Ահագնացող թանկացումները Հայաստանում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

…Արտաքին թուրքը մեր արյունն է խմում, ներքին թուրքը՝ մեր քրտինքը. Սա անթույլատրելի է… Սա պարտավոր են կանխել, այլապես մեր ներքին պառակտումը կարող է իրատեսական դարձնել ադրբեջանական պատերազմն սկսելու հոխորտանքները…

 Հարցազրույցը՝ Արամ Ավետյանի («Լուսանցք» շաբաթաթերթ)

- Այն, որ գազի սակագնի թանկացումը հանգեցնելու էր թանկացումների շղթայական ծավալման, սպասվում էր, բայց կարծես ծավալներն ավելի մեծ չափեր են ընդունում:

– Այո, վերստին պետք է հիշենք բարեկամ համարվող Ռուսաստանի՝ մեզ թանկացումների մղած «բարեկամական» կեցվածքը: Հասկանալի է, որ ոչ ոք չէր ցանկանա այս պահին Հայաստանում թանկացումներ նախաձեռներ, ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ որեւէ մեկը: Եվ սա արտաքին քաղաքական հրահրումների հերթական մի քայլ է, որը հաջորդեց Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենքեր վաճառելու ռուսաստանյան տխրահռչակ ու դավադիր քայլին:

Բայց մեր իշխանությունները պետք է ամեն բան անեն, այս արտաքին պարտադրանքին հետեւած ներքին կյանքի թանկացումների դեմն առնելու համար: Չի կարելի ինքնահոսի թողնել թանկացումների ծավալումը: Ինչպես նշեցիք, դա ավելի մեծ չափեր է ընդունում, ինչն արդեն պարտադրված չէ եւ ներքին հարստահարիչների կամայականության դրսեւորում է:

Արտաքին թուրքը մեր արյունն է խմում, ներքին թուրքը՝ մեր քրտինքը. Սա անթույլատրելի է… Սա պարտավոր են կանխել, այլապես մեր ներքին պառակտումը կարող է իրատեսական դարձնել ադրբեջանական պատերազմն սկսելու հոխորտանքները:

- Իսկ գուցե հենց դրան էլ ձգտու՞մ են ինչ-ինչ ուժեր:

- Հենց այդ մասին էլ նշեցի: Մենք պատերազմական վիճակում ենք, այժմ միայն զինադադար է, եւ սա կարծես թե մոռացել են շատերը: Բազմիցս ասել ենք, որ հայկական բանակում կատարվող անօրինական, ավելին՝ անմարդկային դրսեւորումների միակ պատիժը տեղում գնդակահարելն է: Սա է ռազմի օրենքը: Ուզում ես հաղթել՝ եղիր անողոք արտաքին եւ ներքին թշնամու հանդեպ: Կրկնեմ, պատերազմական վիճակում է Հայաստան-Արցախը (Հայ Արիական Միաբանությունը որպես քաղաքական ուժ՝ ճանաչել է ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը) եւ պետք է գործեն ռազմի օրենքները:

Նույնը՝ ներքին կյանքի առումով պետք է լինի: Ով այս վիճակում հարստահարում է ազգին, նա ներքին թուրք է եւ պատիժը պետք է լինի դարձյալ պատի տակ…

Ես հասկանում եմ, որ «բարեկամ» Ռուսաստանի գազի սակագնի թանկացումը հանգեցնելու էր որոշակի թանկացումների եւ խելքի մոտ բացատրության դեպքում այդ որոշ թանկացումները կհասկացվեին: Շատերը այսօր էլ ասում են, որ դա կընկալվեր: Բայց, որ շատերն են փորձում առիթից օգտվել ու հարստանալ անապահով մարդկանց հաշվին, արդեն նողկալի է դարձնում նույնիսկ հասկանալին… Հիմնավորումներ են հնչում, որ կարող էր չթանկանալ նաեւ տրանսպորտի սպասարկման գինը եւ իրապես էլ այդպես է:

- Ո՞րն է ելքը:

– Մեզ կենտրոնաձիգ եւ ազգային պետություն է պետք եւ ամեն բան կկարգավորվի: Ոչ մի «առաջադեմ» օրենք ու բարք կամ «բարեկամական» ու «հարեւանական» սին դրսեւորում չպետք է գործի մեր երկրում: Նախ՝ հայկական ազգային շահն է, հետո՝ մնացյալը: Նախ՝ մեր ազգի բարորությունն է կարեւոր, հետո՝ բարեկամի կամ հարեւանի: Ազգային եւ կենտրոնաձիգ պետությունը կվերահսկի սոցիալ-տնտեսական ոլորտը եւ իրավական տեսանկյունից կլինի անողոք բոլոր օրինախախտների ու հարստահարիչների նկատմամբ: Եվ չեմ դադարի կրկնել՝ պատերազմական իրավիճակում պետք է գործել արդար եւ կտրուկ, այլապես արտաքին թշնամին կօգտվի ներքին թշնամու մատուցած ծառայություններից:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։