Կներե՜ք, բայց էշ-էշ մի՜ խոսեք… «Նաիրիտ»-ի շուրջ ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն անորոշ ժամանակով դադարեցվել են… Մի՞թե նորից ընդդիմադիր եմ ես (ԲՀԿ-ի հին քաղաքականությունը)… ՀՅԴ-ում լուրջ տարաձայնություննե՞ր…

- Մեր փոստից – Կներե՜ք, բայց էշ-էշ մի՜ խոսեք (մի խումբ Երեւանի բնակիչներ)…

- «Նաիրիտ»-ի շուրջ ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն անորոշ ժամանակով դադարեցվել են…

- Մի՞թե նորից ընդդիմադիր եմ ես (ԲՀԿ-ի հին քաղաքականությունը)…

- ՀՅԴ-ում լուրջ տարաձայնություննե՞ր…

 Մեր փոստից – Կներե՜ք, բայց էշ-էշ մի՜ խոսեք (մի խումբ Երեւանի բնակիչներ)

Գազի գնի թանկացումից հետո պարենային ապրանքների շուկայում էական թանկացումներ չեն գրանցվել: Սա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսակետն է:

Մեղմ ասած՝ հանձնաժողովը միանշանակ ստում է: Գազի գնի թանկացումը դեռ խոսակցության մակարդակի էր, Ձեր ուսումնասիրությունների արդյունքներով մաքուր համարված «Չանախ»-ի կաթնաշոռը առա երեխայիս համար: Այդ ժամանակ 390 դրամ էր: Գազի թանկացման խոսակցության 5-րդ օրը դարձավ 400 դրամ: Երբ արդեն ասվեց, որ հուլիսի 7-ից գազը թանկանալու է, կաթնաշոռը դարձավ 420: Ընդամենը մեկ ամսում 30 դրամը էակա՞ն թանկացում է, թե՞ ոչ: Ձեր թվերն ու տնտեսագիտական վերլուծությունները ձեզ պահեք: Միասին խանութ գնանք, գները երեսներիդ շրմփացնեմ: 60 դրամով մածունն է թանկացել, 45 դրամով՝ թթվասերը: Էակա՞ն է, թե՞ չէ: Հայաստանում թռչնաֆաբրիկաները լիքը, ձվի հատը 55 րամից դարձել է 70, երեկ էլ 80 եմ գնել: Էակա՞ն է, թե՞ չէ: Ներմուծվող շաքարավազի կիլոգրամը 380 դրամից դարձել է 390 դրամ: Գնանք գործարան, հաշվենք թվերն իրական, ընդհանուրը 2%-ով շատ գումար են ծախսում, 20%-ով ապրանքն են թանկացնում: Տեղական մտավարի մի՞սն ինչու է թանկացել: Կիլոգրամը 2640-ից դարձել է 3110: Ճիշտ է, 2640-անոցն էլ կա, բայց արդեն՝ աղբի բաժին: Այդ նախկին 2640-անոցն է դարձել 3110 դրամ: Հիմա սա էակա՞ն է, թե՞ ոչ: Դե, կներեք արտահայտությանս, բայց էշ-էշ մի՜ խոսեք, էլի: Ժողովրդին էլ մի՜ ծաղրեք:

Գազի գնի բարձրացման ֆոնին բոլորն իրենց ապրանքները թանկացնում են՝ անկախ այն բանից՝ գազի թանկացումը ազդու՞մ է իրենց արտադրանքի ծախսերի վրա, թե՞ ոչ: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ գրանցվող թանկացումներն անհիմն են նաեւ այն պատճառով, որ տեղի են ունենում անհամաչափ մեխանիզմով. «Տեսեք, եթե արտադրողը սկսում է ապրանքի արտադրման վրա 1 տոկոսով ավել գումար ծախսել, ապա շուկայում այն միանգամից հայտնվում է 5, երբեմն անգամ 10 տոկոսով բարձրացած գնով»: Սրա՞ն ինչ կասեք: Այդ մարդը չհերքեց նաեւ, որ թանկացումները գերշահույթի նպատակ են հետապնդում:

