– Ընդդիմադիրներն անելի՞ք են փնտրում –
…Ըստ ամենայնի, նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը կառավարության եւ Վերահսկիչ պալատի անդամների առջեւ, նաեւ հետագա քայլերը սահմանափակել են ընդդիմադիրների խոսելու իրական հնարավորությունները, ինչն ընդդիմադիր դաշտը «ամայացրել» է…
– Հայաստանը՝ օֆշորային գոտի՞
…Իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Հանրային հ/ը-ով գրեթե հիմնավոր հայտնեց, թե մեղավորը փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանն է, ով խարդախություն է արել եւ փնտրվում է…
Ընդդիմադիրներն անելի՞ք են փնտրում
Շարունակվում է Վերահսկիչ պալատի եւ կառավարության մեղադրանքների փոխհրաձգությունը: «Չգիտեմ ի՞նչ թեւեր են փնտրում, ո՞ւմ թեւերը կամ ո՞ւմ ականջներն են փնտրում, բայց չկա նման բան»,- ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով համամիտ է այն կարծիքին, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, պարզապես ինքը չի արտահայտվում, քանի որ «իրավունք չունի կարծիքներով ուղղորդել»:
Արդյո՞ք ճիշտ գնահատականներ է հնչեցրել ՎՊ նախագահը՝ եւս չի մեկնաբանել ԱԺ նախագահը. «Օգտվելով մեր իրավունքից՝ հաշվետվությունը ուղարկել ենք գլխավոր դատախազություն, եւ դատախազությունը կտա իր գնահատականը, մենք էլ որոշում կկայացնենք»: Բայց նաեւ շեշտել է. «Մենք մի թիմ ենք եւ, եթե հիշում եք, ես ասել եմ, որ մենք բոլորս ենք պատասխանատու եւ ամենակարեւորն այն է, որ չունենք նման պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է պաշտոն զբաղեցնի ու զբաղվի այդ թալանով»:
ԱԺ նախագահը անդրադառնալով պետբյուջեի 900 մլրդ.-ից 700 մլրդ.-ի մսխմանը, ասել է, որ համամիտ է երկրի նախագահի հետ՝ թե «ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ 900 մլրդ.-ից 700-ը կարելի է ուտել»…
Ինչեւէ, ընթացիկ ուսումնասիրվում են նաեւ այս տարվա՝ ՀՀ մտած մարդասիրական օգնության թվերը: Ուշադիր լինելու դեպքում ընդդիմադիրներն այստեղ էլ մի բան կգտնեն: Հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 17 մլն. դոլարի մարդասիրական օգնություն: Ըստ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի, 2013թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 734,4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 7,0 մլրդ. դրամ կամ 17,0 մլն. դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ստացված օգնության 38,0%-ը կազմել են քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9,3%-ը՝սարքեր եւ ապարատները, 13,6%-ը՝ մանածագործական իրերը, 8,1%-ը՝ տարբեր արդյունաբերական ապրանքները, 5,3%-ը՝ ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրերը, 6,6%-ը՝ մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմները, իսկ 19,1%-ը՝ մնացած ապրանքները:
Կառավարության՝ ՎՊ-ի 2012 թ. հաշվետվության հետ կապված պատասխանները դեռ պատրաստվում են, իսկ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը շարունակում է ֆ/բ-ի իր էջի միջոցով հանրությանը տեղեկացնել ավագանու գործունեության մասին: Նախկին պատգամավորը հարց է բարձրացնում. ինչո՞ւ զլմ-երի ներկայացուցիչները չեն մասնակցում քաղաքապետի ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությանը, հետո՞ ինչ, որ «Բարեւ Երեւան»-ը իրեն հայտարարել է երեւանցու լրտեսը քաղաքապետարանում: Նա ներկայացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային խորհրդակցության մանրամասները (հատկապես՝ բարեկարգման եւ վերանորագման աշխատանքները) եւ մեկնաբանություններից հետո հարց է հնչեցրել՝ «ատկատ»-ի ժամը հասե՞լ է:
Այս իրավիճակից մի այլ կարգի դժգոհող եւս կա: «Մարդու իրավունքներ-96» կուսակցության վարչությունը նախկինում հայտարարել էր, որ ՀԱԿ դաշինքի անդամ կազմակերպությունները պահպանել են ընդդիմադիր դաշինքը եւ նոր ՀԱԿԿ-ն պարզապես մի կուսակցություն է, որ կրկնօրինակում է ՀՀՇ-ին: Իսկ ՀՀՇ-ի որոշ կարկառուն դեմքեր էլ հայտարարեցին, թե հնարավոր է վերակազմակերպեն ՀՀՇ-ն, քանի որ այդ ՀԱԿԿ-ն իրավունք չունի տնօրինելու ՀՀՇ-ի անցյալը:
