Ռուսները վերջնականապես ճանկում են մեր էներգետիկ համակարգը… Թյուրքական խարդավանքներ՝ ռուսական եվրոպակուլ ծրագրերին ի պատասխան…

- Ռուսները վերջնականապես ճանկում են մեր էներգետիկ համակարգը… (Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր)

- Թյուրքական խարդավանքներ՝ ռուսական եվրոպակուլ ծրագրերին ի պատասխան…

- Եռամյա խոստում – ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ մինչեւ 2016թ. երկրում ոչ մի նոր հարկատեսակ չի մտնի եւ հարկային քաղաքականությունում էական փոփոխություն չի լինի…

 Ռուսները վերջնականապես ճանկում են մեր էներգետիկ համակարգը – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխ.ավոր խմբագիր)

Շարունակեմ վերնագիրը: Պետական սեփականություն մնացել էր միայն Որոտան ՀԷԿ-երի համալիրը, ռուսները սրան էլ են ուզում իրենց թաթը դնել: Կառավարության վերջին նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չհերքեց այս լուրերը, միայն հավելեց, թե ամերիկյան կողմն էլ է հետաքրքրվում Որոտանի ՀԷԿ-երի համակարգով: Ի դեպ, ռուսական կողմի պահով ընդգծեց նաեւ, թե «ռուսները միշտ էլ հետաքրքրվել են Որոտանո­վ»:

Եվ այս խոսակցությունը տեղի ունեցավ գազի գնի սուբսիդավորման համապատկերում:

Գիտենք, որ երբ ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը թանկացրեց Հայաստանին մատակարարվելիք գազը, մեր կառավարությունը հայտնեց, թե գազի գնի 30%-ը ինքը կսուբսիդավորի:

Որտեղի՞ց այդ սուբսիդավորման գումարները: Այն դարձյալ փնտրվում է ռուսական որջում: Դրամաշնորհ կլինի դա, թե գրավ, առայժմ պարզ չէ, բայց ամեն ինչ արվում է, որ դրամաշնորհ լինի: Խոսքը տարեկան 140 մլն դոլարի մասին է:

Հարց է ծագում՝ ի՞նչ է, «Հայռուսգազարդ»-ում մեր կառավարության ունեցած բաժնեմասը բավարար չէ՞ դրա համար. այս հարցին նախարարը չպատասխանեց՝ միայն կրկնեց, թե բանակցությունները շարունակվում են:

Ցայսօր տեսակետները տարբեր են. «Հայռուսգազարդ»-ում մեր ունեցած 20% բաժնեմասը վաճառե՞լը ավելի ձեռնտու կլինի երկրին, թե՞ 140 մլն-ը այլ աղբյուրներից հայթայթելը: Այ այս վիճակում է մեզ դրել մեր «մեծ», «ավագ» ու «մշտական բարեկա­մ» ռուս «եղբայրը»:

Անձամբ ես կարծում եմ, որ 20 %-ը ռուսական կողմին հանձնել պետք չէ: Միանշանակ պետք չէ. քաղաքականապես կամք չցուցադրելը երբեմն ավելի մեծ տնտեսական վնասներ է բերում: Ապացույց՝ մեր այսօրվա էներգահամակարգի տնօրինման պատկերը:

Հիմա՝ որպեսզի պարզ դառնա, թե ինչու է «ռազմավարական» մեր դաշնակիցն ուզում Որոտանի ՀԷԿ-երի համակարգը, որոշ տվյալներ ներկայացնենք (տվյալներն, ի դեպ, նախարարությանն են):

Որոտանի ՀԷԿ-երի համակարգը բաղկացած է 3 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում եւ օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: Գետը ունի 178 կմ երկարություն, անկումը 1223 մ է, բնական միջին տարեկան հոսքը՝ 18,6 մ.խոր/վրկ Տաթեւի հանգույցի համար: Հյուսիսից, հարավից եւ արեւելքից գետի ավազանին միակցված են բարձր լեռնաշղթաներ, արեւմուտքից եւ հարավ-արեւմուտքից՝ Զանգեզուրյան լեռնաշղթան: Գետի ակունքը 3045 մ բարձրության վրա է, այն սկիզբ է առնում վտակի տեսքով՝ ընթացքում ընդունելով բազմաթիվ առուներ եւ վտակներ՝ եւ ձախից եւ աջից:

ՀԷԿ-երի համակարգը կազմված է երեք աստիճանից: Գումարային տեղակայված հզորությունը 404.2 ՄՎտ է, տարեկան միջին նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ. ժամ: Ամենաբարձր ճնշումային կայանը համակարգի 3-րդ աստիճանն է՝ Տաթեւ ՀԷԿ-ը: Այս կայանի բնութագրիչ առանձնահատկությունը շերեփավոր տուրբինն է, որն առաջինն է տեղադրվել նախկին ՍՍՀՄ-ի տարածքում: Համակարգում թողարկված 1 կՎտ. ժամ էլէներգիայի ինքնարժեքը ամենացածրն է Հայաստանում:

