Երկրապահը՝ կամավորականը դեռ երկիր պահելու առաքելություն ունի… Ազատամարտիկը սահմանի տեղը իմացողն ու այն հաստատողն է…

- Երկրապահը դեռ երկիր պահելու առաքելություն ունի

- Ազատամարտիկը սահմանի տեղը իմացողն ու այն հաստատողն է

…Այո, նմանները կան նաեւ այսօր, որ բանակի անվան տակ ինչպես նախկինում էին թալանով զբաղված, այնպես էլ դա անում են մինչեւ օրս: Եվ այս հարցերին պետք է առավել ուշադրություն դարձնել, եթե օրենքը սկսի գործել: Շուրջ 3 տասնյակ հազար կամավոր տղաներ եղան մարտադաշտերում 1989-1994թթ., բայց հարյուր հազարավոր «ազատամարտիկներ» ունենք: Պետք է վերջ դնել այս խեղկատակությանը եւ սին հերոսներին իրենց տեղը ցույց տալ: Սա եւ՜ արդար է, եւ՜ կնպաստի հետագայում էլ կամավորական հոծ խմբերի շարժ ակնկալել, ինչը մեզ դեռ խիստ անհրաժեշտ է լինելու…

Երկրապահը դեռ երկիր պահելու առաքելություն ունի

ԱԺ-ի քննարկումներոմ եւս նշվեց, որ ՀՀ գործող օրենսդրությամբ որեւէ կերպ սահմանված կամ առանձնացված չեն երիտասարդ սերնդի համար կյանքի ուղենիշ դարձած այնպիսի կարեւոր հասկացություններ, ինչպիսիք են՝ երկրապահը, կամավորականը կամ ազատամարտիկը: Այս պատվին արժանացած մարդիկ իրենց հայրենասիրությամբ, մտածելակերպով ու անձնազոհությամբ միշտ էլ բացառիկ դեր են ունեցել մեր պատմության մեջ: Եվ վստահաբար դեռ ունենալու են: ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասի­ն» օրենքի նախագիծը խորհրդարանի դատին ներկայացնելիս օրինագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը հայտարարեց. ՙԱմեն օր ենք մենք ականատես լինում, երբեմն նաեւ այս դահլիճում, երբ ինքնակայացման ճանապարհ է ընտրվում մարդկային, ստեղծարար, մասնագիտական որակներով իրենցից մի քանի գլուխ բարձր կանգնած մարդկանց անվանարկումը, երբ իրավիճակային, թվացյալ քաղաքական շահը սրբում-տանում է բոլոր սահմանները:

Այնպես որ՝ չպետք է բացառել, որ նմանաոճ գայթակղությունը վաղը կարող է ավելի հեռուն, այս անգամ վտանգավոր տեղ գնալ, եւ օրենքի նախագիծն անհրաժեշտ է մեզ բոլորիս եւ ոչ թե կամավորական ազատամարտիկներին՝ ճիշտ ուղու վրա պահելու մեր արժեհամակարգը՚:

Նշենք, որ այս օրինագծի հետ միասին ներկայացվել է նաեւ լրացում՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության երաշխիքների մասի­ն» օրենքում, որն արժանացել է կառավարության հավանությանը եւ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել:

Ըստ համահեղինակ Սամվել Ֆարմանյանի, օրինագծի անվանումը՝ «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասի­ն» որեւէ կապ չունի եւ չպետք է մտազուգորդվի Երկրապահ կամավորականների միության հետ, թեպետ օրինագծի հիմնական հեղինակներից են ԵԿՄ դեմքերը՝ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, «պարզապես պետք է արձանագրել, որ Երկրապահ կամավորական հասկացությունը լավագույնս է արտահայտում հայրենիքի պաշտպանությանը կամավորական հիմունքներով լծված հայորդիներին»,- հավելել է ԱԺ պատգամավորը՝ հիշեցնելով, որ մայիսի 8-ը Հայաստանում նշում են որպես Երկրապահ կամավորականների օր:

Օրինագծի առաջնային նպատակն է օրենքով սահմանել երկրապահ եւ երկրապահ կամավորական հասկացությունները, ինչպես նաեւ այն կարգը, որի համաձայն, համապատասխան մարդկանց պետք է տրվի երկրապահ կամավորականի կարգավիճակ: Օրենքի այս նախագիծը չի վերաբերում երկրապահ կամավորականների սոցիալական երաշխիքներին: Ըստ պարզաբանումների, խնդիրն այն է, որ Արցախի գոյամարտին կամավոր կերպով միացած եւ հայրենիքի պաշտպանությանն անմնացորդ նվիրված մեր բազմաթիվ եղբայրներն ու քույրերը չունեն կարգավիճակ եւ պետությունն այս օրինագծով առաջին անգամ ճանաչում է կամավորականությունը որպես երեւույթ, սահմանում այդ հասկացությունը եւ հատուկ կարգավիճակ տալիս մեր կամավորականներին, ազատամարտիկներին: Պետության կողմից սա բարոյական պարտավորություն է այն հերոս տղաների նկատմամբ, որոնց շնորհիվ Արցախն այժմ ազատ է: Պատգամավորների մեծ մասը կողմ է նախագծին:

Այս օրենքի հաստատմամբ հիմքերն են ստեղծվում, որ պետությունը, երբ հնարավորություն ունենա, քայլ առ քայլ լուծի իր երկրապահ կամավորականի իրավական ու սոցիալական խնդիրները: Սահմանվում է, որ հավասար են թե այսօրվա զինծառայողը, թե նրանք, ովքեր իրենց կյանքն են վտանգել 1989-94թթ.: Գեներալ, թե զինվոր, շարքային թե մտավորական, բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, եթե մասնակցել են պետության կայացմանը, սահմանների պաշտպանությանը:

Ըստ հեղինակների, սա անչափ կարեւոր քայլ է, երբ պետությունն ընդունում է իր երկրապահի կարգավիճակը, կարգավիճակի պետականորեն ճանաչումը ոչ այնքան այսօրվա ազատամարտիկներին է հարկավոր, որքան սերունդներին: Պետականորեն պետք է ճանաչվի կարգավիճակը, որ 10 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո այսօրվա հերոսների որդիները, թոռները, ծոռները հպարտանան, ասեն՝ իմ հայրը, իմ պապը Հայաստան պետության կայացման համար, սահմանների պաշտպանության համար, Արցախի կայացման համար գործ են արել:

Սա ավելի կարեւոր է, քան սոցիալական արտոնությունների հատկացումը; Իսկ արտոնություններ շարունակաբար կընձեռվեն՝ պետության հզորացման, ռեսուրսների, հնարավորությունների ավելացման հետ:

Գոհար Վանեսյան

 Ազատամարտիկը սահմանի տեղը իմացողն ու այն հաստատողն է

Ազատամարտիկները երկար ժամանակ է պայքարում են իրենց իրավունքների հաստատման ու պաշտպանության համար: Մեկ Ազատության հրապարակում, մեկ կառավարության շենքի մոտ նրանք հավաքվում եւ սպասում են իշխանությունների բավարարող պատասխանին: Նրանց հետ հանդիպել են իշխանության ներկայացուցիչները, բայց եթե ոմանց բավարարել է այդ հանդիպման արդյունքները, ապա դեռ կան ազատամարտիկներ, որ չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Ազատամարտիկները դժգոհել են նաեւ որոշ լրատվամիջոցներից, որ իրենց իրավունքների պայքարը գրեթե իշխանափոխության կռիվ են ներկայացնում՝ փորձելով սեփական տեսակետները մատուցել հանրությանը, իսկ իրականում խնդիրը իրավական հարթության մեջ է՝ առկա հարցերին լուծումներ գտնելու առումով: Անգամ զարմացել են, թե այդ լուսաբանումների մեջ հանդիպում են կարծիքներ, որ բոլորովին իրականությանը չեն համապատասխանում, իբր եթե նորից կռիվ լինի, ազատամարտիկները չեն գնա կամավոր: «Մենք նեղանում ենք կառավարությունից, հո չե՞նք նեղանում մեր հողից, իսկական ազատամարտիկը պատրաստ է նորից կռվե­լ»,- ասում են նրանք:

Շատ կան ազատամարտիկներ, ովքեր պատերազմից հետո ապրում են հեռավոր գյուղերում ու անտեսված են: Եվ նրանք եւս Ազատության հրապարակում իրենց զորակցությունն են հայտնում ցուցարարներին, «հայը մնում է հայ՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից, ռազմի դաշտում ոչ մեկին չի հետաքրքրել հնչակ է, թե դաշնակ, ՀՀՇ է, թե ԱԻՄ-ական կամ ՀԱԲ-ի­ց»,- հավելեցին ազատամարտիկները:

Նրանք եւս ողջունել են ԱԺ-ում անցկացրած օրենքը՝ երկրապահ կամավորականներին կարգավիճակ տալու մասին եւ շուտով դիմելու են կարգավիճակ ստանալու համար: «Կարգավիճակը կստանանք ու նորից պատրսատ կլինենք հանուն ազգի կռվելու: Էն ազատամարտիկը, որը չգնաց կռվի, ուրեմն էն ժամանակ էլ ազատամարտիկ չի եղել: Մենք առաջինը ընդեղ կլինեն­ք», վստահաբար խոսում էին կամավորական տղաները:

Նշեցին, որ հունիսի 29-ին էլ նշել են անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը, հիշեցին շատ տղաների անուններ, միաբերան շեշտեցին, թե «այդ օրը նաեւ հաղթական խաղաղությունը պաշտպանելու պատգամ է, մեզ համար միայն թանկ հիշողությունների եւ անդառնալի կորուստի ու ցավի հանրագումար չէ, նաեւ ժողովրդի, պետության ու բանակի միասնության, հայրենի հողի ամեն մի մետրի արժեքը քաջ գիտակցող սերունդներ դաստիարակելու, հայկական բանակն օրեցօր հզորացնելու միջոցով հաղթական խաղաղությունը պաշտպանելու օր ­է»: Կառավարությունը որոշել է հունիսի 29-ը նշել անհայտ կորած ազատամարտիկի օրը, քանի որ Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրը առավել մեծ թվով՝ 76 ազատամարտիկներ անհայտ կորան:

Շատերն էլ բողոքում են, թե մարտական գործողությունների մասնակիցները գործող օրենսդրությամբ համարվում են զինծառայողներին հավասարեցված անձինք, որոնց շարքին են դասվում նաեւ քրեակատարողական ծառայողները, հարկադիր կատարողները, պաշտպանության, քրեակատարողական ծառայության եւ ոստիկանության համակարգերի քաղաքացիական հատուկ ծառայողները: Սա ճիշտ չէ, քանի որ կամավորականների եւ մարտական գործողությունների մյուս մասնակիցների նկատմամբ «նման մնացորդային ու համահարթեցնող մոտեցումը պետության անվտանգության եւ մեր ազգային ու մարդկային արժանապատվության հանդեպ պետական կառավարման համակարգի պաշտոնական վերաբերմունքի հերթական ապացույցն ­է»,- ասում են կամավորականները:

Մտահոգություն եղավ, որ հնարավոր է, ինչպես մինչ այսօր, սահմանի տեղը չիմացող, բայց «կամուֆլյաժով ընտիր ֆոտոսեսիա ունեցողներն էլ նորից դառնան ազատամարտիկնե­ր»: Այն, որ Արցախյան ազատամարտի ժամանակ Հայաստանում պետության կողմից եռամսյա հավաք էին անում ու ինչ-ինչ «քունջուպուճախից խուսափող-թռնող-թաքնվողներին էին հայտնաբերում ու զոռով ծառայության ուղարկու­մ», այն, որ «սահմանների փախած ընտիր զինհամազգեստները հագած՝ Զանգվի եւ այլ ձորերում դիրքավորված նկարվում ու արդեն ազատագրված տարածքներում հայտնվում ու մեքենաները բարձելով թալան անում, էն, որ մի մեշոկ ալյուր վերցրած, իբր օգնություն էին բերում, գալիս էին ռազմագծի մոտերքը, մի րոպեով ձեռքները զենք վերցնում», այն, որ «վիդեոկամերաներով ջիգյարով նկարվում ու ճոխ կինոներ էին սարքու­մ»… հիմա դրանք է՞լ են ազատամարտիկ լինելու:

Այո, նմանները կան նաեւ այսօր, որ բանակի անվան տակ ինչպես նախկինում էին թալանով զբաղված, այնպես էլ դա անում են մինչեւ օրս: Եվ այս հարցերին պետք է առավել ուշադրություն դարձնել, եթե օրենքը սկսի գործել: Շուրջ 3 տասնյակ հազար կամավոր տղաներ եղան մարտադաշտերում 1989-1994թթ., բայց հարյուր հազարավոր «ազատամարտիկներ» ունենք:

Պետք է վերջ դնել այս խեղկատակությանը եւ սին հերոսներին իրենց տեղը ցույց տալ: Սա եւ՜ արդար է, եւ՜ կնպաստի հետագայում էլ կամավորական հոծ խմբերի շարժ ակնկալել, ինչը մեզ դեռ խիստ անհրաժեշտ է լինելու:

Անի Մարության

«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։