջո, քիչ երկրներ կան, որ կարող են հպարտանալ կրկես, կենդանաբանական կամ բուսաբանական այգիներ ունենալով: Ժամանակին Երեւանի կրկեսի մոտից հանեցին աշխարհահռչակ ծաղրածու, եւ աճպարար, դերասան Լեոնիդ Ենգիբարյանի արձանը, հետո քանդեցին կրկեսի շենքը՝ նորը կառուցելու պայմանով, բայց…

2011թ. սեպտեմբերին սկսված վերանորոգման աշխատանքներին, ըստ պայմանագրով նախատեսված ժամկետների, մոտ 1,5 տարի է մնացել, բայց շինարարարությունը տեղից չի շարժվում: Իսկ 2014թ. տարեվերջը կառավարության հետ կրկեսի տնօրինության կնքած պայմանագրում նշված է որպես վերջնաժամկետ: Ըստ «Փաստինֆո»-ի, կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով փոփոխել պայմանագրով նախատեսված որոշ դրույթներ: Խոսքը վերաբերում է ոչ միայն ժամկետներին, այլեւ ներդրումների ծավալին: Կառավարության եւ կրկեսի տնօրենի միջեւ ստորագրված պայմանագրով ներդրումների հստակ ժամանակցույց էր սահմանվել. մինչեւ 31.12.2011թ.՝ 100 մլն դրամ, մինչեւ 31.12.2012թ.՝ 150 մլն դրամ, մինչեւ 31.12.2013թ՝. 200 մլն դրամ ու մինչեւ 31.12.2014թ.՝ 200 մլն դրամ: Սակայն այս տարի կառավարություն ներկայացրած գրությամբ Հովհաննես Գասպարյանը խնդրել է պայմանագրում սահմանված ժամկետների վերջին փուլը երկարաձգել մինչեւ 31.12.2015թ՝. 150 մլն դրամ:

Կրկեսի տնօրենի եւ պետական լիազոր մարմնի միջեւ կնքված մասնավորեցման պայմանագրով կրկեսի տնօրինությունը պարտավորվել էր շենքի վերանորոգման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ներդնել 650 մլն դրամ: Հիշեցնենք, որ կրկեսի ղեկավարությունը սեփականատերն է, սակայն նոր շենքի կառուցման հովանավորը «Տաշիր գրու­պ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Կառավարությանն ուղղված գրությամբ՝ 650 մլն-ի փոխարեն կրկեսի տնօրինությունն առաջարկում է կատարել 543 մլն-ի ներդրում, քանի որ 2011թ. ընթացքում կրկեսի շենքի վերակառուցման նպատակով արդեն կատարվել է 107,9 մլն դրամի ներդրում:

«Փաստինֆո»-ն հիշեցնում է, որ 2012թ. սեպտեմբերի 8-ին էր կրկեսի շենքը պայթեցվել, եւ, ստացվում է, որ, նախ, շենքի վրա 100 մլն-ից ավելի դրամ է ծախսվել, հետո միայն պայթեցվել: Ի դեպ, կրկեսի շենքը պայթեցնելու պատճառների մասին ժամանակին այդպես էլ պաշտոնական սպառիչ բացատրություն չտրվեց: Եվ ահա 1 տարի անց վերջապես բացահայտվում են իրական պատճառները: Կրկեսի տնօրենը կառավարությանն ուղղված նամակում գրում է. «Իրականացվող հերթական շինարարական աշխատանքների քննարկման արդյունքում (շինմասնագետների խորհրդով) անհրաժեշտություն է առաջացել ստուգելու շենքի սեյսմակայունության հարցը, ինչի հիման վրա 17.02.2012թ., ստանալով մասնագիտական եզրակացություն, պարզ է դարձել, որ շինարարությունը շարունակելն անհնար է, շենքը սեյսմակայուն չէ եւ ենթակա է քանդման»:

Հետաքրքիր է նաեւ կառավարության արձագանքը այս նամակին. «Հաշվի առնելով այն փաստը, որ շենքի սեյսմակայունության մասին պայմանագրի կողմերից որեւէ մեկը չի իմացել, նախկինում կատարված ներդրումների իմաստը կորել ­է»: Այսինքն՝ կողմերից յուրաքանչյուրը յուրովի խոստովանում է, որ նման խոշոր շինարարական ծրագիրն իրականացվել է առանց համապատախան փորձաքննությունների եւ պատշաճ ուսումնասիրությւնների: Արդյունքում՝ 107 մլն-ը ուղղակի փոշիացվել է: Սակայն կա նաեւ մեկ այլ վարկած. նախքան կրկեսի շենքը պայթեցնելը, 2012 թ. հուլիսին, նախ պայթեցվեց շենքի գմբեթը՝ մեկնաբանությամբ, թե շինության հիմնական մասը պահպանվելու է եւ ծառայելու է որպես նոր կառույցի հիմք: Չի բացառվում, որ շենքի ամրությունը տուժել էր հենց առաջին պայթյունից եւ հետագայում պարզ էր դարձել, որ այն եւս պետք է պայթեցվի: Բայց, այս դեպքում էլ եզրահանգումը նույնն է. շինարարական ծրագիրն իրականացվել է առանց մասնագիտական եզրակացությունների եւ ուսումնասիրությունների: Ինչեւէ, փաստն այն է, որ այս ամենի արդյունքում փոշիացվել են մեծ գումարներ (եթե, իհարկե, դրանք ի սկզբանե ներդրվել էին), իսկ պատկան մարմինները համապատասխան քայլեր ձեռնարկելու փոխարեն մտածում են պայմանագիրը ստեղծված իրավիճակին հարմարեցնելու մասին: Կրկեսին առնչվող նախագիծը ներառված էր կառավարության նիստերից մեկի օրակարգում, այն արժանացավ կառավարության հավանությանը եւ առարկումների չհանդիպեց:

Իսկ Երեւանի կրկեսի թատերական կոլեկտիվը ամեն դեպքում գործել է այս ընթացքում: Հաղթանակի օրվա առթիվ, մայիսի 9-12-ը կազմակերպած շրջագայության ընթացքում, որը նախաձեռնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելույթներ է ունեցել Լոռու եւ Տավուշի մարզերի զինծառայողների համար: Ցուցադրել են հատուկ բազմաժանր ծրագիր, որը նվիրված էր Շուշիի ազատագրմանն ու Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակին:

Քանի դեռ կրկեսի շենքը պատրաստ չէ, կոլեկտիվը տեղեկացրել է, որ կանոնավոր արտագնա համերգներ է կազմակերպելու: Մասնավորապես, կրկեսային կոլեկտիվը նախատեսում է ամիսը մեկ անգամ ելույթ ունենալ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Հիշեցնենք, որ կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, հաստատվել է եւ նոր շենքի արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու: Սակայն նոր շենքը համապատասխանելու է այդ կարգի կառույցների համար եղած արդի միջազգային չափանիշներին եւ նախկին 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ է ունենալու: Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու եւ հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով: Հուսանք, որ փողերի փոշիացման նոր անակնկալներ չեն լինի եւ Երեւանը նորից կհպարտանա իր կրկեսով ու արտիստներով: Իսկ 107 մլն. դրամը փոշիացնող մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Ինձ համար զարմանալին մեկ այլ բան է. այդ ո՛ր մի հարուստն է թեկուզ մեկ կոպեկ տալիս գործի համար ու չի հետեւում դրա ընթացքին… Հեքիաթ սիրում եմ, բայց ոչ անտրամաբանական…

Գոհար Վանեսյան

 «Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.