Պատվե՞ր, թե՞ ցանկություն – Ինչու՞ խիստ չի դրվում պատժելիության սահմանը…

- Չենք կարող չանդրադառնալ բանակում տիրող որոշակի անառողջ մթնոլորտին…

Բանակում սպանված զինվորների մայրերը հանգիստը կորցրել են. նրանք տարիներ շարունակ ամեն հինգշաբթի, գործադիրի նիստի օրերին, գալիս են կառավարության շենքի առջեւ ու արդարություն պահանջում գլխավոր դատախազից, զինդատախազից, պաշտպանության եւ արդարադատության նախարարներից: Լրագրողներիցս էլ են մի տեսակ նեղացած, որ էլ չենք լուսաբանում իրենց ցավն ու դարդը: Նրանց հասկանում ենք, բայց զլմ-ների տերերը մեզնից անընդհատ նույն նյութը չեն ուզում: Բայց թող հավատան որդեկորույս մայրերը, որ դա բոլորիս ցավն է ու երկրի՜ս ցավը, հայրենքի՜ս ցավը:

Եվ «Լուսանցք»-ը միշտ է անդրադարձել բանակին ու հայկական զինուժի հաջողություններին, պատմությանը, բայց չի կարող չանդրադառնալ բանակում տիրող որոշակի անառողջ մթնոլորտին, ինչը ցավոք շարունակություն է ունենում, քանի որ խիստ չի դրվում պատժելիության սահմանը: Բազմիցս ենք նշել, որ Հայաստանը (Արցախի հետ) գտնվում է պատերազմական վիճակում, այսօր միայն զինադադար է, ուստի զինական պատիժներն էլ պետք է բխեն պատերազմական երկրի կարգավիճակից…

Անելիք ու պատասխանատվություն ունեն նաեւ պետությունն ու հանրությունը: Առաջինը դաստիարակչական միջոցառումները պիտի կանոնակարգվեն ու ավելացվեն, իսկ հանրությունը պետք է ավելի կտրուկ ու հետեւողական արձագանքի անօրեն իրադարձություններին, հատկապես խաղաղ պայմաններում եւ ոչ դիրքերում զինվորների սպանության կամ ստորացման դեպքերին ու փորձերին:

Երբ մարդիկ պահանջում են, որ հանցագործություն կատարողը պատժվի, ապա դա պիտի կատարվի եւ՝ հրապարակավ: Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը մերթ ընդ մերթ սպառնում է նոր պատերոզմով, եւ հայ զինվորականությունն ու հանրությունը պիտի վստահեն հայկական զինուժին, այլապես հետեւանքները կարող են անդառնալի լինել: Պետք է ոչ միայն հասկանալ այն ծնողներին ու հարազատներին, ովքեր զավակ կամ մտերիմ են կորցրել, ով զինծայող է եղել, այլ պետք է ապացուցել եւ՜ նրանց եւ՜ բոլորիս, որ մեղավորը չի խուսափի պատժից՝ ով էլ որ լինի: Երբ դա չի կատարվում, ստեղծվում է մի վիճակ, ինչը նաեւ հակաօրինական քայլեր է պահանջում… մեղավորներին տեղում պատժելու կամ գնդակահարելու առումով: Իհարկե, անընդունելի է, որ այսպես համատարած բնույթ ստանան պատիժները, բայց չհասկանալ նման տրամադրությունները՝ եւս չենք կարող: Այս առումով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բացի հստակ ասելիքից դեռ անելիքներ ունեն:

Անգամ լուրեր պտտվեցին, թե բանակում կադրային մեծ փոփոխություններ կլինեն, ինչպես ոստիկանությունում, խոսում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության մասին եւս, բայց…

ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները եւս պիտի առավել ազդեցիկ գործեն ու հետեւողական լինեն յուրաքանչյուր գործի արդարացի ավարտի համար:  Ինչու՞ պիտի զոհված զինվորների մայրերը փորձեն կառավարության շենքի դիմաց սեւ ժապավեններ կապած պայքարել արդարության համար, եթե այդ արդարությունը պաշտպանող պետական ու հասարակական կառույցներ կան, որ նաեւ վարձատրվում են ՀՀ քաղաքացիների հաշվին: Իսկ ահա շատ ակտիվ են գործում գրանտակեր կառույցներն ու իրավապաշտպանները, ովքեր փորձում են ոչ թե արդարությունը վերականգնել իրականում, այլ իրենց վճարող միջազգային եւ օտար ուժերի համար միջամտության աղբյուրներ դառնալ…

Մեր զլմ-ները ոչ թե ահաբեկող ու սարսափազդու լուրեր պետք է փոխանցեն, թե՝ տեսե՜ք ինչ է կատարվում մեր բանակում, մեր երկրում, ոչ մի լավ բան չկա…, այլ պետք է փաստերը ներկայացվեն՝ առանց գեղարվեստականացման (առանց դժբախտությունը շոու դարձնելու), առանց կրակի վրա յուղ լցնելու (որոշները կարծես հաճույք են ստանում դրանից), ինչպես այժմ դա անում են ճանապարհատրանսպորտային պատահարները որպես թիվ 1 լուր ներկայացնելով: Մարդկանց խեղված մարմինները իրենց շոու աստղերի դեմքերից ավելի լայնաէկրան, նաեւ արյունլվա ցուցադրելով…

Հայկական եթերի մեծ մասը լցվել է մահախոսականներով ու վատաբանող նյութերով: Սա պատվե՞ր է, թե՞ ցանկությու՞ն՝ մարդկանց ցերեկն ու գիշերը փչացնելու, օրվա մեջ մի պայծառ դրվագ չտեսնելու տրամադրություն հաղորդելու…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։