– Հայը Հայաստանում է անգամ ապահայանում
– Դրսից խորհուրդ մի՜ տվեք
– Համաժողով՝ երիտքաղաքական եվրաօնանիզմով
– ԱԷՄԳ-ի հետ սերտացում՝ ի նպաստ նոր ՀԱԷԿ-ի
Հայը Հայաստանում է անգամ ապահայանում
Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանին: Քննարկվել են առողջապահական, տնտեսական, հասարակական եւ այլ ոլորտների հարցեր:
Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, հրատարակած գրքերը: Մասնավորապես նշել է. «Խնդրում եւ միաժամանակ հորդորում եմ, որ ԱՄՆ-ի հայ համայնքում բոլորը խոսեն հայերեն, ձեւավորվի այնպիսի մթնոլորտ, որը նպաստի հայապահպանությանը: Կարեւոր է նաեւ, որ նոր ծնված երեխաների անունները լինեն հայկական: Ավելի ակտիվ մասնակցեք Սփյուռքի նախարարության իրականացվող ծրագրերին»:
Շատ լավ բաներ են ասվել իհարկե, եւ տրամաբանական է, որ Զարե Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հրանուշ Հակոբյանին՝ ջերմ ընդունելության եւ ԱՄՆ-ի հայ համայնքի հանդեպ մեծ ուշադրության համար:
Բայց հայազգի գործիչը մոռացել է (կամ էլ աչքի է ընկել ամերիկյան համեստությամբ) հայ նախարարին հիշեցնել, որ Հայաստան-հայրենիքում ապազգային ու անբարո երեւույթների, օտարադավանության եւ օտարալեզվության ախտը արդեն դուրս է եկել բոլոր սահմաններից (գրված եւ չգրված օրենքների)՝ խցկվելով մեր առօրյա կյանք, կրթօջախներ, զլմ-ներ, ամենուր տեղադրվող գովազդներ եւ այլուր:
Հայաստանում բացահայտ է խրախուսվում օտարախոսությունը, անգամ օտարալեզու դպրոցների բացման դեմ են պայքարում հայ մարդիկ հայրենիքում, էլ ու մնաց ոչ հայկական անունների դեմն առնել կարողանան:
Հա՛, հանկարծ չմոռանանք՝ նաեւ մարդկանց բթությունն ամրապնդող եւ օտարների օտարաբարք սերիալներից գողացված սցենարներով (քանի որ Հայաստանում այնպես չէ, որ ամենուր կարելի է 10 հորից ու 1 մորից կամ՝ հակառակ ձեւով, քույր-եղբայրներ գտնել, հատկապես մանկատներում՝ ինչպես «հայկական» սերիալներում է) գրված՝ մեզ ամեն օր տանջող հեռուստասերիալներում նկատել օտար ու նաեւ անմիտ ու տափակ անուններ՝ ինչպես Տանո, Դանո, Էմկա… մկկա…կմկմա… եւ այլն (մի սերիալում անգամ Ֆրիկ միջնադարյան անունն էլ հանկարծ ֆռիկ է դարձել հնչողությամբ)…
Ինչպես ասում են՝ խորհուրդ տալը հեշտ է: Այսպես նաեւ հայրենասեր կարելի է երեւալ՝ ջայլամային քաղաքականությամբ առաջնորդվելով:
Անի Մարության
Դրսից խորհուրդ մի՜ տվեք
«Այսօր նորից ընկերներիցս մեկը սկսեց ինձ խորհուրդներ տալ: Ու հիմա կեսգիշերին ստիպված գրում եմ այստեղ, որպեսզի ամեն անգամ չկրկնվի նույն պատմությունը ու նույն ձեւով չխզեմ կապերս երկրից հեռացած ընկերներիցս մեկի հետ: Ես հայրենիքը, գիտեք, որտեղ եմ զգում, միայն առանջագծում, որտեղ հայ զինվորն է կանգնած: Այս կուսակցությունները, այս պաշտոնյաները ուրիշ տեղ ինձ համար հայրենիք չեն թողել: Ես անընդհատ ուզում եմ այնտեղ լինել, սահմանին, առաջնագծում՝ հայրենիքում: Ամեն ինչ մսխել են, տարիների ընթացքում ինձնից խլել են իմ հայրենիքի մնացած բոլոր հատվածները ու թողել են միայն այս ձգվող սահմանագիծը՝ զինվորներով: Ես ոչ մի տեղ այնքան ապահով չեմ զգում, ինչքան այս՝ երբեմն հակառակորդից երեսուն մետր հեռավորության վրա գտնվող դիրքերում: Ու այնտեղ զինվորներն են կանգնած ու գիտեք ինչի համար՝ երկրից հեռացողների հանգիստ փախուստը ապահովելու: Հեռացողները, գիտեք երբեմն ուր են գնում՝ Ռուսաստանի ինչ որ գյուղերում խոզ պահելու, Համբուրգի կենտրոնում գտնվող զուգարանում փող հավաքելու, Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը մուրացկանություն անելու, Գլենդելում քարտեր կեղծելու: Չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, ինչպիսի բացատրություն էլ տաք, միեւնույն է, չեմ կարողանում ընկալել նրանց մեկնումը: Այստեղ պայքարելու, իրենց կյանքը փոխելու հաճույքից ինչպես կարող ես այդքան հեշտ հրաժարվել: Իսկ ես ընդամենը ուզում եմ հայրենիքս զգալ նաեւ այստեղ Երեւանում, Գյումրիում, Չարենցավանում, Հայկաձորում, Մարգարայում, ամենուր, չեմ ուզում, որ միայն հակառակորդի դեմ դիմաց կանգնած զգամ: Իսկ դա իրականություն չի կարող դառնալ առանց ձեզ: Ես ձեզ յուրաքանչյուրի կարիքը այստեղ ունեմ: Մենք դատարպարտված ենք հաղթանակած ապրելուն: Անհնար է պարտությամբ գոյատեւել 21-րդ դարում: Խնդրում եմ՝ դրսից ինձ խորհուրդներ մի տվեք, վերադարձեք, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք դարձնենք այն»:
Էդիկ Բաղդասարյան («Հետք») ֆ/բ-ի 03.07.2013թ. գրառումից
Համաժողով՝ երիտքաղաքական եվրաօնանիզմով
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հունիսի վերջերին Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին:
Իհարկե, ցեղակրոն երիտհանրապետականները մոռացան նշել, որ Հայաստանը Կովկասյան պետություն չէ, առավել եւս՝ Հարավկովկասյան, այլ Հայկական լեռնաշխարհում տեղակայված ի բնե միակ երկիրն է, բայց քաղաքական նպատակներով որոշել են մասնակցել այս համաժողովին: Բայց պետք է ասվի՞ մի օր: Իսկ կազմակերպիչը Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտն էր եւ վատ չէր լինի, որ նրանց էլ տեղեկացվեր Հայկական լեռնաշխարհի բնիկների իրավունքները:
Համաժողովին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդներ՝ յուրաքանչյուր երկրից 15 պատվիրակ: Երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացրել են իրենց երկրների տարբեր կուսակցությունները: Համաժողովը բաղկացած էր 3 բաժնից՝ «Եվրոպական հարեւանության քաղաքականություն. տեսակետներ ԵՄ-ից եւ Հարավային Կովկասից», «Համաշխարհային անվտանգության մարտահրավերներ. հայացք Հարավային Կովկասից», «Տնտեսական համագործակցություն՝ ԵՄ-Հարավային Կովկաս»: Հետաքրքիր է, որ Համաժողովի բացման պատիվը տրվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Սուրեն Պետրոսյանին, ով իր ելույթում անդրադարձել է եվրոպական հարեւանության քաղաքականությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման միտումներին:
Բայց այս հավաքը չէր կարող ընթանալ առանց թուրքական թեժացման, եւ քննարկումները զերծ չմնացին հակամարտությունների թեմաների անդրադարձներից: Բարձրացվեց Արցախյան հակամարտության հարցը եւ, ադրբեջանցի պատվիրակները, որպես կանոն, հանդես եկան սին պատմախեղ մեկնաբանություններով, բայց դրանք ստացաել են համարժեք հակահարված Հայաստանի տարբեր կուսակցությունները ներկայացնող երիտասարդների եւ կազմակերպիչների կողմից:
Վերջում մեր պատվիրակությունն առաջարկել է մի փաստաթուղթ, որտեղ ընդգրկված կլինեն այն կետերը, որի շուրջ երիտասարդները կկարողանան համագործակցել առանց նախապայմանների ու քաղաքակիրթ մթնոլորտում: Առաջարկն ընդունվել է կազմակերպիչների, Եվրամիության ներկայացուցիչների կողմից, կազմվել եւ քվեարկության արդյունքում միաձայն ընդունվել է կոմյունիկե, որն արձանագրում էր հարավկովկասյան երկրների միջեւ խաղաղ բանակցությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը: Այսքանի հետո նորից հետաքրքիր է, որ Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի ամփոփիչ ելույթը նույնպես վերապահված է եղել ՀՀԿ ներկայացուցչին:
Վահագն Նանյան
ԱԷՄԳ-ի հետ սերտացում՝ ի նպաստ նոր ՀԱԷԿ-ի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, տեխնիկական համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կուակու Անինգին: Վերջինս փաստել է, որ Հայաստանը ԱԷՄԳ համար հուսալի գործընկեր է, եւ ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցությունը ծառայում է իր նպատակին, որն ուղղվում է ՀԱԷԿ տեխնիկական վերազինմանն ու անվտանգության ամրապնդմանը:
ԱԷՄԳ աջակցությամբ յուրաքանչյուր տարի վերապատրաստվող հայ մասնագետները ծանոթանում են միջուկային ոլորտի զարգացումներին եւ ձեռք բերում անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, որը նրանց հնարավորություն կընձեռի այլ երկրներում հանդես գալու որպես փորձագետներ: Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան՝ ԱԷՄԳ-ի պատասխանատուն նշել է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, քանի որ դրանք միջուկային անվտանգության ապահովման հենասյունն են: Ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն շահում է ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրից, այլ նաեւ դրանում ունենում իր կարեւոր ներդրումը:
Հայ փոխնախարարը շեշտել է, որ Երեւանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը՝ Հայկական ատոմակայանի անվտանգության շարունակական եւ հետեւողական ամրապնդման, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցման տեսանկյունից:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