«Օրինակ՝ «Բիոկաթ» ընկերությունը սկզբում գովեստի էր արժանի, քանի որ չթանկացրեց գները, սակայն հետո տեսավ՝ բոլորը թանկացնում են ու կրկնակի շահույթ են ստանում՝ մտածեց՝ ե՞ս ինչու չստանամ՚»

Ասել կուզի՝ եթե պետությունը պատշաճ վերահսկի, թանկացումները կարող են իրոք աննշան լինել: Բայց դե գերշահույթ ստացող գործարարները նաեւ մուծվում են իշխանավորներին, չէ՞: Մեծ ձկները կլռեն: Իսկ փոքրերը լեղապատառ կհերքեն՝ չէ: Արա, դե, կներեք արտահայտությանս, բայց կրկին էշ-էշ մի՜ խոսեք, էլի:

Ու թող ների մեզ խմբագրությունը զայրացած նամակի համար:

Արտաշես Մանուկյան, Գեղամ Մանուկյան, Արմանուհի Սահակյան եւ այլք

Երեւանի բնակիչներ

 *  *  *

Ըստ որոշ տեղեկությունների, «Նաիրիտ»-ի շուրջ ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն անորոշ ժամանակով դադարեցվել են, բայց կարող են վերսկսվել աշնանը: Եթե, իհարկե, կողմերը որոշեն վերսկսել այն:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնել էր, թե «Նարիրտ»-ը չի վաճառվի եւ անպայման կաշխատի: Բայց բանակցությունների դադարեցման պատճառը դա չէ, այլ այն, որ «Ռոսնեֆտ»-ը ցանկանում է այն ձեռք բերել առանց պարտքերի: Եվ  այս հարցի շուրջ է, որ կողմերը համաձայնության չեն գալիս:

*  *  *

Մի՞թե նորից ընդդիմադիր եմ ես

Մամուլում շարունակվում են այն արծարծումները, որ եթե ԲՀԿ-ն աշնանը կոալիցայի մաս չկազմի, մի շարք գործարարներ կլքեն կուսակցությունը: Առաջիններից նշվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանի (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) եւ Արագած Ախոյանի անունները: Չնայած Մելիք Մանուկյանը զարմացել է եւ նշել, թե քանի ԲՀԿ-ն գոյություն ունի, ինքը կմնա այդ կուսակցության մեջ:

Բայց վախը պատել է գործարարներին: Վերջերս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել, իսկ պատճառը բանկերին ունեցած պարտքերն են: Նկատելի է, որ ԲՀԿ-ական նախկին ու ներկա պատգամավորները հերթով սնանկանում են: Խոսք կա, որ պատգամավոր Արագած Ախոյանը եւս կսնանկանա, քանի որ մի շարք շինարարական ընկերությունների բավական մեծ պարտքեր ունի:

Վերջերս էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է տուգանել եւ կասեցնել առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանները: Հայտնել են, որ մայրաքաղաքում եւ երեւանամերձ վայրերում մի քանի գազալցակայաններ պատկանում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանին ու Մհեր Սեդրակյանին: Մոտ ժամանակներս նորից սկսելու են դիտարկումը, եւ բոլոր այն ընկերությունները, անկախ այն բանից, թե ում են պատկանում, եթե խախտում են կատարել՝ կտուգանվեն, եթե խախտումը կրկնեն՝ կկասեցվի գործունեությունն այնքան ժամանակ, մինչեւ տեղադրեն բաշխիչ աշտարակները: Չի բացառվում, որ այդ վճիռները կվերաբերեն նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գա­զ» եւ «Մուլտի լեո­ն» ընկերությունների գազալցակայաններին, ինչը շատերը կապում են ՀՀ վարչապետ-ԲՀԿ նախագահ լարված հարաբերությունների հետ: Անգամ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանն օրերս ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին, չի փրկի նրան, եթե խախտումներ գտնվեն:

Իսկ ԲՀԿ որոշ գործիչներ նորից փորձում են ընդդիմադիր խաղալ, անգամ հայտարարում են, թե վարչապետ Սարգսյանի հրաժարականի հարցը ուժի մեջ է: Կառավարության գործունեության վերաբերյալ ԲՀԿ-ի գնահատականները մնում են անփոփոխ. ասել է նաեւ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ հավելել. «Գաղտնիք չէ, որ մենք կոալիցիայի մաս չկազմեցինք հենց Տիգրան Սարգսյանի եւ նրա թիմի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառո­վ»:

ՀԱԿԿ-ն էլ չի մոռացել ԲՀԿ-ի մասին ու նորից քննարկում է ՀԱԿԿ-ԲՀԿ համագործակցությամբ ՀՀ նախագահի պաշտոնանկությանը հասնելու հարցը: Վերջին անգամ այս խայծը կուլ տվողներ եղան 2011թ., բայց ՀԱԿ-ը այն տապալեց: Հիմա ԲՀԿ-ին ՀՀԿ-ից նորից պոկելու համար ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոր փորձեր կանի: Չնայած նախորդ փորձից հետո ՀԱԿ-ը դարձավ ԲՀԿ-ի կցորդը եւ անգամ դա գնահատվեց որպես ՀՀԿ-ԲՀԿ լավ մտածված խաղ:

Ինչեւէ, ՎՊ-ի բարձրացրած աղմուկը նոր հնարավորություններ է ստեղծել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ մերձիշխանական ոլորտներում, ինչը չի բացառում հին կամ նոր քաղաքական խաղերի եզրեր գտնելը:

Կարեն Բալյան

 ՀՅԴ-ում լուրջ տարաձայնություննե՞ր

Դաշնակցականները եւս կանգնած են երկնտրանքի առջեւ: Եվ դա ոչ միայն, հայաստանյան ու սփյուռքյան որոշ շրջանակների հակասություններին կամ ՀՅԴ-ի՝ ընդդիմադիր, թե իշխանամետ լինելու տարաձայնություններին է առնչվում:

Կառույցին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ կուսակցության ներսում առկա են նաեւ լուրջ տարաձայնություններ՝ ՀՅԴ-ի հետագա քաղաքական ուղղվածության վերաբերյալ:

Կան տարակարծիք թեւեր, որոնք, ըստ լրատվամիջոցների, եղել են նախկինում էլ եւ հետեւողականորեն կոչվում են «արծիվներ» ու «բազեներ»: Առաջինները կողմ են արմատական ընդդիմադիր դիրքորոշմանը եւ կառավարության ու վարչապետի կոշտ քննադատությանը, իսկ երկրորդները ուղիներ են փնտրում նորից իշխանության մեջ  հայտնվելու համար:

Իհարկե, դեռ մնում են հակասությունները հայ-թուրքական արձանագրությունների մասով, բայց ներկայումս առավել լրջացել է տարակարծությունը եվրաինտեգրման հարցի առումով:

«Արծիվների» թեւի եւ ՀՅԴ-ի փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը եվրաինտեգրմանը կտրուկ դեմ է, իսկ «բազեների» ու ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կողմնակից է:

Վերջերս անգամ Աղվան Վարդանյանը հեռուստաելույթում չկարողացավ հերքել, որ կուսակցությունում կան հակասություններ: Դրանից հետո կրկին աշխուժացել են Արմեն Ռուստամյանին կուսակցության ներսում մեկուսացնելու մասին խոսակցությունները:

Իսկ գուցե այս ամենը հերթական դաշնակցական խաղե՞ր են, ներքաղաքական տրամադրությունների ստուգմանն ուղղված:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։