Որոտանի ՀԷԿ-երի համակարգը կարեւորագույն նշանակություն ունի հայկական էներգահամակարգում: Նշանակությունը մեծ է առանձնապես օրվա ծանրաբեռնված ժամերին պահանջվող բեռի ապահովման գործում:

Ընդգծենք՝ համակարգի ջրային պաշարները օգտագործվում են նաեւ գյուղական եւ քաղաքային հողատարածքների ջրարբիացման եւ ոռոգման համար:

1954թ.-ից սկսվել են համակարգի նախագծային աշխատանքները, 1961թ.-ից՝ շինարարական աշխատանքները: 1970թ. դեկտեմբերին գործարկվել է համակարգի առաջնեկը՝ Տաթեւ ՀԷԿ-ը, 1978թ. Շամբ, իսկ 1989թ.՝ Սպանդարյան ՀԷԿ-երը:

Համակարգի կառուցվածքում կան 4 ջրամբարներ՝ բազմամյա, սեզոնային, շաբաթական կարգավորման եւ օրական կարգավորման մեկ ջրավազան:

Համակարգի ՀԷԿ-երի ընդհանուր սխեման ունի հետեւյալ տեսքը. Գորհայք եւ Ծղուկ գյուղերի տարածքում կառուցված է համակարգի գլխամասային Սպանդարյան ջրամբարը, այստեղից ճնշման թունելով ջուրը հասնում է Սպանդարյան ՀԷԿ: ՀԷԿ-ից ներքեւ կառուցված է Անգեղակոթի պատվարը, որը կազմավորում է Անգեղակոթի ջրամբարը: Այս ջրամբարից ոչ ճնշման թունելով ջուրը տեղափոխվում է Սիսիան եւ Այրի վտակների վրա կազմավորված Տոլորսի ջրամբար: Այս ջրամբարից էլ ճնշման թունելով ջուրը տրվում է Շամբ ՀԷԿ: Կայանից ներքեւ կառուցված է Տաթեւ ջրամբարը՝ Մարգարտածաղկի տեսք ունեցող հազվագյուտ ջրթափ կառույցով: Տաթեւի ջրամբարից ոչ ճնշման թունելով ջուրը հասնում է օրվա կարգավորման ջրավազան (ՕԿՋ), որտեղից էլ տուրբինային խողովակաշարով՝ Տաթեւ ՀԷԿ:

Որոտանի ՀԷԿ-երի համակարգը կազմված է Սպանդարյան, Շամբ, Տաթեւ եւ «Հեր-Հէ­ր» ՀԷԿ-երից:

Սպանդարյան ՀԷԿ-ը համակարգի 1-ին աստիճանն է: Կայանի հիմնական կառույցներն են   հիդրոհանգույցը, ճնշման թեքումային թունելը, տուրբինային խողովակաշարը, կայանային հանգույցը: Սպանդարյանի հիդրոհանգույցը համակարգի գլխամասային աստիճանն է: Հանգույցի մեջ մտնում է տեղական նյութերով եւ կավահողային միջուկով 83 մ բարձրությամբ պատվարը, որի կատարի երկարությունը 315 մ է, այն գոյացնում է հոսքի բազմամյա կարգավորման Սպանդարյան ջրամբարը: Սրա ընդհանուր տարողությունը 257 մլն.խմ է, օգտակարը՝ 218 մլն. խմ: Նոմինալ դիմահարային մակարդակը 2063 մ է, նվազագույնը՝ 2030 մ: Հիդրոհանգույցն ունի 4 ջրընդունիչ կառույց, առաջինը՝ ճնշման թունել, երկրորդը՝ խորքային ջրթափ, երրորդը՝ Որոտան-Արփա թունել՝ ջուրը Սեւանա լիճ հասցնելու համար: Սրանցից յուրաքանչյուրը համապատասխանաբար ունի 30, 80 եւ 15 խմ/վրկ ծախս: Չորրորդը ջրթափ կառույցն է՝ 103 խմ/վրկ թողունակությամբ, մակերեւութային արագահոսք տիպի: Ճնշման թեքումային թունելը ունի 8 կմ երկարություն, 30խմ/վրկ թողունակություն: Թունելի վերջում տեղակայված է հավասարակշռող հորան՝ վերին խոցի 1,9 հազ.խմ ծավալով: Միաճյուղ տուրբինային խողովակաշարը վերջում ճյուղավորվում է 2 մասի եւ յուրաքանչյուրը 15խմ/վրկ թողունակությամբ միանում է կայանի 2 ագրեգատներին: Կայանը ունի 76 հազ.կՎտ հզորություն, 210 մլն.կՎտ. ժամ էներգիայի տարեկան նախագծային արտադրանք: Հաշվարկային ճնշումը կայանում 295 մ է: Յուրաքանչյուր տուրբինից առաջ տեղադրված է գնդային փական 1400 մմ տրամագծով: Էլեկտրական սխեման բլոկային է՝ գեներատոր – տրանսֆորմատոր – 220 կՎ բաց բաշխիչ ենթակայան:

Շամբ ՀԷԿ-ը համակարգի 2 -րդ աստիճանն է: Կայանի հիմնական կառույցներն են  գլխամասային հանգույցը, տեղափոխող թունել, Տոլորսի հանգույցը, ճնշման թունելը եւ հավասարիչ հորանը:

Գլխամասային հանգույցի մեջ մտնում է 35 մ բարձրությամբ բետոնե ջրթափ պատվար, որը կազմավորում է Անգեղակոթի ջրամբարը՝ 3,4 մլն. խմ ընդհանուր տարողությամբ, ջրթափի թողունակությունը 198 խմ/վրկ է: Ջրի տեղափոխությունը Տոլորսի ջրամբար իրականացվում է 18խմ/վրկ թողունակությամբ ոչ ճնշման թունելով: Ջրամբարի պատվարը կառուցված է տեղական նյութերից, էկրանը ավազակավային է, ունի 69 մ բարձրություն, կատարի երկարությունը 188 մ է: Ընդհանուր տարողությունը 96 մլն.խմ է, օգտակարը՝ 80 մլն.խմ: Նոմինալ դիմհարային մակարդակը 1651,50 մ է, նվազագույնը՝ 1625,5 մ: Տոլորսի ջրամբարից ջուրը 6,9 կմ երկարությամբ եւ 75 խմ/վրկ թողունակությամբ թեքումային ճնշման թունելով հասնում է կայանային հանգույց: Թունելի վերջում կառուցված է հավասարիչ հորան, այն ունի վերին եւ ներքին խուցեր, որոնք իրար են միանում ուղղաձիգ կանգնակով: Այնուհետեւ ջուրը մտնում է ստորգետնյա միաճյուղ, 1260 մ երկարության տուրբինային խողովակաշար, այն վերջում ճյուղավորվում է 2 մասի եւ 2,2 մ տրամագծով միանում կայանի 2 ագրեգատներին: Կայանի շենքը գտնվում է Որոտանի աջ ափին, մերկ ապառային թեքությունների վրա: Ունի 171 հազ. կՎտ ընդհանուր հզորություն: Կայանում յուրաքանչյուր տուրբինից առաջ տեղադրված է գնդային փական 2200 մմ տրամագծով:

Տաթեւ ՀԷԿ-ը համակարգի առաջնեկն է եւ բարձրագույն ճնշումային էլեկտրակայանն է համակարգում: Ճնշումային առումով կայանը առաջինն էր նաեւ նախկին ՍՍՀՄ-ում: Կայանի հիմնական կառույցներն են գլխամասային հանգույցը, դերիվացիոն/թեքումային/ թունելը, ՕԿՋ եւ տուրբինային խողովակաշարը, կայանային հանգույցը: Գլխամասային հանգույցի մեջ է պատվարը, Տաթեւ ջրամբարը, ջրընդունիչը եւ ջրթափ կառույցը: Պատվարը կառուցված է տեղական նյութերով, ավազակավային էկրանով, ունի 41 մ բարձրություն, 107 մ կատարային երկարություն: Ջրամբարն ունի 13.6 մլն.խմ օգտակար տարողություն: Նոմինալ դիմահարային մակարդակը կազմում է 1335,40մ, նվազագույնը՝ 1333,80մ: Ջրընդունիչը, որի հաշվարկային թողունակությունը կազմում է 25խմ/վրկ, տեղակայված է Որոտան գետի ձախ ափին, կազմված է հարթ փականներով կրկնակի անցքերից: Ջրթափ կառույցը բաղկացած է 6 թունելախորշերից եւ Մարգարտածաղկի տեսքով ջրընդունիչից: Ընդհանուր բացթողունակությունը 348 խմ/վրկ է: Դերիվացիոն թունելն ունի 18կմ երկարություն: Փաստացի բացթողունակությունը 23 խմ/վրկ է: Առբերիչ ջրանցքի ձախ կողմին տեղակայված է ոռոգման նպատակով ջրընդունիչը, աջ կողմին՝ սնման շիթը, որը հաղորդակցված է ՕԿՋ-ի հետ: Ջրավազանն ունի 80 հազ. խմ տարողություն, ջրի բարձրագույն մակարդակը հասնում է 1306,54 մ-ի: Ճնշման ավազանն ունի 20 մ տրամագծով կլոր տեսք, շեմքի մակարդակը 1293,05 մ է: Այստեղից 1900 մ ընդհանուր երկարությամբ տուրբինային ճնշման խողովակաշարով ջուրը հասնում է կայան: Ներքին հորիզոնական տեղամասի վերջում խողովակաշարը բաժանվում է 3 մասի եւ յուրաքանչյուրը 11 խմ/վրկ թողունակությամբ միանում է կայանի ագրեգատներին: Կայանի շենքը տեղակայված է Որոտան գետի ձախ ափին, հաշվարկային ճնշումը 568,8 մ է, ունի 3 ագրեգատ, 157,2 հազ.կՎտ ընդհանուր հզորություն, 630 մլն.կՎտ.ժամ էներգիայի նախագծային տարեկան հնարավոր արտադրանք: Կայանում յուրաքանչյուր տուրբինից առաջ տեղադրված է գնդային փական 1300մմ տրամագծով:

Տվյալները մանրամասն ու նաեւ թվային ձեւով մեջբերելու պատճառը մեկն էր. ընթերցողը կպատկերացնի, թե ինչ է իրենից ներկայացնում Որոտանի ՀԷԿ-երի համակարգը, ինչ կառույց է, ինչպես է գործում, ինչ չափի էլէներգիա է արտադրում եւ ինչու է ռուսական կողմը նաեւ հայկական էներգահամակարգում սա ուզում ձեռք գցել:

Արմենուհի Մելքոնյան

Թյուրքական խարդավանքներ՝ ռուսական եվրոպակուլ ծրագրերին ի պատասխան

Նախորդ համարում «Նաբուկո» նախագծի հետ կապված թյուրքական (թուրքական եւ ադրբեջանական) խաղերին անդրադառնալով՝ ասել էինք, որ Թուրքիան այդ ամենով վերջ չի դնում, ու իրականում նրա խարդավանքները նոր-նոր են սկսվում:

Իրականում Եվրոպան հիմար չէ, եւ այդ խաղին համաձայնում է Մոսկվայի՝ առանց չափազանցության, էներգակիրների միջոցով եվրոպակուլ ծրագրին դեմ կանգնելու համար:

Այս անգամ էլ մենք ճիշտ դուրս եկանք:

Որովհետեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) չի բացառել, որ «Շահդենիզ» կոնսորցիումն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար կարող է օգտագործել նաեւ «Նաբուկո ուես­թ» (Nabucco West) խողովակաշարը: Եվ այդ ծրագիրը կարող է կյանքի կոչել 2020թ. հետո:

Թեեւ սա ծիծաղելի է հնչում այն համապատկերում, որ դեռ այս տարվա հունիսի 28-ին «Շահդենիզ» կոնսորցիումը (ընկերությունների միություն, որը շահագործում է ադրբեջանական նույնանուն գազի հանքավայրը) հայտարարել էր, թե ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար հայտ ներկայացրած եվրոպական երկու մրցակից նախագծերից՝ «Նաբուկո ուես­թ» եւ «Անդրադրիատիկ գազամու­ղ» (Trans Adriatic Pipeline (TAP)), ընտրել է երկրորդը:

Որպեսզի իրավիճակն ավելի պարզ դառնա, ընդամենը ասենք, որ հանքավայրը շահագործող ընկերություններն են բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում­ը»՝ 25,5%, նորվեգական «Սթեթօյլ»-ը՝ 25,5%, ռուսական «Լուկօյլ»-ը՝ 10%, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը՝ 10%, Իրանի ազգային նավթային ընկերությունը՝ NIOC-ը՝ 10%, ֆրանսիական «Թոթալ»-ը՝ 10% եւ թուրքական TPAO-ն՝ 9% բաժնեմասերով:

Աստղինե Քարամյան

Եռամյա խոստում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ մինչեւ 2016թ. երկրում ոչ մի նոր հարկատեսակ չի մտնի եւ հարկային քաղաքականությունում էական փոփոխություն չի լինի: Սա նա խոստացել է Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության հետ հանդիպման ժամանակ: «Մեր ընդհանուր նպատակն է, որ հարկային կանոնները հասկանալի լինեն բոլորի համար՝ եւ՜ խոշոր բիզնեսի եւ՜ միջինի եւ՜ փոքրեր­ի»,- վարչապետը միաժամանակ հավելել է, թե դա վերաբերում է նաեւ օտարերկրյա ներդրողներին:

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։