Հոգեւոր գործեր օֆշորային գոտում – «օֆշորային սկանդալի» կենտրոնում նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանն է… Փողերի լվացման հոգեւոր աշխարհը…

- Հոգեւոր գործեր օֆշորային գոտում – «օֆշորային սկանդալի» կենտրոնում նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանն է…­

- Փողերի լվացման հոգեւոր աշխարհը – Իտալիայում փողերի լվացման եւ հափշտակման մեղադրանքով ձերբակալվել է Վատիկանի եպիսկոպոսներից Նունցիո Սկարանոն…

 Հոգեւոր գործեր օֆշորային գոտում

Վերահսկիչ պալատի հայտարարություններից առաջ արդեն կար մեկ այլ մեծ աղմուկ՝ կապված «օֆշորային սկանդալ­ի» հետ:

Դա առնչվում է ինչպես պետական, այնպես էլ հոգեւոր ու գործարար շրջանակների հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արք. Կճոյանը եւ Աշոտ Սուքիասյանը այդ 3 ոլորտների ներկայացուցիչներն են: Այստեղ կքննարկենք հոգեւոր ոլորտի մասնակցի հարցը, քանզի հոգեւորական խավը հաճախ է բողոքում անարդարությունից ու առավել հաճախ նվիրատվությունների քարոզ անում, ինչը շատերի մոտ արդեն վստահություն չի ներշնչում:

«Ասեկոսե» էլ.կայքի թղթակիցը Նոր Նորքի սբ. Սարգիս եկեղեցու բակում, պատարագին ժամանելիս, մոտեցել է եւ մի քանի հարց ուղղել այդ «օֆշորային սկանդալ­ի» կենտրոնում հայտնված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանին՝ նշելով որ իր անունը շրջանառվում է, որն արդեն բազում շահարկումների առիթ է տվել: «Կարող եմ ասել մի բան՝ 2 գործարարներ, իրենց հարաբերությունների ճշտման գործընթացում ներգրավել են ինձ եւ, ոչ ավել ոչ պակաս, երկրի վարչապետին, ընդ որում՝ առանց մեր իմացության, այս գործը համակողմանի ուսումնասիրման եւ բացահայտման կարիք ուն­ի»,- ասել է հոգեւորական պատասխանատուն: Ով զարմացել է, թե Աշոտ Սուքիասյանն իր հայտնի նամակում հայտնել է իբր Կիպրոսում Նավասարդ արք. Կճոյանի եւ ՀՀ վարչապետի անունով օֆշորային կազմակերպություն է գրանցել. «Ինձ համար մի պարզ ճշմարտություն կա՝ ես որեւէ մեկին երբեւէ չեմ լիազորել իմ անունն օգտագործել ինչ-որ կազմակերպություններ գրանցելիս: Ցավում եմ, որ հասարակության եւ լրագրողների մի հատված ամեն գնով փորձում է ինձ վերագրել մի բան, որի հետ որեւէ առնչություն չունեմ: Կարծում եմ՝ ավելի մանրամասն կզրուցենք մի այլ առիթի դեպքում»:

Մինչ հաջորդ զրույցին անցնելը, նշենք, որ Կիպրոսի, ԱՊՀ եւ Եվրոպական մի շարք երկրների գլխավոր դատախազներ օրերս Երեւանում էին՝ մասնակցելու ՀՀ դատախազության ծառայության 95-ամյակին նվիրված միջոցառմանը: Ծրագրի պաշտոնական մասի ավարտից հետո մեր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոսել է իր կառույցին ուղղված Սերժ Սարգսյանի քննադատության մասին, իսկ Կիպրոսի դատախազը՝ «օֆշորային սկանդալ­ի» մասին: Օտարերկրյա դատախազի խոսքով՝ «Առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արք. Կճոյանի թույլտվության օֆշորային գոտում նրանց անունով չէր կարող ընկերություն գրանցվե­լ», իրավական տեսանկյունից դա բացառվել է: (ՀՀ ՍԴ նախագահի խոսքերով էլ, ինքն «իրավունք չունի չհավատալ կիպրացի դատախազին», քանի որ վերջինս իրենց օրենսդրությունն ավելի լավ գիտ­ի»:)

Իսկ մինչ այս պարզաբանումը, մամուլում այլ փաստեր հայտնվեցին: «Հո ապուշ չէի՞նք նման կեղծիք հրապարակել, ո՞նց կարող է պետական ռեգիստրի տվյալները կեղծես ու կեղծ փաստեր հրապարակես,- «Սիվիլնեթի» վիդեոտաղավարում հայտնել է «Հետք» էլ.թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը,- հայկական օֆշորի պատմությունը նախադեպային է, որովհետեւ ինչքան էլ ուսումնասիրեք համացանցում, դեռ դեպք չի եղել, որ բաժնետերերից որեւէ մեկն ասի, թե իբր տեղյակ չէ: Աշխարհում այդպիսի նախադեպ չկա: Հազարավոր հոդվածներ կարող եք գտնել, եւ չի եղել որեւէ մեկը, որ ասի, թե ես տեղյակ չեմ եղել:

Հայկականը նաեւ դրանով է առանձնահատուկ, որ բաժնետերերից երկուսն ասել են, թե իրենք տեղյակ չե­ն»: «Հետք»-ի գլխավոր խմբագիրը հավելել է, որ «Սամվել Կճոյանին (վերջինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է, խոսքը արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի մասին է) իրենք չհավատալու հիմքեր չունեն: Բաղդասարյանի դիտարկմամբ՝ մի քանի տարի առաջ, երբ Սամվել Կճոյանի անունը կապվում էր նաեւ զենք ունենալու հետ, իրենք կառավարությունից պահանջել են ցանկը, թե ովքեր են պարգեւատրվել զենքով: Այդ ցանկում նշված է եղել Սամվել Կճոյան անուն-ազգանունը: Համապատասխան կառույցից ճշտել են, որ գոյություն ունի մեկ Սամվել Կճոյան, դա նույն Նավասարդ Կճոյանն է: Ապա իրենք զանգահարել են առաջնորդարան եւ հարցրել են՝ Կճոյանը զենք ունի՞, թե՞ ոչ: Առաջնորդարանից պատասխանել են՝ չունի: Այնուհետեւ «Հետք»-ի լրագրողը պարզաբանել է, թե իրենք կառավարության ներկայացրած փաստաթուղթ ունեն, որտեղ նշված է Կճոյանի՝ գենքով պարգեւատրվելու փաստը: Առաջնորդարանից խնդրել են իրենց տրամադրել այդ փաստաթուղթը, որից հետո իրենք փոխել են պատասխանն ու ասել, որ Կճոյանը, այո՜, զենք ուն­ի»:

Արվել է հետեւություն, որ բոլոր հիմքերը կան հոգեւոր պատասխանատուին չհավատալու, «Սամվել Կճոյանը գոնե 2 անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում. դա արդեն 100%-ով ապացուցված է: Իրենց ճանապարհողներից ենք ճշտե­լ»,- ասել է հետաքննող լրագրողը:

Ուշացումով, նաեւ միակողմանի կոչ է հղել Արարատյան Հայրապետական թեմը. «Անցած 2 տարիների ընթացքում մի շարք լրատվամիջոցներ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանին վերագրեցին զանազան բացասական որակներ՝ հասարակության մեջ փորձ անելով ձեւավորել Սրբազանի անձի՝ իրականությունից ամբողջովին կտրված ընկալում: Հավասարակշռության եւ անկողմնակալության սկզբունքի պահպանման փոխարեն մի խումբ զլմ-ներ, թերեւս միայն իրենց հայտնի պատճառներով, առ այսօր առավել կարեւորում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին՝ հասարակության կյանքից, նրա հոգսերից ամբողջովին կտրված ներկայացնելը… Ստեղծված իրավիճակի ցցուն օրինակ կարող է ծառայել երեկ կայքերից մեկում տպագրված Աշոտ Սուքիասյանի հետ գործնական առնչություն ունեցած մի կնոջ հարցազրույց, որտեղ վերջինս հայտարարում է, թե Նավասարդ արք. Կճոյանն, իբր, ստել է՝ ասելով, որ Սուքիասյանի հետ վերջին անգամ Նոր տարուն է խոսել, քանի որ 2012թ. հուլիսին ինքը տեսել է, թե ինչպես է մի ճարտարապետ Սրբազանին փոխանցելու խնդրանքով «կամարաձեւ շինարարական գծագրություն» տալիս Աշոտին: Թե ի՞նչ կապ ունի 2012թ. հուլիսին տեղի ունեցած այդ դեպքը 2013թ. հետ, պարզ չէ, բայց  նմանատիպ անհեթեթ փաստարկումներից հետո լրատվամիջոցն այդ հարցազրույցը վերնագրում է «Կճոյանը թող սուտ չխոս­ի»… Այս կոչում նշվել է, թե 2 տարվա ընթացքում առաջ քաշվող հարցադրումները եւ փաստարկները հաճախ դուրս են բերվում համատեքստից, աղավաղվում ու առավելապես հարմարեցվում հրապարակումների քննադատական, դեղնավուն բնույթին: Ուստի՝ լայն հասարակությանը կոչ է հղվել՝ «թույլ չտալ կառավարելի դարձնել սեփական ենթագիտակցությունը նեղ խմբային շահերը հետապնդողների­ն»:

Այսինքն՝ ստացվում է ստում են եւ՜ հայ լրագրողների փաստերը, որ վերցված են պետական կառույցներից, եւ՜ կիպրացի դատախազը, ով ըստ էության պարզաբանել է օֆշորային գոտում կազմակերպություն գրանցելու ձեւը, ինչից էլ պարզ է դարձել, որ մեր վարչապետն ու հոգեւորականը ճիշտ չեն ասում: Թեեւ անձամ ես շատ կուզեմ լսել, որ հայկական կողմն ապացուցի, թե ստում է կիպրացի դատախազը:

Արտակ Հայոցյան

Փողերի լվացման հոգեւոր աշխարհը

Իտալիայում փողորի լվացման եւ հափշտակման մեղադրանքով ձերբակալվել է Վատիկանի եպիսկոպոսներից Նունցիո Սկարանոն: Նրա հետ ձերբակալվել է եւս 2 հոգի, մեկը՝ իտալական հատուկ ծառայությունների աշխատակից, մյուսը՝ բրոքեր:

Վերջիններս կասկածվում են Իտալիայից շուրջ 20 մլն եվրո ներմուծելու մեջ: Ըստ դատախազության՝ Նունցիո Սկարանոն միջնորդն էր ֆինանսական մի գործարքի, որի ընթացքում հատուկ ծառայության աշխատակիցը պետք է բերեր գումարը Շվեյցարիայից, բայց ճանապարհին վերջինս փոշմանել էր:

Ձերբակալությունից 2 օր առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկը հրահանգել էր ստուգել Վատիկանի բանկի գործունեությունը: 61-ամյա Սկարանոն երկար տարիներ բանկի գլխավոր հաշվապահներից մեկն էր ու հեռացվել էր պաշտոնից 1 ամիս առաջ, երբ նրանով սկսել էր հետաքրքրվել իտալական ոստիկանությունը՝ փողի ապօրինի շրջանառության կազմակերպման կասկածանքով: Իսկ անօրինական փողերը մուտք էին գործում բանկ՝ որպես հոգեւոր նվիրատվություններ:

«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։