Ինչեւէ, ՀԱԿ-ՀԱԿԿ խառնաշփոթի մեջ, ինչքան էլ տարօրինակ է, մեղադրվում է Սերժ Սարգսյանը, չնայած ամբողջ գործընթացը կատարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կամոք: Վերոհիշյալ կուսակցությունը հայտարարել է, թե «ՀԱԿ ինչ որ կուսակցութան կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսանի հովանավորությամբ ՀԱԿ անվան տակ ապօրինի գործող ավազակաիշխանության ընդդիմության վերջին հայտարարությունը «վարչախմբի հանցավոր էության եւ գործելակերպի բացահայտման» մասին ակնհայտ աջակցություն է ավազակաիշխանության գոյատեւման համար: Ավազակաիշխանության հանցավոր էությունը վաղուց է բացահայտված ու այդ խնդիրն այսօր չի կարող հանդիսանալ ընդդիմության հիմնական նպատակը, այն էլ՝ ՀԱԿ-ի համար:
ՀԱԿ դաշինքի շրջանակներում, մասնավորապես դաշինքից չհրաժարվածների կողմից, վաղուց լուրջ աշխատանքներ են տարվում հանրահայտ զույգի գլխավորած ՀՀԿ-ԲՀԿ խմբավորումից իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ուղղությամբ եւ, այդ իմաստով, ողջունում ենք նաեւ Նախախորհրդարանի գործունեությունը»:
ՀԱԿ դաշինքի հետեւորդները, ովքեր այնքան էլ եռանդուն չեն գործում քաղաքական դաշտում, հայտարարել են, թե ստվերել իրենց սկզբունքային գործունեությունը կամ մոռացության տալ ԲՀԿ-ին իր հոգեւոր հայրով, դժվար թե հաջողվի: Եվ մեկ անգամ եւս առաջարկում են ՀՀ նախագահին հարգել ՀՀ օրենդրությունը եւ «ձեռնպահ մնալ ՀԱԿԿ «ընդդիմադիր» ծառայություններից»:
Ըստ ամենայնի, նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը կառավարության եւ Վերահսկիչ պալատի անդամների առջեւ, նաեւ հետագա քայլերը սահմանափակել են ընդդիմադիրների խոսելու իրական հնարավորությունները, ինչն ընդդիմադիր դաշտը «ամայացրել» է:
Բայց դա կարող է նոր թափ ստանալ, եթե չհայտնաբերվեն մեղավորները, իսկ հայտնաբերվելուց հետո էլ չպատժվեն:
Անի Մարության
Հայաստանը՝ օֆշորային գոտի՞
Կիպրոսի դատախազի պարզաբանումը Երեւանում ավելի լրջացրեց «օֆշորային սկանդալը»: Այլեւս հասկանալի եղավ, որ առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի թույլտվության օֆշորային գոտում նրանց անունով չէր կարող ընկերություն գրանցվել: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ հայտնեց, թե ոչ մի հիմք չունի չհավատալու Կիպրոսի դատախազին: Եվ իշխանությունները արդեն որեւէ հիմք չունեն անտեսելու այս խնդիրը, առավել եւս՝ փորձելու Հայաստանում մոռացության մատնել այս լուրջ խնդիրը: Կամ՝ նույն տրամաբանությամբ ոչ մի հիմք չկա կասկածելու վարչապետի խոսքերին առ այն, որ ինքը կապ չունի այդ անհեթեթ պատմությունների հետ: Այս պարագայում էլ ուրեմն պետք է գտնել այն մոտիվը, որի դրդապատճառով կստեր Կիպրոսի դատախազը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի համար այս հարցը ներկայումս «Նաիրիտ» գործարանի խճճված պատմությանը կարող է գերազանցել խորհրդավորության իմաստով:
Արդյո՞ք ՀՀԿ-ի պատգամավորները շարունակում են հավատալ վարչապետի խոսքերին, որ նա կապ չունի օֆշորային սկանդալի հետ: Նրանք շարունակու՞մ են կարծել, թե իրական մեղավորն արդեն բաց նամակ է գրել:
Ժամանակին ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը նշել էր, թե սա նման է «բրենդի գողացմանը, սա նման է առհասարակ ցանկացած գողության»: Նրա համոզմամբ՝ գործարար Աշոտ Սուքիասյանը նամակով այսպիսով ընդունել է իր մեղքը, որ օգտագործել է վարչապետի ու արքեպիսկոպոսի անունները՝ օֆշորային գոտում ձեռնարկություն բացելու նպատակով: Իսկ վարչապետին պատգամավորը «բարոյական մարդ» է համարել. «Բացառում եմ այդպիսի մութ, գաղտնի, անհասկանալի ինչ-որ կեղծ գործարքների ու առհասարակ գործունեության մասնակցությունը, հաստատվեց, որ դա այդպես չէ»:
ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Հովհաննես Սահակյանին, ընդհակառակը, հավատ չի ներշնչել գործարարի նամակը. «Անհեթեթություն է, ինչո՞ւ, որովհետեւ չես կարող անուններ գրել, եւ փորձել դրանով ապահովագրել քո բիզնեսը, քանի որ նույն վարչապետն ու արք. Նավասարդ Կճոյանը եւ այլ տարբեր մարդիկ կարող են նմանատիպ ազգանուններ ունենալ, եթե պաշտոններ գրվեին, դա արդեն այլ խնդիր է»: Նա եւս հավատում է վարչապետին, թեեւ անկեղծացել է. «Իսկ ահա ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը ոչ մեկի ու ոչնչի չի հավատում, քանի որ օֆշորային գոտիների բանկերը աշխատում են շատ գաղտնի ռեժիմով»:
Պատգամավոր Պետրոսյանն ասել է, որ երբեւիցե չի ձգտել օֆշորային գոտում ունենալ ձեռնարկություն. «Դրա կարիքը չկա, քանի որ հիմա գիտեք, որ այդ նույն փողը կարող եք նաեւ ՀՀ-ում պահել: ՀՀ-ն, ինչ, վա՞տ ապահով երկիր է, եթե դու փող ունես՝ ավանդն ավելի բարձր է, քան օֆշորային գոտում»…
Իսկ ՀԱԿԿ անդամ Վահագն Խաչատրյանը հայտնել է, թե վստահ է, որ «նախագահ Սարգսյանը տեղյակ է եղել վարչապետ Սարգսյանի օֆշորային գործունեությանը: Այս համակարգն այնպիսին է, որ հնարավոր չէ որեւէ տեղաշարժ լինի ու երկրի ղեկավարը՝ լինի Սարգսյանը, թե Քոչարյանը, տեղյակ չլինի» (քանի որ համակարգը էն գլխից իրենք են դրել Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ՝ հաստատ ծանոթ կլինեն,- խմբ.): Նա անիմաստ է համարում ՀՀ իրավապահներից որեւէ պարզաբանման սպասել՝ կապված օֆշորային սկանդալի հետ, չնայած կարծում է, որ Կիպրոսի դատախազը, ով Երեւանում հայտարարեց, թե առանց անձի համաձայնության հնարավոր չէ օֆշորային գոտում նրա անվամբ ընկերություն բացել, բոլոր կասկածներին վերջ դրեց:
Օֆշորային գոտում շրջանառվում է տրիլիոն դոլարից ավելի գումար, որոնց կարիքն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը. «Այնտեղ կեղտոտ գումարներ են»,- նշել է ընդդիմադիր տնտեսագետը:
Հայտնի չէ, թե ՀՀԿ-ն գործադիր նիստում համարժեք գնահատական տվե՞լ է կուսակից, վարչապետի շուրջ ծավալվող աղմկահարույց հարցերին, բայց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բամբասանք է համարում վարչապետի անունը օֆշորային սկանդալի հետ կապելը: Նա խորհուրդ է տալիս «այս աղմուկի պատճառները գտնել ապացույցներով եւ ոչ թե ինտրինգներ որոնել»: Իսկ վարչապետի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, ով «Նաիրիտ»-ի փոխտնօրենն էր՝ հրաժարական տվեց. եւ նորից այս թեման «կպավ» վարչապետին: «Որեւէ մեկի սպասումն առ այն, որ հանրապետության այս կամ այն գույքը, կամ սեփականությունը գրոշներով վաճառվի, ուզում եմ, այն գլխից, բոլորին հիասթափեցնել, նման բան չի կարող լինել»,- այս հարցի մասին էլ այսպես է արտահայտվել ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ կառավարությունն անպայման կունենա «ադեկվատ գնահատականներ ու լուծումներ՝ «Նաիրիտ»-ի առողջացման համար»: Նա չի պաշտպանել ՀՅԴ խմբակցության առաջարկը՝ «Նաիրիտ»-ի խնդրով ԱԺ ժամանականավոր հանձնաժողով ստեղծելու մասին, այն անիմաստ է համարել:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ ինչպես մեռելոցի կամ հանգուցյալներին հիշատակի օրերը Հայաստանում դարձան ոչ աշխատանքային, որը վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի համատեղ «պրոդուկտն» է, այնպիսի մի «պրոդուկտ» էլ օֆշորային սկանդալն է… Մեր երկրում եկեղեցին տարանջատված է պետությունից եւ Մեռելոցը ոչ աշխատանքային օր հռչակելու մասին կառավարության որոշումը ազգագրագետը նախ եւ առաջ համարում է Սահմանադրության խախտում, մարդու ազատությունների սահմանափակում, եւ նման խախտումներ կարող են լինել նաեւ արտերկրում:
Իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Հանրային հ/ը-ով գրեթե հիմնավոր հայտնեց, թե մեղավորը փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանն է, ով խարդախություն է արել եւ փնտրվում է… Իսկ գործը պարզաբանելու հարցում իրենց կօգնի Կիպրոսի դատախազը:
Մինչ օֆշորային շահույթների հարցը պարզաբանվի, հուլիսի 7-ից ուժի մեջ են գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները, եւ 1 օրվա ընթացում արդեն իսկ ակնհայտ են դրա ծանր հետեւանքները մեր կյանքում: Տրանսպորտային միջոցների ծառայությունները թանկացնում են նաեւ ուղեվարձը, անգամ սպառողական նվազագույն զամբյուղի ապրանքներն են թանկանում:
Թանկացել են նաեւ այնպիսի ապրանքներ, որ ընդհանրապես կապ չունեն գազի հետ: Այս մասին՝ հաջորդիվ:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



