Գերտերությունների խաղերից դուրս – Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք… Սեփական շահը համադրելու ժամանակը…

- Գերտերությունների խաղերից դուրս…

…Այս «անկեղծությունը» եւս քաղաքական հարված էր ՀՀ իշխանություններին, ինչը նույնպես կարելի է ճնշման յուրահատուկ միջոց հասկանալ, իբր հայեր, ձեր իշխանություններն են մեղավոր, արդեն որոշել էին… Բայց այն պարտադրանքը, որ կիրառվում է Հայաստանի տնտեսության եւ Արցախի խնդրի կարգավորմանն ուղղված, Մոսկվան «մոռանում» է հայերին ասել, թե ով է մեղավորը…

- Սեփական շահը համադրելու ժամանակը…

…Եթե Լոնդոնը Վաշինգտոնի հաստ աղին է Եվրոպայում, ապա մնացյալ եվրաերկրները գոնե այդպիսին չեն…

 Գերտերությունների խաղերից դուրս

Հայ հանրությունը շարունակում է լրջորեն քննարկել հայ-ռուսական հարաբերությունների հետագան: Մոսկվայի կողմից Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառելն ու Հայաստանում գազի գների թանկացումը (ինչը ազդեց գրեթե բոլոր ապրանքների ու սպասարկումների գների վրա) այնպիսի մի իրավիճակ են ստեղծել, որ եթե այսօր հարցում անցկացվի, ապա Ռուսաստանը մեր բարեկամների ու թշնամիների ցուցակում գուցե հայտնվի 50/50 կարգավիճակում, եթե արդեն բարեկամականն ավելի նահանջած չլինի:

Երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հաստատեց, որ ՀՀ կառավարությունը ՌԴ «Գազպրոմ»-ի հետ քննարկում է «ՀայՌուսգազարդ»-ում հայկական 20% բաժնեմասը վաճառելու հարցը, բարեկամի կերպարը շատերի մոտ իսպառ չքացավ: Մեր քաղաքական հատվածը նաեւ անհանգստացավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա ազդելու Մոսկվայի ձգտումներից, արդյո՞ք ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը ձգտելու արդյունքում է ռուսական կողմը գազի սակագների փոփոխություն առաջարկում: Կա նաեւ Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության ընտրության ռուսական պարտադրանքը, ինչը նաեւ հայ քաղաքական ուժերին է ստիպում զգուշանալ ռուսական բարեկամությունից:

Ռուսաստանյան կողմը հայտարարել է, թե «քննարկվում է հարցը» ամենեւին չի նշանակում, որ հարցը որոշված է, եւ որ բաժնեմասի վաճառքի մասին որոշումն ընդունված է: Գազի սակագների թեման վաղուց է քննարկվել ՀՀ իշխանությունների հետ, ձեռքբերվել են համապատասխան պայմանավորվածություններ սակագնի բարձրացման շուրջ, որը հետաձգվել է մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունների ավարտը:

Այս ՙանկեղծությունը՚ եւս քաղաքական հարված էր ՀՀ իշխանություններին, ինչը նույնպես կարելի է ճնշման յուրահատուկ միջոց հասկանալ, իբր հայեր, ձեր իշխանություններն են մեղավոր, արդեն որոշել էին… Բայց այն պարտադրանքը, որ կիրառվում է Հայաստանի տնտեսության եւ Արցախի խնդրի կարգավորմանն ուղղված, Մոսկվան ՙմոռանում՚ է հայերին ասել, թե ով է մեղավորը…

Իսկ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը փորձելով մի կերպ «փրկել» ռուս գործընկերներին, հայտնել է, թե հայ–ռուսական համագործակցության թափանցիկությունը բերում է նրան, որ զենքի յուրաքանչյուր մատակարարում ու հավասարակշռության ամեն մի խախտում վերահսկելի է դառնում նաեւ Ռուսաստանի համար. «Իրավիճակը վերահսկելի է: Իհարկե, մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացնում է սպառազինում եւ փաստացի մեզ ներքաշում մրցավազքի մեջ: Բայց մենք հենց այդպես, կուրորեն չենք ներքաշվում դրա մեջ: Մենք ավելի շատ որակի վրա ենք ուշադրություն դարձնու­մ»,- ասել է նախարարը, առանց շեշտելու, թե «սպառազինում եւ մեզ փաստացի մրցավազքի մեջ: ներքաշում»-ը ում մեղքով է նաեւ իրականանում: Մի՞թե Երեւանում, այն էլ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները թեմայով ռազմավարական համաժողովում այսքան բան պիտի ասվեր:

Իսկ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարը ասել է. «Ադրբեջանի սպառազինումը մեզ չի կարող չմտահոգել, բայց ռազմատեխնիկական համագործակցությունը մեր գործընկեր Ռուսաստանի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի պահենք ուժերի հավասարակշռությունը ոչ միայն քանակական, այլ նաեւ՝ որակական առավելության շնորհիվ»: Այսքան բան:

Ինչեւէ, նորից կարեւորվել են ՀԱՊԿ-ի կազմակերպչական հնարավորությունները, կողմերը հիշել են, որ Հայաստանն էր ժամանակին հանդես եկել Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման նախաձեռնությամբ: Եվ ըստ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, հարկավոր է նոր հավաքական ստորաբաժանումների ստեղծում, առաջին հերթին՝ ավիացիոն: Պետք է առավել խորապես քննարկվեին տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ կարեւոր ուղենիշները, մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաեւ մասնագետների պատրաստման, վերապատրաստման առաջնահերթությունները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շտապել է հույս հայտնել, որ այդ համաժողովը կունենա կառուցողական նշանակություն:

Հետաքրքիր է, որ այսքանից հետո ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե Ռուսաստանին թշնամի չի համարում: «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին չի դիտարկում որպես մրցակից եւ հույս ունի, որ Մոսկվան նույնպես կառաջնորդվի այդ տրամաբանությամ­բ»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Դեռեւս 1997թ. Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ստորագրել են Հիմնարար ակտ, որն առաջին անգամ պատմության մեջ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ համակարգային համագործակցության հիմքը դրեց: Այդ փաստաթղթում արձանագրվեց, որ կողմերը դիտարկում են միմյանց ոչ որպես թշնամիներ եւ ուժ չեն գործադրելու միմյանց նկատմամբ: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ այսօր եւս հավատարիմ են այդ հռչակագրին ու վստահ են՝ Ռուսաստանը նույնպես:

Արդյո՞ք սա կարելի է գնահատել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարարակտյան համագործակցություն, երբ կողմերից մեկը (դիցուկ՝ Ռուսաստանը) զգուշացնում է մյուս կողմին, որ իր ռազմական ճամբարականները իրենից հեռանալու պահին հնարավոր է դիմեն՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, ինչը պետք է մերժել… Գուցե դրա՞ համար է, որ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին չի դիտարկում որպես մրցակից» եւ դա բարձրաձայնում է:

Իսկ գուցե Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն պայմանավորվե՞լ են, որ Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության հարցերը չեն խառնի այլեւս իրար, բայց մենք ու էլի շատ երկրներ շարունակում ենք քննարկել ՙոչ մրցակից՚ ռազմա-քաղաքական բեւեռների շահերը…

Իզուր չէ, որ միշտ նշում ենք, որ Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը պետք է յուրաքանչյուր իրավիճակում առաջնային դարձնեն հայկական շահերն ու նպատակները, եւ ԱՄՆ-ՌԴ խաղերի ժամանակ ունենան նաեւ ՀՀ-Եվրոպա (նաեւ առանձին՝ հզոր եվրոպական երկրների հետ), ՀՀ-Չինաստան եւ Լատինաամերիկյան ըմբոստ երկներ ու այլ համագործակցության եզրեր եւս, ինչը կարող է ազդեցիկ լծակ դառնալ տարածաշրջանում:

Ի վերջո հայ արիների առաջարկած համաարիական տարածաշրջանային (հետո՝ համաշխարհային) եւ համահայկական ռազմա-քաղաքական դաշինքների ձեւավորմամբ պետք է զբաղվել:

Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք, քանզի սովորել ենք մեր պատմության դառը դասերը եւ դրանք անտեսելը անպատվության պես մի բան կլինի:

 Արման Դավթյան

 Սեփական շահը համադրելու ժամանակը

Հայաստան այցելեց Եվրոպական Միության Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանձնակատարը Երեւան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, էկոնոմիկայի, ֆինանսների ու կրթության նախարարներին, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Հանձնակատարը մինչ Հայաստան գալը եղել է Վրաստանում եւ այնտեղ էլ է հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ նրա, այս այցը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան համագործակցության գագաթաժողովին ընդառաջ է կատարվում, նպատակ ունի քննարկել ԵՄ հարաբերություններն ու համագործակցությունը եւ վերջնականապես գնահատել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտական փուլը:

«Վիլնյուսի գագաթաժողովը այն վճռական փուլն է, երբ մեր գործընկերները, ենթադրվում է, որ պետք է ցուցաբերեն պատասխանատվություն համագործակցության հետագա խորացման համար, որը հիմնված կլինի մեր ընդհանուր արժեքների վրա եւ որը կապահովի սերտ համագործակցությունը: Սա նաեւ հնարավորություն է ընդգծելու շարունակական աջակցությունը ԵՄ-ի կողմից Հայաստանին, Վրաստանին ու նրանց քաղաքացիների­ն»,- հայտարարել է Ֆյուլեն: Այս հայտարարությունները, ինչպես նաեւ Փարիզի ու Բեռլինի կեցվածքը որոշակի հարցերի նկատմամբ, վկայում են, որ ԱՄՆ-ՌԴ երկխոսությունից առանձին կարող է գործել նաեւ եվրոպական ուղղութունը, ինչը մեկ անգամ չէ, որ ի հայտ է եկել:

Եթե Լոնդոնը Վաշինգտոնի հաստ աղին է Եվրոպայում, ապա մնացյալ եվրաերկրները գոնե այդպիսին չեն: Եթե ոչ Բելգիան (եվրահամագործակցության կենտրոնատեղին), ապա Փարիզ-Բեռլին-Հռոմ եռյակը հաճախ է ցուցադրել ինքնատիպություն միջազգային կարեւոր հարցերում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։