Կձեւավորվի՜ իրավատեր հանրությունը – Ներքին կյանքի բարելավումն անխուսափելի է…

- Կամայական թանկացումներն անթույլատրելի են…

- Տրանսպորտի սակագինը, վարորդները եւ ավտոկայանատեղիների հարցը…

- Ասֆալտապատու՞մ, թե՞ փողերի լվացում…

- Ուսման վարձավճարների խնդիրը…

- Գործադուկներ, օֆշորային գոտիներ – արհմիությունների անհրաժեշտությունը… 

……………………………………………………………………………………….

Պետությունը ստեղծվել է մարդկանց շահերի պաշտպանության համար եւ պետք է իրականացնի կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթ, որպեսզի երկրում սոցիալական արդարությունը պաշտպանվի եւ բողոքի ալիք չբարձրանա: Երբ գազի սակագինը թանկանում էր, մարդիկ բողոքելով հասկանում էին, որ որոշակի ապրանքների թանկացումը եւս անխուսափելի կլինի: Բայց այժմ բարձիթողի վիճակ է եւ այդ մարդիկ իրավացիորեն դժգոհում են, որ եթե թանկացումները լինեն այն սահմաններում, որ համարժեք է գազի գնի թանկացմանը, ապա այդ դեպքում սոցիալական այսօրինակ պոռթկման մասին խոսք լինել չի կարող: Բայց անթույլատրելի է կամայական թանկացումը, ինչը որեւէ պատճառաբանություն չունի: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը եւս այդ կարծիքին է, ըստ նրա «կան չարաշահողներ եւ շղթայական ռեակցիայով դա տարածվում է ամբողջ տնտեսությունում, այս դեպքում չի կարելի բացառել, որ սոցիալական բում կլին­ի»: Որեւէ ապրանքի կամ ծառայության գնի բարձրացման դեպքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու պետք է սպառողին հաշվետություն ներկայացնի՝ որն է թանկացման պատճառը, իսկ եթե թափանցիկ չեն այդ բոլոր քայլերը եւ չի ներկայացվում պատշաճորեն, թե ինչի պատճառով է գների թռիչքը, ապա, բնականաբար, դժգոհությունը կմեծանա եւ կդառնա անվերահսկելի:

Իզուր չէ, որ առաջին բողոքավորներից՝ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարողներն այժմ միացել են սոցիալական այլ խմբերի ցույցերին եւ հայտարարում են, որ «կմիանան նույնիսկ սատանային», եթե պայքարը դա պահանջի: Տրանսպորտի սակագնի բարձրացումը, թանկացումները, բուհերի ուսվճարների ավելացումը, ազատամարտիկների սոցիալական փաթեթի բարելավման հարցը եւ այլ խնդիրները ամռան ընթացքում փողոց են դուրս բերել մարդկանց խմբերի, ովքեր փորձում են այսպես հասնել իրենց խնդիրների լուծմանը:

Ցավոք, հաճախ այդ տարաբնույթ շարժումներին փորձում է տեր կանգնել այս կամ այն քաղաքական ուժը, ինչը պառակտում է տվյալ շարժումը, անգամ շեղվում ուղղվածությունից՝ վերածվելով իշխանափոխության կամ մեկ այլ շարժման, ինչը հովանավոր քաղաքական ուժի նեղկուսակցական ծրագրի մի մասնիկի է վերածվում հետզհետե: Լավ է, որ բոլոր սոցիալական խմբերի պայքարող հատվածներում կան ակտիվիստներ, ովքեր կարողանում են դեռ խույս տալ շարժումները կուսակցականացնելու մոլուցքից: Ազատամարտիկները անգամ հայտարարեցին, թե կմիանան քաղաքական ուժերի հետ, «եթե նրանք մի կողմ դնեն իրենց նեղ շահերն ու անձնական ամբիցիաները»:

Տրանսպորտի սպասարկումը՝ 0

Դեռ վերջնականապես չի լուծվել այս խնդիրը, քանզի վերջնականապես չի հայտարարվել 100 դրամ վարձավճարի մասին: Ամեն րոպե կարող է այն կրկին 150-ի վերածվել: Բողոքում են ոչ միայն ուղեւորները, այլեւ վարորդները, ովքեր պատրաստ են նաեւ գործադուլ անել, եթե նորից անկայուն վիճակ ստեղծվի:

Վարորդների հարցերով զբաղվող «Աքիլլես» հ/կ ղեկավարը խոստացել է, որ նման դեպքում կմիանա ըմբոստ վարորդներին: Նա դժգոհել է նաեւ ավտոկայանատեղիներում տիրող վիճակից: «Հում գործ է. օրինական դաշտ կա, չկա իրավական կարգավորումը, որ բոլորին հասկանալի լին­ի»: ՀՀ-ում փորձում են կիրառել ավտոկայանատեղիներում մեքենաների կանգառման համար վճարման ռուսական տարբերակը, բայց ավելի նախընտրելի է ճապոնական փորձը, երբ ամեն ինչ հստակ է ու ճշգրիտ:

2013թ. օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի եւ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի: Վերջիններս չէին տրամադրել ԻԱԿ-ի՝ 2013թ. հուլիսի 19-ի եւ 26-ի հարցումներով խնդրվող՝ Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն եւ այլն) պատճենը: ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին տրամադրել այդ պատճենը, ինչպեսեւ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար պատասխանատուներին ենթարկել վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրին 50 հազ. դրամի չափով:

Այս ընթացքում պահանջվել է նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը: «Քաղաքացիական դիրքորոշու­մ» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանը պահանջը հիմնավորել է այս ձեւով. «Երեւանի կամ ցանկացած տրանսպորտն աշխատում է այն հայեցակարգով, որը մշակել է կառավարությունը, տրանսպորտի նախարարությունը մշակել, կառավարությունը հաստատել է»:

Տրանսպորտի եւ կապի նախարարի դեմ դուրս են եկել նաեւ Բագարան գյուղի բնակիչները: Նրանք անգամ սպառնացել են անցնել Թուրքիայի սահմանը (չնայած մենք նման շահարկումներն անպատեհ ենք համարում,- խմբ.): Արմավիրի մարզի Թուրքիային սահմանամերձ Բագարան գյուղը քաղաքակիրթ աշխարհի հետ կապող տրանսպորտի բացակայությունը լցրել է նրանց համբերության բաժակը: «Էս ինչ օյին են խաղում էս գյուղացիքի գլխին: Ոչ Բեգլարյանը, ոչ էլ Ղահրամանյանը բագարանցիների խնդրին լուծում չեն տալի­ս»,- ասում են գյուղացիները: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասել էր, որ Բագարան-Արմավիր ուղղությունը շահութաբեր չէ եւ այդ պատճառով էլ «գծի տերերի­ն» այն չի հետաքրքրում:

Սա պետական մոտեցում չէ, սա մեկնաբանություն չէ, որ բերվում է որպես հիմնավոր պատճառ:

«Բարեւ Երեւա­ն» խմբակցության անդամներն էլ Վարչական դատարանից պահանջել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումն անվավեր ճանաչել, իսկ տրոյլեբուսինը՝ առոչինչ: Ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ քաղաքապետն այս որոշումները կայացրել է ոչ իրավաչափ հիմքով եւ թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ: «Բարեւ Երեւա­ն»-ի ղեկավարը՝ Անահիտ Բախշյանն էլ հարցում է ուղարկել քաղաքապետին. գաղտնիք չէ, որ Երեւանում կան շահութաբեր ու ոչ շահութաբեր երթուղիներ, որի փաստացի վկայությունն այն է, որ քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է, թե մի շարք երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել: Ո՞րն է պաշտոնական բացատրությունը այն իրողության, որ մինչեւ այժմ 23 երթուղիները սպասարկող կազմակերպություններ չկան: Մշակված չեն սպասարկմանն առնչվող բազում հարցեր, բացթողումներ կան նաեւ գծուղիներին ու այլ հիմնախնդիրների առնչվող:

«Փողերի լվացու­մ»-ը՝ 5

Այս օրերերին Երեւանում կենտրոնական փողոցների վերաասֆալտապատում էր: Փողոցների նախնական վիճակն այնքան էլ անբարեկարգ չէր, բայց քաղաքապետարանը որոշել է հսկայական միջոցներ տրամադրել դրանք վերաասֆալտապատելու համար, այն դեպքում, երբ քաղաքի այլ շրջաններում ասֆալտապատման անհրաժեշտությունը գրեթե կենսական է: «Մեր քաղաք­ը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտնել է, որ «Երեւանի ամենաօրինակելի թաղամասերից մեկը համարվող Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակ մուտք է գործել ծանր տեխնիկա՝ Honda մակնիշի հսկայական մի էքսկավատոր, որը պետք է ապօրինի կոյուղագիծ անցկացներ ինչ-որ բիզնեսմենի խանութի համար: Ամբողջ օրվա ընթացքում այն փորել է այդ բակի տարածքում, որն առանց այդ էլ գտնվում էր ոչ այնքան բարեկարգ վիճակու­մ»: Նշվում են նման այլ դեպքեր: Եվ եթե նույնիսկ մարդիկ չշնչեն այն փոշին, «որն իրենց թոքերի ամբողջ խորությամբ զգացին բնակիչները», ապա աղմուկը շատերի գլխացավի եւ ուղղակի անհանգստության պատճառ է դառնում: Փորողները նաեւ վնասել են տարածքի ասֆալտե ծածկույթը, ոռոգման խողովակները, ինչի հետեւանքով ողողվել են հարեւան շենքի նկուղները:

Այսպիսի վիճակում են հայտնված այլ բակեր ու փողոցներ եւս: «Մեր քաղաք­ի» եւ այլ հասարակական նախաձեռնությունների կարծիքով՝ խնդիրն այն է, որ «ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը գլոբալ բնույթ է կրում եւ տարածվում մայրաքաղաքի կառավարման բոլոր բնագավառների վր­ա»: Եվ պահանջ է առաջ քաշվում, որպեսզի քաղաքային իշխանությունները հանրային բաց հաշվետվություն ներկայացնեն կենտրոնի փողոցների վերաասֆալտապատման ֆինանսական նպատակահարմարության եւ անհրաժեշտության վերաբերյալ, իսկ ապա պարզաբանեն, թե ինչպես է վերահսկվում բնակելի տարածքներին հարակից ասֆալտի շերտի պահպանումը եւ ով է պատասխանատու: Եվ արդյո՞ք նույն քաղաքային բյուջեում այլ միջոցներ չկան մայրաքաղաքի իսկապես անբարեկարգ հատվածները ասֆալտապատելու համար՝ այն պարագայում, երբ շարունակ վերաասֆալտապատվում են արդեն իսկ բարեկարգ փողոցները:

Գուցե «փող լվալո­ւ» հարմար տե՞ղ են գտել:

Ջահելների ուժը

Ուսման վարձավճարների թանկացման համար ուսանողները զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել: Կառավարության շենքի առջեւ հավաքվելով՝ կարողացան պարտադրել, որ լսվի իրենց բողոքի ձայնը, բայց դեռ բավարարված չեն, եւ հետեւանքը եղավ սեպտեմբերի հենց 2-ին բողոքի ցույցը ԵՊՀ-ում: Նրանք պահանջում են խորհրդարանական լսումներ՝ վարձավճարների թանկացման հարցով:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է պնդել, որ վարձավճարների բարձրացումն արդարացված է եւ ետդարձի ճանապարհ չկա: Բայց բուհերի ղեկավարներն ուսման վարձերի թանկացման որոշման վերաբերյալ վերջնական դիրքորոշում դեռ չեն հայտնել: Ուսանողներին նաեւ հուզում է, որ առաջիկայում ինչպես իրենց ընտանիքների, այնպես էլ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը վատթարանալու է, արդեն վատ է, անգամ պակասել է ուսանողների թիվը: Թերհամալրում է տեղի ունենում, ինչը մտահոգել է նաեւ ԿԳՆ պատասխանատուներին, ովքեր էլ կարծում են, թե վարձավճարների բարձրացմամբ նաեւ համապատասխան կրթական բարեփոխումներ պիտի կատարվեն:

Ինչեւէ, եթե նախարարությունը որեւէ քայլ չձեռնարկի այս իրավիճակին լուծում տալու համար, ապա նախաձեռնության մասնակիցները կդիմեն կտրուկ քայլերի: Կսկսեն դասադուլների գործընթաց, ընդհուպ՝ մինչեւ նախարարությունում ճգնաժամային վիճակ ստեղծվի:

«Ժառանգության» ներկայացուցիչ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը պետական մի քանի բուհերում վարձավճարների թանկացման վերաբերյալ ռեկտորների որոշումն անօրինական ու կամայական է համարել: Ֆեյսբուքյան իր էջում նա դիմում է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանին՝ նկատելով, որ վարձավճարները բարձրացնելուց հետո բուհերը սկսել են գտնել թանկացնելու հիմնավորումները, որը մեղմ ասած, ազնիվ ու համոզիչ չէ: Ցավոք, միայն բուհերը չէ, որ նման կամայական թանկացումների են գնում, նույնը եղավ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման պարագայում: Առանց պատշաճ հիմնավորման մեր երկրում թանկացվում են ապրանքները, ծառայությունները: Եթե հասարակությունն արձագանքում է, այսինքն կուլ չի տալիս թանկացումը, դրանից հետո սկսում են փնտրել հիմնավորումներ, որոնք ավելի են հաստատում թանկացման անտրամաբանական ու կամայական լինելը:

Այլ պնդողներ էլ կան, որ ուսանողական վարձավճարների թանկացման հիմնավորումն անօրինական է: Այս խնդիրը վստահաբար առավել կլրջանա սեպտեմբերից:

Արհմիությունների անհրաժեշտությունը

Ուսանողական դասադուլներից առաջ որոշակի գործեց նաեւ աշխատավորների գործադուլաոճը: Իսկ այդ ծայրահեղ միջոցին աշխատավոր զանգվածները դիմում էին ամիսներով չվճարվելուց հետո: Մի քանի անգամ նման միջոցի դիմեցին «Նաիրիտ»-ի աշխատակիցները: Այստեղ նաեւ այլ խնդիր կա, ըստ որոշ տեղեկությունների, «Նաիրիտ»-ի շուրջ ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով դադարեցվել են, բայց կարող են վերսկսվել աշնանը, ինչը եւս մտահոգում է նաիրիտցիներին: Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնել էր, թե «Նարիրտ»-ը չի վաճառվի եւ անպայման կաշխատի: Բայց բանակցությունների դադարեցման պատճառը դա չէ, այլ այն, որ «Ռոսնեֆտ»-ը ցանկանում է գործարանը ձեռք բերել առանց պարտքերի: Եվ այս հարցի շուրջ է, որ կողմերը համաձայնության չեն գալիս: «Նաիրիտ»-ի խնդրի շուրջ տարիներ շարունակ հանդես է գալիս նաեւ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, ով այժմ արտերկրից է դա շարունակում՝ վաչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրելով այլ օֆշորային սկանդալի մեջ՝ «Նաիրիտ»-ի հետ կապված:

Նաեւ «փողերի լվացմա­ն» մասին խոսք կա:

Իսկ մի այլ՝ ավելի աղմկոտ օֆշորային սկանդալում նորից է հարց բարձրացել՝ հավատալու վարչապետի՞ պարզաբանմանը (նաեւ արքեպիսկոպոս Կճոյանի), թե՞ Կիպրոսի դատախազի:

«Արմավիա»-ի աշխատակիցներն էլ դիմեցին գործադուլի՝ շարունակելով պահանջել ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը: Սնանկացման եզրին հայտնված, գործունեությունը դադարեցրած «Արմավիա»-ն հայտարարել էր, որ կշարունակի վճարել նախկին աշխատակիցներին, երբ «Ավիա սերվի­ս»-ը վճարի իր պարտքը: Պարզվում է՝ «Ավիա սերվի­ս»-ը վաղուց վճարել է պարտքը, սակայն դրանից հետո անգամ մարդկանց խաբում են: «Արմավիա»-ն հսկայական գումարներ է պարտք ոչ միայն իր աշխատակիցներին՝ բորտուղեկցորդուհիներին, ինժեներներին ու օդաչուներին, այլեւ ՀՀ պետբյուջեին ու որոշ օտարերկրյա կազմակերպությունների:

Եվ մարդիկ իրենց աշխատավարձերն ստանալու ու աշխատատեղը պահպանելու համար այլ ելք չգտնելով՝ դիմում են գործադուլի: Սա միայն երեւանյան գործելաոճ չէ, քանի որ մարզերի ձեռնարկությունների աշխատավոր զանգվածները եւս հաճախակի դիմում են գործադուլի ուժին՝ իրենց հասանելիք աշխատավարձերը ստանալու համար (անգամ գյուղացիներն են գործադուլ անում՝ իհարկե այլ պահանջներով):

Այստեղ է, որ իսկապես զգացվում է արհմիությունների գոյության պակասը: Ազատ արհմիությունների առկայության դեպքում գործադուլները (առհասարակ քաղաքի, թե գյուղի աշխատավորի հարցերը) կարող էին ավելի լուրջ  լծակներ դառնալ եւ շատ արագ լուծել աշխատավորների խնդիրները: Նման կազմակերպությունը ազդեցիկ ուժ կդառնար նաեւ ամբողջ Հանրապետությունում:

Արամ Ավետյան եւ Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։