Քաղաքական դիմակայության նոր տնտեսական թիրախը… Չվնասելու արվեստը՝ տնտեսական կատոգորիա (բնապահպանական խնդիրներ) – Պատերազմներ կլինեն ո՜չ միայն հողի, այլեւ ջրի՜ համար… Դանդաղ ծրագրերը արգասաբեր չեն (հայ-իրանական կապեր)…

- Քաղաքական դիմակայության նոր տնտեսական թիրախը…

…Չնայած քաղաքական այլ հանգամանքների բերումով ադրբեջանական գազը թերեւս կհասնի Եվրոպա, այն էլ՝ ռուսական խողովակաշարերից անկախ… Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու նաեւ այս ծավալումներին: Պետական եւ համահայկական կառույցները քաղաքական, դիվանագիտական եւ այլ ուղղություններով պետք է ընդդիմանան հակահայ դրսեւորումներին…

- Չվնասելու արվեստը՝ տնտեսական կատոգորիա (բնապահպանական խնդիրներ) – Պատերազմներ կլինեն ո՜չ միայն հողի, այլեւ ջրի՜ համար…

- Դանդաղ ծրագրերը արգասաբեր չեն (հայ-իրանական կապեր)…

Քաղաքական դիմակայության նոր տնտեսական թիրախը

Հայտնի է, որ Եվրամիության՝ «Հարավային միջանց­ք» նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել արեւելքից ստացվող էներգակիրների աղբյուրներն ու հաղորդակցության ուղիները: Նախապես ծրագրված էր այս նախագիծը իրականացնել «Նաբուկո»-ի միջոցով, իր պաշարների մասին աներեւակայելի թվեր կրակող Ադրբեջանից դուրս եկող գազատարով, որը Կասպից ծովի ավազանից պետք է գազ տեղափոխեր Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի տարածք, մինչեւ Գերմանիա եւ գուցե ավելի հեռու: Բայց ինչպես «Լուսանցք»-ը իր վերլուծականներում նշել է, պարզվեց, որ «Նաբուկո»-ի իրականացումը բացառապես տնտեսապես արդարացված չէ, իսկ Անկարան եւ Բաքուն չկարողացան երկար խաղացնել Եվրոպային: Իրականում նաեւ չգտնվեց անհրաժեշտ ծավալի գազ, որ հնարավոր լիներ բավարարել գազամուղի նախագծային թողունակությունը:

Եվ տարեկան մինչեւ 30 մլրդ խմ գազի տեղափոխման համար նախագծված խողովակաշարի նախնական 8 մլրդ եվրո արժողությամբ տարբերակը ենթադրում էր, որ Ադրբեջանից բացի (որը կարող էր սպասարկել նախատեսված պահանջարկի միայն 1/3-րդ մասը), գազ կմատակարարեն նաեւ Թուրքմենստանը ու միջինասիական այլ երկրներ: Սակայն Կասպից ծովի կարգավիճակի հարցը (Թուրքմենստան-Ադրբեջան վեճը) ու Ռուսաստանի (որոշակիորեն՝ նաեւ Իրանի) քաղաքական ազդեցությունն ի չիք դարձրին Անդրկասպյան խողովակաշարի ծրագրերը, հատկապես երբ պարզ էր, որ միայն Ադրբեջանի պաշարների վրա հույս դնելով՝ ներդրումները ծայրահեղ ռիսկային են դառնում: Սա էր պատճառը, որ անգլիական «Բրիթիշ փեթրոլիում»-ը շատ շուտ մասնակի լքեց Ադրբեջանը:

Չնայած քաղաքական այլ հանգամանքների բերումով ադրբեջանական գազը թերեւս կհասնի Եվրոպա, այն էլ՝ ռուսական խողովակաշարերից անկախ: Մի շարք ավելի փոքր նախագծեր կան, որ դա թույլ կտան: Հասկանալի է, որ սա էլ Մոսկվայի դեմ հերթական տնտեսական քաղաքականությունն է: Առաջինը Անդրանատոլյան խողովակաշարն է՝ ԹԱՆԱՓ-ը (Trans Anatolian Pipeline – TANAP), որը նախատեսում է խողովակաշարի կառուցում եւ այն կձգվի Թուրքիայի տարածքով՝ հնարավորություն ընձեռելով երկրի արեւելքից գազ արտամղել դեպի արեւմուտք: Մոտ ապագայում հնարավոր է ադրբեջանական գազը իրացվի նաեւ Հարավային Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ Հունաստանում, Ալբանիայում, Բալկանյան երկրներում եւ Իտալիայում:

Իհարկե, այս տնտեսական հնարավորությունը Բաքուն եւ Անկարան կդարձնեն հակահայ քաղաքականության հերթական թիրախ եւ իրենց խավիարա-նավթադոլարային քաղաքականությամբ կծավալվեն Բալկաններում:

Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու նաեւ այս ծավալումներին: Պետական եւ համահայկական կառույցները քաղաքական, դիվանագիտական եւ այլ ուղղություններով պետք է ընդդիմանան հակահայ դրսեւորումներին:

Բացի դա, Երեւանը պետք է օգտագործի մեկ այլ լծակ Թուրքիայի դեմ: ԵՄ ասոցացման համաձայնագրի դրույթներից պետք է օգտվել եւ, միանալով այդ փաստաթղթին, լրացուցիչ լծակ ձեռք բերել Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու համար: Թուրքիան պիտի բաց պահի Եվրոպայի միակ փակ սահմանը, ինչը նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրների հիմնարար փաստաթղթի դրույթներում է ամրագրված, որին վերջերս միացել է Հայաստանը:

 Աստղինե Քարամյան

Չվնասելու արվեստը՝ տնտեսական կատոգորիա

Փոքր ՀԷԿ-երի շահագործման հետեւանքով գետերի ամբողջովին չորացման վերաբերյալ նորից ահազանգ է ստացվել: Համահայկական բնապահպանական ճակատը ահազանգում եւ տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու: Պատճառը պարզելու համար հեծանվորդները բարձրանում են գետի վերին հոսանքները եւ տեսնում, որ այնտեղ կառուցված է փոքր ՀԷԿ: Հասնելով ՀԷԿ-ի ջրառի կետը՝ նրանք ականատես են լինում, որ «այն կուլ է տալիս գետի ամբողջ ջուրը եւ մտցնում խողովակի մեջ այնքան ագահորեն, որ մի գրամ ջուր անգամ չի թողնում գետին եւ բնության­ը»:

Համացանցում տեղադրված է նաեւ տեսանյութը, որը համոզում է, որ էկոլոգիական թողք ու ձկնուղի ընդհանրապես չկա, իսկ գետն ամբողջովին չորացրած է: Հերթական անգամ ականատես ենք լինում այսպիսի աղետալի վիճակի, ինչը շահագործողների անկշտության եւ բնապահպանական վերահսկողության բացակայության հետեւանք է:

Հասկանալի է, որ ՓՀԷԿ-երի առաջ բերած բնապահպանական խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, եւ անհրաժեշտ է անհապաղ մշակել այդ ոլորտը կարգավորող գիտականորեն հիմնավորված էկոհամակարգային ու սոցիալ-տնտեսական չափորոշիչներ: Մենք եւս միանում ենք բնապահպանների կոչին եւ համարում ենք, որ կառավարությունը անհապաղ միջոցներ պիտի ձեռք առնի այդ չափորոշիչները մշակելու ուղղությամբ: Մինչ այդ գուցե նաեւ պետք է դադարեցվի (սառեցվի) նոր ՓՀԷԿ-երի շինարարությունը: Համահայկական բնապահպանական ճակատը դիմել է նաեւ բնապահպանության նախարարությանը:

Պատերազմներ կլինեն ո՜չ միայն հողի, այլեւ ջրի՜ համար

ՀՀ-ում ՄԱԿ-ի՝ անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանը վերջերս նշել է, որ ՀԷԿ-երի առկայությունը այդ առումով լավ է, եթե, իհարկե, ճիշտ է օգտագործվում: Նրա դիտարկմամբ, ՀԷԿ-երը չպետք է ամբողջ տարվա ընթացքում պտտվեն, այլ հատուկ ռեժիմ պիտի մշակվի՝ եթե ջուրը շատ է, ձկների ձվադրման շրջանը չէ: «ՀԷԿ-ի առկայությունը լավ է. մեր հանրապետությունը դարձնում է էներգետիկ առումով անվտանգ, մաքուր էլեկտրաէներգիա է արտադրվում: Եթե կարողանան հասնել նրան, որ ամեն մի ՀԷԿ իր ռեժիմն ունենա, խնդիրներ չեն լինի»,- ասել է մասնագետը եւ հավելել, որ դրան կարելի է հասնել միայն վերահսկողության ճանապարհով: Իհարկե կա վերահսկողություն, բայց պետք է ավելի բարձր մակարդակի լինի, որպեսզի եւ ՀԷԿ-երը լինեն, եւ ձկները պաշտպանված լինեն, եւ բնությունը մաքուր լինի:

ՀՀ նախագահին կից Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը նույնպես ահազանգել էր, որ ՀԷԿ-երը խանգարում են ձկների ձվադրմանը. «ՀԷԿ-երը, որոնք գետերի հուների վրա են կառուցված, պիտի աշխատեն այնպիսի ռեժիմով, որպեսզի ձկները գնան ձվադրմա­ն»:

Պատերազմներ կլինեն ոչ միայն հողի, այլեւ՝ ջրի համար: Մասնագետները նշում են, որ Հայաստանը ջրային ռեսուրների առումով աղքատ չէ, բայց չափից դուրս շռայլ է օգտագործման հարցերում: Մեր հանրապետության տարածքի 25%-ը անապատացման երեւույթների վտանգի տակ է, իսկ 81%-ը ենթակա է անապատացման: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ-ում ՄԱԿ-ի՝ անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգողը: Նա նշեց, որ այդ ուղղությամբ որոշ քայլեր արվում են՝ վերակառուցվում են ջրամաբարները, դրենաժային համակարգերը, բայց անհրաժեշտ են համարվում փոքր ու միջին չափի ջրամբարների կառուցումը, ինչքան շատ՝ այնքան լավ: ՀՀ-ում կա 448,4 հազար վարելահող, որից 120,3 հազարը ոռոգման ցանցի տակ է, այսինքն՝ երաշտից ապահովագրված է: Գյուղատնտեսական մշակովի հողատեսքերի 80%-ը կարիք ունի ոռոգման, սակայն ոռոգվում է 40%-ը: Ըստ Աշոտ Վարդեւանյանի, Հայաստանում ոռոգման համակարգում շատ է ջրի կորուստը՝ 50% ու ավելի, ջրային ռեսուրները պետք է խնայել. «Առաջիկայում պատերազմներ կլինեն ոչ միայն հողի համար, այլ ջրի համար: Ջուրը թանկ ռեսուրս է, խնայող պետք է լինե­լ»:

Նարե Մշեցյան

 Դանդաղ ծրագրերը արգասաբեր չեն

Երեւանում կայացած Հայաստան-Իրան գործարար համաժողովը կազմակերպվել էր Զարգացման հայկական գործակալության, Թեհրանի ու Հայաստանի առեւտրարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ: Համաժողովի բացմանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ թեեւ Իրանը Հայաստանի 5-րդ առեւտրական գործընկերն է եւ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ, սակայն դրա մի փոքր մասն է միայն օգտագործվում: Ինչեւէ սա հերթական քայլն է՝ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու նոր ոլորտներում համագործակցության համար: Թեհրանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էսհաղը եւս նշեց, որ Հայաստանի ու Իրանի միջեւ առկա ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների համար ընդունելի չեն, քանի որ առկա հսկայական ներուժը չի օգտագործվում:

Երկկողմանի կարծիք եղավ, որ Հայաստանը եւ Իրանը միմյանց համար համարվում են կարեւոր երկրներ նաեւ ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի կառուցման, ինչպես նաեւ՝ գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնապահության ոլորտի համագործակցության առումով: Հաշվի առնելով Հայաստանում առկա ջրի պաշարների մեծ ծավալները, հնարավոր է հատկապես գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումներ կատարել, կարծում է իրանական կողմը:

Ինչ վերաբերում է առեւտրաշրջանառության ծավալներին, ապա 2011թ. Հայաստանի եւ Իրանի միջեւ այն կազմել է 323,0 մլն դոլար, իսկ 2012թ.՝ 317,7 մլն դոլար: Ընդ որում՝ 2011թ. դեպի Իրան արտահանման ծավալը կազմել է 106,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012թ.՝ 97,8 մլն դոլար: 2011թ. դեպի Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 216,8 մլն դոլար, եւ 2012թ.՝ 219,9 մլն դոլար:

Համաժողովին մասնակցելու համար Իրանից ժամանել է ավելի քան 60 ընկերություն, որոնք ներկայացնում են տարբեր բնագավառներ՝ մսամթերքի արտադրություն, էլեկտրասարքավորումների փորձարկում եւ ստուգում, պոլիէթիլեն սարքավորումների ու կաղապարների արտադրություն, ճենապակյա անոթների արտադրություն, մոլիբդեն ածանցյալների արտադրություն, շինարարական, առեւտրական, գյուղատնտեսական, բնական կաշվի արտադրություն եւ վաճառք, նավթաքիմիական արտադրանք, ինժեներա-տեխնիկական ծառայություններ, ճարտարագիտական ծառայություններ ջրի ռեսուրների ոլորտում եւ այլն: Համաժողովի շրջանակներում տնտեսական, տեխնոլոգիական եւ մշակութային հարաբերությունները ընդլայնելու նպատակով, փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Թեհրանի Առեւտրաարդյունաբերական պալատի ու Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ:

Իրանի հետ ՀՀ-ի ծրագրերը երբեմն շատ են դանդաղում: Նույնիսկ այնքան, որ մի ծրագիր սկսելը տասնամյակ է համարյա տեւում: Օրինակ՝ Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը: Այնքան ձգձգվեց, որ ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումները մի քանի անգամ փոխվեցին: Եվ, ի դեպ, նկատենք, որ այդ ձգձգումները իրանական կողմի նախաձեռնությամբ են: Մինչդեռ դանդաղող ծրագրերը արգասաբեր չեն դառնում…

 Անի Մարության

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։