Մերկ ճշմատություն՝ զուգարանով բացված – Պիտի պատժվի՝ իր յուրացման չափով… Աշխատատե՞ղը կփրկի Սեւանի ձկներին… Անպատասխանատվության ջարդոնները՝ «Նաիրիտ»…

- Մերկ ճշմատություն՝ զուգարանով բացված – Յուրաքանչյուրը պիտի պատժվի՝ իր յուրացման չափով…

- Աշխատատե՞ղը կփրկի Սեւանի ձկներին…

- Անպատասխանատվության ջարդոնները – «Նաիրիտ»-ն անպայման պիտի աշխատի՝ ազգային ու պետական շահով պայմանավորված…

Մերկ ճշմատություն՝ զուգարանով բացված

Ինտրիգային ամառ է մեր երկրում: Ավելի ստույգ՝ ինտրիգային պետք է դարձվեր, ինչը եւ հաջողվեց: Վերահսկիչ պալատի նախագահը մալուխը ձեռքին գնաց Ազգային ժողով ու 2012թ. հաշվետվության արդյունքներով մեղադրանք ներկայացրեց բյուջետային միջոցներն անարդյունավետ գործածելու եւ 700 միլիարդ լափելու, մսխելու, յուրացնելու մեջ: ԱԺ նախագահը զարմացավ, թե՝ այ մարդ, էս ի՛նչ թալանչիներ են:

Ի պատասխա՞ն էր ֆինանսների նախարարության վերահսկողականի այն հայտարարությունը, թե ԱԺ նախագահի եղբայրն ու եղբոր որդին օգտվել են պետության տրամադրած էժան դիզվառելիքից: Հաշվի առնելով, որ վարչապետական կադր է վերահսկողական վարչության տիկինը, կարող ենք նման բան ենթադրել: Ենթադրել կարող ենք, որովհետեւ վարչապետին չի սիրում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նույնպես վարչապետական հավակնություններ ունի եւ ԱԺ ղեկավարի հետ խնամիական կապերի մեջ է: Ելնելով նաեւ այն հանգամանքից, որ մեզ մոտ անձնականն ու գործնականը սերտորեն միացած են գավառական աստիճանային հյուսքով, կարող ենք համոզված էլ լինել: Սրանից հետո երկրի նախագահն էլ բարկացավ ՎՊ ղեկավարի վրա՝ ակնարկելով, թե՝ բա որ Հատուկ քննչական ծառայությունն էլ փորձի տալ ՎՊ-ի գնահատականը: Այս պարագայում էլ մի քանի ենթադրություններ կարող ենք անել՝ ա) պետության նախագահն ու ՎՊ ղեկավարը գործում են փոխհամաձայնեցված, որպեսզի մի լավ թափ տան մեր պետական կառույցներին՝ զուգահեռաբար հող նախապատրաստելով սեպտեմբերյան փոփոխությունների համար, բ) ՎՊ-ն մի քիչ, Սերժ Սարգսյանի խոսքերով, տեմպի մեջ է ընկել ու դուրս է եկել փոխպայմանավորվածության սահմաններից, կամ էլ ընկեր Նաջարյանը մոռացել էր, որ տեղակալի էդ ոտը սախաթ էր, գ) ՎՊ-ն որոշել է պատժել ոչ յուրայիններին՝ նրանց չարաշահումներ վերագրելով եւ յուրայիններին էլ հասկացրել է, որ կարող է պատժել՝ իբրեւ նախազգուշացում թեթեւ թերացումներ վերագրելով:

Տարբերակները շատ են, բայց անձամբ ես վերջինը բացառում եմ: Իշխան Զաքարյանը առանց Սերժ Սարգսյանի գիտության այդքան համարձակ չէր գտնվի, մանավանդ որ իր ոտքերն էլ ամպոտ չեն: Պարզապես ոտքերը վերմակից երկար է մեկնել ու վերջ, այլ կերպ՝ տեմպի մեջ է ընկել ու ժամանակին չի կարողացել արգելակել:

Հիմա՝ ամենակարեւորը. այս ամբողջ թոհուբոհի մասին խոսում են իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքական ու հասարակական կազմակերպությունները: Ժողովրդի գերակշիռ մասը, ով զբաղված է առօրյա հաց վաստակելու  գոյապայքարով, այս ամենի վրա, մեղմ ասած, թքած ունի: Ժողովրդին քիչ է հուզում, թե ով կհաղթի լեզվակռվում. նա ոչ ՎՊ-ի կողմից ստուգվածների եւ ոչ էլ ՎՊ-ի անկեղծությանն է հավատում: Բոլորն էլ մինչեւ կոռը լուծել են իրենց հացի խնդիրը, դեռ վրան էլ կարագ, պանիր, ձուկ ու խավիար դնելու հարցը: Ժողովուրդը կարագի, պանրի մասին չի էլ մտածում, մտահոգությունը դեռ ցամաք հացն է:

