Մեր փոստից. խոսում է հայ մարդը – Ինչպես արտագաղթը փոխարինել ներգաղթով… Ո՞վ է կասեցնելու մեր դրախտային հայրենիքի կործանումը…

Մեր փոստից. խոսում է հայ մարդը -

Ինչպես արտագաղթը փոխարինել ներգաղթով

Մեր իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ անտարբեր են հայ ժողովրդի հոգսերի հանդեպ: Օրերս կառավարության եւ ԱԺ որոշ ներկայացուցիչներ կրկին հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին եւ հայտնել իշխանությունների դժգոհությունը՝ Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ տարվող միգրացիոն քաղաքականությունից: Նշվել է, թե մեր պետությունը հայաթափելու հատուկ ծրագիր է իրականացվում: Թվում է՝ իշխանություններն անչափ մտահոգ են, բայց «մարդասիրական» այս մտավախության իրական նպատակի կռահումը բնավ մեծ գիտելիքներ ու խորաթափանցություն չի պահանջում, նրանք պարզապես վախենում են, որ թեկուզ մասնակիորեն կզրկվեն հայրենիքում ձրի (այլ ոչ թե էժան) աշխատուժից:

Գուցե Երեւանում աշխատուժին վճարում են համեմատաբար փոքր-ինչ ավելի, քան մարզերում, բայց շրջաններում նախ աշխատանք չես գտնի, հետո, եթե անգամ մեծ ջանքերով ու ծանոթով կամ զանգերով ու կաշառքով մի գործ հայթայթես, ապա այդ աշխատանքի գերակշիռ մասը վարձատրվում է ամսական 50-60 հազար դրամով, որով ընտանիք պահելու համար պիտի աճպարար լինել (նվազագույն աշխատավարձն էլ դարձեցին 45 հազար՝ իբր բարելավելով ժողովրդի վիճակը): Մարդկանց հաճախ աշխատացնում են չարքաշ ու ստորացուցիչ պայմաններով, անգամ առանց շաբաթ-կիրակի հանգստյան օրերի, առանց այդ օրերին տրվող հավելավճարների: Այսպես տարիներով աշխատեցնում են առանց վճարովի արձակուրդների: Իսկ երբ մեկն ու մեկը համարձակվի ու պահանջի տալ հավելավճար՝ տոնական կամ շաբաթ-կիրակի օրերի, արտաժամյա աշխատանքների դիմաց, ապա անմիջապես սպառնում են հեռացնել աշխատանքից: Այն աշխատանքից, որ մի կերպ է ձեռք բերվել:

Հիմա ասողներ կլինեն, թե՝ թող բողոքեն այդ մարդիկ, բայց այդ դեպքում ո՞վ է պաշտպանելու այդ բողոքը, դա էլ կասե՞ն նախորդ հարցը տվողները: Ժամանակին գոնե արհմիութենական կազմակերպություններ կային, որոնք շատից-քչից մի բան անում էին, անգամ լինում էր, որ գործադուլներն էին օրինականացնում ու հետագա աշխատանքից զրկվելու հարցը եւս ապահովագրում: Այժմ ո՞ր դատ ու դատաստանով է հնարավոր կարգի հրավիրել գործատուին: Հատկապես «մուծվող» գործատուներին:

Մարդիկ (կան բացառություններ, որ այստեղից այնտեղ գաղթելու սիրահարներ են կամ հայրենիք իմաստը չհասկացողներ) անմտությունից կամ հայրենասիրության բացակայությունից չէ, որ լքում են հայրենիքը: Բնակչության մեծամասնության համար անհնարին է ապրել տարրական պայմաններն անգամ բավարարելով, ոմանց համար գոյատեւելն իսկ խնդիր է: Եվ սա մենք չէ որ ասում ենք, ամենալավ տեղյակները վերեւներում են նստած: Մշտական կտրուկ թանկացումները, որոշ բիրտ ու վայրագ, հանցագործ ու տգետ մեծահարուստների լկտի պահվածքը, իշխանությունների ու դատա-իրավական մարմինների շեշտված բարյացկամ ու հավատարիմ կեցվածքը նրանց նկատմամբ… ահա այն հիմնական պատճառները, որ ստիպում են մարդկանց լքել Հայաստանը:

Եթե արտերկրներում տոնական օրերին բոլոր ապրանքները էժանանում են, որ մարդիկ իսկապես տոնական զգան իրենց, մեր երկում լրիվ հակառակն է. Զատիկին ձուն ու ձուկն է թանկանում, գերեզմաններ գնալու օրերին՝ ծաղիկներն ու ծաղկեպսակները եւ այսպես շարունակ, իսկ երկրում ընդունված նոր տարվա մեկամսյակում ամեն ինչն է թանկանում ու մարդիկ ամանորից հետո մի քանի ամիս միայն պարտքեր են փակում… Իշխանությունները չեն կարո՞ղ սա կարգավորել: Թե՞ կզրկվեն ոմանց եռակի կամ քառակի մուծումներից:

Այսպես թե այնպես աշխատանք փնտրող եւ չգտնող մարդիկ գնում են, եւ այդ պարագայում ռուսական միգրացիոն գրասենյակների առաջարկած պայմանները կարծես խոշոր շահումներ լինեն նրանց համար, ճանապարհածախսը, աշխատանքի տեղավորումը, ժամանակավոր կացարանի տրամադրումը, մինչեւ 1 տարին քաղաքացիության տրամադրումը, խիստ ցածր տոկոսներով վարկերի տրամադրումը՝ սեփական տուն գնելու համար եւ այլ պայմանները միանգամից հեռանալու ցանկություն են առաջացնում: Թեկուզ ժամանակավոր, չնայած հայտնի չէ, թե հետո վերադարձի ցանկությունը երբ կլինի: Հենց սա էլ հաշվի են առնում արտագաղթը կազմակերպողները: Սա իրական երազ է թվում՝ իր երկրում ընչազուրկ ապրող հայի համար: Սա ասում ենք առանց հետին քաղաքականության, պարզապես այն ծնողների մտածելակերպով, ովքեր իրենց զավակներին այլեւս չեն կարողանում կիսասոված (նաեւ սոված) պահել:

Իսկ ավելի լավ չէ՞ այլ երկիր գնալն ու աշխատելն ընտրելը, քան՝ մի քանի մարդանմանների պես անմարդկայնորեն սեփական երեխաներին խոշտանգելն ու սպանելը: Սա էլ մեկ այլ դաժան հարց է, թե ինչպես են ազատ թողնվում այն մայրերը, որոնք դաժանաբար սպանում են անգամ իրենց նորածին երեխաներին: Իսկ թե ինչպե՞ս են նրանց հղիությունը «չնկատած» հարազատները ներում նմաններին, դա էլ մեր հասարակության կործանվող դեմքն է բնորոշում: Սա՞ է բարեգթության մեր սահմանը:

Հասկանալի է, որ Ռուսաստանը աշխատող ու ստեղծագործ ազգերի ներկայացուցիչներով բնակեցնելով եւ քաղաքացիություն տալով՝ այդ երկրի իշխանությունները փորձում են փակել երկրում առկա բացերը, ինչու չէ՝ նաեւ ազատվել հնարավոր փլուզումից: Իսկ մենք ի՞նչ ենք անում, օգնում ենք Ռուսաստանին եւ Հայաստա՞նն ենք փլուզում: Միայն երկրում իրական կարգ ու կանոն սահմանելով, օրենքի տառը ճանաչելով հնարավոր է կարգավորել շատ հարցեր: Այդ թվում՝ արտագաղթը փոխարինել ներգաղթով:

Ամեն օր, չգիտես ինչ-ինչ վարք ու բարքի տեր չինովնիկներից ստեղծում են տարաբնույթ հանձնաժողովներ՝ կոռուպցիայի դեմն առնելու, այս ու այն ցույցերին մասնակցած խաղաղ բնակչությանը ճնշած ոստիկանների ինքնությունը պարզելու, չհիմնավորված թանկացումների պատճառը ճշտելու, սեփական երկրի բանակում ծեծից ու բռնությունից սպանված հայ զինվորի մահվան պատճառը պարզելու եւ այլ բազմաթիվ ու բազմաբնույթ անարդարությունների կամ հանցագործությունների դեմ պայքարելու համար: Ստեղծման հաջորդ օրն իսկ նրանք դառնում են ամենակոռումպացված ու հանցագործ խմբավորումներ, որոնց դերը կայանում է շատ խելացի ձեւով նշված հանցագործությունները կոծկելը (որովհետեւ հանցագործները յուրայիններն են), բացահայտումների արհեստական ձգձգելը, մինչեւ ժողովրդի հուզմունքի ալիքն անցնի, անուղեղ մարդկանց ու եվրոպական մի շարք կառույցների աչքերին էլ թոզ փչվի…

Եվ մարդիկ գնում են, քանզի անարդարությունը անպաշտպանվածության կրկնապատկում է դառնում եւ ավելի է բարդացնում նրանց կյանքը: Շատերն իսկապես գնում են կարոտով, կախ սրտով, բայց գոնե հավատ ունեն, որ շատ շուտով Ռուսաստանում աշխատանք կունենան, տուն-տեղ կունենան եւ կօգնեն Հայաստանում մնացած հացի կարոտ իրենց հարազատներին ու ազգականներին:

Եթե պետականորեն ուզում են փակել միգրացիոն գրասենյակները, ապա պետք է արագ աշխատատեղեր բացել եւ ոչ թե՝ խաղատներ ու ճոխ հյուրանոցներ, ամառանոցներ ու օտարին սպասարկող կառույցներ… որ մարդիկ մի ավելորդ անգամ պարտքի տակ չմտնեն, եթե իհարկե այլեւս պարտք վերցնելու հնար գտնեն:

Եթե աշխատանք չգտնեն այդ մարդիկ, անկախ միգրացիոն գրասենյակների գոյությանը, գնալու են, բայց մնալու են անօթեւան, ու ոչ պակաս կոռումպացված ռուսական ոստիկանների կողմից հետապնդվող խաժամուժի շարքերում: Այսպես ճարահատյալ կդիմեն սխալ ու անօրինական քայլերի, ինչպես տեսնում ենք այժմ, եւ վաղ թե ուշ կհայտնվեն ռուսական, ամերիկյան, եվրոպական կամ այլ բանտերում:

Ամեն անգամ ցավով ենք հիշում մեծագույն հայ Լեոյի հետեւյալ խոսքերը. «Պատմության ցանկացած ժամանակահատվածում, երբ Հայաստանում իշխանությունը գտնվել է հայ իշխանների ու մելիքների ձեռքում, շարքային հայ աշխատավորի վիճակը բազմապատիկ անգամ ավելի ծանր ու չարքաշ է եղել, քան այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվել է օտար լծի տակ»:

Ո՞վ է կասեցնելու մեր աստվածատուր ու չնաշխարհիկ դրախտային հայրենիքի կործանումը…

Սամվել Բալաբեկյան, Շահեն Ծատուրյան

Չարենցավանի չարտագաղթող բնակիչներ

«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։