Բայց լեզվակռվից ու գզվռտոցից ժողովուրդը մի բան է դուրս քաշել՝ փաստը՝ մերկ ճշմարտությունը:

Օրինակ՝ պետությունը 100 մլն է ծախսել զուգարանի վրա: 100 մլն է ծախսել, որ Հայաստան եկող երեսառած զբոսաշրջիկը հանկարծ բիոզուգարանի բացակայության պատճառով չխռովի մեր երկրից: 100 մլն զուգարանի համար, ա՜յն դեպքում, երբ իր երեխաները օրերով զուգարան չեն գնում՝ օրերով սոված լինելու պատճառով: Հիմա ժողովուրդը ոնց չխելռի ու տարատեսակ ու զարմանազան դատարկախոս պաշտոնյաներին չասի՝ դե ռադ եղեք, ձեր դեսն ուղարկողի հերն անիծած:

Խնդիրն այն է, որ քարը նետված է, ու եթե իսկապես 700 մլրդի յուրացում չի էլ եղել, ժողովուրդը չի հավատա, որովհետեւ միայն 100 մլն զուգարանի են տվել: Եթե նույնիսկ այդքան չեն էլ լափել, միեւնույն է, լափել են չէ՛: Այլապես ի՛նչ կարիք կար 100 մլն տալ ու 2 զուգարան ներմուծել, գումարի չնչին մասը տային մեր երիտասարդ գիտնականներից մեկին, այնպիսի զուգարան տար ձեռքները որ, հետո էլ ասում են՝ չկա գիտություն-տնտեսություն համագործակցություն: Որտեղի՞ց լինի, ուշքումիտքները ներմուծելն է, բայց՝ գիտելիքահենք տնտեսությունից ճառելը: Կարծես զբոսաշրջության համար մեր երկրում ամեն ինչ պատրաստ էր, զուգարանն էր մնացել:

Կամ՝ բերում-բերում էին, 100 մլն-ի քանի՞ հատ զուգարան կարող էին տեղադրել, թե՞ մեր տուրիստների էն ինքը հենց Գրիգոր Լուսավորիչ կոչված եկեղեցու ու Տաթեւի մոտ է բռնում:

Ի դեպ, հնարավոր է, որ երկրի նախագահն այս ամենը ծրագրել էր միայնակ, առանց որեւէ մեկի հետ փոխհամաձայնեցված, որպեսզի կարողանա տեսնել՝ ինչից եւ ումից ինչ դուրս կգա, ինչ զարգացումներով:

Բայց մի բան միանշանակ է. նախագահը պետք է հստակ ու կտրուկ քայլեր ձեռնարկի, որովհետեւ պետության գործերում մանրուքներ չկան եւ եթե պետության միջոց է յուրացվում, պիտի խստորեն պատժվի՝ լինի 7 դրամ, թե 700 մլրդ դրամ:

Յուրաքանչյուրը պիտի պատժվի՝ իր յուրացման չափով: Այլապես պարբերաբար մերկ փաստեր են վեր հառնելու կամ վերհառնեցվելու ու հենց զուգարանի՜, անհայտ անասուններով լցված գոմի՜, փնթիներով բեռնված բաղնիքների՜ վրա կամ զուգարանում, գոմում, բաղնիքում: Իսկ սա, խոստովանենք, զզվելի է:

Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր

 Աշխատատե՞ղը կփրկի Սեւանի ձկներին

ԱԺ-ում դեռ 2012թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պատգամավորներից առաջարկների է սպասում Սեւանի խնդիրների կարգավորմանն ուղղված:

Սակայն, առ այսօր որոշակի խնդիրներ դեռեւս կան: ԲՀԿ պատգամավոր Վահագն Մասխուդյանը նախարարին հարցրել էր, թե որպես բնապահպանության լիազոր մարմին, երբեէ պնդե՞լ են, որ Սեւանում ձկնապաշարների համար մի որոշ ժամանակ արգելեն որսը:

Ի պատասխան հնչել է, որ նախարարությունը ձկների մասին բավականին մեծ տեղեկատվություն ունի եւ որ 7 տարի է՝ պաշտոնապես ոչ մի թույտվություն չկա ձկնաորսի: Սեւանում ոչ մի մուտացված ձկնատեսակներ չկան. «Այն պնդումները, որ այս տարիներին ոչ մի աշխատանք չի կատարվել, հակառակն եմ ասում: Բացթողումներ, այո, ունենք, սակայն այս տարիների աշխատանքներն իրենց արդյունքը տվել են: Ի դեպ, սիգը Կարմիր գրքում ներառված չէ, սակայն դա չի նշանակում, որ անհրաժեշտ աշխատանքներ չենք անում»:

Նախարարը համաձայն է ձկնաորսի արգելանքի համար ու գուցե օրենքները խստացնեն ու քրեական պատասխանատվություն սահմանեն, որ ցանկալի արդյունքներ լինեն ապօրինի ձկնորսության դեպքում: Սակայն նա համաձայն չէ այն թվերի հետ, որոնք հայտարարվում են: Սեւանա լճին մոտ գյուղերի բնակիչների հետ եւս աշխատանքներ են տարվում:

Պատգամավորները նշում են, թե Սեւանա լճի մոտակա գյուղերի ավելի քան 250-300 ընտրանիք ապրում է լճի ձկների հաշվին: Լավ կլինի, եթե Սեւան ազգային պարկում նրանց աշխատանք տան, աշխատավարձով ապրեն, կարողանան եւ՜ իրենք ապրել եւ՜ փրկել Սեւանը: Նախարարը նման ցանկ էր ուզել պատգամավորներից, ինչի տրամադրման մասին տեղեկություն դեռ չի տրվել:

Անի Մարության

 Անպատասխանատվության ջարդոնները

Վերջերս կրկին արծարծվեցին «Նաիրիտ»-ի հետ առնչվող մութ գործերը, որը որոշակի ուժեր շաղկապում են ՀՀ վարչապետի գործունեության հետ:

Մեր երկրի սահմաններից դուրս տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են նոր սկանդալի առիթ դառնալ: Տիգրան Սարգսյանը, իհարկե, ամեն կերպ հերքում է իր առնչությունը նաեւ այս թեմայի հետ: Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկը՝ ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» դատական հերթական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով կրկին հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր: Հենց այս ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտ»-ի կառավարումը, եւ որին ՀՀ կառավարության երաշխիքով Միջպետական բանկը շուրջ 170 մլն. դոլարի վարկ էր հատկացրել:

Օֆշորային գոտում գրանցված «Rhinoville Property Limited»-ը փաստացի հրաժարվում է մարել այդ վարկը, եւ բացառված չէ, որ մեր կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ վարկառու ընկերության երաշխավորն է եղել: Այս վարկի մարմամբ է պայմանավորված, թե արդյո՞ք ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կգնի «Նաիրիտ»-ը: Իսկ պատրաստակամություն հայտնվել է, ըստ որի «Ռոսնեֆտ»-ը կգնի «Նաիրիտ»-ը 100 մլն դոլարով՝ բայց միայն պարտքերը գնման պահին մարված լինելու պարագայում: Պարտքերը 350-400 մլն. դոլար են, չնայած էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ «Նաիրիտ»-ի բոլոր պարտքերը, այդ թվում՝ Միջպետական բանկին, 100 մլն. դոլար են:

Շատ տխուր հեռանկար է բացվել, քանզի «Նաիրիտ»-ի մասին լուրեր են պտտվում, թե ամենայն հավանականությամբ սնանկ կհայտարարվի, ու խորհրդային տարիների երբեմնի տնտեսական հսկան կվաճառվի որպես մետաղի ջարդոն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ»-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից՝ «հանգստի անցնելո­ւ» ցանկությամբ պայմանավորված: Եվ սա այն ճակատագրական ժամանակաշրջանում, երբ հայկական կառավարությունը եւ ռուսական «Ռոսնեֆտ»-ը պետք է որոշում ընդունեն գործարանի ապագայի հետ կապված, երբ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում շարունակվում է Միջպետական բանկի՝ «Նաիրիտ»-ի դեմ հայցի քննությունը:

Ինչ է՝ ենթադրենք, որ «Նաիրիտ»-ում այլեւս անելիք չկա՞: Ռուսական կողմը չի պատրաստվում մտնել «Նաիրիտ»-ի պարտքային բեռի տակ, ՀՀ կառավարությունն այլ գնորդներ չունի, իսկ հոկտեմբերին Մոսկվայի Արբիտրաժային դատարանն այն, ամենայն հավանականությամբ, սնանկ կհայտարարի: Եվ այստեղ է, որ առաջանում է որպես մետաղի ջարդոն վաճառվելու հեռանկարը: Մինչդեռ մեր էներգետիկայի նախարարը մեկ անգամ չէ, որ հավաստիացրել էր, թե «Նաիրիտ»-ն անպայման պիտի աշխատի՝ ազգային ու պետական շահով պայմանավորված:

Նարե Մշեցյան

«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։